Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԽաղաղապահության ոլորտում ՀՀ ներգրավվածության, առաջիկա ծրագրերի ու զարգացումների մասին զրուցել ենք ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի հետ:

 

2004թ. փետրվարին ՀՀ զինված ուժերի առաջին՝ 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առայսօր:

2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը լեհական ստորաբաժանման կազմում միացել է Իրաքում բազմազգ խաղաղապահ առաքելությանը` հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: Հայ խաղաղապահները դուրս են բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:

2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարությամբ գործող հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումը, ինչպես նաև ծառայություն է իրականացվել մայրաքաղաք Քաբուլում և Մազարի -Շարիֆ քաղաքում տեղակայված ռազմական զինավաններում:

Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբերին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին: Միջազգային խաղաղապահության բնագավառում մեր խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն:

 

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իրականացնում է միջազգային խաղաղարար առաքելություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում և ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում: Համագործակցում ենք նախորոշված զորախմբի հետ: Լիբանանում իրականացնում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ռազմաբազայի պահպանություն և պաշտպանություն: Հսկիչ անցակետերում մեր տղաները ստուգում են տարածք մտնող անձանց փաստաթղթերը, մեքենաները, վտանգի առկայության դեպքում միանգամից ուժեղացվում է ծառայությունը:

Կոսովոյում իրականացվում է ՆԱՏՕ-ի ռազմական օդանավակայանի և բազայի պահպանությունը: Իհարկե, ավելի լարված երկիր է Աֆղանստանը, ուր ցանկացած քաղաքական կամ այլ փոփոխություն կարող է հանգեցնել լարվածության: Այն համարվում է «եռացող կաթսա»: Թե՛ Քաբուլում, թե՛ Մազարի-Շարիֆում օդանավակայանի և բազայի պահպանությունը մեզ է վստահված:

Մեզ վրա դրված է որոշակի օբյեկտներում անվտանգություն ապահովելու գործառույթ, և մենք պատվով ենք կատարում մեր խնդիրը: Որտեղ կա զենք, ահաբեկչություն, կա նաև վտանգ: Մեր ներկայությունն էլ այնտեղ ինքնանպատակ չէ:

Զորախմբերի մասնակիցների ընտրությունը կատարվում է հետևյալ սկզբունքով. սպաները պարտադիր պետք է խոսեն անգլերեն, հատկապես զորախմբի հրամանատարը՝ շատ լավ, որ կարողանան շփվել տեղի բնակչության եւ այլ զորախմբերի զինվորականների հետ: Գործող կարգի համաձայն՝ առաքելության մեկնողները քննություն են հանձնում՝ ֆիզիկական պատրաստություն, տեսական գիտելիքներ: Թեկնածուները շատ են լինում. ստեղծում ենք մրցակցություն՝ ապահովելով նաև որակ: Ընտրված լավագույնները մեկշաբաթյա ներդաշնակման պարապմունքների են մասնակցում:

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՍկզբում գնում են Աֆղանստան, ապա Կոսովո, հետագայում նորից Աֆղանստան, նոր միայն Լիբանան: Աֆղանստանում առաքելության տևողությունը ավելի երկար է, քան Կոսովոյում և Լիբանանում: Տարվա ընթացքում մեկ-երկու հերթափոխ ենք կատարում, որովհետև ամեն առաքելություն տևում է 6-ից 8 ամիս: Հաշվի են առնվում տարբեր հանգամանքներ. որ մարդիկ տնից շատ չբացակայեն, նախապատրաստական փուլերին ճիշտ ներգրավվեն, մասնակցեն տարբեր առաքելությունների: Նոր ընդունված զինծառայողները մեկ տարի երեք ամիս ծառայելուց հետո միայն կարող են առաքելության մեկնելու իրավունք ստանալ: Մենք մեր ամենօրյա ծառայությունն իրականացնում ենք պատվով ու ամենայն պատասխանատվությամբ:

Հայաստանի համար խաղաղապահ գործողություն ասելով՝ առաջին հերթին ես հասկանում եմ այն հայտը, որով աշխարհին ներկայանում ենք որպես անկախ երկիր, որ ի վիճակի է օգնել այլ երկրներին պահպանել խաղաղություն: Մեր մասնակցության շնորհիվ շատ պետությունների ներկայացուցիչներ, որ նույնիսկ չգիտեին Հայաստանի տեղը, այսօր շատ լավ գիտեն եւ մեծապես կարևորում են մեր երկրի դերը խաղաղապահ առաքելության գործում: Մոտ մեկ ամիս առաջ եմ վերադարձել Կոսովո և Լիբանան շրջայցից, ստուգել եմ մեր տղաների ծառայության ընթացքը: Առանց ավելորդ համեստության նշեմ, որ երկու տեղում էլ բարձր գնահատեցին մեր զորախմբերի պատրաստվածությունը: Արտերկիր մեկնող յուրաքանչյուր հայ խաղաղապահ իրեն լավ դրսևորելու հստակ «պատճառաբանությունն» ունի. հասկանում է, թե ինչքան կարևոր է հայրենիքի սահմանները պահելը, ծառայությունը բարեխիղճ իրականացնելը, և նույն մոտեցմամբ էլ դրսում է առաջնորդվում՝ ծառայության որակը բարձրացնելով: Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ կրում են ՀՀ զինված ուժերի համազգեստը, իրենց ցանկացած գործողություն ընկալվում է ոչ թե որպես անհատի, այլեւ հստակ երկիր ներկայացնող մարդու գործողություն: Պատահական չէ, որ ոչ պաշտոնապես ասում ենք՝ ցանկացած խաղաղապահ իր երկրի դեսպանն է: Եվ այդ դեպքում միայն ծառայություն իրականացնելը բավարար չէ. դու պետք է ունենաս համապատասխան ինտելեկտ, գիտելիք՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներին քո երկիրը ներկայացնելու համար:

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԱնցած տարի մի շատ կարևոր քայլ կատարեցինք՝ բացեցինք «Զառ» ուսումնական կենտրոնը: Հայ-ամերիկյան համատեղ նախագիծը կյանքի է կոչվում երկու կողմերի համաֆինանսավորմամբ: 2018 թ. այն արդեն պետք է ծառայի իր նպատակին ամբողջ ծավալով. պատրաստի խաղաղապահ առաքելության մեկնող անձնակազմ: Ծրագիրն առայժմ միայն Հայաստանի զինծառայողների համար է, բայց մենք բավական հավակնոտ նպատակներ ունենք, և մոտ ապագայում «Զառը» դառնալու է միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Նմանատիպ ուսումնական կենտրոն Հարավային Կովկասում չկա: Ծրագրում ենք հետագայում այնտեղ միջազգային զորավարժություններ անցկացնել դաշտային հոսպիտալի, ինժեներական ստորաբաժանման մասնակցությամբ, նաև տարբեր ստորաբաժանումների գնահատման զորավարժություններ: Նմանատիպ վարժանքներ դեռևս չեն անցկացվել, առաջինը մեզ մոտ է լինելու: Մենք վստահ ենք մեր ուժերին, ոգևորությունը բավական մեծ է, նաև պատասխանատվությունը: Այս պահին կենտրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն արդեն իսկ առկա են ուսումնական գործընթացը կազմակերպելու հնարավորություններ: Հունվարի 18-ին մեկնարկում է առաջին դասընթացը խաղաղապահ բրիգադի սպաների և ենթասպաների համար: Նախապատրաստական ծրագրում կներառենք աշխարհաքաղաքական հարցեր, ռազմավարական և մարտավարական տարրեր: Մարտավարական մարզումները բաղկացած են լինելու երկու մասից: Առաջին մասը խաղաղապահ ծառայության մեկնողներին է վերաբերելու, ուսուցանելու է, թե ինչպես պետք է շփվել քաղաքացիական անձանց հետ, տարբերակել ահաբեկիչներին և այլն: Երկրորդը մեր զորքերի ընդհանուր մարտավարության մի մասն է, որը մեր զինծառայողները պարտավոր են իմանալ ու հարկ եղած դեպքում՝ կիրառել հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Մի քանի փորձնական պարապմունք արդեն իսկ անցկացրել ենք:

«Զառ» ուսումնական կենտրոնում նոր սարք է տեղադրվել՝ «Մայլս» համակարգը, որը հնարավորություն է տալիս իրական մարտական պայմաններին մոտ երկկողմանի զորավարժություններ անցկացնել: Այսինքն՝ մի զինվորը խրամատում է, մյուսը հարձակվում է, կրակելու ժամանակ լազերային խոցումը ազդանշանային համակարգով միանգամից արտացոլվում է էկրանին, և տվյալ զինվորը համարվում է շարքից դուրս եկած, նրա զենքը այլևս չի աշխատում: Զինծառայողներն էլ, կարծես, իրական մարտի դաշտում են զգում իրենց: Նոյեմբերին նման փորձ կատարել ենք, վարժանքին հետևել է ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը: Բավական արդյունավետ է եղել: Նմանատիպ վարժանքներ կարելի է անցկացնել նաև այլ ստորաբաժանումների կազմով, օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումը գրոհում է, իսկ խաղաղապահը՝ պաշտպանվում, կամ հակառակը: Այժմ կառուցում ենք պայմանական գյուղ, որտեղ զինծառայողները սովորելու են այսպես կոչված՝ «մաքրման աշխատանքներ» կատարել: Լինում են իրավիճակներ, երբ ահաբեկիչները, զինված խմբերը պատանդ են վերցնում կամ թաքնվում են բնակավայրերում: Բնակավայրին բնորոշ ենթակառուցվածքներով ուսումնական հատվածում զինծառայողները կսովորեն գործել այնպես, որ չվնասեն խաղաղ բնակիչներին, արագ վնասազերծեն ահաբեկիչներին:

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆոր ուսումնական կենտրոնը առաջին հերթին ծառայելու է ՀՀ զինված ուժերին, ապա նաև՝ որպես միջազգային ուսումնական կենտրոն: Մասնագիտական օգուտից բացի, կենտրոնը նաև ֆինանսական օգուտ է բերելու, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված կարգի համաձայն՝ ցանկացած պետություն, որ այստեղ պատրաստություն անցնելու նպատակով ստորաբաժանում կուղարկի, պետք է վճարի որոշակի գումար: Իսկ ցանկացողներ շատ կլինեն: Այս թեմայով արդեն իսկ հանդիպել եմ Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ռազմական կցորդների հետ, քննարկել մանրամասները: Նրանք շատ մեծ ոգևորությամբ սպասում են կենտրոնի ամբողջական գործարկմանը: Արդեն իսկ ուսումնական կենտրոնը մասնագետների ուշադրության կենտրոնում է: Ռազմաքաղաքական վերլուծաբանները կարծում են, որ սա շատ լուրջ քայլ է Հայաստանի համար:

Ծրագրում ենք խաղաղապահության ոլորտում էապես ընդլայնել համագործակցությունը Չինաստանի հետ: Չինաստանը ամենամեծ խաղաղապահ ուժեր ունեցող պետություններից է: Հայ-չինական հարաբերությունները զարգանում են ջերմ ու դինամիկ: Չափազանց կարևոր է, որ մենք միայն սպառող չենք. համագործակցությունը հավասարության սկզբունքով է: Չինացի զինծառայողներին առաջարկել ենք պատրաստություն անցնել խաղաղապահ բրիգադի լեզվի ուսումնական կենտրոնում: Չի բացառվում, որ ապագայում ՄԱԿ-ի դրոշի ներքո առաքելության մեկնենք Չինաստանի հետ համատեղ: Անցած տարեվերջին Կանադա կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է ավելացնել խաղաղապահ առաքելությունների տեսակարար կշիռը, հատկապես ՄԱԿ-ի դրոշի ներքո:

ՕԳՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՄեր մարտավարության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Խաղաղապահ առաքելության մեկնող զինծառայողն ամեն ինչ անում է, որ իրեն տեսնեն ու զգաստանան, իսկ ցանկացած այլ զինծառայող ձգտում է, որ իրեն չնկատեն: Մենք համադրում ենք երկու տեսակները: Առավելություն է նաև, որ պատերազմական փորձ ունենք և համեմատաբար փոքր բանակով կարողանում ենք մեր առջև դրված խնդիրները լուծել շատ արագ և արդյունավետ: Իսկ այսօր ամբողջ աշխարհն է անցնում մոբիլ ուժերի կիրառման մարտավարությանը: Գաղտնիք չէ, որ մեր զինծառայողներին ուսուցանում ենք մեր զինված ուժերում հաստատված մարտավարությունը՝ արագ տեղաշարժ, արագ կայացրած որոշում: Ցանկացած օղակի հրամանատար պետք է ի վիճակի լինի ինքնուրույն որոշում կայացնել: Այդ առումով առաքելությունները մեծ օգուտ են տալիս մեր զինծառայողներին, որովհետև այնտեղ էլ նրանք ստիպված են արագ որոշումներ կայացնել:

Մեզանից շատերը ինչ-որ չափով մարտական փորձ ունեն, եւ ի տարբերություն խաղաղապահությամբ զբաղվող այլ պետությունների զինվորների՝ լավ գիտեն, թե ինչ է պատերազմը, ուստի առավել են արժևորում խաղաղությունը:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ