Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

ՄԻԱՅՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ«Հայ զինվորի» զրույցը զորամասի հրամանատար, գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը վերջերս այցելեց պետական սահմանի այս հատված, շրջայց կատարեց մարտական հենակետում, ծանոթացավ ծառայության պայմաններին, ինչպես նաև Ձեզ շնորհեց գնդապետի կոչում: Շնորհավորում ենք:

-Շնորհակալություն, ուսադիրին ավելացող ամեն աստղ լրացուցիչ պատասխանատվություն է: Զորամասի հրամանատարությունն ստանձնել եմ 2017 թվականին: Իհարկե, քաջատեղյակ եմ զորամասի մարտական ուղուն: Այստեղ հրամանատարներ են եղել մարդիկ, որոնք ծանրակշիռ ներդրում ունեն մեր բանակի  ստեղծման գործում, ինչը պարտավորեցնում է արդարացնել իմ նկատմամբ դրսեւորած վստահությունը եւ հաստատուն դարձնել հաջողությունները: 

-Չնայած Դուք նոր հրամանատար եք, այնուամենայնիվ, վեց ամիսն էլ  քիչ ժամանակ չէ ինչ-որ բան փոխելու համար: Ի՞նչ եք հասցրել անել, որո՞նք են Ձեր առաջնահերթությունները:

-Մեր երկրի հյուսիսարևելյան սահմանի այս հատվածը բարդ ու դժվարին է. թիկունքում նշանառության տակ ապրող սահմանամերձ բնակավայրերն են, որոնց  անվտանգությունը զորամասի առաջնահերթություններից է: Վերանայել ենք պաշտպանությունում մարտական դիրքերի դերը, փոփոխել ենք խնդիրներն ու մարտավարությունը,  ներդրել ենք զորամասի տրամադրության տակ եղած ուժերի եւ միջոցների կիրառման նոր մտահղացումներ: Մարտական դիրքերում անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով պաշտպանական գծի ամբողջ երկայնքով վերակահավորել ենք դիրքերը: Կատարելագործել ենք բազմաթիվ խրամաբջիջներ, խրամուղիներ, ամրապնդել ենք հակառակորդի կողմից դիտարկվող եւ տեսանելի հատվածները: Ուշադրության կենտրոնում էր նաեւ թե հրամանատարական, թե ստորաբաժանումների, թե առանձին զինծառայողների մասնագիտական, մարտավարամասնագիտական պատրաստությունը: Անցկացվել են մարզումներ, որոնց հիմքում գործողությունների նոր ձեւեր են:

Զորամասը մշտական հոգատարություն է պահանջում, ուստի ինչքան աշխատես, էլի անելու բան կա:

-Ի դեպ, մենք քիչ առաջ ենք  իջել նորակառույց դիրքից, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին՝ բաղնիք, հարմարավետ գետնատնակ, ֆիզիկական պատրաստության անկյուն, արդիական միջոցներ…

-Հավանեցի՞ք:

-Տպավորիչ է: Կարելի է ասել՝ ժայռի միջով խրամատ եք փորել:

-Այն կարեւոր նշանակություն ունի. հակառակորդին զրկում է միջդիրքային տարածությունն օգտագործելու հնարավորությունից:

-Անընդհատ խոսում ենք տեսադիտարկման  նորագույն սարքերի   մասին, որոնց շնորհիվ հնարավոր է հավաստանշել հակառակորդի տեղաշարժը: Կատարելագործվե՞լ է արդյոք դիտարկման համակարգը սահմանի այս հատվածում:

-Զորամասն առաջինն էր բանակային կորպուսում, որ հագեցվեց վերոնշյալ համակարգով: Սա թույլ է տալիս ավելի արդյունավետ իրականացնել մարտական հերթապահությունը, արագ որոշումներ ընդունել կանխարգելման եւ խոցման միջոցառումների իրականացման վերաբերյալ: Մենք այսօր հնարավորություն ունենք անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու, տեղեկացված ենք, թե ինչով է զբաղված հակառակորդը:

-Իսկ քանի՞ կիլոմետր հեռավորության մասին է խոսքը:

 -Թվեր չնշեմ: 

-Անդրադառնանք նաեւ նյութատեխնիկական ապահովման խնդիրներին: Հայրենական ռազմարդյունաբերության  ոլորտն անընդհատ զարգանում է, հետաքրքիր է՝  զորամասը համալրվե՞լ է հայկական արտադրության ժամանակակից միջոցներով:

-Այո, կիրառվող որոշ զինատեսակներ թարմացվել են եւ նոր մշակումների շնորհիվ ավելի հեռահար ու ճշգրիտ են: Համալրվել ենք  նաեւ զրահատեխնիկայով:

-Մարտունակության կարեւոր պայմաններից մեկն էլ սնունդն ու հարմարավետ վաշտային տնտեսությունն է: Ինչպե՞ս է ապրում Ձեր զինվորը:

-Այդպիսի զորանոց չունենք, որ գոնե կոսմետիկ վերանորոգած չլինի: Սնունդն էլ որակյալ է, ճաշը՝ համով: Առանց չափազանցության եմ ասում՝ զինվորը  ճաշարանում սնվում է ինչպես տանը:  Եթե մթերքը հանկարծ չի համապատասխանում սահմանված պահանջներին, չենք ընդունում: Օրինակ՝ վերջերս կարտոֆիլ ենք վերադարձրել. տեսքը մեզ դուր չի եկել:

-Ինչի՞ շուրջ եք համախմբում Ձեր ենթականերին:

-Ազնվության, հարգանքի ու վստահության: Ես սպայակազմին միշտ ասում եմ. մենք վատ զինվոր չունենք, եթե նա սխալվում է, ուրեմն հրամանատարներս ենք մեղավոր, ուրեմն ինչ-որ տեղ թերացել ենք: Երբ որդիս զորակոչվեց բանակ, ես սկսեցի ավելի լավ հասկանալ զինվորի հոգեվիճակը, նրա պահանջները: Որքան էլ զինվորն իր մասնագիտության մեջ հմտանա, նա ինքնավստահ ու մարտունակ է միայն այն դեպքում, երբ հրամանատարը նրան հավատ է ներշնչում: 

-Իսկ Դուք ինչպե՞ս եք նվաճում զինվորի հարգանքը:

-Իմ ամենօրյա գործունեությամբ: Օրինակ՝ սպորտային ավանում կատարում եմ ֆիզիկական պատրաստության համալիր վարժություններն ու միշտ ձգտում եմ գերազանց ստանալ:

-Զորամասը համալրված է ինչպես պարտադիր ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողներով: Կա՞ն արդյոք նրանց հետ աշխատելու դժվարություններ:

-Նախ ասեմ, որ առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է մեծապես պայմանագրայինների ուժերով, որոնք հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են: Նրանք սոցիալ-կենցաղային հարցերը կարգավորելուց բացի պաշտպանում են իրենց տունը, ընտանիքը: Ծառայությունում ընդգրկվում են հատուկ ընտրությամբ: Իրենց մասնագիտությանը, զենքին լավ են տիրապետում, ինչպես նաեւ եռանդուն են, կարգապահ, հանդուրժող: Այնպես որ` որեւէ դժվարություն չի առաջանում: Նկատելի է պայմանագրային գումարտակների երիտասարդացում: Վերջերս ավելի հաճախ են բանակից զորացրված երիտասարդ տղաները, որոնք շատ լավ մարտական պատրաստություն ունեն, ցանկություն հայտնում անցնել պայմանագրային ծառայության: 

-Պարոն հրամանատար, մեր ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրեն նաեւ Ձեր ծառայողական կենսագրության մանրամասները:

-Ծնվել եմ Երեւանում: Հայրս ջոկատի փոխհրամանատար էր, ուստի մասնագիտության ընտրության հարցում երկար չեմ մտածել: 1994թ. ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Առաջին շրջանավարտներից եմ: Սկսել եմ դասակի հրամանատարից, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ: Ընդունվել եւ ավարտել եմ  Մոսկվայի ռազմական ակադեմիան: Անկեղծ ասած՝ ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, երբեք չեմ գոհանում բավարար գնահատականով: Ես իմ առաջ ոչ թե պարզապես ինչ-որ բան անելու, այլ գերազանցությամբ անելու խնդիր եմ դնում: Միայն կատարելագործվելով է հնարավոր զարգացնել ձեռքբերումները: