Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԺԻՇԿ-ՍՊԵՂԱՆԻ



ԲԺԻՇԿ-ՍՊԵՂԱՆԻԱյսօր շատերին է հայտնի վիրաբույժ, բուսաբույժ,  բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Աշոտյանի անունն ու գործունեությունը: Շատերն են նրա վարած հեռուստատեսային հաղորդումների շնորհիվ  դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին արժեքավոր տեղեկություններ քաղել: Վերջերս իմացա, որ բժիշկը որոշակի ներդրում ունի նաեւ Արցախյան ազատամարտում: Պատերազմի առաջին տարիները սեփական նախաձեռնությամբ պարբերաբար մեկնել է Արցախ, Շահումյանի շրջանային հիվանդանոցում բժշկի իր առաքելությունն է իրականացրել: Այդ ընթացքում վիրաբույժը աշխատել է վնասվածքաբանության հիվանդանոցում, ուր անընդհատ վիրավորներ են բերվել: Բժշկի գործունեության հետ կապված հետաքրքրական փաստերից մեկն այն է, որ այդ տարիներին բժշկի՝ բույսերից պատրաստված սպեղանին կարեւոր դեր է ունեցել վիրավորների բուժման գործում. դրա շնորհիվ մեր մարտիկներից շատերը ոչ միայն չեն կորցրել վնասված ծայրանդամները, այլեւ ոմանք ապաքինվելուց  հետո  նորից մեկնել են  առաջնագիծ:

 

-Բուժամիջոցը հզոր հակամանրէային ազդեցություն ունի և հիանալիորեն պայքարում էր ստաֆիլակոկային վարակի դեմ,- ներկայացնում է բժիշկը:- Մինչև վիրավորներին Արցախից տեղափոխում էին Երևան, երբեմն հրազենային վերքերը թարախակալում էին, զարգանում էր փտախտ կամ ոսկրախտ: Իմ առաջարկած բուժամիջոցը այդ հարցում շատ օգտակար եղավ. վերանում էին վերքերի թարախային արտադրությունը և դրան ուղեկցող երևույթները: Վերքերն արագորեն լավանում  էին, և երբեմն լրացուցիչ վիրաբուժական միջամտության կարիք չէր զգացվում: Հետագայում այն հեղուկ վիճակից վերածվեց քսուկի, մեր աստվածուհու անունով կոչվեց «Անահիտ» և առ այսօր հաջողությամբ օգտագործվում է  մաշկային ախտահարումների ժամանակ (կելոիդ սպիներ, երկարատև չբուժվող վերքեր, մաշկային խոցեր), ինչպես նաև կոսմետիկայի բնագավառում:

 Ո՞րտեղից է բժիշկ Աշոտյանի մեջ ծնվել այս մեծ հետաքրքրությունը դեղաբույսերի հանդեպ, ի՞նչն է եղել պատճառը, որ դրանց կիրառման գործում այսքան խորագետ դառնա:

-Դեռ ուսանողական տարիներից հետաքրքրվում էի, թե առաջներում մարդիկ ինչպե՞ս են բուժվել, երբ չեն եղել ներկայիս հզոր քիմիական  դեղամիջոցները: Մի անգամ ամսագրում կարդացի Կլեոպատրայի կոսմետիկ միջոցներից մեկի մասին, որը պատրաստված է եղել «գայլի արգանդից»: Զարմացա, իսկ հետո պարզեցի, որ դա դեղաբույսի անվանում է: Սկսեցի ուսումնասիրել հայ միջնադարյան բժշկությունը: Դժվարությունները շատ էին, քանի որ գրականությունը հիմնականում գրաբարով էր, իսկ դեղաբույսերի անունները պարսկերեն էին, արաբերեն, հունարեն, լատիներեն և այլն: Երկար տքնելուց հետո  գրաբարը հաղթահարեցի, իսկ բույսերի անուններն իմանալու համար շրջում էի ինստիտուտների օտար լեզուների ամբիոններով և խնդրում դասախոսներին, որ թարգմանեն: Այսպես սկսեցի ճանաչել բույսերի հատկությունները: Դրանից հետո ոչ միայն օգտվում էի գտածս անհուն գանձերից, այլև լրացումներ անում և նոր դեղատոմսեր մշակում, որոնք տվեցին իրենց ցանկալի արդյունքը:

2007թ. տպագրվեց բժիշկ Աշոտյանի առաջին` 600 էջանոց «խպփպովՌՍ» գիրքը: Գրքի նախաբանը գրել էր Բժշկական համալսարանի այն ժամանակվա ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը՝ Աշոտյանի ուսուցիչն ու ոգեշնչողը: Գրքի շնորհանդեսի ժամանակ նա ասել էր. «Ես ազգի անունից շնորհակալություն եմ հայտնում  բժիշկ Աշոտյանին, որ նա մեզ տվեց այսպիսի մի գիրք, որպիսին նախկինում չենք ունեցել»: Սա շատ բարձր գնահատականն էր մի գիտնականի, որը սովոր չէր գովեստի խոսքեր շռայլել: Երկու տարի անց Ռուսաստանի Դաշնության բժշկական տեխնոլոգիաների ակադեմիան այս գրքի համար բժիշկ Աշոտյանին պարգևատրեց ոսկե շքանշանով և տվեց ակադեմիկոսի կոչում: Մեկ տարի անց Մոսկվայի բնական գիտությունների ակադեմիան նրան պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց: Իսկ 2012թ. հրատարկվեց բժշկի երկրորդ գիրքը՝ «Բժշկարանը», որը հետագայում վերահրատարակվել է հինգ անգամ:

Բժիշկ Աշոտյանը բազմաթիվ գիտական հոդվածների և գրքերի հեղինակ է: Դրանք տպագրվել են նաև արտասահմանյան մի քանի երկրներում: Նա հաճախակի լինում է ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, որտեղ նրան սպասում են բազմաթիվ հիվանդներ: Այնտեղ իր հեռուստահաղորդումներով, գրքերով և տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումներով, դասախոսություններով օգտակար է լինում մեր հայրենակիցներին:

-Այժմ Ձեր այցելուների թվում բազմատեսակ հիվանդություններով մարդիկ կան, նաև՝ անբուժելի համարվող հիվանդներ: Լսել եմ, որ  հիվանդանոցներից էլ են Ձեզ մոտ հիվանդներ ուղարկում:

-Երբ նոր էի սկսել պատրաստել դեղորայքս, հավատս չէր գալիս, ինչպե՞ս կարող է մարդ ծանր հիվանդությունից ինչ-որ խոտաբույսերով բուժվել: Սկսեցի փորձարկել ընկերներիս, բարեկամներիս վրա, այցելուներ ընդունել:

-Ձեր վրա չէիք փորձո՞ւմ:

-Չէ, ես առողջական խնդիրներ չունեի,-ծիծաղում է:-Մի անգամ էլ ընկերս, այս փորձերիս արդյունքներից զարմացած, ասաց. «Արի՛ մի տեղ վարձակալենք, հիվանդներ ընդունիր»: Այդ ժամանակ արդեն տանս դիմաց ամեն օր հիվանդների երկար հերթ էր գոյանում: Աշխատանքից տուն վերադառնալով՝ տեսնում էի մեքենաներով մեծ – փոքր հավաքվել են, մեկը՝ քնած, մեկը՝ կանգնած:  Կնոջս համբերությունը սպառվում էր. մի օր ասաց. «Վերցրու ունեցած-չունեցածդ, մի ուրիշ տեղ մարդկանց ընդունիր»: 19-րդ պոլիկլինիկայի առաջին հարկում բացեցինք հանրապետությունում առաջին «Ժողովրդական բժշկություն» կենտրոնը:

1988թ. երկրաշարժի օրերից սկսած՝ բժիշկ Աշոտյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ իր կարիքը եղել է: Ինը տարի շարունակ կամավոր հիմունքներով բուժել է Հայաստանի ծնողազուրկ և հաշմանդամ  երեխաներին:

-Երբեք չեմ մոռանա նրանց օգնություն հայցող հայացքները,-ասում է բժիշկը:-Գնում էի Սպիտակ, Գյումրի, Կիրովական, դեղեր տանում, բուժում: Շատ ողբերգական բաներ տեսա այդ ընթացքում, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, ծանր վնասվածքներով երեխաներ: Հետո արդեն ինձ մոտ էի ընդունում, բուժում նրանց: Բոլորին ի սրտե օգնում եմ և գոհ ու շնորհակալ եմ Աստծուց այս հնարավորություն համար:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Ճակատագրեր


10/01/2018