Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է



ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏՆ ԷՁմեռային զորակոչը ավարտվեց: Նորակոչիկները կազմ ու պատրաստ գնացին զորամասեր՝ իրենց ավագ ընկերներից ընդունելու հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հերթափոխը:

Ստանալով զինվորական հանդերձանքը՝ նորակոչիկը այդ պահից սկսած իրեն աստիճանաբար նույնականացնում է բանակի, զինվորական մեծ կոլեկտիվի ու հայրենիքի պաշտպանի հետ: Այսինքն՝ նորակոչիկի մոտ սկսվում է զինվորական որոշակի խմբի պատկանելու գիտակցման գործընթացը, այլ կերպ ասած՝ սկսվում է անհատի մոտ «մենքի» ընկալման ձևավորումը, որն իր մեջ ներառում է նաև տվյալ խմբի անդամների հետ հոգեբանական ընդհանրության զգացումը:

Զորամաս մուտք գործելուց հետո սկսվում է նորակոչիկի՝ նոր միջավայրին, նոր մարդկանց ու նոր իրավիճակներին հարմարվելու գործընթացը: Զինվորական ծառայության նոր սոցիալական պայմանները նորակոչիկից պահանջում են վերանայել մինչ այդ դրսևորած վարքի մոդելները: Զորակոչիկը, հայտնվելով իր համար որակապես նոր միջավայրում, նոր դերի ընդունման խնդիր է ունենում եւ դրան համապատասխան գործելու համար անհրաժեշտ վարքի նորմերի յուրացում, ինչը բանակային ծառայությանը հարմարվելու անհրաժեշտ նախապայման է: Զորակոչված երիտասարդների համար, բնական է, նոր վարք դրսևորելու համար որոշակի ժամանակ է պետք:

Զինծառայության սկզբնական փուլում նորակոչիկները քաղցի սուր զգացողություն են ունենում, որն առաջ է գալիս անսովոր ֆիզիկական ռեժիմի և էներգիայի գերծախսի հետևանքով, ֆիզիկական բեռնվածության արդյունքում կարող են առաջանալ մկանային ցավեր և այլն: Նորաթուխ զինվորների մոտ այդ անսովոր զգացողությունները կարող են տարբեր կերպ ընկալվել, սակայն այդ իրավիճակը լիովին օրինաչափ է, քանզի երիտասարդի օրգանիզմը սկսում է գործել անսովոր ու նոր ռեժիմի պայմաններում: Իսկ դա, հավատացե՛ք, կոփում ու ամրացնում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև՝ հոգեպես:

Ընդհանրապես, զինծառայությունը համարվում է հասունության ու անձի սոցիալիզացիայի ևս մեկ փուլ, ուստի այդ ընթացքում անհատի ձևավորման ու բնավորության կոփման մեջ զինծառայության ներդրումը աննկարագրելի մեծ ազդեցություն է թողնում:

Եթե մեկ նախադասությամբ փորձենք թվարկել հայ տղայի սոցիալիզացիայի կարևորագույն փուլերը, ապա այն սկսվում է նախակրթարանից, շարունակվում դպրոցով, այնուհետև գալիս է բանակը, որը երիտասարդին տալիս է հասունանալու, կոփվելու, հասարակության մեջ իր հետագա տեղը որոշելու հնարավորություն: Այս տեսանկյունից «Ազգ-Բանակ» հայեցակարգից բխող մի շարք ծրագրեր հեռանկարային դռներ կարող են բացել երիտասարդների ապագայի հետ կապված նախագծերը հաջողությամբ իրագործելու համար: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը լավագույն ապացույցն են վերը նշվածի:

ՎԱՀԱԳՆ ՍԱՐՈՅԱՆ

վերլուծաբան

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Բանակ և հասարակություն


07/02/2018