Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔ



ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔ2018 թվականի ձմեռային զորակոչին  առաջին անգամ կիրառվեց «Ես եմ» ծրագիրը: Ծրագրով նորակոչիկներին առաջարկվում է ծառայության նոր մոդել՝ ժամկետային-պայմանագրային,  որը տեւելու է 3 տարի՝ իր որոշակի առավելություններով: Ծառայության ավարտին զինծառայողների անձնական հաշվին փոխանցվելու է 5.000.000 դրամ, որը զորացրված զինվորը կարող է օգտագործել պետության կողմից առաջարկվող 3 ծրագրերով՝ վճարել կրթության համար, փոքր գյուղատնտեսական բիզնես սկսել կամ կատարել բնակարան ձեռք բերելու առաջին կարեւոր քայլը:

Հավաքակայանում «Ես եմ»-ի տղաներն են,  տարբեր մարզերից, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից, տարբեր խառնվածքով, տարբեր մտածելակերպով, բայց ընդհանուր մի գաղափարով՝ ես իմ ժողովրդի ուժի, զորության մի մասնիկն եմ….

-Այսօր իմ սերնդակիցներին է վիճակված պահել-պահպանելու մեր պապերից մեզ ժառանգություն հասած  աշխարհի ամենաթանկ հողակտորը, ու ես հիմա երկիրը  պահողներից մեկն եմ,- ասում է Արման Գրիգորյանը,- ծառայելու եմ «Ես եմ» ծրագրով,  թեեւ մեկ տարի ավելի ենք ծառայելու, բայց դրան զուգահեռ՝ բազում առավելություններ կան:

– Ծրագրի մասին հենց սկզբից եմ իմացել, մանրամասն, կետ առ կետ ուսումնասիրել եմ, խորհրդակցել շատ մարդկանց հետ, զինկոմիսարիատում էլ հանգամանորեն բացատրել են,-զրույցին միանում է երեւանցի Արամ Գալուստովը: -Ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի շատ լինելու արձակուրդում, այսինքն՝ երկար ժամանակով չես կտրվում քո ընդհանուր կենսակերպից, ուսումից: Ես Էրեբունու հենակետային բժշկական քոլեջում եմ սովորում, հաճախակի այցելություններս հնարավորություն կտան պարբերաբար թարմացնելու գիտելիքներս…

Ստեփանավանցի Ռուբիկ Դավոյանն էլ լրացնում է.

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔ-Ծրագիրը շատ նպատակահարմար է. ամուսնացած  եմ, առաջին հինգ ամիսները ուսումնական փուլում անցկացնելուց հետո զինվորական ծառայության մնացած 31 ամիսներից 7-ը ես հնարավորություն ունեմ անցկացնելու տանը, ընտանիքիս հետ՝ երկու շաբաթ մարտական հերթապահության մեջ, մեկ շաբաթ՝ տանը, եւս մեկ շաբաթ՝ զորամասում:

Հայկ Նալբանդյանն Օձունից է.

– 5 երեխա ենք, եղբայրս ծառայում է, ես էլ այս ծրագրով կծառայեմ, ընտանիքիս կօգնեմ, կաջակցեմ: Ամեն ամիս տուն գնալիս էլ մերոնց հոգս չեմ պատճառի, քանի որ ամեն անգամ որպես արձակուրդային ստանալու եմ 35 հազար դրամ՝ ճանապարհածախսի եւ տանը գտնվելու ընթացքում ծախսերի համար:

– Ծրագրում պարտադիր բաղադրիչը բացակայում է, նորակոչիկները  գիտակցաբար են նախապատվությունը տալիս ծառայության այս եղանակին: Գումարը երեք նպատակով կիրառելն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում,- հավելում է Էրեբունու զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչի խմբի պետ, մայոր Ավագյանը:

Նորակոչիկների տրամադրությունը բարձր է, սրամտում են, կատակում: Լրագրողներին էլ տեսնելիս՝ է՛լ ավելի ոգեւորվում.

-Գրեք՝ Տավուշի մարզի Արծվաբերդի արծիվները  վախ չունեն, ահ չունեն:

Ծանոթանում ենք անվախ արծիվների հետ:

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔ-Արծվաբերդցի Արթուր Կարապետյան, 3 եղբայր, 2 քույր ենք, նշանված եմ, ծառայությունից հետո հանգիստ խղճով կամուսնանամ:

-Արծվաբերդից Արսեն Ուզունյան, մենք էլ 5 եղբայր ենք, երկուսը ծառայել են, երրորդը պատրաստ է ծառայության, էդ ես եմ, մնացած երկու փոքր եղբայրներս էլ հենց  «Ես եմ» ծրագրով կշարունակեն… Ծառայելու եմ ոչ թե երկու, այլ 3 տարի: Պատրաստ եմ պաշտպանելու հայրենիքս…

Գոռ Չոբանյան. -Արծվաբերդի տղաները արծիվների պես են ծառայելու, արծվի պես սրատես, զգոն…

– Ամեն հայ տղայի պարտքն ու պարտականությունն է ծառայելը, ըդոր համար էլ եկել ենք,-գյումրեցի Կոլյա Համբարյանն է: -Ապրիլյան պատերազմի մասնակից ընկերներ ունիմ, բանակի քեֆիս ասում էին՝ էրնեկ մեր ժամանակ էլ լիներ էս ծրագիրը: Դե, կծառայենք, ծառայության մեջ ընկերովի կհաղթահարենք բոլոր դժվարությունները: Ծառայեմ գը Հայաստանի Հանրապետությանը:

Քիչ այն կողմ էլ արարատցի զորակոչիկներն են:

-Արսեն Արզումանյան,-ներկայանում է տղաներից մեկը,- Պարույր  Սեւակի գյուղից:

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔ-Դե, Սեւակից մի բանաստեղծություն ասա, որ համոզվենք,- տղաները հոգու հետ են  խաղում:

-Թող ների հայոց լեզվի ուսուցչուհիս՝ ընկեր Գեւորգյանը, այս պահին ոչ մի բանաստեղծություն մինչեւ վերջ անգիր չեմ հիշում, բայց դե, կփորձեմ …

Ապրել, ապրել, այնպես ապրել,

Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը…

Տղաները միմյանց հուշելով՝ լրացնում են շարունակությունը:

-Ապրիր այնպես, որ թե՛ կյանքդ, թե՛ մահդ անգամ ծառայի հայրենիքիդ,- Գարեգին Նժդեհի խոսքերը յուրովի խմբագրելով՝  մեջբերում է լոռեցի Սարգիս Գրիգորյանը: -Նախկին մոնթեական եմ, զինվորական կյանքին անծանոթ չեմ: 14 տարեկանից համազգեստ եմ հագել: Պատմության դասերը մեզ սովորեցրել են մի պարզ ճշմարտություն՝ վստահել միայն ու միայն սեփական ուժերին: Կծառայեմ, կվերադառնամ, որոշել եմ գումարը ներդնել ուսմանս համար, իրավաբան եմ ուզում դառնալ:

-Մենք այս ծրագրով առաջին  ծառայողներն ենք, պարտավոր ենք լավ ծառայել, բաց ճակատով,- խոստանում է Գոռ Բարխուդարյանը  Ագարակ քաղաքից:

-«Ես եմ» ծրագրի բոլոր զինվորների անունից վստահեցնում եմ՝ ամուր կպահենք մեր սահմանները, թե՛ մեր հարազատների համար, թե՛ հայրենիքին կյանքը տված տղերքի ծնողների համար,- ասում է նոյեմբերյանցի Վարդգես Ամիրաղյանն ու շարունակում: -Երեք տարով չի ավարտվի ծառայությունս, կշարունակեմ զինվորական ճանապարհը:

***

Հայաստան աշխարհի բոլոր բարբառները խառնվել են հավաքակայնում, երիտասարդներն արդեն հասցրել են ծանոթանալ ու մտերմանալ:

-Լուսանկարեք մեզ,- առաջարկում է նորակոչիկներից մեկը լուսանկարիչ Արեգին,- թող մեր ծնողները տեսնեն, որ ուրախ սրտով ենք գնում: Ազգը թող հպարտ լինի մեզ նման տղերքով:

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔՀավաքակայանի մուտքի մոտ ծնողներն անհամբեր սպասում են իրենց զավակների հետ հանդիպմանը:

Կամո Ավետիսյան. -Թալինի երկրապահների փոխնախագահն եմ, եղբորս տղային՝ Շաբոյին եմ եկել ճանապարհ դնելու (Արագած), Շաբոս պատանի երկրապահների դպրոց է գնացել, պատրաստի զինվոր է: Կծառայի, կգա մի ֆերմա կբացի, կարեւորը՝ իր երկրում կմնա,  իր երկրում կստեղծի… Մենակ խաղաղություն լինի, ամեն ինչ էլ կլինի…

Շաբոյի եղբայրը՝ Հայկը, քառօրյա պատերազմի մասնակից է:

-Ծառայող բոլոր տղաներն էլ իմ եղբայրներն են, աչալուրջ ու զգոն  թող լինեն:  Ամենակարեւորը՝ անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան:

Ազգությամբ եզդի Թավե տատն էլ եկել է թոռանը՝ Կյակեին (Կարենին) ճանապարհելու.

-Կյակեիս հոպարի  մի տղեն եկել է, մյուսն էլ վաղն է գնալու,- հպարտանում է տատը:

Կյակեի հայրն էլ՝ Սիաբանդ Թամոյանը,  պայմանագրային է, ծառայում է առաջնագծում.

-Հայ ու եզդի ժողովուրդները դարերով ապրել են կողք կողքի, միասին կիսել ճակատագրի բոլոր դժվարությունները: Այս հողի համար արյուն են թափել իմ ազգակիցները, հայկական հողը թանկ է մեզ համար…

♦♦♦

ԵՍ ԵՄ` ՄԵՆՔ ԵՆՔՎիճակահանության համար նախատեսված սենյակում նորակոչիկները շուտով պայմանագրերն են ստորագրելու: «Ես եմ» ծրագրում ընդգրկվածների համար վիճակահանություն չկա, բոլորն էլ ծառայելու են  նույն ստորաբաժանման կազմում:

-Լավ սկիզբը լավ գործի կեսն է,  տղաների պատրաստակամությունն էլ բարձր է, ոգեւորված են,- ասում է ՀՀ ԶՈՒ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը: -Հանձնաժողովները համաձայն պաշտպանության նախարարի հրամանի աշխատում են: Նախքան պայմանագրեր կնքելը  նորակոչիկների հետ զրուցում են հոգեբանները, հորդորում անկեղծ լինել, խոսել հուզող հարցերից, այնուհետեւ բժշկական հանձնաժողովը եւս մեկ անգամ ճշտում է՝ արդյոք որեւէ գանգատ չունեն, եւս մեկ անգամ ուսումնասիրվում  են անձնական գործերը, այս ամենը սահուն անցնելուց հետո նոր միայն կստորագրվեն պայմանագրերը:

Հունվարի 28-ին, բանակին նվիրված տոնական համերգային ծրագրի ավարտին, «Ես եմ» ծրագրի մասնակիցները կմեկնեն իրենց ծառայավայր:

Օգտվելով պատեհ առիթից՝ Բանակի տոնի առթիվ  շնորհավորում եմ բոլոր զինվորներին. բարի ծառայություն եւ բարի վերադարձ, ինչ թվով գնում են, նույն թվով էլ վերադառնան:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #4 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/01/2018