Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՎ, ԵԹԵ ՈՉ ԵՍ
ՈՎ, ԵԹԵ ՈՉ ԵՍ

ՈՎ, ԵԹԵ ՈՉ ԵՍԶրույց Արցախի Հանրապետության Մարտունու զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ ՎԱՀԵ ԳԵՆՈՒԼՅԱՆԻ հետ

 

-Պարոն փոխգնդապետ, նախ անդրադառնանք Ձեր արմատներին, որտեղի՞ց եք սերում: Գենուլյան ազգանուն երբեք չէի լսել:

Հետաքրքիր է, գիտե՞ք Ձեր ազգանվան ստուգաբանությունը:

-Հայրական կողմի պապս Տիգրանակերտից էր, Դիարբեքիրից, ջարդի ժամանակ պապիս մեծ գերդաստանին կոտորել են, մանկահասակ պապիս եւ իր եղբորը թուրքերի ճիրաններից քրդերն են փախցրել, փրկել: Պապս 16 տարեկանից կամավոր ծառայության է անցել Սիրիայում` ֆրանսիական զորքի կազմում գործող Արեւելյան (հայկական) լեգեոնում, մասնակցել Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին: Ենթադրում եմ՝ մեր ազգանունը  արաբական ծագում ունի: Հայրս ասում էր, որ նշանակում է Կամավորյան:

-Ինչո՞ւ հենց բժշկությունն ընտրեցիք:

-Տատս վատառողջ էր, անընդհատ դեղեր էր խմում, մայրս պատմում է, որ ես փոքր ժամանակ խնդրել էի, որ ինձ դեղեր տալու ժամանակը ժամացույցի սլաքներով սովորեցնի, ու ջանասիրաբար հետևում էի, որ տատս ճիշտ ժամանակին դեղն ընդունի:

-Բժշկել նշանակում է օգնել, կողքինի ցավը մեղմել: Բժշկի մասնագիտական ունակությունները շատ կարեւոր են, բայց պակաս կարեւոր չէ, որ բժիշկը գթասիրտ լինի, հոգատար, ուշադիր: Տաք ու ջերմ, սրտաբուխ վերաբերմունքը նույնպես ամոքում է: Հիվանդը պետք է հավատա եւ վստահի բժշկին:

-Անառարկելի ճշմարտություն է՝ հավատը բժշկի նկատմամբ ամենաթանկ դեղամիջոցն է:

-Ո՞վ է բժշկի Ձեր կատարելատիպը:

-Լուսահոգի Սերգեյ Իվանիչը: 1998-1999 թթ. ինտերնատուրան կենտրոնական զինվորական հոսպիտալում էի անցկացնում, վիրաբուժություն էի սովորում, ուսուցիչս ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ Սերգեյ Հարությունյանն էր: Նա իսկական բժշկի կատարելատիպ էր՝ իր վարքով, նկարագրով գործի նվիրյալ էր, բարի, հանգիստ, հոգատար, մեծի հետ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Մեր ավագ ընկերն էր, խորհրդատուն…Կարող եմ անվերջ թվարկել … Այդ հրաշալի մարդն ու բարձրակարգ վիրաբույժը զոհվեց, երբ բժիշկների խմբով թռչում էին Արցախ՝ զինվորի կյանքը փրկելու…

-Պարոն Գենուլյան, բժշկի և զինվորականի մասնագիտությունը զուգակցելը հե՞շտ է.

-Երկուսն էլ պատասխանատու են ու պարտավորեցնող:

-Ծառայել եք զորամասում՝ բուժկետի պետ, բուժծառայության պետ, հետո ավարտել եք կլինիկական օրդինատուրան` անզգայաբան-վերակենդանացնող մասնագիտությամբ: Շուրջ տասը տարի աշխատել եք որպես վիրահատա-վերակենդանացման բաժանմունքի պետ, այնուհետ՝ հոսպիտալի պետի տեղակալ, 2011թ.՝ հոսպիտալի պետ: Պաշտոնը, դիրքը հաճախ փոխում են մարդուն, «խմբագրում» նրա խառնվածքը: Հե՞շտ է ղեկավար լինելը:

-Դժվար է: Ես երբեք անցյալը չեմ մոռանում: Մի պարզ ճշմարտություն կա. դիրքը, պաշտոնը ժամանակավոր են, կարևորը մարդկային փոխհարաբերություններն են, որ պետք է անխաթար պահել: Հիմա պատասխանատվությունս ավելի է մեծացել սպայի, զինվորի, անձնակազմի նկատմամբ…

-Ի՞նչ հաջողություններ ունի այսօր հոսպիտալը: Եթե չեմ սխալվում՝ մի քանի տարի առաջ ՊԲ-ում ճանաչվել էր լավագույնը:

-Յուրաքանչյուր հաջողություն արդյունք է համախմբված աշխատանքի: Կարողանում ենք ցանկացած վիրավորի, հիվանդի որակավորված օգնություն ցուցաբերել: Մեր բժիշկներն աչքի են ընկնում մասնագիտական պատրաստվածությամբ: Ուզում եմ անպայման շեշտել՝ մեր բոլոր հոսպիտալները միմյանց հետ սերտ համագործակցում են, թիմային աշխատանքը արդյունավետ է, միասնական աշխատաոճ ենք մշակել: Իրենց գործուն աջակցությամբ մշտապես մեր կողքին են ՊԲ գլխավոր վիրաբույժ Սամվել Գեւորգյանը, ՊԲ ռազմաբժշկական բաժնի պետ, գնդապետ  Հրաչ Եգորյանը և բոլոր հոսպիտալների մասնագետները:

Զորամասերի բժիշկների հետ նույնպես սերտորեն համագործակցում ենք, այցելում ենք զորամասեր, տեղում անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերում: Շարժական ֆլյուորոգրաֆիկ մեքենաները շրջում են զորամասերում եւ անձնակազմին ենթարկում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության:

-Քառօրյա պատերազմի օրերին ռազմական բժիշկները գերազանց աշխատեցին…

 – Այդ օրերին ամենածանրը, ամենացավալին, ամենաողբերգականը հրթիռահրետակոծության հետեւանքով զոհված 12 տարեկան տղայի մահն էր…

Պատերազմում միայն հակամարտող կողմերի զինվորները չէ, որ զոհվում են….

Բժշկի պարտքն է ամեն գնով պայքարել հիվանդի կյանքի համար: Ու մենք պայքարեցինք:

-Կյանքը ուրախություններով ու տխրություններով լի մի շղթա է: Կվերհիշե՞ք կյանքի ուրախ պահերը:

-Ուրախ պահե՞ր… Փրկված կյանքերը, երբ զինվորը ոտքի վրա է, երբ հետեւում են մնացել բոլոր առողջական լուրջ խնդիրները, բոլոր տագնապները, անորոշությունները, ու լուսավոր ժպիտ կա զինվորի դեմքին…

-Դուք մեծացել եք մայրաքաղաքում: Խաղաղ ու հանգիստ…

-Հասկացա Ձեզ` ինչո՞ւ եմ եկել վտանգված գոտի: Այդ հարցը տվեք ցանկացած զինվորական բժշկի, վստահ եմ՝ նույն պատասխանը կլսեք՝ ով, եթե ոչ ես …Ամեն մարդ այս աշխարհում իր գործն է անում՝ գրողը գիրք է գրում, ուսուցիչը՝ կրթում, նկարիչը ՝ նկարում, բժիշկն էլ կյանքեր փրկում…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ