Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՒ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

«Հայ ժողովրդի տառապանքների նկարագրության համար ֆրանսիացի գրողները քիչ թանաք ու թուղթ չեն ծախսել, բայց հայ ժողովուրդը թանաքի փոխարեն իր արյունն է տվել Ֆրանսիայի ազատության համար»: 

Լուի Արագոն

 

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՆՐԱՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի այցելուները տարբեր մասնագիտությունների, հետաքրքրությունների տեր մարդիկ են: Ցուցադրությանը ծանոթանալուց հետո շատերը ցանկանում են նոր նյութերով հարստացնել թանգարանը:

Վերջերս թանգարան այցելեց Երեւանի բնակիչ Մարկ Ադամյանը: Թանգարանում շրջելիս, երբ մոտեցանք «Դիմադրության շարժման մասնակիցները 2-րդ աշխարհամարտում» ցուցավահանակին, մեծ հետաքրքրությամբ դիտելուց հետո նա ցանկություն հայտնեց մեզ տրամադրել իր ծնողների գործունեությունը ներկայացնող իրեր, փաստաթղթեր, որոնք ընդհատակյա լայն գործունեություն են ծավալել Ֆրանսիայում:

Հայրը` Վահե-Ազատ Ադամյանը ծնվել է Պոլսում: 12 տարեկանում ընտանիքի հետ փոխադրվել է Ֆրանսիա: Այստեղ էլ վաղ հասակում նա սկսել է իր աշխատանքային ուղին: 1937թ., երբ Ադամյանը քսանչորս տարեկան էր, կամավոր մեկնեց Իսպանիա` մասնակցելու իսպանական ժողովրդի ազգային-հեղափոխական պայքարին: Ֆաշիզմն արդեն իրեն զգացնել էր տալիս Եվրոպայում եւ օջախներից մեկն էլ Իսպանիան էր: «Լա մարսելյոզ» բազմազգ բրիգադում նա սկզբում շարքային զինվոր էր, հետո` տասնապետ, քաղաշխատող: Կռվել է «Հանրի Բարբյուս» գումարտակում, մասնակցել Մադրիդի, Կասբի եւ Էբրոյի հայտնի ճակատամարտերին:

Միայն 32 տարի անց նրան հասավ իր պարգեւը` «Իսպանիայում 1936-1939թթ., ազգային-հեղափոխական պատերազմի մասնակից» հատուկ մեդալը` հաստատված ԽՍՀՄ պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, Խորհրդային Միության մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյի կողմից:

…Իսպանիայից նա վերադարձել է Ֆրանսիա` Լիոն, համագործակցել  Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հետ, որի հանձնարարականով էլ զգաղվել է հայկական պարտիզանական ջոկատների կազմակերպմամբ: Նա է ղեկավարել Նոտր-Դամի գերմանական դաշտային ամրոցի ոչնչաման աշխատանքները, 8 լեհ ռազմագերիների փախուստի կազմակերպումը եւ ամրոցի ամբողջ զինամթերքի գրավումը: Ադամյանը ստացել է կապիտանի կոչում, որը բացառիկ երեւույթ էր: Նա է եղել բազմաթիվ խորհրդային նախկին ռազմագերիների փախուստի կազմակերպիչը, ընդ որում, մեկ օրում տասը հայ սպաների է փախցրել ֆաշիստական ճիրաններից: Նրանք հետո միացել են պարտիզանական ջոկատներին (Ս. Տոնականյան, Գ. Սարգսյան, նախկին կոմիսար Բ. Իվանյան եւ այլք):

Պատերազմից հետո Ֆրանսիայի հարավում Ադամյանը եղել է քաղաքական վտարանդիների 15 առաջադիմական կազմակերպությունների միացյալ կենտրոնի նախագահը:

1945թ., նա մասնակցել է Փարիզում կայացած խաղաղության միջազգային կոնֆերանսին:

Կինը` Նվարդ Ադամյանը, Վահե-Ազատի հետ ծանոթացել էր ընդհատակում, եղել էր նրա կապավորը: Ազատը նրան շատ է վստահել, այնքան որ «վստահել է» նաեւ իր հետագա բախտն ու ընտանիքի ճակատագիրը: Նվարդը եղել էր ֆրանսահայ երիտասարդ հայրենասերների կազմակերպության ղեկավարներից մեկը, ակտիվորեն մասնակցել Լիոնի եւ Մարսելի ապստամբություններին:

…Գերմանական արխիվներից հանված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Թուրքիան սպասում էր Ստալինգրադի անկմանը` ներխուժելու Հայաստան եւ ավարտելու ցեղասպանությունը: Խորհրդային զորքերը Ստալինգրադում ջարդեցին թշնամու ողնաշարը եւ Թուրքիան ճանկերն իրեն քաշեց:

Սփյուռքահայությունը գիտեր, թե ֆաշիզմը ինչ կարող է բերել հայ ժողովրդին եւ այս գիտակցությամբ էլ ֆաշիզմի դեմ մղվող դիմադրության շարժումներին էին զինվորագրվել սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց թիվը երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին 70 հազարից ավելի էր:

Մարտնչելով հեռավոր Ֆրանսիայում, նրանք պաշտպանում էին իրենց հայրենիքը` Հայաստանը:

1947թ. Հայաստան հասավ ֆրանսահայ հայրենադարձների առաջին քարավանը, Վահե Ադամյանը այդ քարավանի պետն էր: 3300 հայեր ոտք դրին հայրենի հողի վրա: Քարավանի հետ մեկընդմիշտ հայրենիք եկավ եւ Ադամյանն իր ընտանիքով:

Հայրենիքում Վահե-Ազատ Ադամյանը վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեում: Նա վախճանվել է 1981թ. փետրվարին, 68 տարեկանում: Այժմ Վահե-Ազատ Ադամյանի անձնական իրերը, փաստաթղթերը պահվում են թանգարանում, դրանց մի մասն էլ լրացրին Դիմադրության շարժման մասնակցների ցուցադրությունը:

 

ԼԻԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ

«Մայր Հայաստան» թանգարանի գլխավոր ֆոնդապահ