Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՕՐ, ԱՄԵՆ ԺԱՄ…



Հայկական բանակի բժշկական առաջին կառույցը` Վանաձորի զինվորական հոսպիտալը, ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 6-ին եւ որպես բանակի բաղկացուցիչ մաս այն սկսել է գործել ավելի շուտ, քան Երեւանի կենտրոնական կայազորային հոսպիտալը: Պատերազմի տարիներին ռազմաճակատի հյուսիսարեւելյան գոտուն մոտ լինելով` հոսպիտալն ընդունել է վիրավորներ, տեղում կատարվել են բարդ վիրահատական միջամտություններ: Հետագա խաղաղ ժամանակահատվածում էլ բուժհաստատության բարձրակարգ մասնագետները պատվով են կատարել իրենց առաքելությունը, բազմաթիվ մարդկանց առողջ ապրելու երջանկություն պարգեւել:
***
Բուժծառայողների տոնից օրեր առաջ, սովորական աշխատանքային մի օր այցելեցինք Վանաձորի զինվորական հոսպիտալ՝ ծառայական պայմանների, մասնագիտական խնդիրների շուրջ մտերիմ զրուցելու բժիշկների եւ բուժքույրերի հետ: Շատերը պրակտիկային զուգահեռ գիտական գործունեությամբ են զբաղված եւ արդի տեխնիկական միջոցների օգնությամբ փորձում են տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթոդներ առաջարկել: Մայոր Դավիթ Դարբինյանը բուժծառայության պետն է: 1986թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, 1991թ. պաշտպանել է թեկնածուական թեզ: 1992թ. զինված ուժերում է, նշանակվել է վիրաբուժական բաժանմունքի պետ: 1995թ. մինչ օրս հոսպիտալում է, վերապատրաստվել է Հունաստանում:
-Նախորդ տարիների համեմատ՝ մեր ոլորտում առաջընթացն ակնառու է. բարձրացել է սպասարկման մակարդակը, ավելի որակյալ դեղանյութեր են օգտագործվում, ժամանակակից բուժսարքավորումներ ենք ստանում, – ասաց մայոր Դարբինյանը:- Գրեթե ամբողջովին ինքնաբավ ենք մեր գործունեության մեջ. ե՛ւ առաջին բուժօգնություն ենք տրամադրում, ե՛ւ տարբեր բարդության վիրահատություններ ենք կատարում, միայն որոշ նեղ մասնագիտական վիրահատությունների անհրաժեշտության դեպքում (ասենք՝ պլաստիկ վիրաբուժությանն առնչվող) հիվանդին ուղարկում ենք Երեւան: Սպասարկում ենք զորամիավորման բոլոր զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, նաեւ պայմանագրայիններին: Ընդունում ենք նաեւ քաղաքացիական անձանց, բայց արդեն վճարովի հիմունքներով: Պետք է նշեմ, որ մեր մասնագետները բարձր համարում ունեն բնակչության շրջանում, վճարն էլ համեմատաբար ցածր է:
Այժմ մեր հաստատությունը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով, որը պարբերաբար թարմացվում է, միայն լուծման են կարոտ շենքային պայմանները, առաջնահերթ խնդիր են մասնաշենքերի հիմնանորոգումը, արդի պահանջներով տիպայնացումը, ինչը, սակայն, չի խանգարում մասնագիտական պարտքը հավուր պատշաճի կատարելուն:
Մայոր Դարբինյանը նշեց նաեւ, որ բժիշկների մեծ մասը տեղացիներ են, մի հանգամանք, որը թեթեւացնում է սոցիալական հոգսը: Ուրախալի է հատկապես, որ անձնակազմի մեջ գերակշռում են երիտասարդները, ուրեմն ոլորտի հանդեպ վստահություն կա, մարդիկ հավատում են, որ գոնե իրենց կայուն աշխատատեղը երաշխավորված է:
***
Հոսպիտալում գործում են վիրաբուժական, թերապեւտիկ, ինֆեկցիոն, վերակենդանացման-անզգայացման բաժանմունքներն ու վիրահատարանը: Տեղերում ծանոթացանք տարբեր բժշկական ծառայությունների մատուցման կարգին, Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկ մասնագետներին: Վիրաբուժական բաժանմունքում մեզ դիմավորեց ավագ օրդինատոր Հայկ Թովմասյանը: Բուժծառայության պետը նրան ներկայացրեց որպես հրաշալի պատրաստված, իր գործին նվիրված, մեծ հեռանկարներ ունեցող մասնագետի: Հայկը Սեւան քաղաքից է, 2006թ. Ուկրաինայում բժշկական համալսարան է ավարտել, պարտադիր ժամկետային ծառայությունը որպես բժիշկ անցկացնելուց հետո մնացել է հոսպիտալում:
-Եթե պայմանները բավարար չլինեին, հաստատ չէի մնա, բայց հիմա շատ գոհ եմ: Այստեղ կարող եմ լիովին դրսեւորել կարողություններս, նաեւ զարգացնել: Ամուսնացած եմ, առայժմ մեկ երեխա ունեմ, իմ աշխատանքով կարողանում եմ հոգալ ընտանիքիս հոգսերը։ Այնպես որ, որոշել եմ կյանքս կապել զինվորական բժշկության հետ,- համոզված նշեց Հայկը:
Բաժանմունքն առավելապես ներքին օրգանների հետ կապված խնդիրներով է զբաղվում, մեր այցելության պահին այնտեղ երկու տասնյակից ավելի հիվանդ կար, հիմնականում՝ թեթեւ գանգատներով: Նրանց ամենօրյա հսկողությունը, դեղերի տրամադրումը կազմակերպում է ավագ բուժքույր Անուշ Սահակյանը: Հերթապահ բուժքույր Անուշ Ավետիսյանը վիրակապարանում հիվանդների զննում եւ վերքերի մաքրում է կատարում:
Թերապեւտիկ բաժանմունքի մասնագիտական-տեխնիկական սենյակներում հիվանդներին հետազոտում էր հերթապահ բուժքույրը` Անուշ Ներսիսյանը: Այս բաժանմունքում է ծառայում նյարդաբան կապիտան Նարինե Այվազյանը: 1987թ. բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել քաղաքային հիվանդանոցում, 1992թ. առաջիններից մեկը ընդունվել է զինվորական հոսպիտալ ու մինչ օրս իր փորձն ու գիտելիքները նվիրաբերում է հայ զինվորի առողջացման գործին:
Հայրենանվեր այս գործում իր երկարամյա վաստակն ունի նաեւ լաբորատորիայի վարիչ կապիտան Մարինե Շեկոյանը: Նա ծառայել է տարածքում տեղակայված նախկին Խորհրդային Միության զորքերի հոսպիտալում, անկախացումից հետո տեղափոխվել է հայկական բանակ: Լաբորատորիայի տեխնիկական հագեցվածության ներկայիս վիճակը համարում է լիարժեք՝ հիվանդությունները ճիշտ եւ ժամանակին ախտորոշելու համար: Օրինակ` ունեցած սարքավորումներով արյան ընդհանուր, բիոքիմիական ախտորոշման որոշ տեսակներ կատարվում են ընդամենը մի քանի րոպեում:
***
Հոսպիտալի ընդհանուր գործունեության մեջ բոլոր օղակներն էլ կարեւոր են, սակայն առանձնահատուկ է վերակենդանացման-անզգայացման բաժանմունքի դերը, ուր կատարվում են ծանր վիրահատություններ, որտեղ անցնում է հիվանդի հետագա վերականգնողական ամբողջ ընթացքը: Բաժանմունքի պետն է մայոր Վ. Առաքելյանը։ Նա ավարտել է ռազմաբժշկական ֆակուլտետը, անցել է զորամասային բուժծառայության բոլոր փուլերով: Նա նշեց, որ վերջին երկու ամիսներին վիրահատությունների թիվը օրական միջինը մեկ-երկու հատ են կազմում, բայց դրանք պլանային թեթեւ վիրահատություններ են եւ իրենցից առանձնակի բարդություն չեն ներկայացնում, մանավանդ որ իրենք ունեցել են հրազենային ամենածանր դեպքերը: Մայոր Առաքելյանը խնդրեց որպես բարեխիղճ աշխատակիցների՝ նշել իր ենթակաների անունները, որոնք ամեն օր ծանր եւ պատասխանատու գործ են անում` ավագ բուժքույր ենթասպա Գայանե Սահակյան, օպերացիոն բուժքույր Աստղիկ Հովհաննիսյան, մայրապետ Երանուհի Խարազյան, անզգայացնող քույր Թամարա Հովհաննիսյան: Նրանց ջերմ վերաբերմունքն ու գերազանց աշխատանքը բազմիցս գնահատել են նաեւ քաղաքացիական անձինք:
***
Ընդհանուր մասնաշենքից առանձին է տեղակայված ինֆեկցիոն բաժանմունքը, որտեղ հիվանդները մեկուսացվում են, եւ բուժումը փակ պայմաններում է կատարվում: Այդ պահին ընդամենը չորս հիվանդ կար շնչուղիների սուր մրսածության ախտանիշով: Ծառայության պետ մայոր Հ. Սաքանյանը պարզաբանեց, որ հիվանդների փոքր թիվը պայմանավորված է զորամասերում անցկացվող կանխարգելիչ միջոցառումներով: Ճիշտ է, լինում են աննշան բռնկումների դեպքեր, որոնք արագ մեկուսացվում եւ վերացվում են: Օրինակ` վերջերս զորամասերից մեկում սննդային ռեժիմի խախտման պատճառով մի քանի օրով զինվորների շրջանում կարանտին էր հայտարարված, բոլոր հնարավոր հետեւանքները վերացնելուց հետո դարձյալ վերականգնվեց ծառայության բնականոն ընթացքը: Մայոր Սաքանյանը հավաստիացրեց, որ համաճարակային լուրջ սպառնալիք մեր զինծառայողների համար չկա:
Հոսպիտալի անձնակազմը գիշեր-ցերեկ մտահոգ է զինվորի առողջության պահպանմամբ, ամեն օր, ամեն ժամ ապահովվում է յուրաքանչյուրի առողջ ապրելու իրավունքը: Բժշկվում է մարդու ե՛ւ մարմինը, ե՛ւ հոգին՝ մասնագիտական հնարքներով, մի քաղցր խոսքով ու, ինչու չէ, նաեւ ժպիտով…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #45 (860) 17.11.2010 – 24.11.2010, Ազգային բանակ


09/12/2010