Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԶՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԶՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԶՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության և մարտունակության աստիճանը:

Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում քննարկումներին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Ծրագրի շուրջ քննարկումներ կլինեն նաև փորձագիտական շրջանակների ներգրավմամբ: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Հունվարի 5-ին շարունակվել են ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԶՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է  զինված ուժերի արդիանակացման ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Նախարարն ընդգծել է, որ առկա տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը,  նոր զինատեսակների ձեռքբերումն ու  ներդրումը  էապես փոխել են մարտի վարման ձևերը՝ այն դարձնելով առավել սրընթաց և կարճատև: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ուժերի հարաբերակցության պահպանման անհրաժեշտությունը՝ յոթնամյա ծրագիրը մշակելիս կանխատեսվել են գործողությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-ՌԱՊԿ նախագահ Դավիթ Փախչանյանը։

Քննարկումների մասնակիցները, կարևորելով զինված ուժերի արդիականացման հիմնարար փաստաթղթի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: