Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՏԱՔ ՏԻԵԶԵՐՔԸ
ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՏԱՔ ՏԻԵԶԵՐՔԸ

Սերգեյ Ներսիսյանը աստղաֆիզիկոս է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Նա վերջին քսան տարիների ընթացքում թարգմանել եւ տպագրության է պատրաստել մի շարք ռազմագիտական աշխատանքներ, հեղինակել է «Ռուս-հայերեն ռազմագիտական բառարանը» (համահեղինակ Լ. Վ. Քոթանջյան), «Ռուս-հայերեն ռազմագիտական բացատրական բառարան» (համահեղինակ Լ. Վ. Քոթանջյան) եւ այլն։ 1994-97թթ. ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թարգմանչական խումբը։ Նրա գլխավորությամբ թարգմանվել են «ՀԱՆ-17», «Ռազմաճարտարագիտական գործ» գրքերը, բազմաթիվ փաստաթղթային, կանոնադրային գործեր եւ այլն։ Վերջերս հրատարակվել է նրա առաջին գեղարվեստական գիրքը «Տաք տիեզերք» վերնագրով։

-Իմ խորին համոզմամբ, սիրողականությունը մեռցնում է ամենայն լավ բան. ինչին դիպչում՝ փչացնում, ձեւախեղում, այլանդակում է… Սիրելի Սերգեյ, դու գիտես, որ իմ «քիմքին» բոլորովին էլ հաճո չէ ո՛չ սիրող գրողը, ո՛չ երաժիշտը, ո՛չ գիտնականը եւ ո՛չ էլ նույնիսկ… խոհարարը։
-Հա, հասկացա, դու քար ես գցում իմ բոստանը. ահա, տեսեք՝ աստղաֆիզիկոսը ո՜ւր՝ գրող-թարգմանիչը ուր, էլ չեմ ասում բառարանագրի մասին։
-Կներես, ընդհատեցիր, չթողեցիր խոսքս ավարտեմ։ Այո՛, սիրողականությունը մեռցնում է ամենայն լավ բան, բայց, չգիտեմ ինչու, ես առանձնահատուկ հարգանք եմ տածում այն մարդկանց նկատմամբ, ովքեր, իրենց գործում նկատելի կշիռ ունենալով հանդերձ եւ հաջողություններ արձանագրած լինելով, հանկարծ իրենց մեջ ուժ, տաղանդ են գտնում իրենց նույնքան հաջողակ դրսեւորելու բոլորովին ուրիշ բնագավառում… Եվ այդ ուրիշ «ափսեի» առաջ նրանք բոլորովին էլ իրենց վատ չեն զգում։ Օրինակ՝ …
-Օրինակներ ես էլ կբերեմ եւ շա՜տ… Միայն թե դու միտքդ ճիշտ ձեւակերպիր. ուզում էիր ասել, որ հանճարեղ մարդիկ ամեն ինչում են հանճարեղ (ժպտում է)։
-Այո, այդպես է, ճիշտ ես ասում… Բայց դու, կներես, ընդամենը լավ մարդ ես, նույնքան լավ գիտնական ու ազնիվ, իսկական մտավորական։
-Չեղավ։ Մտավորական բառին ոչ մի ածական չի սազում։ Մտավորական ասվածն արդեն շա՜տ մեծ բան է։ Մարդ կա՛մ մտավորական է լինում, կա՛մ ոչ։ «Ազնիվս», «իսկակա՞նս» որն է։
-Այդ դեպքում՝ ի՞նչ ասել է մտավորական։
-Թող քո հարցին Նոդար Դումբաձեի խոսքով պատասխանեմ։ Մի անգամ՝ մի հեռուստահաղորդման ժամանակ, նրան նույն հարցն են տալիս՝ ո՞վ է մտավորականը։ Այդ մեծ մարդն ու մեծ գրողը երկա՜ր, շա՛տ երկար մտածելուց հետո պատասխանում է. «Չգիտեմ, թե ինչ է մտավորական կոչվածը, բայց մի բան կարող եմ ասել, երբ որդիս տուն էր մտնում, հայրս ոտքի էր կանգնում»։
– …
-Բայց ես այսօր իմ շուրջը չեմ տեսնում նման՝ թոռան առաջ ոտքի կանգնող պապիկի… Սա մեր հասարակության ամենամեծ ցավերից կամ բացերից մեկն է։ Չկա այն անհատը, այն մտավորականը, որի խոսքը, կյանքը, կեցվածքը ժողովուրդն ընդունի որպես իր սեփականը, իր հոգուց ու սրտից բխածը։ Սա սարսափելի իրողություն է։
-Կա ավելի սարսափելի բան, երբ ժողովուրդն ինքը նման մտավորականի պահանջը չի զգում, նրա դատարկ տեղը չի նկատում, չի տեսնում… Չի տեսնում, բայց թե՝ ոչինչ, կարծես, ապրում է…
-Բայց պետք է խեղդվեր օդի պակասից։ Շնչահեղձ լիներ ջրից դուրս նետված ձկան պես պատեպատ խփվեր։ Ասում են՝ ժամանակին, երբ Հրաչյա Ներսիսյանը կամ Վահրամ Փափազյանը փողոց էին դուրս գալիս, նրանց տեսնելն արդեն մշակույթ էր, դաստիարակություն, կրթվածություն… Հիշում եմ նկարչի տան առաջին հարկի սրճարանը, որտեղ հավաքվում էր ժամանակի մտավորականությունը… Այդ սրճարանը երիտասարդներիս համար եւ ամբողջ քաղաքի համար յուրահատուկ մի «Մեքքա» էր։ Մարդիկ այդ սրճարանի մոտով անցնում էին մաքրվելու, սրբանալու համար։ Հիմա, ավաղ, ո՛չ այդ սրճարան-հավաքատեղիները կան, ո՛չ էլ այդ արվեստագետները եւ ո՛չ իսկ, ընդհանրապես, նման «Մեքքայի» կարիքն զգացողներ։ Ապրում ենք եւ մեր որբությունը չենք տեսնում. չէ՞ որ մտավորականը իր ժողովրդի հայրն է։ Այդպիսի մարդ էր, մտավորական, հայր Վիկտոր Համբարձումյանը։ Նա իմ ղեկավարը չէր, պետը չէր։ Նա իմն էր, հենց իմը։ Եվ ես ինձ միայնակ չէի զգում, նրա ներկայությունն արդեն իմ կյանքին իմաստ էր տալիս։ Եվ այդպես էին մտածում աստղադիտարանի բոլոր աշխատակիցները։ Եվ որքա՜ն համեստ էր այդ ականավոր գիտնականը…
-Ասույթի արժեք է ստացել նրա մի միտքը. «Գիտնականը Արիստոտելն էր, Էյնշտեյնը, մենք ընդամենը գիտաշխատողներ ենք»։
-Հիշում եմ. մի միջազգային գիտաժողովի ժամանակ ես՝ ոգեւորված Վիկտոր Համբարձումյանի ներկայությունից, կրակ կտրած, իմ համոզմունքները, տեսակետներն էի առաջ տանում։ Ելույթից հետո ինձ մոտեցավ Վիկտոր Համազասպովիչը, ձեռքը դրեց ուսիս ու հայրաբար ասաց. «Սերգեյ, լավ զեկուցում էր, բայց դու մի քանի կարեւոր ու էական բառեր մոռացար ասել»։ Ես զարմացած հարցրի. «Ի՞նչ բառեր»։ Նա մեկ առ մեկ թվարկեց. «Մոռացար ասել՝ «ըստ երեւույթին, հնարավոր է, կարող է պատահել»։ Ասաց ու գնաց։ Ահա՛ Մտավորականը։
-Իսկապես, անմոռանալի դաս ոչ միայն քեզ, այլեւ բոլորիս համար։ Ես ուզում էի խոսել քո մասին որպես բառարանագրի եւ համոզված ու վստահ (ինչպես դու քո ելույթի ժամանակ) պնդել, որ դրանք այսօր զինված ուժերում (եւ ոչ միայն) սեղանի գիրք են։ Քո հեղինակած, թարգմանած, պատրաստած ռազմական գրականության, ռազմագիտական բառարանների թվարկումը մի երկար ցանկ է կազմում։ «Որսորդական հրացան», 1991թ., «Արտասահմանյան բանակների ժամանակակից հրաձգային զենքերը. գնդացիր, ատրճանակներ», 1996թ., հետո «30 մմ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)», 2000թ., «Ռուս-հայերեն ռազմագիտական բառարան», 2004թ., «Ռուս-հայերեն ռազմագիտական բացատրական բառարան», 2006թ., երեք տարի անց՝ «Հրազենի ռազմագիտական բառարան»… Կներես անկեղծությանս համար, ասեմ, որ 1991թ., երբ ես գրախանութներից մեկում տեսա քո «Որսորդական հրացան» գիրքը, զարմացա, մտածեցի. «Մեզ միջուկային զենք է պետք, իսկ սա որսորդական հրացանից խոսելու համա~ թե ժամանակ է գտել…»։
-Այո՛, մեզ միջուկային զենք էր պետք, մինչդեռ որսորդական հրացան էլ չունեինք եւ ոչ էլ կարողանում էինք, ինչպես հարկն է, օգտագործել։ Այդ ժամանակներում որսորդական հրացանը մեզ համար միջուկային զենքի արժեք ուներ։ Այդ գիրքը իմ հրացանը դարձավ եւ իմ մասնակցությունը Արցախյան պատերազմին։ Դա իմ պարտքն էր իմ ժողովրդին եւ այն տղաներին, որոնք գնացին կռվելու ու հերոսանալու։ Մենք այն ժամանակ զենքի, այսպես ասած, կուլտուրա չունեինք։ Ես այդ եւ ռազմագիտական գործին վերաբերող մի շարք այլ գրքերով փորձեցի այդ բացը լրացնել։ Պատերազմից հետո, երբ կամաց-կամաց կայանում էր մեր բանակը, ես զգացի, որ հայ սպային հայերենով ռազմագիտական գրքեր, ռազմագիտական բառարաններ են պետք, եւ ընդհանրապես դրանք պետք էին ժամանակակից տեխնիկայի զարգացմանը համընթաց քայլելու համար։ Դա հեշտ գործ չէր, մանավանդ որ եղած փորձը բավականին քիչ էր։ Ես սիրով ու մեծ պատասխանատվությամբ հանձն առա այդ դժվարին գործը։ Ընդամենը մի օրինակ բերեմ. «Ռուս-հայերեն ռազմագիտական բառարանը», որ ունի 30 հազար բառ ու բառահոդված, ես չորս անգամ ծայրից ծայր ձեռքով արտագրել եմ։ Այդ բառարանն ինձնից խլել է վեց տարի, բայց ստեղծագործական որոնումների տարիներ։ Հիմա էլ այն համոզման եմ, որ մեր բանակը, առանց հայոց լեզվով գրված մասնագիտական գրականության, թերի կլինի։ Կարդացած, զարգացած սպան ու զինվորը միայն կարող են կազմել մեր բանակի հիմքն ու լինել նրա ամրության երաշխավորը։ Վաղվա մեր սպան պետք է մեր հասարակության ամենակարդացած ու զարգացած մարդկանցից մեկը լինի, եթե չենք ուզում մեր ձեռքբերումները տանուլ տալ։ Եվ պետք է ասեմ, որ բանակում առկա այսօրվա թերություններն էլ գալիս են մեր սպաների կրթության պակասից։ Վերադառնալով իմ խոսքի սկզբին՝ կրկնեմ, որ կռվող տղաներն էին, որ ինձ ստիպեցին, պարտադրեցին գրիչ վերցնել ու ռազմագիտական գրականություն թարգմանել, ռազմական բառարաններ հրատարակել… Իմ հայրենիքին ծառայելուց զատ, ես ուրիշ ոչ մի նպատակ չեմ հետապնդել։
-Իսկ առաջիկա քո ծրագրերում ի՞նչ ունես մեր բանակի համար նախատեսած։
-Ես մի երազանք ունեմ. մեր բանակը պետք է ի՛ր հրատարակչությունն ունենա, ասենք՝ «Զինհրատ» անվանումով։ Այստեղ կհրատարակվի ոչ միայն զուտ զինվորական, ռազմական, այլեւ ընդհանրապես հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող գրականություն։ Տպարան ունենալը որեւէ հարց չի լուծում, հրատարակչություն է պետք, որ այդ աշխատանքներին նպատակային ուղղություն տա։ Ինձ թվում է՝ այդ գործն առանձնապես մեծ ծախսեր չի պահանջի, բայց տված օգուտը շատ ավելի մեծ կլինի։
-Իսկապես հրաշալի միտք է։ Սերգեյ, ամեն ինչից երեւում է, որ դու պրպտող, անհանգիստ մարդ ես. բառ որոնողը չի կարող հանգիստ մարդ լինել։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ ձեռք զարկեցիր նաեւ գեղարվեստական գրականությանը։ Ես կարդացի «Տաք տիեզերք» ժողովածուն. թվում է, թե, դատելով վերնագրից, այն տուրք է քո հիմնական մասնագիտությանը, մինչդեռ նրանում դու փորձում ես բացահայտել մարդկային հոգու գաղտնիքները, որ տիեզերքի նման անպարագիծ է…
-Ճիշտ բառ ասացիր՝ անհանգիստ մարդ։ Իմ ներքին անհանգստությունը միշտ արտաքին աշխարհ դուրս գալու ելք է որոնում։ Այդ գիրքը գրվել է իմ մանկության ժամանակից։ Ես այդ գրքին նախապատրաստվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ գրքում ասվածը իմ ներսում եղած կուտակումների արդյունքն է։ Չէ՞ որ առաջին տպավորությունները, առաջին անմոռաց պատկերները, առաջին թրթիռները մարդուն ուղեկցում են ամբողջ կյանքում։ Դա այն էներգիան է, որ չի պայթում, այլ կամաց-կամաց ջերմացնում-տաքացնում է քեզ, եւ դու սկսում ես բոլորովին այլ հայացքով նայել շրջապատող աշխարհիդ, մարդկանց, կյանքիդ…

Հարցազրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ