Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՍԱԴՈՎԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

1941թ. հունիսի 14-ին Մոսկվայի 38-րդ միջնակարգ դպրոցում շրջանավարտների վերջին զանգի արարողությունն էր։ Բոլորն ուրախ, անհոգ տրամադրության մեջ էին՝ առջեւում կյանքի մեծ ճանապարհ էր, եւ ոչ ոք չգիտեր, որ ուղիղ մեկ շաբաթ հետո ռումբի պես պայթելու է ահասարսուռ լուրը՝ պատերազմ է սկսվել։ Գրեթե ամբողջ դասարանով կամավոր գրվեցին՝ մեկնելու ռազմաճակատ։ Նրանց մեջ էր սեւահեր մի պատանի՝ Էդուարդ Ասադովը, որը դպրոցում հայտնի էր գրական անուրանալի շնորհքով, բայց որպես բանաստեղծ պետք է ձեւավորվեր, հասունանար հենց պատերազմի բովում։ Նրա անունն արդեն այդ ժամանակ երեւաց ռազմաճակատային եւ թիկունքային թերթերում, ու ոչ ոք չէր կասկածում, որ թշնամու դեմ զենքը ձեռքին կռվում է մի իսկական բանաստեղծ, որն իր հայրենաշունչ տողերը գրում է մարտադադարների ժամանակ, ծնկի վրա կամ զրահամեքենայի պողպատե կողին։ Այդպես գրվեցին «Նամակ ռազմաճակատից», «Գետնափոր տնակում» եւ բազմաթիվ այլ բանաստեղծություններ։

Տասնութ տարեկան էր Էդուարդը, երբ ռազմաճակատ մեկնեց։ Ծնվել էր 1923թ. սեպտեմբերի 7-ին, թուրքմենական Մարի քաղաքում, հայկական ընտանիքում, որն այդտեղ էր հայտնվել ճակատագրի դաժան խաղով։ Ծնողներն ուսուցիչներ էին, որոնք տանը պահում էին հայկականության շունչը, եւ Էդուարդը վաղ տարիներից գիտեր, որ ինքն ազգությամբ հայ է։ Շուտ կորցրեց հորը, եւ մայրը որդու հետ նախ տեղափոխվեց Ուրալ, Սվերդլովսկ (այսօր՝ Եկատերինբուրգ), որտեղից էլ՝ Մոսկվա, ապա եւ մեկնեց ռազմաճակատ։ Կռվեց Լենինգրադյան, Վոլխովյան, Հյուսիս-կովկասյան եւ 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներում՝ հրանոթի նշանառուից հասնելով լեյտենանտի կոչման, դարձավ փառաբանված հրթիռանետների («Կատյուշաների») մարտկոցի հրամանատար։ Կռվեց արիաբար՝ արժանանալով մարտական բարձր պարգեւների։ Վերջին մարտը մղեց 1944թ. մայիսի 4-ին, Սեւաստոպոլի մատույցներում։ Թե ինչն ինչպես եղավ պատմում է հենց ինքը «Վերջին մարտը» վերնագրված պատերազմական հուշագրության մեջ։

***

Մարտն սկսվում է առավոտյան, թշնամու ուժեղ հրետակոծությամբ։ Քարուքանդ եղած ճանապարհներ, ծուխ, մառախուղ, եւ Ասադովը դուրս է գալիս ԶԻՍ-5 մեքենայից, որի վրա տեղադրված էր «Կատյուշան», ու փորձում ուղղություն ցույց տալ վարորդ Ակուլովին։ Այդ ժամանակ էլ կատարվում է այն, ինչը պետք է դառնար իր հետագա կյանքի դժբախտությունը։ Բառացիորեն երկու-երեք քայլի վրա պայթում է արկը, եւ Ասադովը դիտապաստ ընկնում է գետնին։ Հետագա նկարագրությունը թողնենք նրան՝ մի պատառիկ մեջբերելով իր հուշագրությունից. «Ես չլսեցի արկի պայթյունը, միայն ուժեղ հարված զգացի դեմքիս եւ թվաց՝ ընկա անդունդը, հայտնվեցի դժոխքում… Վայրկենապես գիտակցությունս անջատվեց, ապա նորից միացավ։ Այստեղից-այնտեղից ձայներ եմ լսում, եւ ինչ-որ մեկի ձեռքերն ամուր, բայց զգուշությամբ բարձրացնում են ինձ, պառկեցնում մեջքի վրա եւ գլխիս տակ, չհասկացա՝ պայուսա՞կ, թե՞ ծալած շինել դնում։

Լսում եմ նշանառու Ումանովի հուզված ձայնը.
– Ընկեր լեյտենանտ, դուք վիրավորված եք, հանգիստ պահեք ձեզ, հիմա վիրակապ կդնենք։
Ամենայն հստակությամբ հիշում եմ այն բառերը, որ արտասանեցի այդ պահին.
– Տղաներ, ի՞նչ է պատահել աչքերիս։

Լսում եմ ինչ-որ մեկի, հավանաբար հենց Ումանովի վախեցած ձայնը.
– Մի անհանգստացեք, ընկեր լեյտենանտ, ոչինչ էլ չի պատահել։
Միայն շատ ուշ հասկացա թե՛ իմ հարցի անիմաստ լինելը եւ թե՛ Ումանովի նրբանկատ բարությունը. նա, չուզենալով հավատալ ինքն իրեն, չկարողացավ ասել ինձ դառը ճշմարտությունը»։
Էդուարդ Ասադովը կորցրել էր տեսողությունը, որն այդպես էլ չվերականգնվեց։ Չօգնեցին ո՛չ ընկերների դրած վիրակապերը, ո՛չ էլ հոսպիտալային բժիշկների ջանքերը։ Մարտիկ-բանաստեղծը մեկընդմիշտ դատապարտվեց կուրության…

***

Ի՜նչ ահռելի հոգեկան ուժ, կամք ու համառություն պահանջվեցին Ասադովից՝ գրելու, թղթին հանձնելու իր մարդկային ապրումները։ Ընդունվեց Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտ եւ գերազանցության վկայականով ավարտեց 1951-ին։ Նույն թվականին էլ լույս տեսավ չափածո գործերի նրա առաջին գիրքը։ Բանաստեղծը, որ կորցրել էր աչքի լույսը, իր գիրքը վերնագրեց՝ «Լուսե ճանապարհներ»։ Հոգու արիության, բարության, լավատեսության եւ սիրո լույսն էր ճառագում այդ գրքից։
Էդուարդ Ասադովի նոր գրքերը լույս տեսան մեկը մյուսի հետեւից՝ արժանի հռչակ բերելով հեղինակին։ Նա դարձավ հետպատերազմյան շրջանի խորհրդային պոեզիայի երեւելի ներկայացուցիչներից մեկը, որին ամենուր ընդունում էին առանձնակի ջերմությամբ։ Հաճախ էր խնդրում իրեն ուղեկցել Սեւաստոպոլ, որի հերոսական պաշտպաններից մեկն էր։ Մի քանի անգամ անցավ իր մարտկոցի մարտական ճանապարհներով, եղավ իր վերջին մարտի վայրում, որտեղ կորցրել էր տեսողությունը։ Նա տեսնում էր հոգու աչքերով, եւ դա պայծառ տեսողություն էր։ «Վերջին մարտը» հուշագրության մեջ գրում է. «Ինձ հատկապես հուզում են հանդիպումները «Կատյուշաների»՝ Մ-13 եւ Մ-30 տեղակայանքների հետ։ Ես նրանց մոտ եմ գնում այնպես, ինչպես գնում են կենդանի մարդկանց, մարտական ընկերների մոտ, որոնց հետ այնքան դժվարին ճամփաներ ես անցել»։

Հուշագրության մեջ պատմվում է եւս մեկ հանդիպման մասին, այս անգամ՝ էքսկուրսանտների հետ։ Մի անգամ գրողը մտնում է Սեւաստոպոլի հերոսական պաշտպանության թանգարան ճիշտ այն պահին, երբ աշխատակցուհին էքսկուրսանտներին ասում է. «Իսկ ահա այս ցուցափեղկը նվիրված է քաղաքի ազատարարներից մեկին՝ ականանետային մարտկոցի նախկին հրամանատար, բանաստեղծ-ճակատային Էդուարդ Ասադովին։ Ահա նրա դաշտային պայուսակը, որն իր հետ էր այն օրը, երբ վիրավորվեց, ահա նրա լուսանկարները, գրքերը…»։ Այսպիսի անակնկալներ քիչ են լինում, եւ սրահում հավաքվածները հաճելի առիթ ունեցան հանդիպելու, զրուցելու այն մարդու, անվանի բանաստեղծի հետ, որի մասին քիչ առաջ խոսում էր թանգարանի աշխատակցուհին։

***

Էդուարդ Ասադովը շատ էր ճամփորդում, եւ նոր հանդիպումները նրան ստեղծագործական նոր լիցք էին հաղորդում։ 1969-ին եղավ նաեւ Երեւանում, ջերմ հանդիպումներ ունեցավ իր հայրենակիցների հետ, եւ անմիջական տպավորությունների տակ ծնվեց նրա բանաստեղծությունների հայկական շարքը։ Եղավ անսպասելի մի հանդիպում։ Բանաստեղծին տարել էին համերգ՝ լսելու հայկական երաժշտություն, եւ նրան ասացին, որ դահլիճում է նաեւ արդեն ծերունազարդ Շահանե Տալյանը, որին Բաթումում եղած ժամանակ տեսել էր Սերգեյ Եսենինը, սիրահարվել եւ գրել «Շահանե» բանաստեղծությունը։ Այդ հանդիպումից էլ ծնվեց էդուարդ Ասադովի համանուն բանաստեղծությունը, որի բնաբանը «Շահանե, դու իմ Շահանե» եսենինյան տողն է։ Դա հիանալի մի ներբող է հայուհուն, նրա գեղեցկությանն ու հմայքին, որ դեռեւս պահպանվել էին արդեն առաջացած տարիքում, միաժամանակ՝ սիրո յուրօրինակ խոստովանություն իր ժողովրդին։
Էդուարդ Ասադովի վերջին մարտը տարավ նրա աչքի լույսը, բայց ինքը՝ իբրեւ բանաստեղծ, առատ լույս պարգեւեց շատերին։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ