Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ



ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին է` Ամանորի նախաշեմին, ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներն այցելում են ապրիլյան քառօրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին: 

 Դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի   158 կուրսանտներ Հայաստանում և Արցախում այցելեցին զոհված զինծառայողների ընտանիքներին:  Կուրսանտները նրանց փոխանցեցին պաշտպանության նախարարության կողմից ծանրոցներ: Իրենց ներկայությամբ, երախտիքի և գնահատանքի  խոսքերով  փորձեցին կիսել կորստյան ցավը՝ հարգելով հերոս հայորդիների հիշատակը…

Էջմիածնի և հարակից գյուղերի զոհված զինծառայողների հարազատներին այցելող կուրսանտներին, զինվորական կոմիսար, գնդապետ Հակոբ Ազատյանի կարգադրությամբ, միացան փոխգնդապետ Կ. Թումանյանն ու մայոր Կ. Հովհաննիսյանը: Բաժանվելով երկու խմբի` Էջմիածնի զինկոմիսարիատից ուղևորվեցին զոհված զինծառայողների բնակավայրեր:

Առաջին կանգառը Ապագա համայնքում էր: Կուրսանտ Հարություն Սիմոնյանը ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ էր այցելում կապիտանի հարազատներին:  Փոխգնդապետ Կ.Թումանյանը, դիմելով քառօրյա պատերազմում զոհված կապիտան Հովսեփ  Կիրակոսյանի կնոջն ու երկու փոքրիկներին, ասաց.

-Մենք հպարտ ենք ,որ Հովսեփի նման զինակից ընկեր ունենք: Նրա կատարած սխրանքն իսկապես պարտավորեցնում է լինել Ձեր ընտանիքի, և այս երկու փոքրիկ հրաշքների կողքին: Մենք շնորհակալ ենք: Շնորհավորում ենք գալիք Ամանորն ու ցանկանում, որ այսուհետ միայն ուրախ առիթներով հանդիպենք:

Կուրսանտ Հ. Սիմոնյանը հարազատի պես շնորհավորեց, համբերություն և առողջություն մաղթեց կապիտանի կնոջը՝ Մարիամին:

-Հավատացեք` արդեն իմ հարազատներն են այս ընտանիքի անդամները: Ճիշտ է, տղերքն այլևս չկան, բայց մենք պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը: Ես՝ որպես ապագա սպա, ինձ ավելի  հանգիստ եմ զգում, որ կարող եմ թեկուզ իմ ներկայությամբ սփոփել նրանց ցավը: Հպարտ եմ,որ հայրենիքի  նման պաշտպանների օրինակներով պիտի կերտենք մեր պայծառ ու խաղաղ ապագան,-ասում է Հարությունը:

Կուրսանտ Տիգրան Մարտիրոսյանի առաքելությունն էր` հանդիպել լեյտենանտ Գեղամ Զաքարյանի ընտանիքին: Տիգրանը բավականին հուզված պատմում է, որ մուսալեռցի Գեղամը հասցրեց ընդամենը երեք ամիս ծառայել որպես սպա: Դժբախտ պատահարը խլեց երիտասարդի կյանքը:  Լեյտենանտ Զաքարյանին դեռևս կուրսանտական տարիներից էր ճանաչում:

-Գեղամը մեր զինակից ընկերն է,մեր հայրենիքին կյանքը տված տղերքից մեկը: Կորուստը շատ ծանր է… Մենք մեր պարտքն ենք համարում այս քայլով ցույց տալ, որ հիշում, գնահատում և ցավում ենք նրա հարազատների հետ:

Հաջորդ կանգառը Զվարթնոց գյուղում էր՝ շարքային Վարդան Ղրմաջյանի հայրական տանը: Կուրսանտ Արամայիս Ղուկասյանը արդեն ջերմ հարաբերություններ ունի  Վարդանի ծնողների հետ: Վարդանի հայրը՝Կարապետը, հուզված էր, տխուր, բայց և հպարտ, որ Արամայիսը եկել է հարգելու իր որդու հիշատակը:

-Իրականությունը կրծում է կոկորդս: Այս ցավը երբեք չի մեղմանա: Հավատացեք լավ կլիներ, որ այսօր իսկապես իմ օջախ մտնեիք շնորհավորելու: Իմ դեմքին ուրախություն և երջանկություն տեսնեիք: Բայց եղածը եղած է:

Վարդանի հայրը գրկում է կուրսանտ  Ղուկասյանին, ուշադիր նայում նրա աչքերին, ապա շարունակում.

-Հավատացե՛ք, ես կուզեի լինել վերջին ծնողը,վերջին մարդը, որ նման ողբերգություն է ապրել: Թող ոչ մի հայ օջախում չզգան այն ցավը, որ այսօր մենք ենք զգում: Շնորհակալ եմ բոլորիդ: Հատկապես Արամայիսին եմ շնորհակալ՝ իմ որդուն հիշելու, մեզ հարգելու համար: Մեր զինկոմիսարիատի տղերքին շնորհակալություն` միշտ մեր կողքին լինելու, աջակցելու համար:

 Երկրորդ խումբը մայոր Կ. Հովհաննիսյանի հետ եղան Ոսկեհատ, Արշալույս, Տարոնիկ և Արտիմետ համայնքներում: Կուրսանտներ Արամ Անդրեասյանը, Անդրանիկ Շիրվանյանը, Ալեքսանդր Ալախվերդյանը և Ռաֆայել Ազիզյանը համապատասխանաբար այցելեցին զոհված ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Արամայիս Միքայելյանի, Արման Մովսիսյանի, Բորիս Օզմանյանի և Արամ Աբրահամյանի ընտանիքի անդամներին:

 ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #1 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Բանակ և հասարակություն


10/01/2018