Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ



ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽՕՐԵԻՆԴեկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայրում մասնակցեց Պաշտպանության բանակի զինծառայողների համար կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը և Ամանորին նվիրված հանդեսին: Հանրապետության հարավային սահմանին մոտակա Մեխակավան բնակավայրում այդ օրը բնակարան ստացավ 16 զինծառայողի ընտանիք: Շենքը կառուցվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով: Այստեղ բնակվելու են այն զինվորականները, ովքեր ապրել են ոչ հարմարավետ պայմաններում: Բնակարանամուտը կայացավ Հայ Առաքելական Եկեղեցու Հադրութի հոգևոր հովիվ Տեր Մատթեոս Դրավունցի օրհնանքով, Տերունական աղոթքով ու բարեմաղթանքով: Ներկաներին ողջունեց լեյտենանտ Արայիկ Հայրիյանը, ում ընտանիքը նույնպես այսուհետ բնակվելու է արդեն բարեկարգ ու ապահով տանիքի տակ: 

 -Այսօր մեզ համար նշանակալից օր է՝ տոն ու բնակարանամուտ: Այս պահին երկար ենք սպասել. շնորհակալություն ջերմ վերաբերմունքի, հարգանքի համար, -խոսքն ավարտեց հայոց բանակի ներկայացուցիչը:

 ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՄԱՆՈՐԻ ՆԱԽՕՐԵԻՆԼևոն Հայրապետյան և Արմիդա Աբրահամյան ամուսինները հայոց բանակի զինծառայողներ են, ունեն 4 զավակ: Ուրախ են, որ ստացան 4 սենյականոց բնակարան. այսուհետ առավել հեշտ է դառնալու ծառայությունը: Բնակարանների բանալիները և հավաստագրերը զինվորականներին հանձնեցին Արցախի նախագահը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Լևոն Միրզոյանը, այլ պաշտոնատար անձինք: Շենքի մուտքի կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց մայոր Հայկ Հովհաննիսյանին և նրա դստերը՝ Միլենային: Լեյտենանտ Արտուշ Արզումանյանը 18 տարի է, ինչ այստեղ է ծառայում, ունի 3 որդի: Նրա ընտանիքին հատկացված բանակարանում էլ երկրի պետական այրերը շնորհավորեցին բոլորին, ովքեր ստացան բնակարան: Հրետանու շտաբի պետ, մայոր Հայկազ Հովհաննիսյանը 2006-ին ավարտել Է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը և ծառայության անցել Հայոց բանակում. ընտանիքով Արզականից տեղափոխվել է Մեխակավան: Ունի 2 աղջիկ և 1 տղա: Գոհ է, որ արդեն հարմարավետ պայմաններում են մեծանալու զավակները: Զրուցեցի նաև այլ զինծառայողների հետ, ովքեր ստացել են բնակարան.  բոլորն էլ հայտնեցին գոհունակություն և հավաստիացրեցին՝ մնալու են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Գնդապետ Մանուկ Բադալյանը նշեց. երբ լուծվում է զինծառայողի սոցիալական խնդիրը, երբ զինվորականը տեսնում է՝ իր ընտանիքը ապահով պայմաններում է, այլևս մտածելու ոչինչ չկա: Բնակարանամուտից հետո պետական այրերը ներկա եղան նաև Սուրբ Ծննդյան և Ամանորին նվիրված տոնական ցերեկույթին: Բնակավայրի մանուկներն էին այստեղ՝ ծնողների, հարազատների ուղեկցությամբ: Փոքրիկներին իրենց ելույթներով ուրախացրին հեքիաթների հերոսները՝ Հադրութի մանկապատանեկան դպրոցի սաները:

-Որախալի է, որ այսօր գործընկերներիս հետ գտնվում եմ մեր ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող բնակավայրերից մեկում՝ Մեխակավանում: Պետք է նշեմ, որ երկրի անվտանգությունն ապահովվում է ոչ միայն հզոր պաշտպանական համակարգով, այլև այսպիսի բնակավայրերի առկայությամբ, ինչպիսին Մեխակավանն է: Այստեղ հաճախ եմ հանդիպում ժպտերես մարդկանց, հատկապես գեղեցիկ ու ժպտերես մանուկների: Ուրախ եմ, որ այստեղ ունենք նվիրյալներ, ովքեր բարձր մակարդակով են կատարում հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունը,- շնորհավորական խոսքում ասաց Բակո Սահակյանը:

Երեկոյան երկրի նախագահն ու նրան ուղեկցող պետական այրերը հրաժեշտ տվեցին մեխակավանցիներին՝ հավատով, որ բնակավայրն առավել կշենանա, իսկ հայրենիքի պաշտպան-զինվորներն ամուր են պահելու երկրի սահմանը, ապահովելու են ժպտացող փոքրիկների անվտանգությունն ու անդորրը:

Խորագիր՝ #02 (1224) 17.01.2018 - 23.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/01/2018