Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ

Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդեսը պատշաճ մակարդակով նախապատրաստելու եւ անցկացնելու նպատակով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարմանով բացազատվել է «Արզնի» ճամբարային ավանը։ Այցելելով «Արզնի»` մենք հետևեցինք այս փուլում ընթացող նախապատրաստական աշխատանքներին, զրուցեցինք ճամբարային հավաքի պետ գնդապետ Դ. Աբրահամյանի, տարբեր զորամասերից զորահանդեսին նախապատրաստվող սպաների, ենթասպաների, զինվորների հետ, ծանոթացանք նրանց կեցության ու գործունեության համար ստեղծված պայմաններին։

– Մեր սերունդը, որ անկախության կերտման ու պետականաշինության անմիջական մասնակիցն է, շատ լավ է պատկերացնում այդ վեհ գործում ազգային բանակին վերապահված դերն ու նշանակությունը։ Անկախության պահապանը, պետության հարատեւման երաշխիքը մեր ժողովրդի ուժերով ու միջոցներով ստեղծված բանակն է, որը մենք պետք է ներկայացնենք հավուր պատշաճի, համահունչ իր ուժին ու փառքին։

Զորահանդեսին ազգային բանակի զորամասերը մասնակցելու են առանձին ստորաբաժանումներով, այսինքն՝ սահմանափակ քանակի տեխնիկայով ու սպառազինությամբ, ինչը ոչ մի ազդեցություն չի ունենա տեղերում լիարժեք մարտական հերթապահության վրա։ Ասեմ նաեւ, որ մինչեւ այժմ «Արզնիում» նախապատրաստվում են հիմնականում հաշվարկների մեխանիկ-վարորդները։ Այդ ստորաբաժանումների ամբողջական համալրումը տեղի կունենա ավելի ուշ։ Նախապատրաստական աշխատանքներն իրենց զորամասերում են անցկացնում նաեւ հետեւակայինները։ Այստեղ գտնվող ամբողջ տեխնիկան մեկ անգամ եւս ենթարկվում է տեխզննման, վերացվում են նույնիսկ ամենաաննշան թերությունները, իսկ, որ ամենակարեւորն է, մեխանիկ-վարորդների վարման տեխնիկան հղկվում, կատարելագործվում է,- ասաց գնդապետ Դ. Աբրահամյանը:
Հավաքի ղեկավար կազմը մշտապես աշխատանքի մեջ է: Նրանք ստուգում են զորամասի ներկայացուցիչներին տրված առաջադրանքների կատարման ընթացքը, քննարկում, լուծում տալիս նրանց արծարծած հարցերին…
***
Հավաքի պետի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանի ուղեկցությամբ մոտենում, զրուցում ենք զորամասերի ներկայացուցիչների հետ:
Գնդապետ Ս. Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրամանատարները նախորդ օրվա երկարատեւ մեքենավարումից հետո որոշել են թարմացնել մեքենաների անիվների քսայուղերը: Վարորդներ, շարքայիններ Արայիկ Խաչատրյանը, Վոլոդյա Մակարյանը, Արմեն Առուստամյանը եւ Հրաչյա Ավագյանն այնքան վարժ են աշխատում, որ թվում է, թե ամբողջ կյանքում մեքենա են նորոգել:
– Զորամասի ամենալավ վարորդներն են,- նրանց մասին ասաց ստորաբաժանման հրամանատար մայոր Թաթուլ Թամրազյանը:

Փոխգնդապետ Ա. Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի տանկիստները նույնպես աշխատանքի մեջ էին: Լեյտենանտ Գեւորգ Խաչատրյանը ներկայացրեց անցած ուսումնական տարվա լավագույն տանկային զորամասի լավագույն մեխանիկ-վարորդներին` տանկի հրամանատար կրտսեր սերժանտ Ռոբերտ Ոսկանյանին, շարքայիններ Վոլոդյա Ավետյանին, Ռաֆիկ Ասատրյանին, Գեւորգ Ներսիսյանին, Սեւադա Ասատրյանին, Արմեն Սահակյանին, Սերյոժա Ղազարյանին, Հայկ Մելքոնյանին: Շարքային Արմեն Սահակյանը «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան էր կրում, իսկ Ռոբերտ Ոսկանյանը` «Քաջարի մարտիկ»:
– Դեռ փոքրուց երազել եմ գոնե մեկ անգամ մասնակցել զորահանդեսի, եւ ահա ցանկությունս իրականանալու է: Այս իրադարձությունը կլինի ամենահիշարժաններից մեկը իմ զինվորական կյանքում,- ասաց կրտսեր սերժանտ Ռ. Ոսկանյանը:
***
Այստեղ էին նաեւ գնդապետ Ս. Սեդրակյանի հրետանավորները` մեխանիկ-վարորդներ շարքայիններ Սերգեյ Սարգսյանը, Սեդրակ Ախոյանը, Սպարտակ Սահակյանը, Արթուր Մարգարյանը: Նրանց աշխատանքը ղեկավարում էր կապիտան Էռնեստ Մելիք-Գասունյանը.
– Տղաները լավ պարապում են, ճամբարի պայմանները հիանալի են, ոչ մի խնդիր չունենք,- ասաց կապիտանը:

Գնդապետ Ա. Վարդանյանի հրամանատարությամբ գործող զորամասի տեխնիկայի մեխանիկ-վարորդները պայմանագրային զինծառայողներ էին: Շարքային Հովհաննես Խաչատրյանը եւ սերժանտ Վարուժան Քարամյանը սպասում էին հաշվարկների համալրմանը, որպեսզի տրված առաջադրանքների կատարմանը նոր թափ հաղորդեն:
Հանդիպեցինք նաեւ գնդապետ Ա. Պողոսյանի զորամասի անձնակազմին: Փոխգնդապետ Կարեն Աբգարյանի զինվորների գործողությունները ղեկավարում էր մայոր Սմբատ Մելոյանը: Մայիս ամսին էինք հանդիպել Հարություն, Նորայր եւ Արտակ Մանուկյան եղբայրներին եւ նրանց ներկայացրել մեր թերթում: Նորայրն ու Հարությունը զորացրվել են, իսկ Արտակը զորահանդեսին մասնակցելու հնարավորություն է ստացել.
– Նրանց բախտը չբերեց,- ժպտալով ասաց նա:
Շարքայիններ Արայիկ Կարապետյանը, Հրանտ Մոմջյանը, Նարեկ Հովհաննիսյանը եւ Ռաֆիկ Ավագյանը զենիթահրթիռային կայանքներն էին զննում, մաքրում:

Հակաօդային պաշտպանության զինվորների հետ էին նաեւ նրանց մարտական մեքենաները զինամթերքով լիցքավորողները` շարքայիններ Գեւորգ Մանուկյանը եւ Հովիկ Ենոքյանը` գնդապետ Ա. Այդինյանի հրամանատարությամբ գործող զորամասից:
Մայոր Մ. Այվազյանի զորամասի զինծառայողների ղեկավարը կապիտան Վիսյոլ Նիկողոսյանն էր: Նա ներկայացրեց շարքայիններ Արմեն Փիլոսյանին, Գարեգին Ղազարյանին, Արթուր Բաշմաղչյանին, Աղվան Պետրոսյանին, Գեւորգ Հայրապետյանին եւ ճամբարի շախմատի առաջնության միանձնյա առաջատար Հակոբ Հակոբյանին:

Զորամասերի Դ-20 եւ Դ-30 հրանոթները տեղափոխող մեքենաների մեխանիկ-վարորդներ շարքայիններ Ռոբերտ Աղվանյանը, Արմեն Կոստանյանը, Մհեր Գասպարյանը, Վահե Կակոյանը, Մելիք Հակոբյանը եւ Հովհաննես Զիրոյանը նույնպես մեքենաների սպասարկման գործով էին զբաղված:
Բարձր էր գնդապետ Ա. Պետրոսյանի զորամասի ծանրատար մեքենաների վարորդների (բանվոր ծառայողներ) տրամադրությունը: Պետրոս Աթանեսյանը, Վասյա Այդինյանը, Գեւորգ Հակոբյանը, Սլավիկ Հովսեփյանը, Վաչիկ Ստեփանյանը, Սիմոն Վարդանյանը, Ապրես Մանուչարյանը, Ռուբեն Պետրոսյանը եւ Անդոկ Ղազարյանն ազգային բանակում բազմաթիվ պատասխանատու առաջադրանքներ են կատարել, սակայն իրենց համար ամենամեծ փորձությունը զորահանդեսն է լինելու:
– Մեր խնդիրը բարդ է, բայց, վստահ եղեք, կկատարենք ամենաբարձր մակարդակով,- ասաց Անդոկը:

Այստեղ էր նաեւ գնդապետ Ա. Միրզախանյանի մոտոհրաձգային զորամասի անձնակազմը: Հակատանկային մարտկոցի հրամանատար կապիտան Անդրանիկ Հարությունյանն ազգային բանակում ճանաչվել է լավագույնը եւ երիտասարդ սպաների հավաքի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից խրախուսվել դրամական պարգեւով: Նա ասաց, որ անձնակազմները մարտունակ են, իսկ շարքայիններ Գեւորգ Գրիգորյանը, Սարգիս Կարապետյանը, Հայկ Այվազյանը, Արաքս Վարդանյանը բարձրակարգ մեխանիկ-վարորդներ են:
***
Այցելեցինք նաեւ բացազատված բուժկետ: Կենտրոնական հոսպիտալի թերապեւտիկ բաժանմունքի օրդինատոր, միջազգային առաքելությունների մասնակից կապիտան Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով գերժամանակակից դաշտային բուժկետը, նշեց, որ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, բոլոր գանգատ ունեցողները ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն են ստանում եւ ծառայությունից ազատված, հոսպիտալացված որեւէ հիվանդ չկա:
Թունաբան-ճառագայթաբան կապիտան Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ ամեն օր կատարվում են ջրի եւ սննդամթերքի ստուգումներ, ամեն ինչ կարգին է ու շատ լավ կազմակերպված:
***
Չի կարելի չխոսել ճամբարի թիկունքի պետ գնդապետ Ս. Միքայելյանի կատարած աշխատանքի մասին: Կառուցվել են հոյակապ դաշտային ճաշարան, բաղնիք, զուգարաններ: Տարածքն օրվա մեջ մի քանի անգամ լվացվում է: Ճաշարանի խոհանոցում, արտադրամասերում կատարյալ մաքրություն էր տիրում:
***
Կապը նույնպես գործում էր անխափան: Զորամասից այստեղ գործուղած ՀԿԿ տեխնիկ-օպերատորներ, շարքայիններ Ագնետտա Շելունցը եւ Աննա Թումանյանն աշխատում էին առանց դադարի:
Եղանք նաեւ տեղեկատվության եւ ժամանցի վրանում: Այն կահավորված էր դիտողական-քարոզչական վահանակներով, զորատեսակների պատի թերթերով, մարտական թերթիկներով: Կար նաեւ հումորի անկյուն: Վրանում կային նաեւ հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, ամսագրեր, թերթեր, գրքեր, շախմատ, շաշկի…

Ընթացքի մեջ են շախմատի, շաշկու մրցումները: Ունենք նաեւ վոլեյբոլի եւ ֆուտբոլի խաղադաշտեր, կազմակերպում ենք ինտելեկտուալ վիկտորինաներ, էքսկուրսիաներ դեպի Գառնի, Գեղարդ, Էջմիածին: Վստահեցնում եմ, որ մեզ հաջողվել է տարբեր զորամասերից եկած զինծառայողներին համախմբել մեկ միասնական պատասխանատու առաջադրանքի կատարման շուրջ, եւ բոլորս էլ ոգեւորված պատրաստվում ենք,- ասաց փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ