Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔՆ Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ՊԱՐԳԵՎ ՉԷ
ՀԱՅՐԵՆԻՔՆ Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ՊԱՐԳԵՎ ՉԷ

ՀԱՅՐԵՆԻՔՆ Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ՊԱՐԳԵՎ ՉԷՌուստամը հիշում է ամենայն մանրամասնությամբ: Թեեւ փոքր էր, բայց ոչինչ չի մոռացել: Նույնիսկ հոր վերնաշապիկի գույնն է հիշում, կանգնած դիրքը, հայացքը… Հայրն ասաց. 

-Դու եզդի ես, հայ չես: Դու ազնիվ, հավատարիմ, աշխատասեր, արարող ժողովրդի զավակ ես: Մեր ժողովրդի ճակատին դավաճանության խարան չկա: Մենք դարերով ապրել ենք հայերի հետ, միասին անցել ենք բոլոր դժվարությունների միջով, միասին պայքարել ենք մեր թշնամիների դեմ, միասին պաշտպանել ենք մեր հողը, միասին ցեղասպանության ենք ենթարկվել:

Սա Ռուստամի մանկության ամենատպավորիչ հուշն է: Առանց բառ արտաբերելու դուրս եկավ բակ: Սովորական արեւոտ օր էր: Տղաները փողոցում ֆուտբոլ էին խաղում: «Ուրեմն` նրանք հայ են, ինքը` չէ: Ինքը նրանց նման չէ: Իսկ Հայաստա՞նը… Մի՞թե Հայաստանն էլ իրենը չէ»: Վազելով մտավ տուն:

-Հայաստանն իմ հայրենի՞քը չէ:

Հայրը ինչ-որ բան էր կարդում: Դանդաղ հայացքը բարձրացրեց գրքից ու հատու նայեց դեմքին:

-Հայրենիքն ի վերուստ տրված պարգեւ չէ: Հայրենիք ունենալու իրավունքը վաստակում են: Ինչ էլ սիրես, ինչին էլ նվիրվես, քոնը կդառնա: Այս հողը նրանն է, ով ծաղկեցնում է այն, պաշտպանում, սիրում…

Շատ բան չհասկացավ հոր ասածից, ու կարեւոր էլ չէր…Կարեւորն այն էր, որ Հայաստանը իր հայրենիքն է: Այն Հայաստանը, որի մասին այդքան սիրով ու հպարտությամբ էր պատմում հայրը:

-Դու գիտե՞ս՝ ինչ է եղբայրությունը:

Բնազդաբար գլխով արեց:

-Հայերը մեր եղբայրներն են, իսկ եղբայրությունից սուրբ բան չկա:

Ուզում էր դուրս վազել, միանալ ընկերներին: Փոքրիկ ուղեղում շփոթ էր: Եթե հայրը մի քիչ էլ երկարացներ, լաց էր լինելու… Խայտառակ կլիներ: Իրենց տանը տղամարդիկ լաց չէին լինում: Միայն մայրն իրավունք ուներ լաց լինելու, իսկ հայրն ու չորս որդիները` երբեք…

…Հետո, երբ արդեն մեծ էր, հայերի հետ եղբայրության, հարազատ հողին նվիրվելու ու հավատարմության թեման մեկ անգամ չէ, որ հոլովվեց հոր ու հորեղբայրների հետ զրույցներում, բայց առաջին «դասի» տպավորությունը չմոռացվեց:

….Հայրը գրագետ, բարձրագույն կրթությամբ մարդ էր ու իր երեխաներին կաթի հետ ներարկել էր սեր ուսման նկատմամբ: Ռուստամը դպրոցի լավագույն աշակերտներից էր: Բոլոր առարկաները հավասարապես լավ էր սովորում, բայց հայոց պատմությունն անգիր գիտեր: Հիշում է, թե ինչ հպարտությամբ էր պատմության դասին պատմում Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտերին եզդիների մասնակցության մասին: Շատ էր սիրում հայոց պատմությունը, զուգահեռաբար կարդում էր ձեռքն ընկածը եզդիների անցյալի ու մշակույթի մասին: Հայրն ասել էր. «Եթե ինքդ քեզ, քո արմատը, քո բովանդակությունը չճանաչես, եթե չիմանաս` դու ով ես, ուրիշներին ճանաչել չես կարող»:

Շատ փոքր էր, երբ ավագ եղբայրը՝ Թամոն, եկավ բանակից, աղոտ է հիշում ամեն ինչ, փոխարենը՝ մանկության հուշերում վառ են մյուս եղբոր՝ Շավոյի ծառայության հետ կապված դեպքերն ու դրվագները: Արցախում պատերազմ էր: Ու եղբայրն առաջին գծում էր: Մոր աչքի արտասուքը չէր չորանում, իսկ հայրը սաստում էր. «Զարի՛ֆ,- ասում էր,- մեր տղան հաղթած տուն կգա: Հերոսի պես»: Երբ եղբայրը տուն եկավ, ինքը հազիվ ճանաչեց նրան, զինվորական համազգեստով ասես ուրիշ մարդ լիներ: Հայրն ասաց. «Տղաս եկավ ճակատից ու խաղաղության ավետիս բերեց»:

Մարդիկ հավաքվել էին ու գովում, մեծարում էին եղբորը: Ինքը 8 տարեկան էր այդ ժամանակ ու առաջին անգամ իրեն պատկերացրեց զինվորական համազգեստով: Բաքոյան ընտանիքի երրորդ զինվորը՝ Սուրենը, ծառայեց խաղաղ բանակաշինության առաջին տարիներին: Որդուն բանակ ճանապարհելիս հայրն ասաց.

-Սուրե՛ն, հեշտ չի լինելու: Պիտի դիմանաս, տղա՛ս: Սա էլ քո բաժին պատերազմն է հանուն հայրենիքի:

-Գիտեմ,- պատասխանեց Սուրենն ու էլ ոչինչ չասաց:

Մայրը էլի լալիս էր: Էլի խոսում էին կրակոցների, ցրտի, սովի, հիվանդության ու նման բաների մասին: Ռուստամը արդեն դպրոց էր գնում ու առիթը բաց չէր թողնում ընկերներին փոխանցելու հոր ասածը.

-Արցախյան պատերազմին 500 եզդի է մասնակցել, 46 հոգի զոհվել է հանուն հայրենիքի…

Մի անգամ հորն ասաց. «Ես, ի տարբերություն հայերի, պիտի ամբողջ կյանքում ապացուցեմ, որ Հայաստանն իմ հայրենիքն է»:

Հայրը բարկացավ: Նա երբեք ձայնը չէր բարձրացնում, բայց այդ անգամ գոռաց. «Ոչինչ չես հասկացել: Հայաստանը քո եղբոր` Շավոյի հայրենիքն է, ոչ թե նրա (մի հայի անուն տվեց), ով փախել է երկրից, որ բանակ չգնա»:

Սուրենը բանակից վերադարձավ հաշմված ձեռքով: Էլեվատորով աշխատելիս անզգուշաբար կտրել էր մատների ծայրերը: Բայց Սուրենը ծառայությունը կիսատ չթողեց, հոսպիտալում բուժվելուց հետո վերադարձավ զորամաս: Հայրն ասում էր` Սուրե՛ն, ես հպարտանում եմ քեզնով: Ու Ռուստամը մտածում էր` ե՞րբ է գալու այն օրը, որ հայրն իրեն էլ ասի` տղա՛ս, հպարտանում եմ քեզնով, ինչպես ասել էր Թամոյին, Շավոյին, Սուրենին…

Ռուստամը դպրոցն ավարտեց գերազանցությամբ: Ընդունվեց բուհ (անվճար) ու պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ուներ: Բայց հանկարծ մտափոխվեց, որոշեց թողնել ամեն ինչ ու գնաց բանակ: Զորացրվելուց հետո ավարտեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմա-աշխարհագրական ֆակուլտետը, ապա` Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Այժմ աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում:

-Չեմ սիրում խոսել անավարտ գործերիս մասին: Միայն կասեմ, որ զբաղվում եմ եզդի ժողովրդի ցեղասպանության հարցերով: Երբ աշխատանքս կավարտեմ, այդ ժամանակ մանրամասն կպատմեմ իմ գիտական գործունեության մասին…

Ռուստամ Բաքոյանը ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ մեկնած կամավորականների առաջին շարքում էր, թեեւ ծանր հիվանդությունից` կայծակնային մինինգիտից հետո ուժերն այդպես էլ չեն վերականգնվում, թուլությունն ու գլխացավերը հանգիստ չեն տալիս: Բայց անգամ հիվանդությունը նրան չկարողացավ հետ պահել վտանգված հայրենիքը պաշտպանելու պարտքից: …Տղան վստահ է, որ ինքը հաղթելու է հիվանդությանը, որովհետեւ մեծ նպատակներն ու համարձակ երազանքները ուժ են տալիս իրեն: 

-Ես ամուր եմ կանգնում իմ հողի վրա, իմ հայրենիքում,-հրաժեշտ տալիս ասում է Ռուստամը: -Հայրենիք, որն ի վերուստ չի տրվում: Այն վաստակում են:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ