Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓՈՔՐԻԿ ԺՊԻՏՆԵՐ

ՀԱՍՆԵՆՔ ԲԱՔՈՒ (ՀԲ)

Պատմում է Կարեն Դարբինյանը

Հանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Աարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։
– Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։
– ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։
– Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։

Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
– Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։
Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։

Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի.
– Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..
– Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։

Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին, ու դառնալով հրամանատար Սեյրան Սարոյանին ասում է.
– Ապրես, Սեյրան, դուխով զինվորներ ունես։ Մեր էս քաջարի զինվորն էլ է արժանի արձակուրդի։

ՍՏԻ ՈՏՔԵՐԸ ԿԱՐՃ ԵՆ

– Պատերազմն ավարտվել էր։ Ազատամարտիկներից շատերը բեղ-մորուքները սափրել ու անցել էին զինվորական ծառայության։ Դարձել էին անճանաչելի։ Մի օր ականատես եղա այսպիսի մի պատմության,- վերհիշում է Ֆելիքս Պողոսյանը,- մեկն իր գլխին հավաքվածներին պատերազմական խմբակային մի լուսանկար էր ցույց տալիս. «Տեսեք, մեր տղերքն են, իմ ընկերները… Ափսոս, ես միշտ խուսափում էի նկարվելուց։ Էդ օրն էլ, երբ լուսանկարիչն ուզում էր նկարել, ես արանքից դուրս եկա»։ Երբ մոտեցա ու նայեցի խմբանկարին՝ զարմացա ու ժպտալով նայեցի անծանոթին։ Լուսանկարում ես էի՝ իմ մարտական ընկերների հետ։ Լուսանկարվել էինք Մարտակերտում՝ կռվի էն ծանր օրերին։ Անկեղծ ասած, չէի հիշում ու առաջին անգամ էի տեսնում այդ նկարը։ Ու հիմա ինձ անծանոթ մեկը խոսում է, պատմում ու պատմում.
– Ի՜նչ տղերք էին, ի՜նչ տղերք։ Ախր ես էլ էի սխալ՝ էլի, բա մի հատ էլ ես չնկարվեի՞, որ էսօր ցույց տայի էրեխեքիս։ Ի՜նչ օրեր էին, ինչ օրեր…

Ես մատս դրեցի իմ նկարին ու հարցրի.
– Այ, էս մարդուն ճանաչու՞մ ես, հիմա ի՞նչ է անում։
– Ոնց չէ, այ ցավդ տանեմ, շատ մոտ էինք իրար, ոնց չէի ճանաչում, ափսոս, հազար ափսոս՝ զոհվեց։ Անունը, անունը…

Մինչ ուզում էր անունս «հիշել», ես «ներկայացա»։
– Չի զոհվել, էդ մարդը ես եմ…
Պատմությունը մնաց անավարտ… Սակայն շտապելուց անծանոթը թողեց լուսանկարը, որտեղ պատկերված տղաներն անգամ ասես զարմանքից քարացել էին…

ԽԱՉԻԿՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԷԼ ԽԱՉԻԿՑԻ ԵՆ

Զինվորական լրագրող, օպերատոր, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը ծնունդով Վայոց ձորի Խաչիկ գյուղից է։ Պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է հայոց ազատամարտին։ Զինակից ընկերները Արմենի մասին խոսելիս նրան ներկայացնում էին այսպես՝ Խաչիկցի Արմեն։ Ու այսպես ծննդավայրի անունը դարձավ Արմենի մականունը՝ Խաչիկցի Արմեն։
Մի առիթով ընկերները որոշում են այցելել Արմենին։ Հասնում են գյուղ, առաջին իսկ պատահած խաչիկցուն Մուշեղը հարցնում է.
– Չե՞ք ասի, գյուղում ո՞րն է Խաչիկցու տունը։

Գյուղացին զարմացած պատասխանում է.
– Տղա ջան, գյուղի առաջին տնից մինչեւ վերջին տան ապրողներն էլ խաչիկցի են, տներն էլ իրենցը։
Մուշեղը ժպտալով ուղղում է իր սխալը.
– Խաչիկցի Արմենի տան տեղն ենք հարցնում՝ Արմեն Հարությունյանի։

Խաչիկցին սիրով ցույց է տալիս Խաչիկցի Արմենի հայրական տան ճանապարհը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր