Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿՈՉՈՒՄԸ

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿՈՉՈՒՄԸԶորամասի մոտ փետրվարի 10-ի առավոտյան հարյուրավոր ծնողներ էին հավաքվել տարբեր բնակավայրերից՝ ներկա լինելու իրենց զավակների զինվորական երդմանը: Եկավ պահը, և զորամասի հրամանատար, գնդապետ Սմբատ Սիմոնյանին զեկուցեցին, որ նորակոչիկները պատրաստ են երդվելու… Զինվորական նվագախմբի հանդիսավոր երաժշտության ներքո շարահրապարակով անցավ զորամասի մարտական դրոշը կրող դասակը: Առաջին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կամո Գրիգորյանը, ողջունելով նուրակոչիկներին, շնորհավորեց զորակոչի համալրման երդման արարողության առթիվ: «Ուռա-ուռա» կամչեցին զինվորական կուռ շարքերը: Եղավ «Ազատ» հրամանը: Այնուհետև թույլատրվեց, որ երդում տվող զինվորների ծնողները, բարեկամ-հարազատները, ընկերները շարահրապարակում ներկա լինեն երդման արարողությանը: Եվ նորակոչիկները զինվորական երաժշտության հնչյունների ներքո շարվեցին ըստ վաշտերի: Յուրաքանչյուր վաշտի հրամանատարի հրամանով սեղաններին մոտեցան նորակոչիկները և երդվեցին… 

Մեծ էր ծնողների հուզմունքը, հպարտությունը, կարոտի զգացումը: Բայց զինվորական արարողությունը դեռ շարունակվում էր: Հարազատների շարքում մի փոքրիկ տղա արտասվում էր՝ ցանկանալով շուտ հանդիպել ու փարվել զինվոր քեռուն: Զորամասի հրամանատարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը, նրա ձեռքը բռնած, մոտեցրեց քեռուն: Փարվելով քեռուն՝ փոքրիկը դադարեց արտասվելուց: Հարցնում եմ անունը՝ Անդո: Անդո-Անդրանիկը նույնպես պատրաստվում է զինվոր դառնալ, ինչպես քեռին՝ երեւանցի Էդգար Հակոբյանը:

Երդվում են զինվորները, ստորագրում երդման տակ ու դառնում առավել պատասխանատու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար: Սերգեյ Բալեյանը երդվեց, երդվեց մոր, քրոջ, տատի ու պապի առջև, երդվեց, որ պաշտպանելու է նրանց խաղաղությունը: Նոր Խարբերդից է զինվորը: Մայրը՝ Լուսինեն, ասաց՝ և՛ հպարտ է, և՛ տխուր: Հպարտ, որ զինվոր որդի ունի, տխուր՝ կարոտելու է, դժվար է սպասումը, հատկապես առաջին օրերին: Քույրը նույնպես հպարտությամբ ընդունեց զինվոր եղբոր երդումը և հավատում է՝ եղբայրն ու նրա ընկերներն անառիկ են պահելու Հայոց սահմանը: Զինվորի տատն ու պապը օրհնեցին Հայոց բանակի բոլոր զինվորներին և հպարտությամբ էին լսում բոլոր նորակոչիկների «Երդվում եմ»-ը: Ավարտվեց երդման արարողությունը, և զորամասի հրամանատարի տեղակալը զինվորական միտինգը՝ նվիրված նորակոչիկների երդման արարողությանը, հայտարարեց բացված: Հնչեց ՀՀ Օրհներգը: Շնորհավորելով զինվորներին, նրանց ծնողներին՝ Ա. Մարտիրոսյանը դիմեց նորակոչիկներին, ասելով. «Դուք ձեր հրամանատարության և ծնողների առջև երդվեցիք, որ պատրաստ եք պաշտպանելու Հայոց հողը: Մենք քաջությամբ ու կարգապահությամբ պետք է աշխարհին ապացուցենք, որ մեր երակներում հայի արյուն է հոսում: Արցախյան պատերազմում մենք միասնության շնորհիվ հաղթեցինք դարավոր թշնամուն: Այսօր հպարտությամբ ենք կրում հաղթանակած բանակի կոչումը: Մաղթում եմ ձեզ համբերություն, զինվորներին անփորձանք ու խաղաղ ծառայություն, որ առիթ չունենան զենքն օգտագործելու ռազմադաշտում:

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿՈՉՈՒՄԸԶինվորներին, նրանց հարազատներին, հյուրերին շնորհավորեց ու բարին մաղթեց զորամասի հրամանատարը՝ ասելով, որ օրը նորակոչիկների համար բացառիկ է և ինչ-որ չափով բեկումնային: Զինվորական երդումը պատվի խնդիր է, ասաց Ս. Սիմոնյանը և հավելեց. «Երդվելով՝ զինվորը պարտավորվում է լինել հայրենիքի, նրա պաշտպանությանը պատրաստ, կանգնել երկրի և ժողովրդի պաշտպանի դիրքերում: Նշեց՝ այժմ նորակոչիկներին է վստահվել պաշտպանելու Հայոց երկրի սահմանը, որը բազում հերոսների արյամբ է ուրվագծված և դառնալ զինվորն այն բանակի, որն ստիպեց Ադրբեջանին 1994 թվականին և 2016 թ. ապրիլին զինադադար աղերսել: Սիրելի՛ զինվորներ, դուք եք մեր հերոսներին փոխարինողը, դուք եք դառնալու մեր բանակի նոր հիմնաքարը և 2 տարի անսասան եք պահելու երկրի դարպասները»:  Առաջին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կամո Գրիգորյանն իր ողջույնի խոսքում մաղթեց, որ զինվորների ծառայությունն անցնի կապույտ ու խաղաղ երկնքի տակ, սպաներին և փորձառու զինվորներին հորդորեց կանգնել նորակոչիկների կողքին, դարձնել իսկական զինվոր և միասին գործել: Այնուհետև  ասաց. «Այսօր նորակոչիկների կյանքում նոր էջ է բացվում. նրանց է վստահված հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ առաքելությունը: Կրկնակի պարտավորեցնող է, որ հրետանային զորամասում են ծառայելու: Արցախյան անցած պատերազմում, 2016-ի ապրիլյան պատերազմական իրադարձությունների օրերին հաջողության հասանք հրետանու դիպուկ կրակով»: Ելույթներից հետո միտինգը հայտարարվեց փակված: Զինվորական երաժշտության հնչյունների տակ դրոշակակիր դասակը դուրս հանեց զորամասի մարտական դրոշը, շարք-շարք անցան ուսումնական մարտկոցի զինվորները՝ կատարելով զորամասի քայլերգը: Այնուհետև բոլոր նորակոչիկներին թույլատրվեց մի քանի ժամ անցկացնել հարազատների հետ:

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ԿՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԻ ԿՈՉՈՒՄԸԵրդման արարողությունից հետո զրուցեցի զորամասի հրամանատար Ս. Սիմոնյանի հետ: 2018թ.-ի առաջին երդման արարողությունն էր, ասաց զորամասի հրամանատարը, որն արդեն 26  տարի է, ինչ զինված ուժերում է: Ծնունդով Գյումրիից է, 1995 թվականին ավարտել է ՌԴ ռազմական ինստիտուտը, տեղափոխվել Հայաստան, ծառայել տարբեր զորամասերում, և արդեն մեկ ու կես տարի է, ինչ նշանակվել է այս զորամասի հրամանատար: Հայոց բանակի գնդապետը գովեստով խոսեց նոր սերնդի մասին: Կարևորեց այն, որ բոլորն էլ գրագետ են ու նվիրված հայրենիքի ծառայության գործին: «Այսօր մեր ժողովուրդը քան երբևէ, լավ է գիտակցում բանակի դերը»,- ասաց Ս. Սիմոնյանը: ԱՀՏԱ գծով տեղակալ Ա. Մարտիրոսյանը հավելեց, որ այժմ նորակոչիկների ընդունման-տեղավորման հարցում այլ քաղաքականություն են վարում: Առաջին օրվանից այնպես են աշխատում նորակոչիկի հետ, որ նա շուտ հարմարվի պայմաններին: Հասնելով զորամաս՝ նորակոչիկին տրվում է հնարավորություն՝ զանգահարելու ծնողներին: Հաջորդ օրվանից աշխատանքներ են տարվում, որ նորեկ զինվորը համակերպվի զինվորական կարգ ու կանոններին, իմանա իր պարտականությունները: Զորամասի սպաները, սերժանտները ծանոթանում են յուրաքանչյուրի խնդիրներին, ընդունակություններին, նախասիրություններին: 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ