Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿ



ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿՀունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները:

 Զորակոչի առաջին օրը Հանրապետական հավաքակայան այցելեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նրանք շրջեցին հավաքակայանում, զրուցեցին զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանեցին զորակոչային պայմանների և տրվող արտոնությունների վերաբերյալ հարցերին: Ներկայացրին զինվորական ծառայության կարևորությունը յուրաքանչյուր զինծառայողի համար:

Մովսես Հակոբյանն ու Արտակ Զաքարյանը շրջեցին հավաքակայանի տարածքում, ևս մեկ անգամ ստուգեցին զորակոչին բոլոր ծառայությունների պատրաստվածությունը: Ծանոթացան զորակոչիկների բուժզննության պայմաններին, հատկապես ձմեռային պայմաններում հորդորեցին ավելի ուշադիր հետևել զորակոչիկների առողջական վիճակին: Այնուհետև ԶՈՒ ԳՇ պետն ու փոխնախարարը եղան հանդերձավորման սենյակում: Իրային ծառայության պատասխանատուները նրանց ներկայացրին զորակոչիկների հանդերձավորման կարգը, տրամադրվող ձմեռային համազգեստը: Քաղաքացիական հագուստով մտնող տղաները այստեղից դուրս են գալիս զինվորական համազգեստով, ամբողջովին պատրաստ զորամասեր մեկնելու: Քաղաքացիական հագուստը հատուկ պարկերի մեջ է հավաքած՝ ծնողներին փոխանցելու նպատակով: Պաշտոնյաները ծանոթանում են հավաքակայանի ճաշարանում նրանց տրամադրվող սննդակարգին, համտեսում, գնահատում են պատրաստվող ճաշատեսակների համն ու որակը: Նշենք, որ առանց կալորիաներով հարուստ սնունդ ընդունելու ոչ մի զորակոչիկ չի մեկնում ծառայության: Իսկ եթե ընթրիքի ժամին նրանք ճանապարհին են, ապա տրամադրվում է չոր օրապահիկ:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿՍտուգայցն ավարտված է: ԶՈՒ ԳՇ պետն ու փոխնախարարը գոհ են նախապատրաստական շրջանում իրականացված աշխատանքներից. գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը բարձր մակարդակի վրա է: Արդեն հստակ գործում է նաև այս զորակոչին առաջին անգամ կիրառվող զինվորական ծառայության «Ես եմ» ծրագիրը: Համապատասխան տեղամասում զորակոչիկներին մանրամասն ներկայացվում են ծրագրի առավելություններն ու առանձնահատկությունները: Ինչպես ասաց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, դեկտեմբերի 30-ի դրությամբ ծրագրին միանալու ցանկություն է հայտնել 120 զորակոչիկ:

Տրվեցին լրացուցիչ ցուցումներ և հանձնարարականներ ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Առաջին 26 զինակոչիկները բուժզննում անցնելուց հետո արդեն հանդերձավորվել են, ճաշել են և սպասում են վիճակահանության գործընթացին: Մովսես Հակոբյանն ու Արտակ Զաքարյանը մոտեցան նրանց, խորհուրդներ տվեցին զինծառայության վերաբերյալ: Փոխնախարարը նորակոչիկներին ասաց, որ ծառայության երկու տարիները լինելու են նրանց կենսագրության ամենակարևոր տարիները. «Վստահ եղեք, որ դրանով հպարտանալու եք, իսկ բանակում ձեռք բերված գիտելիքներն ամբողջ կյանքի ընթացքում պետք են գալու Ձեզ»:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿՆրա խոսքով՝ բանակում մարդու համար ամենակարևորը պատասխանատվությունն է: «Դուք պատասխանատվություն եք կրելու պետության անվտանգության, պաշտպանության, անձեռնմխելիության համար, իսկ դա, հավատացեք, ամենակարևոր աշխատանքն է: Մինչև հիմա էլ ունեցել եք պատասխանատվություն, սակայն հիմա այն բազմակի անգամ մեծանում է: Բանակից հետո էլ այդ պատասխանատվությունը ձեզ ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում,- ասաց Արտակ Զաքարյանը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը զորակոչիկներին պատմեց նաև, որ երբ արդեն զորացրվող զինվորներից մեկին դիրքերում հարցրել է՝ ի՞նչն է նրան բանակի հետ կապելու, վերջինս պատասխանել է՝ «Կարոտը. երբ գալիս էի բանակ, մտածում էի, որ կարոտելու եմ տնեցիներին, հիմա մտածում եմ, որ այստեղի ամեն ինչին կարոտելու եմ…»:

Մովսես Հակոբյանը վստահություն հայտնեց, որ տղաները կապվելու են զորամասային կյանքին: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պատահական չհամարեց այն փաստը, որ Քառօրյա պատերազմի ժամանակ, զորացրված զինվորներից շատերը միանգամից գնացին իրենց զորամասեր՝ իրենց ընկերների մոտ: «Երեւի ձեր ծնողները ամենից մոտ ընկերներին ասում են՝ բանակիս ընկերն է, դուք էլ եք այդպես ասելու»,- ասաց գլխավոր շտաբի պետը:

Մովսես Հակոբյանն ու Արտակ Զաքարյանը զինվորների հետ խոսեցին նաեւ զինվորական հանդերձանքի մասին, հարցրեցին, թե քանի՞ րոպեում պատրաստվեցին, զինվորական կոշիկները հե՞շտ հագան: Ու հենց նույն պահին, նկատելով զինվորներից մեկի ոտքին «լողացող» կոշիկները, գեներալ-գնդապետը անձամբ օգնեց զորակոչիկին ձգել կոշիկի քուղերը: Վերջում էլ գոհունակությամբ նշեց՝ այ հիմա ուրիշ բան, ավելի հանգիստ կքայլես: Ապա զգուշացրեց՝ ցանկացած զինծառայող պետք է արագ հանդերձավորվի, կարգի բերի ուսապարկը, զենքը: Զինվորը ամեն պահի պիտի պատրաստ լինի թշնամուն դեմ առ դեմ կանգնելու:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՆԱԿ-Մեր հայրենիքի պաշտպանությունը նաև ձեզանից է կախված: Այս պահին դուք 26 հոգի եք, եթե ձեզանից մեկն էլ պակասի, մեր պաշտպանությունը չի ստացվի այնպես, ինչպես պետք է: Դե, ձեզ բարի ծառայություն: Կարևորը՝ լավ տրամադրությամբ մեկնեք ծառայության, -ասաց ԳՇ պետն ու հերթական ոգևորիչ քայլն արեց. ասելով՝ հիմա ձեզ տանելու եմ ձեր ծնողների մոտ՝ կարգադրեց ուղղել համազգեստները ու կեսկատակ նշեց՝ զգաստ, հպարտ ներկայացեք ծնողներին, առաջին անգամ են ձեզ տեսնում այս հանդերձանքով, պիտի տեսնեն ու նոր հանգիստ գնան իրենց գործերով: «Չվազեք փաթաթվեք, սկզբից չեն ճանաչելու, բոլորդ համազգեստով իրար նման եք»:

Եվ ահա արդեն զինվորական հանդերձանքով զորակոչիկների շարասյունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ հավաքակայանի դարպասի մոտ է: Զինվորների ու ծնողների առաջին հանդիպումը հուզիչ էր, նրանք ոգեւորում էին միմյանց, արտասվում, գրկախառնվում, ձեռքով անում: Զինակոչիկներից մեկի մոր` «Իմ մինուճարն է, ես այդ մի տղան ունեմ ու մենակ եմ մնալու, դա է մտահոգում» հուզախառն խոսքին Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ո՞նց ես մենակ մնալու, ամբողջ բանակը դառնում են քո տղաները, ոչ թե մենակ ես մնալու, այլ քո տղաները շատանալու են»: Մայրը արցունքն աչքերին խնդրեց. «Իմ ճրագն է, ուղղակի խնդրում ենք՝ ոնց տալիս ենք, այդպես էլ վերադարձրեք»: Մովսես Հակոբյանը ի պատասխան վստահեցրեց. «Մենք ավելի լավ ենք ձեզ վերադարձնելու, ավելի լավ տղա է դառնալու»:

Մովսես Հակոբյանը տեղում պատասխանեց ծնողներին հուզող հարցերին: Նշեց, որ եթե ծնողները համաձայն չեն զորակոչման որոշման հետ, ստեղծված է նաեւ բողոքարկման հանձնաժողով՝ պաշտպանության նախարարի ավագ խորհրդականի գլխավորությամբ:

-Եթե որեւէ անօրինականություն է կատարվել զորակոչիկի հանդեպ, ապա մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել՝ տվյալ վատառողջ զինվորին զորակոչելու համար: Մի պարզ բան պետք է հասկանանք. բանակին առողջական խնդիրներով զինվոր պետք չէ, բանակին պետք է առողջ զինվոր: Ծառայությունը որոշակի դժվարություններ է պարունակում, մեզ պետք է առողջ զինակոչիկ, որ զինվոր պատրաստենք, ոչ թե երկու տարի նրան բանակում բուժենք: Մենք այդպիսի նպատակ չունենք:

Առջևում վիճակահանությունն է: Կարևոր չէ, թե տղաները որտեղ կծառայեն: Կարևորն այն է, որ բոլորն էլ ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ և գիտակցումով, որ գնում են պաշտպանելու ՀԱՅՐԵՆԻՔԸ:

 ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #1 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/01/2018