Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻԿՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՄԻԿՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻԿՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆՎերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը ներկայացնում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցի ժամանակ: 

Սառը պատերազմի գագաթնակետին երկու մրցակից առաջնորդների միջև քննարկումը քաղաքավարի բնույթ է կրել, բայց եւ՝ աշխույժ: Նիքսոնը գովասանքի խոսքեր է ասել Միկոյանի մասին, որը «Միացյալ Նահանգներում բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել, որոնք հիացած են նրա՝ եռանդով և ճկունությամբ իր տեսակետներն արտահայտելու ունակությամբ»: Նիքսոնը նաև հայտարարել է, որ «Միկոյանի այցը ԱՄՆ կոտրել էր սառույցը ոչ միայն պաշտոնապես, այլ նաև անձնապես երկու երկրների համապատասխան տեսակետների վերաբերյալ»: Արխիվային փաստաթղթում նշված է, որ Միկոյանը «սիրալիր պատասխանեց ողջույնին և հավելեց, որ փոխնախագահը մեծ բանավիճող է և ոչ մեկի խոսքի տակ չի մնում»:

Զրույցը շատ արագ վերածվել է քաղաքականի, երբ Միկոյանը դժգոհություն է հայտնել Կոնգրեսի վերջին բանաձևի անպատեհության մասին՝ կոմունիստական իշխանության բռնագրաված պետությունների վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի: Նիքսոնը արդարացել է, թե՝ ԱՄՆ կոնգրեսը անկախ մարմին է, և նույնիսկ նախագահը չի կարող վերահսկել նրա որոշումները… Փոխնախագահ Նիքսոնը շարունակել է բացատրել. «Մեր բնակչության մեջ կան տարրեր, անկախ նրանից, թե Միկոյանը նրանց կհամարի ճիշտ կամ սխալ, որոնք կարծում են, որ իրենց նախկին հայրենիքներում կառավարությունները պետք է փոխվեն: Մեր Կոնգրեսը հաճախ ընդունում է բանաձևեր, որոնք ներկայացնում են այդ տարրերի տեսակետները: Բանաձևի և, մասնավորապես՝ նախագահի հռչակագրում, ասվում է, որ դա միայն ամերիկյան ժողովրդի և ամերիկյան կառավարության կարծիքի արտահայտումն է, և որ իրենք չեն փորձում մասնակցել այսպես կոչված քայքայիչ գործողություններին»:

Զարմանալի է, որ Միկոյանը, որը խորհրդային բարձրաստիճան պաշտոնյա էր, այնուհետև նշել է իր հայկական ինքնության մասին՝ Նիքսոնին ասելով, որ. «Նա հայ է ու թեև Հայաստանի կառավարության կազմում չէ, սակայն գիտի այդ հանրապետության Գերագույն խորհրդի 30 պատգամավորների, որոնց հետաքրքրում է, թե ով է իրավունք տվել ամերիկյան կառավարությանը խոսելու իրենց անունից, և ինչու ամերիկյան կառավարությունը ոչինչ չի անում իսկապես ճնշված ժողովուրդների ազատագրման համար, ինչպիսին հայկական փոքրամասնությունն է Թուրքիայում»:

Միկոյանի հայտարարությունը զարմանալի է, քանի որ նա փոխնախագահ Նիքսոնի հետ խոսել էր որպես խորհրդային ղեկավար, այլ ոչ թե որպես հայ: Բացի այդ, Միկոյանը հայտնի չէր որպես հայ ազգայնական: Իրականում, նա մեղադրվում էր ստալինյան չարաբաստիկ «մաքրագործումներին» մասնակից լինելու համար: Միկոյանը չէր աջակցել նաև Խորհրդային Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերամիավորմանը: Ահա սրանք են պատճառներից մի քանիսը, որ հայերը դժգոհ են Երևանում Միկոյանի հուշարձանը տեղադրելու՝ Երևանի քաղաքապետարանի վերջերս կայացրած որոշումից:

…Իրականությունն այն է, որ Խորհրդային Միությունը երբեք չի պաշտպանել հայերի իրավունքները Թուրքիայում: Սակայն Միկոյանը ճիշտ է մատնանշել, որ Միացյալ Նահանգները դեմ է «ճնշված ժողովուրդների ազատագրմանը», որ «ժողովուրդները ճնշված են իրենց կողմնակիցների և դաշնակիցների կողմից», ինչպիսիք են Թուրքիան և մի շարք այլ երկրներ:

Միկոյանի հետ հանդիպումը ավարտվել է փոխնախագահ Նիքսոնի խոստումով, որ նա՝ «Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո կաշխատի առևտրի խնդիրների ուղղությամբ, բայց պետք է գիտակցել, որ այդ դժվարությունները չեն կարող լուծվել գրչի մեկ հարվածով»:

 ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ