Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՆԱԿԵՏԻ ԱՎԱԳՆԵՐԸ



Զարմանալի է՝ ինչո՞ւ է մարդը գիտակցաբար ընտրում մի գործ, որն ամեն օր փոքր ու մեծ վտանգներ է ենթադրում: Ովքե՞ր են կանգնած մեր և թշնամու միջև սահմանագծին և իրենց ամենօրյա դժվարին ծառայությամբ թույլ չեն տալիս, որ սասանվի փխրուն խաղաղությունը, որ թիկունքում մեր շեներին վտանգ սպառնա: Ահա երկուսը նրանցից, ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում, պաշտպանում հայրենի եզերքը:

 

ՀԵՆԱԿԵՏԻ ԱՎԱԳՆԵՐԸՍԱՅԱԴ ՆԱԶԱՐՅԱՆ

Հենակետի ավագ, ավագ սերժանտ

Սայադ Նազարյանն արդեն 12 տարի է, ինչ զինված ուժերում է: «Երբ Արցախյան պատերազմն սկսվեց, 9 տարեկան էի,-հիշում է Սայադը: -Հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծում էր մեր և հարակից գյուղերը: Շատ տներ էին վնասվում, բայց այդ ամբողջ ընթացքում ոչ ոք դուրս չեկավ գյուղից` փոքրից մեծ բոլորով այնտեղ էինք: Տղամարդիկ դիրքերում հերթապահում էին, կանայք նրանց համար հաց էին թխում, կերակուր պատրաստում: Երբեք չեմ մոռանա այդ օրերը»: Հիշողության մեջ մի պատկեր է անվերջ կրկնվում. գյուղացիները դպրոցի շենքում հավաքված՝ սրտի դողով հետևում էին, թե ինչպես են հակառակորդի հրետանու արկերը թռչում գյուղի ուղղությամբ: «Սարսափով, շունչներս պահած նայում էինք` ում տանը ինչ վնաս կլինի… Գնդակոծություններից մեկի ժամանակ էլ մեր տունը պայթեց, միայն պատերն էին մնացել: Այդ տարի պետությունը գյուղի երկու ընտանիքի տնով ապահովեց. մեկը մենք էինք»:

Սայադի հայրը 1989 թվականից մասնակցել է իրենց սահմանամերձ բնակավայրի պաշտպանությանը, հետո մեկնել է Արցախ: «Քեռուս հետ միացավ Վանաձորից Արցախ մեկնողների խմբին: Նրանից որևէ տեղեկություն չէինք կարողանում ստանալ: Նույնիսկ չգիտեինք, թե Արցախի որ հատվածում էր կռվում: Սրտատրոփ հետևում էինք լուրերին, թե որտեղ ինչ է կատարվում, զոհեր կա՞ն, չկա՞ն…: Ֆիզուլու համար մղվող մարտերի ընթացքում ականի պայթյունից հայրս վիրավորվեց. մարմնի մեջ 42 բեկոր կար: Քսան օր Երևանում բուժվելուց հետո նորից մեկնեց Ֆիզուլի: Մենք ոչ նրա գալն ենք իմացել, ոչ գնալը: Երբ արդեն Ֆիզուլու համար մղվող մարտերն ավարտվեցին, և այն մերոնց վերահսկողության տակ անցավ, հայրիկիս մարտական ընկերները նրան տուն բերեցին: Հսկայական մորուքով շատ զարմանալի ու անսովոր տեսք ուներ: Հպարտությամբ մտածեցի՝ հայրս իսկական ֆիդայի է»:

Պատերազմից հետո Սայադի հայրը շարունակել է զինվորական ծառայությունը  և միայն 2000 թվականին սահմանային տարիքը լրանալուց հետո զորացրվել: «ԲՄՊ-2-ի մեխանիկ էր,- պատմում է Սայադը: -Ամեն անգամ, երբ պատրաստվում էր ճակատ մեկնելու, ո՜նց էի լացում, խնդրում, որ ինձ էլ հետը տանի: Համեմատաբար խաղաղ ժամանակ ինձ տանում էր, ծանոթացնում զենքի, տեխնիկայի հետ: Այն ժամանակվանից արդեն շատ եմ սիրել զինվորական գործը, երազել եմ որպես ժամկետային զինծառայող բանակ գնալու մասին: Երբ զորակոչվելուս ժամանակը եկավ, իմ խնդրանքով ծառայության անցա Արցախում»:

Ծառայել է հետախուզական դասակում` որպես ավագ հետախույզ: Միշտ գերազանց է կատարել առաջադրանքները: Արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների: Երկու տարի հետո էլ  որոշել է պայմանագրային ծառայության անցնել իր ծննդավայրին մոտ: Պայմանագրային ծառայության ընթացքում էլ մեկ անգամ չէ, որ Սայադը խրախուսվել է, գումարտակի լավագույն զինծառայողի կոչմանն է արժանացել:

«Թշնամու դիրքերն այստեղից շատ մոտ են,-ասում է հենակետի ավագը:-Չորրորդ հերթափոխն է, որ հենց այս դիրքում եմ: Ծառայությանս մեծ մասը մեկ այլ բարձրադիր հենակետում եմ անցկացրել, որտեղից մեր և հակառակորդի տարածքի մի մեծ հատված կարծես ափիդ մեջ լինի: Ծառայությանս ընթացքում հատկապես 2014թ. օգոստոսյան դեպքերն են տպավորվել: Ամեն ինչ անսպասելի սկսվեց: Մի ամիս շարունակ «Շիլկա»-ով, ԲՄՊ-2-ով խփում էին մեր դիրքերին, մեր սահմանամերձ գյուղերին: Փառք Աստծու, մարդկային և զինտեխնիկայի կորուստ չունեցանք, միայն  աննշան նյութական վնասներ: Բայց եթե նույն ուժգնությամբ մե՛նք հարվածներ հասցնեինք, հսկայական վնասներ կպատճառեինք նրանց»:

«…Երբ այստեղ եմ լինում, ինձ թվում է, որ թիկունքն ապահով է»,- մտորում է հենակետի ավագը: Խոսում ենք նրա «թիկունքի» մասին: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Որդին առաջին դասարանում է սովորում, աղջիկը չորս տարեկան է: «6-ամյա Գագիկիս  հիմիկվանից նախապատրաստում եմ ծառայությանը, և շատ առումներով նա արդեն պատրաստ է. սովորել է պատվի առնել, անցնել շարային քայլքով, զինտեխնիկայի մասին բավականաչափ գիտելիքներ ունի: Երբ տուն եմ գալիս, անընդհատ հարցեր է տալիս. իսկ այսօր հակառակորդը կրակե՞լ է, ինչո՞վ է կրակում, դա ի՞նչ զենք է: Սեփական համազգեստն ունի, ես էլ իրեն «լեյտենանտի» կոչում եմ շնորհել: Խոստացել եմ, որ, եթե իրեն լավ պահի, երեք տարի հետո մի աստիճանով էլ կբարձրացնեմ կոչումը»:

-Կարո՞ղ է՝ մինչև ժամկետային ծառայության անցնելը գեներալ դառնա:

-Չէ՛, չի հասցնի,- կեսկատակ-կեսլուրջ  պատասխանում է Սայադը:

-Մինչև ե՞րբ եք ծառայելու:

-Մինչև բանակ հասկացությունը վերանա, դրա կարիքն ընդհանրապես չլինի,- ժպիտով ասում է Սայադը: -Իսկ եթե ավելի լուրջ, մինչև զորացրվելուս պահը սիրով կմնամ բանակում, կծառայեմ քանի դեռ կարող եմ, քանի դեռ լավ եմ կարողանում անել գործս:

 

ՀԵՆԱԿԵՏԻ ԱՎԱԳՆԵՐԸՏԻԳՐԱՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

Հենակետի ավագ,

ենթասպա

 Մեր երկրի հյուսիսարևելյան սահմանագոտու ամենաբարձրադիր հենակետերից մեկում ենք: Հենակետի ավագ Տիգրան Չիբուխչյանն այս բարձունքն իր երկրորդ տունն է համարում: Հաղթահարելով զառիթափ ոլորապտույտ կածանը` հասնում ենք դիտակետերից մեկը: Ավագը մանրամասն ներկայացնում է իր հենակետի առանձնահատկությունները, նշում թշնամու դիրքերի նկատմամբ դրա առավելությունները, դիտակետից ցույց է տալիս հակառակորդի դիրքերը, բացատրում, թե ինչպես են իրականացնում դիտարկումը:

«Թշնամու ամբողջ շարժին այստեղից հետևում ենք: Ինչ մեքենա եկավ-գնաց, զինվորներն ամբողջ օրը ինչով են զբաղված, ամեն ինչ գիտենք:  Երբ կրակոց է լինում, այստեղից պարզ երևում է, թե որտեղից կրակեցին: Մեր բնակելի ավաններից մեկն այստեղից շատ մոտ է, գնդացրով կարող են կրակել տների վրա: Հաճախ անկանոն կրակին չենք պատասխանում, «կրակի վրա յուղ չենք լցնում», բայց հենց մեր շեներին, մեր խաղաղ բնակչությանն սպառնացող վտանգ է լինում, պատասխանը չենք ուշացնում:

Մեր դիրքի անձնակազմը մի ընտանիքի պես է: Ջահելն էլ կա, տարիքովն էլ, բայց բոլորս իրար հետ հավասար, հաշտ ու համերաշխ ծառայում ենք, մի տան պես ապրում: Վստահելի են բոլորը: Հմուտ զինծառայողներ են, ոգիները՝ տեղը»,- ասում է Տիգրանը:

Ենթասպա Չիբուխչյանը` որպես ժամկետային զինծառայող, զորակոչվել է 1998-ին, եղել է տանկի հրամանատար: Զորացրվելուց հետո՝ 2001 թվականից կրկին ծառայության է անցել զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող: Արդեն երրորդ տարին է, ինչ մարտական հենակետում է: «Ամենից շատ ինձ հենց մարտական հերթապահությունն է գրավում: Զինվորական ծառայությունն սկսվում է սահմանից,- ասում է Տիգրանը: -Այստեղ մի ուրիշ մթնոլորտ է: Զինծառայության մեջ ցանկացած տեղում էլ պատասխանատվությունը մեծ է, բայց այստեղ ամեն ինչ առանձնահատուկ է: Այստեղ… ինչպե՞ս բացատրեմ, իսկական ծառայություն է: Նայում ես հետ` մեր բնակավայրերն են, նայում ես առաջ` հակառակորդի դիրքերն են: Սահմանի այս տեղանքում հակառակորդի սադրանքները սովորական են: Միշտ պետք է զգոն լինենք. թիկունքում մեր հարազատներն են աշխատում, գիշերներն էլ մեր հույսով խաղաղ քնում են: Մեր դիտորդների ընտանիքները 4 կիլոմետր հեռու՝ ա՜յ էն գյուղում են ապրում: Իմ ծննդավայր գյուղն էլ այստեղից  7 կիլոմետրի վրա է: Էս հող ու ջրից ենք բոլորս էլ, մեր հողն ենք պահում…»:

Տիգրանը զինծառայողի իր ընդօրինակելի տիպարն ունի. «Հայրս Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ներգրավվել է ազատամարտում,  կռվել է «Սարո» ջոկատի կազմում: Խմբի տղաներով հավաքվում էին մեր տանը, լամպի լույսի տակ զենքերն էին մաքրում, լիցքավորում… Ողջ գիշեր արթուն` դեռ լույսը չբացված՝ կրկին սահմանին էին: Ինքնաձիգ էլ չունեին, իրենց որսորդական զենքերով էին կռվում: Մարտական գործողություններից մեկի ժամանակ հայրս վիրավորվեց ականի պայթյունից: Պատերազմից հետո էլ չթողեց զինծառայությունը, համալրեց կանոնավոր բանակի շարքերն ու ծառայեց մինչև թոշակի անցնելը: Ես հիմա պատվով շարունակում եմ նրա գործը: Որդիս էլ է կամաց-կամաց վարժվում զինվորականի ընտանիքի առանձնահատուկ դրվածքին: Որ հարցնում են. «Պապան ո՞ւր է», ցույց է տալիս շուրջբոլորը, ասում է՝ չկա: Դեռ լավ չի պատկերացնում գործիս բնույթը, բայց հենց համազգեստս հագնում եմ ու պիտի տնից դուրս գամ՝ ինձնից խռովում է: Գալուց հետո էլ մի ժամ հետս չի խոսում, չի խաղում:

 Կինս Ախալքալակից է: Ինքն էլ սահմանամերձ գյուղից է` Կարզախից: Ինչպես բոլոր պայմանագրայինների, սպաների կանայք, նա էլ համբերատար ու կոփված է: Հասկանում է, որ մեր գործը սա է: Եթե մենք սահմանը չպահենք, ո՞վ դա կանի մեր փոխարեն: Սա էլ զինվորականի ճակատագիրն ու կյանքն է… Ես ոչ մեկին չեմ վստահի իմ դիրքը…

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Ազգային բանակ


13/12/2017