Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ



Էրզրումի նահանգի գյուղերից մեկում էր ապրում ազգությամբ հույն Լազարն իր բազմանդամ ընտանիքով։ Դուստրերից Քրիստինեն իր գեղեցկությամբ, իր երկար վարսերով գերել էր Մանուկի սիրտը, որն էլ մի օր փախցրեց հունաց դստերը։ Տարիների հետ ծնվեցին 5 երեխաները՝ Ավետիսը, Մարիամը, Սամսոնը, Գայանեն, Դավիթը, որոնք հաշտության կամուրջ դարձան հայ եւ հույն ընտանիքների միջեւ։ Այսպես ապրում էին մինչեւ մեծ եղեռնը։ Ամուսինը երկու երեխաների հետ զոհ գնաց թուրքի յաթաղանին։ Մյուս երեխաներն էլ հիվանդացան, սառեցին, մնացին գաղթի ճամփին։

Քրիստինեն զենք վերցրեց, տղամարդու հագուստով միացավ զորավար Անդրանիկի կամավորականներին ու փորձեց լուծել ամուսնու, երեխաների վրեժը։ Այդ ճանապարհին հանդիպեց սեբաստացի Կարապետին։ Նա էլ վիշտ ուներ։ Եվ երկու բախտակից սրտեր միացան։ Տատի մասին հանրապետության մամուլի էջերում բազում ակնարկ-թղթակցություններ են տպագրվել։ Զորավար Անդրանիկի մասին նրա պատմությունները ոգեշնչող էին, իրական։ Գյուղի (եւ ոչ միայն գյուղի) երիտասարդները ժամերով լսում էին այդ պատմությունները։ Պատմում են, որ Քրիստինե տատի հետ հանդիպել, զրուցել են Պ. Սեւակը, Շ. Թաթիկյանը։ Ուրցաձոր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը, ով եղել էր մեծ բանաստեղծի մանկության ընկերը, իր աշակերտներին փոխանցում էր բանաստեղծի այս խոսքերը. «Հունաց դստեր հայի ճակատագրով ապրելը նույնն է, ինչ հայոց ավանդական համ ու հոտով ճաշին եւս մի համեմունք ավելացնես»։
Արցախյան ազատագրական պայքարից երկու տարի առաջ վախճանվեց տատը։ Սակայն պատերազմական տարիներին նրա շունչն ու ոգին, նրա հերոսական պատմությունները ոգեշնչում, սնում էին մարտի դուրս եկած գյուղի ջոկատի տղաներին։

Մինչ օրս որպես սրբազան մասունք պահպանվում են ողջ գաղթի ճանապարհին տատից անբաժան Սուրբ Գիրքն ու Զորավար Անդրանիկի նվիրած թուրը։ Պահպանվում եւ ավանդաբար փոխանցվում են Զորավարի մասին հերոսական պատմությունները, որոնք էլ ավելի հարստացրին, որոնց նոր շունչ ու ոգի հաղորդեցին դարավերջի հայոց հաղթական ազատամարտի դուրս եկած գյուղի տղաները՝ Սամվելը, Վարդգեսը, Նորիկը, Ատոմը, Թորգոմը, Նշանը, Մարատը եւ շատ շատերը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #32 (897) 17.08.2011 - 24.08.2011, Հոգևոր-մշակութային


24/08/2011