Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՊՏԱԿ ՍՏԱՑԱՎ ՄԱԿ-ՈՒՄ



ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՊՏԱԿ ՍՏԱՑԱՎ ՄԱԿ-ՈՒՄԱնցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին:

 2017թ. դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որը կոչ էր անում չեղարկել նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ հայտարարությունը: Անվտանգության խորհրդի մյուս բոլոր 14 անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կողմ քվեարկեցին բանաձևին, որն իրավացիորեն պնդում էր, որ «Երուսաղեմի վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»: Այն նաև կոչ էր անում բոլոր պետություններին ձեռնպահ մնալ իրենց դիվանագիտական առաքելությունները Երուսաղեմ տեղափոխելուց:

Երուսաղեմի կարգավիճակը բավականին վիճահարույց և զգայուն հարց է հրեաների, մահմեդականների և քրիստոնյաների համար: Իսրայելը գրավել է Երուսաղեմի արևելյան հատվածը 1967 թ. արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ և անեքսիայի ենթարկել այն` խախտելով միջազգային օրենքը: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «անբաժանելի և հավերժական մայրաքաղաքը»: Մյուս կողմից, պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը: ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ մերժելու է  հանդիպումը փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ Մերձավոր Արևելք նրա առաջիկա այցի ընթացքում: Բազմաթիվ իսլամական երկրներում հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր անցկացրին նախագահ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Պաղեստինի ղեկավարությունը հայտարարեց, որ նրանք ԱՄՆ-ին այլևս չեն համարում խաղաղության անաչառ միջնորդ հակամարտող կողմերի միջև:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը զգուշացրեց, որ նախագահ Թրամփի միակողմանի գործողությունը նվազեցնում է խաղաղության հնարավորությունները՝ «խոչընդոտելով չափավորներին և ուժեղացնելով արմատականներին»:

Նախագահ Թրամփն իր որոշումն արդարացրեց` հիմք ընդունելով 1995 թ. Կոնգրեսի ընդունած օրենքը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն, այդ ժամանակից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ազգային անվտանգության մտահոգություններից ելնելով՝ վեց ամիսը մեկ հետաձգել են այդ որոշումը: Նրանք չեն ցանկացել վնաս հասցնել արաբա-իսրայելյան խաղաղ բանակցություններին և բորբոքել արաբական և իսլամական աշխարհի կրքերը:

Այն փաստը, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Թել-Ավիվից Երուսաղեմ, չի կարող արդարացնել նրա վերջին որոշումը: Մեկ տարի առաջ ես գրել էի, որ Թրամփը անխոհեմ խոստում էր տվել, և դրա կատարումը կարող էր վտանգավոր լինել:

Խնդիրն ավելի խորացնելով ԱՄՆ-ի համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որտեղ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք չունի, 2017 թ. դեկտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչող նախագահ Թրամփի որոշումը հայտարարելով «անվավեր»: Այնպիսի գերտերության համար, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, խիստ վիրավորական է ունենալ դեմ քվեարկած 128 երկիր, և միայն 8 աջակից, 35 ձեռնպահ մնացած և 21 բացակա երկրներ: Այսպիսով, Թրամփը ԱՄՆ-ին ծիծաղի առարկա դարձրեց ամբողջ աշխարհի առջև, մանավանդ որ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցեցին միայն այնպիսի անծանոթ փոքր երկրներ, ինչպիսիք են Տոգոն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Պալաուն:

Ընդհակառակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շատ խոշոր երկրներ դեմ քվեարկեցին ԱՄՆ-ին. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան և տասնյակ այլ երկներ:

Կարծես թե այս ծանր կացությունը քիչ էր, նախագահ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հպարտորեն հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները կկտրի այն երկրներին տրամադրվող օգնությունը, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ին: Սա ծիծաղելի հայտարարություն է: Ավելին, երբ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը արտաքին օգնություն է տրամադրում, դա անում է ելնելով իր սեփական շահերից: Վերացնելով օգնությունը՝ Միացյալ Նահնագները վտանգի տակ կդնի իր ազգային շահերը: Ամերիկյան օգնության տրամադրումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը  «գնում է» մի այլ երկրի սուվերեն իրավունքը` թե ինչպես քվերակել ՄԱԿ-ում և փորձում է ստիպել նրան հնազանդվելու:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, ապա հայկական մամուլում շատ քննարկումներ եղան Հայաստանի՝ ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ում դեկտեմբերի 21-ի քվեարկության նպատակահարմարության մասին: Մտավախություն կար, որ Հայաստանը ԱՄՆ-ից չի ստանա արտաքին օգնություն և կթշնամացնի Իսրայելին:

Իմ կարծիքով, այս երկու տեսակետները հիմնավորված չեն: Համոզված եմ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմնակիցների մեծ մասը կվերահաստատի օգնությունը՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկության, եթե Թրամփը իրականացնի իր սպառնալիքը:

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը ոչ մի ռիսկի չի դիմում, քանի որ Իսրայելը բարեկամաբար տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ: Այն դեսպանատուն չունի Երևանում, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների մահացու զենք է վաճառել Ադրբեջանին`հայերին սպանելու համար: Նույնիսկ Ադրբեջանը, չնայած Իսրայելի հետ իր ջերմ հարաբերություններին, դեմ է քվեարկել ԱՄՆ-ի որոշմանը: Ավելորդ է ասել, որ Թուրքիան նույնպես դեմ է քվեարկել դրան:

Բացի այդ, ՄԱԿ-ում քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ բացակա լինելը Հայաստանը կմեկուսացներ մնացած աշխարհից, արաբական և իսլամական երկրների հայ համայնքներից և կհակասեր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ցանկությանը, որը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումը: 

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #1 (1223) 10.01.2018 – 16.01. 2018, Ռազմաքաղաքական


10/01/2018