Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԸ
ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔԸ

Մանկությանս տարիներին իմ հեքիաթը «Սասունցի Դավիթն էր»։ Մինչեւ հայրս որոշեց հեքիաթ հորինել մեզ համար, մեր մասին։ Հեքիաթն այսպես էր կոչվում. «Լուսինե թագուհին եւ Տիգրան Զորավարը»։ Լուսինեն քույրս է, Տիգրանը՝ եղբայրս, բայց մի կարծեք, թե ես հեքիաթում չկայի։ Հեքիաթը հեքիաթ չէր լինի, եթե մեր ամբողջ ընտանիքը չմասնակցեր «տերության սահմանների պաշտպանությանն ու ներքին կյանքին»։ Հայրս ընտրել էր տերության ամենակարեւոր ոլորտները՝ ղեկավար, որը չգիտես ինչու թագուհի էր, ոչ թե թագավոր, զորավար, մշակույթ, որը ես էի ղեկավարում, այրուձիի պատասխանատու կամ, այլ բառերով ասած, զինվոր, որը հայրս էր, եւ մեր կենցաղային խնդիրները, մեր բարեկեցությունն ապահովող խոհարար, որը մայրս էր։ Ամեն գիշեր մենք անհամբերությամբ սպասում էինք, թե այս անգամ որ թշնամին է հարձակվելու տերության վրա, եւ ինչ են անելու թագուհին ու զորավարը, մյուս կերպարները, ինչ հնարքներ են բանեցնելու, ինչպես են խիզախելու, որ երկիրն աննվաճ պահեն ու հաղթեն թշնամիներին։

Շատ լավ եմ հիշում անկախության հանրաքվեն։ Ես դեռ դպրոց չէի գնում ու, բնականաբար, չէի հասկանում, թե ինչ է անկախությունը, բայց եռագույնը եւ «այո»-ն ինձ համար ինչ-որ լուսավոր, հրաշալի բանի, ուժի, հաղթանակի, հպարտության խորհրդանիշ էին, ասես իմ հեքիաթի մի մասնիկն էին ու շարունակությունը: Ես ձեռքերիս վրա «այո»-ներ էի գրել, մեր տանը ամեն ինչ ներկել էի եռագույնով: Մայրս մանկավարժ է, բանասեր, նրա օրորոցայինները ռազմի երգեր էին, նրա սովորեցրած բանաստեղծությունները նվիրված էին հայրենիքին: Հետո, երբ հայրս արդեն կռիվ էր գնացել, ես՝ փոքրիկ երեխա, մեր սրահում ցերեկույթներ ու երեկույթներ էի կազմակերպում, հավաքվում էին երեխաները, մեր հարեւանները, նույնիսկ կողքի բակերից էին գալիս, որ ունկնդրեն մեր խրոխտ երգերն ու ասմունքը, մեր պարն ու բեմադրությունները… նույն ժամանակ կրակոցների ձայնն ու ռումբերի աղմուկը խառնվում էին մեր մանկական ձայներին: … Երբ դեռ հայրս պատերազմ չէր գնացել, ես նախանձով էի նայում ընկերներիս, ում հայրերը ռազմաճակատում էին: Երբ իմ հայրն էլ միացավ կռվողներին, չէի համբերում, թե երբ եմ բակ դուրս գալու, որ բոլորին պատմեմ…

Պատերազմը ինձ համար հեքիաթի շարունակությունն էր, որի հերոսը հայրս էր: Երբ հայրս երբեմն երեկոյան գալիս էր տուն, որ վաղ առավոտյան կրկին մեկնի ճակատ, հանդիպման կարճատեւ պահերին ես հիացած նայում էի նրա համազգեստին, նրանից յուրահատուկ բույր էր գալիս, պատերազմի բույր` վառոդի, ծխի, հողի, խոտի։ Այդ բույրը միշտ կմնա իմ ռունգերում։ Հայրս հրետանավոր էր ու մի անգամ ինձ համար տերողորմյա էր բերել ճակատից, հատիկները փոքրիկ գրքեր էին` վրան գրված «հրետանի»:
… Ամեն օր լուրերի ժամին ես հեռուստացույցի մոտ էի, խաղը թողած՝ վազում էի տուն, որ լուրեր լսեմ ռազմաճակատից: Ինձ թվում էր, որ «լուրերը» հատուկ պատերազմի մասին պատմելու համար է ու, երբ մի օր էլ «լուրեր» չլինի, պատերազմը կավարտվի: Մինչ օրս լուրեր նայելիս ես ներքին տագնապ եմ ապրում, երբ փողկապով, լուրջ տեսքով հաղորդավարը հայտնվում է էկրանին: «Լուրերը» իմ մտապատկերում նույնացել է գուժկանի հետ:

… Ես պատերազմի ավարտը չեմ հիշում, պատերազմը ինձ համար այդպես էլ չավարտվեց: Պատերազմը միանգամից չի ավարտվում ու հաղթանակի ցնծությունը տարածում երկրով մեկ: Մարդիկ հարազատներ էին կորցրել, սահմանին կրակոցները շարունակվում էին, ճակատից զոհվածների էին բերում… Երբ հայրս կապիտանի կոչումով վերադարձավ ճակատից, ես մտածեցի, որ նա փրկեց իմ հեքիաթը, հաղթեց ու հետ եկավ։ Իմ մեջ լիքը հուռաներ կային, բայց… կար նաեւ Եռաբլուրը, ուր ես ու հայրս շատ հաճախ էինք լինում: Հայրս ասում էր, որ փառքի պանթեոնում ննջող յուրաքանչյուր հերոս ինձ համար է զոհվել, որ նրանցից յուրաքանչյուրը իմ հարազատն է: Որ նրանց արժանի չլինելը հավասար է ոչ թե մեռնելու, այլ անպատիվ մեռնելու: Նույնը կրկնում էր մայրս դպրոցում (ես մորս աշակերտուհին եմ եղել):
… Երբ հայրս վերադարձավ ճակատից, իմ հեքիաթը փոխվեց իրականության, իմ հեքիաթի հերոսները դարձան իրական մարդիկ` հորս ճակատային ընկերները` զոհված եւ ողջ: Ասք ու առասպելի, վիպերգի հերոսներ… Հայրս պատմում էր ու պատմում:

… Երբ ես ավարտում էի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, խնդրեցի, պնդեցի, որ դիպլոմային աշխատանքս վերաբերի ռազմական լրագրությանը։ «Ռազմահայրենասիրական թեման ռադիոհեռուստաընկերություններում» ավարտական աշխատանքս ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու բազմաթիվ ազատամարտիկների, նրանց ընտանիքների հոգս ու ցավի հետ: Այնքան ուժ կար այնտեղ, լույս, հավատ, խիզախություն … : Ես հայտնագործեցի նոր աշխարհ, ես հասկացա, թե որտեղ է մեր լինելության եւ հարատեւության ակունքը: Արցախում կռված յուրաքանչյուր քաջորդու կենսագրությունը հերոսապատում է, մեր իրականությունը լի է ասքերով, բայց մեր հեռուստաեթերը մինչ օրս ողողված է սերիալների անբովանդակ, անբարո կերպարներով ու աննպատակ, անասելիք սյուժեներով: Այն պարապը, որ պիտի լցվեր հերոսականությամբ, վեհությամբ, առաքինությամբ, լցվեց աղտեղությամբ, ստորությամբ, անբարոյականությամբ:

… Այսօր շատերն են ասում, որ երիտասարդները ոգեղեն չեն, հաստատակամ չեն, որ նրանց մեջ քիչ են նվիրյալներն ու հայրենասերները: Մեծ սուտ է: Ես շատ ընկերներ ունեմ հասարակության տարբեր խավերից, տարբեր ընտանիքներից` ազատամարտիկի, նախարարի, պատգամավորի, վարորդի, արվեստագետի, գյուղացու: Մենք բոլորս նույնն ենք մտածում հայրենիքի, մեր դերի ու ապագայի մասին, նույն երազանքներն ունենք, պարզապես մեզ առաջնորդներ են պետք, մեզ իրենց հետեւից տանող հերոսներ:
… Մեծ բարեբախտություն էր, որ ես հանդիպեցի «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Գնել Հակոբյանի կնոջը` Սուսաննա Թովմասյանին: Նա ամուսնու հետ անցել է պատերազմի թոհուբոհով, հետո իր կյանքը նվիրել է ազատամարտիկների ընտանիքների հոգսերին: Նա ցավի միջով է անցել ու բարձր արժեքի կրող է: Ես միացա Սուսաննային, միացա այն կամավորականներին, ովքեր հայրենիքով էին ապրում: Մենք գաղափարի պաշտպան ենք: Մենք կազմակերպում ենք ազատագրական ջոկատներին նվիրված մեծ երեկոներ հեղինակավոր համերգասրահներում, ազատամարտիկների մեծարման հանդիսություններ, հիշատակի միջոցառումներ: Մենք միասին ենք հաղթահարում մեր խնդիրները` իրար օգնելով, սատարելով ու ոգեւորելով:

Մեր շարքերը օր օրի ստվարանում են, մեր գաղափարին են միանում նոր մարդիկ` մանկավարժներ, դպրոցականներ, բուհերից, աշխատանքային կոլեկտիվներից, հասարակական կազմակերպություններից, հասարակ մարդկանցից…
Մեր կամավորականների նախորդ այցելությունը Արցախ նպատակ ուներ տարբեր գյուղերում, դպրոցներում կազմակերպել փոքրիկ միջոցառումներ` երգով, պարով, ասմունքով, բեմադրություններով ուղեկցված: Վերջին անգամ Արցախում էինք դպրոցականներին վարպետության դասեր տալու առաքելությամբ` երգեցողություն, բեմական խոսք, պար, նկարչություն: Երեխաների համար ցուցադրեցինք հայկական մուլտֆիլմեր եւ կարճամետրաժ ֆիլմեր:

… Մենք եղանք Քարվաճառում: Հին հայկական գյուղը շնչում էր խաղաղության ռիթմով: Քարվաճառցին` վերաբնակեցված Արցախի եւ Հայաստանի տարբեր շրջաններից, գյուղ էր կառուցում: Քարվաճառը արդեն «իմ գյուղ էր» երեւանցու, արտաշատցու, արմավիրցու, վանաձորցու համար, տուն էր, հայրենիք, մարդիկ ուժեղ, անկոտրում կանգնած էին իրենց պապական հողի վրա, հուսավառ էին, ավյունով լի, հավատավոր:

Ես վերադարձա Արցախից ասես հոգուս մասնիկը թողած այդ չքնաղ երկրում: Ես տեսա Արցախը, ու այն դարձավ իմ հայրենիքը։ Ես զգացի հարազատ հողի ձգողական ուժը: Ես տեսա իր հողին կպած իսկական արցախցուն` լեռնցուն վայել հերոսականությամբ, շիտակությամբ, կամքով ու հայրենասիրությամբ: Ես զգացի հաղթանակի շունչը:
Ես տեսա մեր անպարտելիության ակունքն ու մեր գալիք հաղթանակների հենքը:

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
մայոր