Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՀՆ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է, ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ՝ ԵՐԿՐԻՍ ԱՊԱԳԱՆ…



ԲՈՒՀՆ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է, ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ՝ ԵՐԿՐԻՍ ԱՊԱԳԱՆ…Հայրենիքին, ազգին, բանակին, պետությանն ու հասարակությանը  ծառայելը շատերի համար ապրելակերպ է: Էջմիածնում գրեթե բոլորը գիտեն Քոչարյաններին: Կրթելը, դաստիարակելն ու սովորեցնելը կարծես դարձել է նրանց տոհմի դրոշմը: Աշոտ Քոչարյանը, նախնիների պատգամը պահելով,  շարունակում է նրանց գործը: Կյանքը մանկավարժությանը նվիրած մտավորականն այսօր արդեն իր ուսանողների եւ  աշակերտների  երեխաներին է դասավանդում:

Էջմիածնի պատվավոր քաղաքացի, Տեխնիկական գիտությունների թեկնածու,դոցենտ Աշոտ Քոչարյանը շուրջ կես դար դասախոսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում:  Համատեղության կարգով մաթեմատիկա եւ ֆիզիկա է դասավանդում նաեւ  Էջմիածնի «Էրնեկեան հանրակրթական դպրոցում»: Ու հիմա ես վաստակաշատ մանկավարժի  աշխատասենյակում եմ:

-1973 թվականից դասավանդում եմ: Կարծես երեկ լիներ: Ավարտեցի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտն ու մեկնեցի Ռուսաստան՝ վերապատրաստվելու: Հիշում եմ, որ կիբեռնետիկայի ֆակուլտետում միկրոէլեկտրոնիկայի ամբիոն էին ուզում բացել:  Ինստիտուտում առաջարկեցին կրթությունս շարունակել Մոսկվայում եւ անցնել աշխատանքի բացվող ամբիոնում: Ավարտեցի ասպիրանտուրան եւ վերադարձա հարազատ բուհ, բայց արդեն նոր կարգավիճակով: Դարձա ամբիոնի առաջին դասախոսներից մեկը: Սկսվեց իմ դասախոսական-մանկավարժական աշխատանքը: Ու այսպես 45 տարի…

Բուհն իմ երկրորդ տունն է,ուսանողներս՝ երկրիս ապագան: Դպրոցը սրբություն է, աշակերտներս՝  իմ ապագա ուսանողները,- կատակում է ուսուցիչը, ժպտում:

-Պարո՛ն Քոչարյան, Դու՛ք երկար ժամանակ դասախոսում եք, եւ վստահ եմ, որ ամեն տարի ձեր ուսանողներից շատերը զորակոչվում են բանակ՝ զինվորական պարտքը կատարելու: Դուք զգու՞մ եք որեւէ փոփոխություն ծառայությունից վերադարձած ուսանողների շրջանում: Ի՞նչն է ուրիշ, ի՞նչ է տալիս բանակը նրանց:

-Բանակն ինքնին բուհ է, կյանքի դպրոց: Թերեւս շատ դեպքերում ծառայության ընթացքում զինվորներն ավելի շատ բան  են հասկանում կյանքի, ապրելու, պայքարելու, առաջ գնալու մասին, քան կրթօջախներում: Բնականաբար փոփոխություններ կան եւ նկատելի են: Ծառայությունն ավարտած ուսանողների մոտ առկա է պատասխանատվության, ճշտապահության, լրջության բարձր զգացումը: Հիմնականում ավելի հավաքված, կազմակերպված են վերադառնում: Շատերի մոտ փոխվում է կրթության նկատմամբ վերաբերմունքը: Ուսանողներ ունենք, որ վերադառնալուց հետո ցուցաբերել են ուսման այնպիսի առաջադիմություն, որ զարմացրել են:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի մեջ վերջին փոփոխություններն, իմ կարծիքով, միտված են հավասար պայմաններ ստեղծելու բոլորի համար: Եվ ես այն կարծիքին եմ, որ այս պարագայում կրթական, գիտական մակարդակը ոչ թե կնվազի, այլ կգրանցի որակական աճ: Գուցե ուսանողների թիվը նվազի, բայց այն կօգնի, որ բուհում մնան այն ուսանողները, ովքեր բոլոր առումներով համապատասխան  գիտելիքներ, հմտություններ ունեն   մագիստրատուրայի, ասպիրատնտուրայի գիտական աստիճան ձեռք բերելու համար:

«Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին գիտեմ: Որպես դասախոս ես ավելի շատ կարող եմ կարծիք հայտնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասին: Երբ ես  ուսանող էի խորհրդային կարգերի ժամանակ, բուհերն ունենին զինվորական ամբիոններ: Մենք  շաբաթվա մեջ մի օր զինվորական պատրաստություն էինք ուսումնասիրում: Բուհն ավարտելուց հետո երկու ամիս գնում էինք ճամբար՝ ավելի խորը  ծանոթանալու զինվորականի մասնագիտությանը, բանակում սպայի դերին, նշանակությանը, ինչպես նաեւ զինվորների հետ գրագետ աշխատելու հմտություններին: Վերադառնում էինք որպես սպա՝ ստանալով լեյտենանտի կոչում:

Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագիրը համապատասխանում է մեր ժամանակների ձեւաչափին: Կարծում եմ` շատ լավ տարբերակ է մեր երիտասարդների համար: Բուհն ավարտած երիտասարդը, միանգամից անցնելով աշխատանքի զինված ուժերում, հաստատուն քայլերով կարող է պլանավորել իր կյանքը: Այնպես որ  խրախուսում եւ հորդորում եմ մեր ուսանողներին,որ ճիշտ ընտրություն կատարեն: Կիրթ, զարգացած,խոհեմ սպաները մեր երկրի համար կլինեն օրինակելի հրամանատարներ:

-Ավարտվում է տարին: Ամփոփելով մեր զրույցը` ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդներին՝ Ձեր ուսանողներին եւ մեր զինվորներին նոր տարում:

-Թող հայոց սահմանները պաշտպանող զինվորականները հպարտությամբ ծառայեն: Նրանց անձնվիրաբար ծառայության շնորհիվ է ,որ մենք այսօր հանգիստ կարող ենք գլուխներս բարձին դնել: Միակ ցանկությունս սա է:  Իսկ մեր զինվորների մայրիկների աչքերին թող արցունք երեւա իրենց որդիների վերադարձին միայն: Խաղաղ եւ ուրախ Ամանոր բոլորին…

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #1 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Բանակ և հասարակություն


10/01/2018