Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ



ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՑԵՔԱՐՏԸ«Հայ զինվորը» շնորհավորում է Ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին՝ Հայաստանի հանրապետության ազգային հերոսի կոչման արժանանալու առթիվ, մաղթում երկարակեցություն, երջանկություն և բեղուն աշխատանք՝ ի փառս մեր ժողովրդի ու հայրենիքի:

 

-Պարոն Չեքիջյան, դիտում էի Ձեր վերջին հեռուստահարցազրույցներից մեկը և մտածում՝ ի՞նչ է զգում մարդ փառքի գագաթին, երբ նվաճել է բոլոր հնարավոր դափնիները…

-Դեպի գագաթ տանող ճանապարհը շատ դժվար է, միայն ինձ է հայտնի, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ահռելի ջանքեր են իմ բոլոր հաջողությունների հետևում, ինչպիսի զրկանքներ… Մինչդեռ մի փոքրիկ վրիպում, մի ձախողված համերգ՝ և անկումը այնքան հեշտ է ու անարգել։ Փառքի գագաթին (ինչպես Դուք եք ասում) մտածում ես գագաթին մնալու մասին, ջանում ես չկորցնել քո նվաճած բարձունքը։ Այսինքն՝ շարունակում ես տքնել ու աշխատել։

-Ասում եք՝ վերելքի Ձեր ճանապարհը եղել է զրկալի ու դժվարին… Իսկ եթե Ձեզ վիճակվեր ամեն ինչ սկսել սկզբից…

-Երբեք այս ճանապարհը չէի ընտրի… հաստատ չէի ընտրի։

-Շատ համարձակ ու անսպասելի խոստովանություն է։

-Ես ուզում եմ անկեղծ լինել Ձեզ հետ։ Ես չեմ վայելել կյանքը։ Հորս խորհրդով Փարիզում կրթություն ստացա և դարձա ինժեներ-քիմիկ։ Հենց այդ ժամանակ էր, որ կոնսերվատորիայի մոտով անցնելիս տեսա մի հայտարարություն խմբավարների մրցույթի մասին։ 88-րդ դիմումն իմն էր, 5 հոգի էին ընդունվելու։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար, 5-ից մեկը ես էի։ 22-23 տարեկան տղա էի այդ ժամանակ։ Ես պաղպաղակ չէի ուտում, ոտքով էի քայլում, որ փող տնտեսեմ ու վճարեմ ուսմանս վարձը…

-Դուք շրջագայել եք աշխարհով մեկ, արժանացել եք ունկնդրի ծափերին, հիացմունքին…

-Այո՛, տեսարժան վայրեր այցելելու, զվարճանալու փոխարեն ես փորձեր եմ արել, հետո բարձրացել եմ բեմ… Ես մի ամբողջ կյանք ապրել եմ պատասխանատվության բեռը ուսերիս։ Ի վերջո՝ «կոճկված եմ» ապրել։ Երբ մարդիկ ճանաչում, սիրում են քեզ, դու պարտավոր ես օրինակելի լինել, միշտ և ամենուր։ Փաստորեն, ես զրկված եմ եղել տարրական «ազատությունից»։

-Փոխարենը՝ ունեցել եք այնպիսի շնորհներ, որոնցից զրկված են հասարակ մահկանացուները։ Ես մտածում եմ՝ Ձեր զրկանքները փոխհատուցվել են։

-Գուցե… Ես մուտքի թույլտվություն եմ ունեցել մեծ երաժիշտների աշխարհ՝ Մոցարտի, Վերդիի… Նրանց աներևակայելի գեղեցիկ տարածքը։ Ծափեր ու ծաղիկներ… այո՛, եղել են… ժողովրդի սերն ու հիացմունքը։ Դուք համարում եք, որ իմ զրկանքները փոխհատուցվե՞լ են։ Թող այդպես լինի։

-Այդ դեպքում ես չեմ կարող չհարցնել՝ հանուն ինչի՞ էին այդ զրկանքները։ Դուք կարող էիք ապրել աշխարհի ամենաբարեկեցիկ ու շքեղ երկրում և ավելի հեշտությամբ հասնել փառքի ու ճանաչման։ Մինչդեռ նույնիսկ ցրտի, խավարի, սովի տարիներին չհեռացաք երկրից, մեկ օրով անգամ չլքեցիք Հայրենիքը…

-Ես չգնացի, որպեսզի իմ ներկայությամբ ուժ տամ մնացողներին։ Որպեսզի ինձ հավատացող մարդկանց ոգին չընկճվի, հույսը չմարի։ Հանուն ինչի… Գիտեք, շատերն ասում են՝ ես չեմ կարող ապրել առանց Հայաստանի, կմեռնեմ կարոտից, օդը չի հերիքի… Ես կարող եմ։ Չեմ խեղդվի։ Ես այն կարծիքին չեմ, որ միայն հայերն են բարի, հյուրընկալ, ջերմ ու գթասիրտ։ Ես կարող եմ ու կարող էի ապրել օտար երկրում։ Բայց ես չգնացի, որովհետև պետք էի երկրիս։ Օտար երկրում ես և՛ փառք կունենայի՝ գուցե ավելի մեծ, և՛ փող՝ անհամեմատ ավելի շատ…

-Եղե՞լ են մարդիկ, ովքեր ճակատագրական դեր են կատարել Ձեր կյանքում։

-Եղել են մարդիկ, ովքեր շատ կարևոր դեր են խաղացել իմ կյանքում։ Հայր Գրիգորիս Մանյանը, որը սովորեցրեց ինձ մեսրոպյան տառերը։ Տարիներ անց նա դարձավ Մխիթարյան միաբանության Աբբահայրը։ Ես նրանից շատ բան եմ սովորել՝ բարություն, նրբանկատություն, մարդկայնություն… Հաջորդը Ժան Ֆուռնիեն էր՝ Փարիզի օպերայի գլխավոր դիրիժորը։ Նա հզոր երաժիշտ էր, որից ես սովորեցի երաժշտական արվեստի գաղտնիքները, «կերպար» ստեղծելու հմտությունները…

-Դուք ձեռքերով կերտում եք երաժշտություն մեր աչքի առաջ, բեմի վրա, և երգչախումբը դառնում է մեկ սիրտ, մեկ կոկորդ… Սա, ըստ իս, նաև հոգեբանական երևույթ է…

-Այո՛, նաև հոգեբանական երևույթ է, բոլորը մեկի հետևից գնալու, միմյանց լսելու, միասնաբար արարելու պատրաստակամությունը:

-Կարողանո՞ւմ եք կենցաղային հարաբերություններում վայր դնել դիրիժորական փայտիկը…

-Իմ մարդկային կերպը խիստ տարբեր է իմ բեմական կերպարից։ Կյանքում ես հնազանդ մարդ եմ, սիրում եմ ենթարկվել օրենքներին, կարգուկանոնին… Որևէ մեկը չի ասի, որ ես երբևէ բողոքել եմ դժվարություններից կամ տրտնջացել։ Որքան պահանջկոտ եմ բեմի վրա, նույնքան հանդուրժող ու համակերպվող եմ կենցաղային հարաբերություններում։ Ես փափուկ, մեղմ մարդ եմ։

-Կանայք սիրո՞ւմ են այդպիսիներին։

-Ես մեծ սիրո և տևական հարաբերությունների կողմնակից եմ։ Իմ կյանքում չեն եղել հպանցիկ սիրավեպեր։ Ես սիրել եմ իմ կյանքի բոլոր կանանց։ Նրանք շատ կարևոր են եղել ինձ համար, թանկ են եղել։ Մենք եղել ենք ընկերներ, համախոհներ, մեծ հոգեկան կապվածությամբ ու ներդաշնակությամբ։

-Ի՞նչն է եղել Ձեր ամենամեծ ներշնչանքը, ի՞նչն է Ձեզ թևեր տվել։

-Սիրելի կնոջ քնքշանքը, գուրգուրանքը, գնահատանքը… Ես շատ զգայուն մարդ եմ հատկապես կանանց հետ փոխհարաբերություններում։ Ամենափոքր աննրբանկատությունը, կոպտությունը կարող է հիասթափեցնել ինձ։ Ես սիրում եմ մեղմ, քնքուշ կանանց։ Ես կնոջ մեջ սիրում եմ այն ամենը, ինչը չունի տղամարդը և չի կարող ունենալ։

-Պարոն Չեքիջյան, 20-րդ դարավերջին իրականացավ մեր պատմական երազանքը՝ ունեցանք անկախ երկիր, սեփական դրոշ, հայկական բանակ… Ավելին՝ ազատագրեցինք մեր գրավյալ հայրենիքի մի հատվածը… Թվում էր՝ մենք պետք է նախկին խանդավառությամբ շարունակեինք վերելքի ուղին, կառուցեինք մեր հայրենիքը։ Այսօրվա հոգեկան անկումը, գոնե ինձ համար, անհասկանալի է։ Ի՞նչ պատահեց մեզ…

-Մենք երբեք չենք կարողացել նայել ինքներս մեզ օտարի աչքերով, կողքից… Մենք սթափ հայացքի պակաս ենք ունեցել։ Սեփական թերությունները տեսնելու կարողության բացակայությունը խանգարել է մեզ ու խանգարում է։ Մեր գենի մեջ արկածախնդրություն կա։ Մենք չգիտենք այսօրվա ձեռքբերումներով, այսօրվա տքնանքներով երաշխավորել մեր վաղվա օրը և մտածում ենք, որ վերջին պահին, գահավիժելուց մի քանի րոպե առաջ մի հնարով կշտկենք իրավիճակը ու չենք կործանվի։ Մենք դիվանագիտության պակաս ունենք բոլոր հարաբերություններում։ Ինձ ցավ է պատճառում մեր օտարամոլությունը։ Երբ ես 1961թ. եկա Հայաստան, բոլոր բաց պատուհաններից, բոլոր մեքենաներից ադրբեջանական երաժշտություն էր հնչում։ Ես ապշած էի։ Կոմիտաս ունեցող ազգը ինչպե՞ս կարող էր ադրբեջանական երաժշտություն լսել։ Բարեբախտաբար, մենք հաղթահարեցինք այդ խայտառակությունը։ Ու դա հույս է տալիս, որ մենք կհաղթահարենք նաև այսօրվա թուրք-ադրբեջանական մելիզմներով «համեմված» ռաբիսը։

Եթե ուզում ենք մեղմ, կարեկից, խաղաղ ու հանդուրժող հասարակություն ունենալ, պետք է Հայաստանի վաղվա քաղաքացուն դաստիարակելու համակարգ ներդնենք՝ սկսած մանկապարտեզից… Առաջին հերթին պետք է կրթենք մարդու զգացմունքները, հույզերը, ապրումները… Պիտի ձևավորենք նրա բարոյական արժեհամակարգը ու տոգորենք ազնիվ ու վեհ գաղափարներով։ Բարձրացող սերնդի մեջ մերժելի սանձարձակություն ու կոպտություն կա, եսահայացություն ու նյութապաշտություն։ Ասացի ու հիշեցի Արմեն անունով ավանցի 20-ամյա զինվորին, 9 հոգանոց ջոկատով դիմակայել է թշնամու 30 հոգանոց դիվերսիոն խմբին, հետ շպրտել նրանց ու զոհվել՝ պաշտպանելով հայրենի հողը։ Սա մերն է, սա հայի ֆենոմենն է, հայի լինելության այցեքարտը։ Բայց որքան լավ կլինի, որ մեր ժառանգական առաքինություններին հավելենք ճիշտ, նպատակաուղղված դաստիարակություն։

-Ձեր հասցեին հնչած մաղթանքներից ո՞րն է Ձեզ ավելի սրտամոտ։ Ո՞րը կուզենայիք իրականացած տեսնել առաջին հերթին։

-Կուզենայի մնացած կյանքս առողջ ապրել։ Մեկ էլ մի մեծ տոպրակ փող գտնել փողոցով քայլելիս։

-Ի՞նչ պիտի անեք այդ փողը…

-Կշրջագայեմ աշխարհով մեկ… ոչ թե համերգ տալու, այլ պարզապես վայելելու, ունկնդրելու մեծ երաժիշտների համերգները: Սեփական միջոցներով կպահեմ մեր երգչախումբը, լավ կվճարեմ իմ երգիչներին։ Հետո՞… աջ ու ձախ նվիրատվություն կանեմ…

-Պարոն Չեքիջյան, մաղթում եմ, որ առողջ ապրեք Ձեր մնացած կյանքը։

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #1 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Հոգևոր-մշակութային


10/01/2018