Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼ
ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼ

ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼԼրացավ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության 20-ամյակը

 

Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայոց բանակի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուր կապն ապացուցող մի կարևոր միջոցառում. այստեղ տոնական բարձր տրամադրությամբ նշվում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը: Մինչև միջոցառման մեկնարկը  թատրոնի ճեմասրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ստեղծագործող զինվորականների` «Եկեղեցի-բանակ» խորագիրը կրող ստեղծագործությունների ցուցահանդեսին: Շրջելով սրահում՝ հյուրերը կանգ առան մեծադիր կտավի առաջ: Կտավում պատկերված են Աշոտ Երկաթի խաչը, ազգային խորհրդանիշներից՝ նուռը, եկեղեցու խորանները: Այստեղ էր հեղինակը՝ կապի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անի Ժամհարյանը: «Որքան խորանները շատ են, այնքան շինությունն ամուր է լինում,- ասում է Անին:- Որպես պետության ամրության հիմք – խորաններ՝ ես ընդունել եմ մեր եկեղեցին, հավատը, աղոթքն ու բանակը: Իսկ կտավի կենտրոնում միավորող գաղափարն է` «Քո խաչը մեզ ապավեն»:

Վրթանես սրբազանն այնուհետև հանդիսավոր կերպով Վեհափառին և պաշտպանության նախարարին հանձնեց տոնի կապակցությամբ հատուկ իրենց համար զինվորների պատրաստած նվերները: Վեհափառը ստացավ «Զինվորից՝ Վեհափառին» մակագրությամբ գավազանը: Վրթանես սրբազանը նրան փոխանցեց զինվորների խնդրանքը, որ երբ Վեհափառը զորամասեր այցելի, այդ գավազանն իր հետ վերցնի: Նախարար Վիգեն Սարգսյանի ստացած նվերը զինվորի ձեռքով պատրաստված փայտյա «Զինվորից՝ նախարարին» մակագրությամբ փորագրված խաչն էր:

Տոնական հանդիսությունը դահլիճում սկսվեց ՀՀ օրհներգով, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարմամբ հնչեց Տերունական աղոթքը:

Հանդիսության մասնակիցներին իր պատգամն ու օրհնությունը հաղորդեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Փառք և գոհություն ենք մատուցում Աստծուն, որ անսասան և հաղթական է Հայոց բանակը, որն այսօր հուսալի գրավականն է մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու ստեղծագործ կյանքի»,- ասաց նա: Անդրադառնալով բանակում հոգևոր սպասավորների գործունեությանը, Վեհափառը նշեց. «Ուրախություն է Հայրապետիս համար արձանագրել, որ մինչ այսօր Հայոց բանակում ծառայել են շուրջ չորս հարյուր հոգևոր սպասավորներ: Արդարև, մեր անկախ պետականության քառորդդարյա ընթացքին հոգևոր սպասավորությունը բանակում ամենակարևոր ու արգասաբեր անդաստաններից մեկը եղավ, որտեղ ազգային իշխանությանց և Հայ Եկեղեցու համագործակցությունը առատ հունձք ապահովեց՝ մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր…:

ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼ…Սիրելի գնդերեցներ, հոգևոր սպասավորներ Հայոց բանակի, եկեղեցականների ծառայական կյանքը զինվորություն է, Պողոս առաքյալի խոսքով՝ զինվորություն՝ «Աստծո սպառազինությամբ…», մեր մեջքը գոտեպնդած ճշմարտության Ավետարանով, հագած արդարության զրահը, մեր ոտքերը ամրացրած խաղաղության Ավետարանի պատրաստությամբ, հավատի վահանով, փրկության սաղավարտով ու Հոգու սուսերով, որ Աստծո Խոսքն է, որպեսզի կարողանանք չար օրում դեմ կանգնել չարին…

Հոբելյանական այս առիթով Հայրապետական Մեր գնահատանքն ենք հայտնում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանին, պետական ավագանուն և բանակի ողջ հրամկազմին՝ Հայ Եկեղեցու առաքելությունը զինված ուժերում նվիրական գիտակցումով ու համագործակցության բարձր ոգով արժևորելու համար: Մեր գնահատանքը ՀՀ պաշտպանության նախարար մեծարգո տիար Վիգեն Սարգսյանին` բանակում հոգևորականների ծառայության հանդեպ առանձնակի ուշադրության, Հոգևոր առաջնորդության գործունեությանն ըստ ամենայնի աջակցելու և հատկապես՝ մեր բանակի մարտունակությունն ու ոգին բարձր պահելու նախանձախնդրության համար: Այդ նախանձախնդրության վկայությունն է նաև հոբելյանական այս հանդիսությանը և նման միջոցառումներին մեծարգո նախարարի մասնակցությունը: Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ զինված ուժերի Հոգևոր առաջնորդին՝ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Հոգևոր առաջնորդության գնդերեցներին՝ մաղթելով իրենց նվիրական առաքելության մեջ նորանոր հաջողություններ: Նոր ձեռքբերումներ ենք մաղթում մեր քաջարի բանակին, պանծալի ծառայություն բոլոր սպաներին ու մարտիկներին: Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի ներքո պահպանի ձեզ և օրհնի ձեր և ձեր ընտանիքների կյանքը: …Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն»:

Հոբելյանի առիթով շնորհավորելով բոլոր ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում հատկապես կարևորեց եկեղեցու անգնահատելի դերը ազգի ինքնության պահպանման գործում. «… Մենք 26 տարի առաջ սկսեցինք կերտել պետականություն մի իրականության մեջ, որտեղ ունեինք մշակույթ, լեզու, գիտություն, որ կտոր-կտոր հավաքել էինք աշխահով սփռված մեր Սփյուռքից՝ որպես Ցեղասպանության հետևանք: Եվ ունեինք մի ամուր հիմք, որի վրա մեր ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանվեց որպես ուժ, և այդ ուժը, այդ առանցքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին էր: Պետականության բացակայության դարերի ընթացքում հենց այդ եկեղեցին է կրել մեր ժողովրդին միավորելու, կրթելու, կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում մարտի դաշտ տանելու պետական բոլոր գործառույթները: Եվ թեև մենք չունեինք այն ինստիտուտները, որոնք անհրաժեշտ էին որպես հիշողություն՝ ուժեղ պետականություն կերտելու համար, մենք ունեինք անհամեմատ մեծ ուժ, որը թույլ տվեց միանգամից ոտքի կանգնել և կանգնեցնել ինչպես պետությունը, այնպես էլ բանակը»։

Անդրադառնալով մեր օրերում ՀՀ զինված ուժերում Հոգևոր առաջնորդության առաքելությանը՝ նախարարը շեշտեց. «Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի և նոր միջավայր ձևավորելու կարևոր միջոց դառնա մեր զինված ուժերում: Բանակի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեցի և ուզում եմ այսօր կրկին շնորհակալությունս հայտնել բանակում գնդերեցների ծառայության համար, որովհետև գնդերեցները մեր զինված ուժերում և՛ ավագ ընկեր են, և՛ հոգեբան, և՛ այն կարևոր հոգևոր ուղղորդիչը, որին հավասարվում են մեր զինվորները»:

ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր խոսքում կարևորելով հոգևոր սպառազինության դերն ու նշանակությունը ազգապահպանության գործում, մասնավորապես՝ նշեց. «…Դարերի փորձությունը հաղթահարած զենքերն են, որ լավագույն պաշտպանություն են բերում. խաչն ու հավատը, հայրենասիրությունն ու ազգանվիրումն են, որ օգնել են ժամանակին մեր նախնիներին, իսկ այսօր՝ մեր զինվորին ու սպային, նախ՝ հաղթանակ տանել իրենց ներքին թշնամու՝ տագնապի ու վախերի դեմ, և ապա, Աստծով զորացած, հաղթանակ կռել պատերազմի դաշտում… Ներքին անդորրը խռովող ամենածանր պահին անգամ մեր Տերը հրամայելով հորդորում է. «Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա»: Ահա զինված ուժերում մեր գործունեության և առաքելության հիմնական առանցքն ու մեխը մեր Տիրոջ խոսքը կյանքի կոչելն է, զորքից վախը, կասկածն ու թերահավատությունը վանելը՝ այն աղոթքի ահեղ նետերով խոցելով և աղոթողին հավատի ամուր վահանով պաշտպանելով:

Այսօր, փառք Աստծո, ունենք պետականություն, հաղթանակած բանակ, և որ ամենակարևորն է` հավատքի ու գաղափարի հերոս զինվոր, ինչը հաստատվեց անցյալ տարի՝ ապրիլին»:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց զինված ուժերում հոգևոր առաջնորդության գործունեության մասին պատմող «ԱՂՈԹՈՂ ԶԻՆՎՈՐ` ԱՆՆԿՈՒՆ ԶԻՆՎՈՐ» տեսանյութը, որում մեր բանակի զինվորներն ու սպաներն իրենց գնահատանքի խոսքն էին ասում զորքերում ամուր ու մշտարթուն իրենց կողքին կանգնած  հոգևոր սպասավորների մասին: Դրվագներ էին պատմում զորքերում ու հատկապես առաջնագծում նրանց կատարած ամենօրյա ծանր, բայց արգասավոր ծառայությունից: 

Հանդիսության գեղարվեստական հատվածում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ  փողային նվագախումբը, Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը, «7 նոտա», «Ծաղկազարդ», «Գեղարդ» երգչախմբերը, «Նժդեհ» պարախումբն ու  «Նարեկացի» նվագախումբը: Իսկ միջոցառման ավարտին հնչած «Հայոց բանակ» ոգեշունչ երգը՝ մայոր Դավիթ Արզումանյանի, ավագ գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և շարքային Վահե Մարգարյանի կատարմամբ, հրամանատարի, հոգևորականի և զինվորի միասնական, ներդաշնակ ու աննկուն ոգու արտահայտությունն էր:

 

***

ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼՄիջոցառման ավարտից հետո ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և բանակում հոգևոր սպասավորության յուրահատուկ  փորձառություն անցած սարկավագներից երկուսին խնդրեցի պատմել, թե ինչ նշանակություն ունի իրենց համար այս օրը, և ինչով է առանձնանում բանակում իրենց իրականացրած հոգևոր ծառայությունը:   

ԶՈՒ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այսօր արդեն կայացած Ազգային բանակ-Եկեղեցի կառույցի մասին մեծ հպարտությամբ խոսեց. «Մի դրվագ պատմեմ Արցախյան պատերազմի տարիներից, որը շատ հատկանշական է զինվորական-հոգևոր սպասավորություն միասնության տեսանկյունից: Մի երիտասարդ սարկավագ ունեինք, Ռաֆիկ էր անունը: Չէինք էլ կարող ենթադրել, թե նա ինչ կարևոր մասնակցություն է ունենալու մեր գյուղերն ազատագրելու գործում: Մի անգամ Գանձասարում պատարագ էի մատուցում: Ռաֆիկ սարկավագը սպասավորում էր սուրբ սեղանը: Պատարագի ընթացքում շշուկով դիմեցի նրան. «Ռաֆիկ», ասացի: Տեսա, որ չի լսում: Երկրորդ անգամ կրկնեցի, նորից չլսեց, բայց զգաց, որ ինչ-որ բան եմ ուզում ասել: «Բարձր ասեք»,-խնդրեց: Պատարագից հետո  հարցրի` «Ռաֆի՛կ, ի՞նչ է եղել: Ինչո՞ւ լավ չես լսում»: Ականջից արյունոտ բամբակ հանեց: Այդտեղ իմացա, որ երիտասարդը շաբաթ-կիրակի օրերին սպասարկում էր սուրբ սեղանը, իսկ շաբաթվա մյուս հինգ օրերին զենքը ձեռքին մասնակցում էր ազատագրական մարտերին. ականանետով կրակում էր: Պայթյունների ձայնից ականջի թմբկաթաղանթը պատռվել էր: Ցավոք, հետագայում՝ մարտերից մեկի ժամանակ, Ռաֆիկը զոհվեց:

Այսպիսի օրինակները շատ էին այդ տարիներին: Սա ևս մի վկայություն է, որ եկեղեցին ու բանակը միշտ միաձույլ են եղել: Եվ հենց սրանից է բխել այսօրվա մեր ԶՈՒ հոգևորական սպասավորության կառույցը: Ազգին անմնացորդ նվիրված երկու մարդիկ` Գարեգին Առաջին կաթողիկոսը և Վազգեն Սարգսյան պաշտպանության նախարարը իմաստուն գտնվեցին, և այս կառույցը ստեղծվեց: Այսօր արդեն մենք` սքեմավորներս, մշտապես զինվորների կողքին ենք, քրիստոնեական հավատ ներշնչում նրանց, ոգեշնչում»:

Կայացման 20 տարիների ընթացքում հաջողությունների և դժվարությունների մասին սրբազանն ասում է. «Դժվարությունները հիմականում կենցաղային բնույթ էին կրում կամ մարդկային հոգեբանությանն առնչվող հարցեր էին. նման խնդիրները ես որպես դժվարություններ չեմ դիտարկում: Իսկ ամենամեծ ձեռքբերումը, որ տեսնում եմ այսօր, դա մեր զինվորի աղոթասաց վիճակն է. նրանից դուրս են մղվում վախը, տագնապը, երկյուղածությունը, մնում է Աստծու երկյուղը և այն ջերմ հավատը, որով նա պատրաստ է մեծ զոհողության` հանուն ամենավեհ արժեքների` ընտանիքի, հայրենիքի, հավատի ու ընկերների: Այսօր ես մաղթում եմ, որ մեր գնդերեցները մշտապես լինեն մեր զինվորների կողքին` թե՛ անհանգիստ և թե՛ խաղաղ օրերին: Միշտ Աստծո հետ երկխոսության մեջ լինեն և կարողանան մեր զինվորին օգնել Ավետարանով, Խաչով և իրենց բարի խոսքով: Աստված օրհնի զինված ուժերը, հայոց բանակը և զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը»:

 

 

ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼ«Գոռ սարկավագ Գյուրջյան. պաշտպանության բանակի ավագ գնդերեց»,- ներկայանում է երիտասարդ հոգևորականը: Ծնունդով Մարտակերտից է: Երեք տարի է` որպես հոգևոր սպասավոր ծառայում է ՊԲ -ում, երկու տարի ծառայել է Մատաղիսում: Ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտում՝ առաջնագծում է եղել: «Անգամ մեզ՝ հոգևոր սպասավորներիս համար էր անսպասելի, թե որքան շատ էին այդ ընթացքում մեր կարիքը զգում զինվորականները, որքան մեծ սիրով ու սպասումով էին դիմավորում մեզ: Բոլորիս համար ակնհայտ էր, որ բացի իրենց արհեստավարժությունից, նրանց նաև հավատի պահապան ձեռքն էր պաշտպանում այդ օրերին: Շատ են եղել դեպքեր, երբ մեր շուրջբոլորը խոցվում էր, բայց  մարդկային ոչ մի կորուստ չէինք ունենում:

Հենց առաջին օրվանից, երբ մեր զինվորականներն սկսել էին հակառակորդի վրա կրակ բացել, զինվորները կրակոցներից հետո ընկած Դ-30 հրետանու արկերի պարկուճներից խաչ էին պատրաստել, դրել էին իրենց տեսադաշտում: Ամեն կրակոցից առաջ մեր նշանառուները խաչակնքում էին, ապա՝ կրակում: Մի դեպք է շատ  տպավորվել: Զինվորներից մեկի ձեռքը արկի բեկորից կոտրվել էր: Նա ավտոմատի փամփշտակալը կապել էր ձեռքին՝ անշարժացնելու համար ու շարունակում էր մնալ դիրքերում: Չէինք կարողանում համոզել, որ գնա հիվանդանոց. «Եթե գնամ, ինձ կտեղափոխեն հոսպիտալ, ես էստեղ պիտի մնամ…»:

Ամենաթեժ պահերին մեզ՝ հոգևորականներիս, իհարկե փորձում էին թույլ չտալ դիրքեր բարձրանալ, բայց երբ զգում էինք, որ մեր կարիքը կա, գնում էինք՝ անկախ ամեն ինչից: Նաև շինարարական աշխատանքներ ենք կատարել` ապահովելով դիրքերի անվտանգությունը, սնունդ ենք հասցրել կռվողներին: Ու չի եղել մի դեպք, որ հոգևորականները զինվորականներին քարոզեին ներել թշնամուն կամ այտը դեմ տալ, ինչի մեջ մեզ հաճախ փորձում են մեղադրել: Հոգևորականն ինքն է զենքը ձեռքն առնում ծայրահեղ իրավիճակներում: Ես ինձ կցագրված զենք ունեմ, պատերազմի ընթացքում զինվորները չեն թողել, որ այն գործի դնեմ, բայց, եթե դրա կարիքը լիներ, չէի տատանվի:

Այսօրվա տոնը առիթ է զինված ուժերում մեր տարած հոգևոր ծառայությունը վերարժևորելու, առաջին հերթին` ցույց տալու, որ այս ծառայությունը ոչ միայն յուրահատուկ խորհուրդ ունի, այլև գործնականորեն անհրաժեշտ է: Զինվորականը երդման ժամանակ ասում է, որ հավատարիմ է Հայ եկեղեցուն և Աստծուն, իսկ մենք` հոգևոր սպասավորներս, ոչ միայն որպես խորհրդանիշ, այլեւ միշտ ֆիզիկապես էլ պետք է իրենց կողքին լինենք»:

 

 

ԱՍՏԾՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԿՌԵԼՍարգիս սարկավագ Ապյանը գնդերեցի իր ծառայությունն սկսել է 2012 թվականից` երեք տարի ծառայելով ՊԲ Ջաբրայիլի զորամասում: «Առաջնագծում իմ հոգևոր սպասավորության երեք տարիները կյանքիս լավագույն տարիներն էին,-ասում է նա:- Մշտապես զինվորի կողքին, խրամատում… Եղել է, որ դիվերսիայի ընթացքում, հրետանային կրակոցների տակ զինվորների հետ դիրքում ենք եղել: Հոգևորականի ներկայությունը նման պահերին անչափ գոտեպնդող է: Հիշում եմ` հակառակորդի բազմաթիվ կրակահերթերից մեր դիրքերի պաշտպանական շինությունները խարխլվել էին: Գումարտակի հրամանատարի հետ բարձրացանք և սկսեցինք թշնամու անմիջական հսկողության հատվածում ամրաշինական աշխատանքներ կատարել:

Զինվորները գիտակցում էին, որ այդ աշխատանքը մեծ հավանականությամբ իրենց զինվորական ու հոգևոր առաջնորդի կյանքին սպառնում է: Եվ հրաշքի պես մի բան էին համարում մեր ներկայությունն իրենց կողքին»:

Ծառայության տարիներին Սարգիս սարկավագը նախաձեռնել է «Զորավոր Սրբ. Աստվածածին» եկեղեցու շինարարությունը, որի բացումը տեղի է ունեցել 2017թ. հոկտեմբերին: «Մտածեցի, որ սահմանի այդ կտրված, մեկուսի հատվածում եկեղեցին պարզապես անհրաժեշտություն է: Բարերարների օգնությամբ   մեզ հաջողվեց այս գաղափարը իրականություն դարձնել»:

 Ծառայությունն ավարտելուց մեկ տարի անց, սակայն, սարկավագը կրկին պիտի վերադառնար հարազատ դարձած վայրը:

«2016 թվականն էր… Ապրիլյան չարաբաստիկ դեպքերի մասին լուրեր առանք, հեռախոսազրույցներով իմացանք մեր զինվորական ընկերների վիրավորվելու մասին: Ապրիլի 2-ի կեսօրին  Վազգեն Սարգսյանի զինվորական ակադեմիայի նախկին շրջանավարտների խմբով որոշեցինք մեկնել Արցախ: Ապրիլի 2-ի գիշերը արդեն Հադրութում էի, իսկ 3-ի առավոտյան՝ Ջաբրայիլի զորամասի մարտական դիրքերում:  Այդ պահին արդեն խոցվել էր թշնամու ուղղաթիռը… Կարեցածիս չափ փորձում էի իմ հոգևոր օժանդակությունը բերել զինվորական ու հոգևոր եղբայրներիս.- սարկավագի խոսքերն այդ պահին ասես հեռուներից հնչեին:- Չնայած ներքին զորությանն ու վեհությանը, որ զինվորականները կրում էին իրենց հոգում,  տագնապ կար բոլորիս մեջ, որ հաղթահարվում էր միասնական աղոթքով:  Երբ գումարտակի հրամանատարի հետ գնում էինք մարտական դիրքեր և մեր ուղղությամբ թռչող արկերի տարափից  անվնաս հասնում էինք մարտական հենակետեր, բոլորն ասում էին` «Սարգիս սարկավագ, Ձեր աղոթքների շնորհիվ է»: Պատասխանում էի. «Ամեն ինչ Աստծո նախախնամությամբ ու կամքով է լինում»:

Այժմ Սարգիս սարկավագը հատուկ նշանակության զորամասի գնդերեցն է: «Հատուկ նշանակության զորամասը մեր բանակի ընտրանին է: Այս ստորաբաժանման անձնակազմի հետ շատ հետաքրքիր է շփումը, հոգևոր զրույցները: Նրանք այնպիսի բաների միջով են անցնում, որ յուրահատուկ փիլիսոփայական հայացքներ ու համոզմունքներ են ձեռք բերել:  …Շնորհակալ եմ Տիրոջից: Նա ինձ հնարավորություն տվեց, որ իմ հոգևոր ծառայությունն սկսեմ հենց զինված ուժերից»,- եզրափակեց սարկավագը:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ