Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿ
ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿ

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿ2017թ. կարեւոր ծրագրային ձեռքբերումներից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է, որը 2017թ. հունվարից հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

 

Գաղափարը, որն ի սկզբանե պարզ էր ու ընկալելի, հանուն հայրենիքի խաղաղության իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերած մեր զինվորականներին, նրանց ընտանիքներին երախտագիտություն հայտնելու, զորակցելու ընդունելի ու հարազատ հարթակ դարձավ բոլորիս համար:   Իզուր չէ, որ հիմնադրամի  առջև դրված կարևոր խնդիրներից էր այն, որ  Հայաստանում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի հատուկ այս նպատակով վճարում կատարի, և այդ վճարները թիրախավորված լինեն` ծառայելով միայն ու միայն զինծառայողների կյանքին և առողջությանը հասցված վնասների փոխհատուցման նպատակին: Հիմնադրամի պարտադիր վճարումները կատարում են ոչ միայն պետական հիմնարկների, այլև մասնավոր սեկտորի աշխատողները. բոլոր ՀՀ քաղաքացիները՝ բացառությամբ նրանց, որոնց աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ցածր է: Նրանց փոխարեն վճարում են գործատուները:

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՀաջորդ կարևոր խնդիրն այն էր, որ հավաքագրվող պարտադիր վճարներից  բացի, յուրաքանչյուր հայաստանաբնակի կամ սփյուռքահայի հնարավորություն տրվի  նվիրաբերություն անել կամավոր հիմունքներով:

Հիմնադրամը հատուցումից զատ որևէ այլ ծախս չի կատարում: Անգամ միջոցների կառավարումը, որը որոշակի ծախսեր է ենթադրում, կենտրոնական բանկի աշխատակիցները կամավորության սկզբունքով, անվճար են կատարում:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերությունների ծավալը շարունակում է օրեցօր աճել: Այսօր արդեն պարտադիր վճարումների շնորհիվ հավաքագրված է ավելի քան 5.5 մլրդ դրամ և շուրջ 78 մլն դրամ՝ նվիրաբերությունների շնորհիվ:  Հատուցված գումարն այս պահին հատել է  362 մլն դրամի սահմանները: Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորականների ընտանիքներին միանվագ հատուցվում է 10 մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 մլն դրամ: Բացի այդ, շահառուների հաշվին ամեն ամիս 200.000-300.000 դրամ փոխանցում է կատարվում: Սա երևում է Հիմնադրամի կայքէջում:

 

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿ1000plus.am 

 «Հիմնադրամին վճարված կամ նվիրաբերված յուրաքանչյուր լուման ուղղվելու է միմիայն այս նպատակի իրականացմանը: Վստահեցնում եմ, որ Հիմնադրամը գործելու է լիարժեք պատասխանատվությամբ, հանրության առջև հաշվետու լինելու սկզբունքով և լինելու է առավելագույնս թափանցիկ»: Սա հատված է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ 1000plus.am  կայքում տեղադրված ուղերձից: Կայքի շնորհիվ, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, լիովին թափանցիկ, իրական ռեժիմով հասանելի է տեղեկատվությունը, թե ով, երբ և ինչ նպատակով է կատարում փոխանցումը: Կայքէջի միջոցով հնարավոր է կատարել միանգամյա նվիրաբերություն կամ սահմանել ամենամսյա պարբերական գումար: Հնարավոր է նաեւ նվիրաբերություն  իրականացնել 1028 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով: Կատարված վճարումների մասին տեղեկատվությունը կայքէջում ցուցադրվում է չորս տարադրամներով՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի: Լրացնելով իր սոցիալական քարտի համարը` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստուգել, թե իր վճարած հարկը կամ նվիրաբերությունը ինչ հանգրվանի է հասել: Այսօր արդեն Հիմնադրամի աշխատանքների թափանցիկության և արդյունավետության մասին շատերն են խոսում: Պատասխանատուների պնդմամբ` Հիմնադրամը աշխարհում նախադեպը չունեցող կառույց է` թե՛ թափանցիկ գործելաոճի և թե՛ գաղափարական առումով:

Կայքում ներկայացված է խոշոր նվիրատուների ցանկը, որը գլխավորում է ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը: Նա հիմնադրամին փոխանցել է 15 000 ԱՄՆ դոլար: Նվիրատուները նաև կայքէջում իրենց  խոսքը հղելու հնարավորություն ունեն:  Ռ. Եզեգելյանն իր ներդրման նպատակն այսպես է բացատրել. «Նվիրաբերությունը կատարում եմ քաջարի զինվորների համար, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է ապրել…»:

Հիմնադրամի աշխատանքների շուրջ հասարակական ուշադրությունը հատկապես  ընդգծվեց 2017 թ. հունիս ամսին, երբ անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ սոցցանցերում տարածվեց նրա վերջին ցանկություն-հորդորը արտահայտող հարազատների գրառումը. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվեհամարին»:

 

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿԱյցելություններ շահառուներին

 Հիմնադրամի աշխատակազմից, խորհրդի անդամներից ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը 2017 թ. հոկտեմբերի 6-ից սկսել է այցելությունները Հիմնադրամի շահառուներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ամբողջ տարածքում: Այցելությունների նպատակը նրանց զորակցելն է, նրանց ցավն ու վիշտը կիսել փորձելը, ինչպես նաև Հիմնադրամի և նրա գործընկեր բանկերի մատուցած ծառայությունների որակի մասին շահառուների նկատառումներին տեղեկանալը:

Առաջին այցը տեղի է ունեցել Երևանում: Հիմնադրամի ներկայացուցիչներին հյուրընկալել է ավագ լեյտենանտ Գոռ Հովհաննիսյանի ընտանիքը: Գոռը զոհվել է մարտի 30-ին՝ թշնամու գնդակից` հենակետում ինժեներական աշխատանքներ  կատարելիս: Գոռի հայրը`   Գևորգ Հովհաննիսյանը,  չափազանց կարևորել է որդեկորույս ծնողների համար Հիմնադրամի  աշխատանքները, քանի որ այսկերպ իրենք զգում են, որ միայնակ չեն, համոզվում են, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում: 

Հակառակորդի դիպուկահարի գնդակից հունիսին զոհված ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Նարեկ Գասպարյանի ծնողները հպարտությամբ նշել են, որ Նարեկը եղել է օրինակելի զինվոր ու հայրենիքի նվիրյալ պաշտպան: «Ամեն անգամ զորամասից ուրախ ու պարզ ճակատով էի դուրս գալիս,- նշել է Նարեկի հայրը` Տիգրան Գասպարյանը,- հրամանատարը միշտ ասում էր. «Իսկական զինվոր է, պետք է հպարտ լինեք Ձեր զավակով»: 

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՐԹԱԿ19-ամյա Գոռ Գարեգինյանը նռնակաձիգի օգնական էր. զոհվել է Թալիշում, փետրվարի 6-ի առավոտյան՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: «18-19 տարեկան տղաները հիմա էլ պահում են մեր հայրենիքը,-ասել է հայրը՝ Համազասպը:- Այն, որ մենք հիմա խաղաղության մեջ ենք ապրում, դա իրենց շնորհքն է: Հիմնադրամի մտահղացումը  շատ ճիշտ է՝  սա մեծ սփոփանք է զոհվածի ընտանիքի համար»:

Մինչև Արցախ հասնելը Հիմնադրամի անդամները  Եղեգնաձորում և Կապանում այցելել են Գուրգեն Սարգսյանի, Վազգեն Պողոսյանի և Մհեր Արզումանյանի ընտանիքներին: Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում և Հաթերքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատասխանատուները հանդիպել են մարտական հերթապահություն իրականացնելիս զոհված Կարեն Դանիելյանի, Արայիկ Սարգսյանի, Արմեն Հարությունյանի, փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի, մայոր Նվեր Բաբաջանյանի, կրտսեր սերժանտ Կարեն Ուլուբաբյանի և շարքային Անդրանիկ Մուսիկյանի ընտանիքի անդամների հետ: Այս այցելություններն արդեն լայն աշխարհագրություն ունեն: Հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ այցելությունները զոհվածների ընտանիքներին  պարբերական և շարունակական բնույթ են կրելու: Սա կնպաստի Հիմնադրամի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելուն,  համազգային այս նախաձեռնության մասին հանրությանն իրազեկելուն, զոհվածների ընտանիքներին նաև հոգեպես նեցուկ լինելուն:

Հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը, որը նույնպես մասնակցում է այցելություններին, ասում է. «Զոհվածների ընտանիքները հասկանում են,  որ պետությունը՝ ի դեմս պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության  հիմնադրամի, իրենց կողքին են, հատկապես՝ ամենադժվար պահերին»:

Հարկ է մեկ անգամ ևս շեշտել. մեր 26-ամյա անկախ հայրենիքում մեկ տարի է, ինչ ստեղծվել և իր նպատակին է ծառայում լիովին թափանցիկ, անկախ և արհեստավարժորեն գործարկվող՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի թե՛ շահառուն և թե՛ նվիրատուն միմյանց հոգսերի ու կարիքների հանդեպ զգայուն ու միասնական «Ազգ-բանակն» է:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ