Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ԵՍ ԼԱՎ ԲԺԻՇԿ ԵՄ
…ԵՍ ԼԱՎ ԲԺԻՇԿ ԵՄ

...ԵՍ ԼԱՎ ԲԺԻՇԿ ԵՄԱմիսներ առաջ համացանցում տարածված տեսանյութը տագնապալի էր ու հուզիչ: Առաջնագիծ նկարահանման գնացած «Շանթ» հեռուստաընկերության օպերատորն ու ռեժիսորը հայտնվել էին ադրբեջանցի դիպուկահարի նշանառության տակ: Նրանք մի կերպ նետվեցին մեքենայից ու պատսպարվեցին փոքրիկ թմբի հետեւում, բայց դիպուկահարը հասցրեց կրակել օպերատորի ոտքերին: Տեսախցիկն աշխատում էր, ու ամեն ինչ կատարվում էր մեր աչքի առաջ: Օպերատորի մի ոտքը անբնական կախված էր, մյուսից այնքան արյուն էր հոսել, որ զինվորական համազգեստը կարմրել էր: Դիպուկահարը շարունակում էր կրակով փակել ծուղակի մեջ հայտնվածներին օգնության շտապող զինվորականների ճանապարհը: Իսկ օպերատորը, որքան էլ ասում էր` «ժողովուրդ ջան, չվախենաք, բան չկա, լավ է լինելու», մեր աչքի առաջ րոպե առ րոպե գունատվում ու արնաքամ էր լինում: 

…Վերջապես սկսեց մթնել, ու մեքենան մոտեցավ վիրավորին: Վայրկյաններ անց արդեն զինվորական համազգեստով բժիշկները օգնություն էին ցույց տալիս օպերատորին: Մեկը, որ հրահանգներ էր տալիս մյուսներին, եւ որին Սանյա էին կոչում, ուղղեց ու վիրակապեց օպերատորի ջախջախված, արյունլվա ոտքը: Տեսախցիկը ցույց էր տալիս բժշկի ձեռքերը` վարժ, արագ ու վստահ շարժումներով: Իսկ դեմքը չէր երեւում: Ես ուզում էի տեսնել բժշկի դեմքը, բայց որքան էլ հետուառաջ արեցի տեսանյութը, որքան էլ ուշադիր նայեցի, Սանյայի դեմքն այդպես էլ չերեւաց: Բայց անունը մնաց հիշողությանս մեջ:

♦♦♦

…Հոսպիտալում հավաքվել են ստորաբաժանումների բուժծառայությունների պետերը: Նախաձմեռային պատրաստության հետ կապված հարցեր են քննարկում: Խոսում են, բանավիճում, բողոքում, առաջարկություններ անում:

-Այստեղ է նաեւ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Ղազարյանը, որը փրկեց դիպուկահարի կրակոցից վիրավորված օպերատորի կյանքը: Մեր լավագույն զինվորական բժիշկներից է: Պատահել է՝ ամիսներով իր երեխայի երեսը չի տեսել, մնացել է զինվորի կողքին,- ասում է սահմանային զորամասերից մեկի բուժծառայության պետը:

…«Սանյան»՝ վայրկենապես ուղեղս լուսավորվում է, բարձրանում եմ տեղից, որ տեսնեմ Ալեքսանդրի դեմքը:

-Ոտքի կանգնիր,- դիմում է զինվորականը ընկերոջը: Բայց Սանյան տեղից չի շարժվում: Ընկերը ձեռքից քաշելով` ուժով ոտքի է կանգնեցնում բժշկին:

Միջահասակ է, թուխ ու… դժգոհ: Հազիվ 30 տարեկան: Խոժոռ նայում է շուրջն ու անմիջապես նստում: Հետո ժողովը շարունակվում է: Ես հայացքս չեմ կտրում Սանյայից: Բոլորը խոսում են, պատմում, Սանյան նստել է անկյունում ու անվերծանելի հայացքով նայում է բեմին:

Հենց ժողովն ավարտվում է, դուրս եմ գալիս դահլիճից ու դռների մոտ սպասում եմ Ալեքսանդրին.

-Պիտի Ձեզ հետ հարցազրույց անեմ:

-Ինչո՞ւ հենց ինձ հետ, էսքան զինվորական բժիշկներից ինչո՞ւ հենց ինձ ընտրեցիք,- հարցնում է անթաքույց դժգոհությամբ:

-Դե, որովհետեւ Դուք եք վիրավոր օպերատրին բժշկական օգնություն ցույց տվել վտանգավոր տարածքում, հակառակորդի նշանառության տակ…

-Բա ո՞վ պիտի բժշկական օգնություն ցույց տար… թիկունքի պե՞տը… Սահմանին անվտանգ տարածք չկա, անվտանգ լինի, վիրավոր չենք ունենա, զինվորական բժշկի կարիք էլ չի լինի,- ասում է առանց ձեւականության: Ու ինձ ավելի է դուր գալիս:

-Ինչի՞ց եք դժգոհ,- հարցնում եմ ակամա: Ժպտում է:

-Ե՞րբ զրուցենք:

♦♦♦

Սանյան մի ժամից պիտի գա: Նրա կենսագրությունն եմ կարդում: Ուրեմն` մի անգամ հեռացրել են ռազմաբժշկական ֆակուլտետից: Զորակոչվել է որպես շարքային զինվոր: Հետո նորից վերականգնվել է ռազմաբժշկական ֆակուլտետում: Երկուսուկես տարվա ծառայող է, բայց արդեն 4 նկատողություն ունի: Հիմա նրան ճանաչելու, նրա մասին գրելու ցանկությունս ավելի է մեծացել: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է միայն «գերազանցիկների» մասին գրենք: «Բանակի պաշտոնաթերթը հո պատվո տախտա՞կ չէ»` սիրտ եմ տալիս ինքս ինձ:

♦♦♦

-Ձեր կենսագրությունն էի կարդում: Բոլոր նկատողությունները հանվա՞ծ են:

-Հա: Սկսում ենք մաքուր էջից:

-Ձեր ցանկությա՞մբ եք ընտրել զինվորական բժշկի մասնագիտությունը, թե ինչ-որ մեկի երազանքն եք իրականացրել:

-Միշտ սիրել եմ բժշկի գործը: Իսկ ես, եթե սիրեցի, մինչեւ վերջ նվիրվում եմ: Ինձ համար նշանակություն չի ունեցել, թե ինչ գնահատական կստանամ: Սովորել եմ, որովհետեւ հաճույք եմ ստացել սովորելուց, սովորել եմ, որ լավ մասնագետ դառնամ:

-Ձեզ ինչո՞ւ են հեռացրել բուհից:

-Դա սովորելու հետ կապ չունի: Դասախոսն անտեղի վիրավորեց ինձ, ես էլ պատասխանեցի: Հեռացրին:

-Սովորաբար, երբ ուսանողին բուհից հեռացնում են, նա հազվադեպ է վերադառնում ուսումը շարունակելու:

-Չէ, ես պիտի զինվորական բժիշկ դառնայի, ուրիշ տարբերակ չկար:

-Իսկ ինչո՞ւ՝ զինվորական:

-Ես Ստեփանակերտում եմ մեծացել: Իմ սերունդը զինվորական դառնալուց բացի ուրիշ երազանք չի ունեցել: Իմ մանկությունն անցել է բունկերներում` «գրադի» օրորի տակ:

-Մանկություն չե՞ք ունեցել:

-Ունեցել եմ: Լիքը ուրախություն: Երբ հայրս վերադառնում էր ճակատից ու գրկում ինձ: Նոր տարվա սպասումը, եթե անգամ Ձմեռ պապին տեղ չէր հասնում` իր նվերների տոպրակով: Ծննդյան տորթը` մոմերը վրան: Մի անգամ մեծ ավտո նվեր ստացա: Երբեք այդքան երջանիկ չեմ եղել, նույնիսկ՝ այն ժամանակ, երբ կռիվն ավարտվեց, ու զենքերն օդ էին կրակում` գույնզգույն ներկելով երկինքը:

-Ո՞նց եք սովորել դպրոցում:

-Սովորել եմ այն, ինչ սիրել եմ: Ես մեծ հաճույքով գեղարվեստական գրականություն էի կարդում: Շատ եմ կարդացել, սիրում եմ կարդալ: Ի դեպ, ես Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին դիմորդների թվում էի:

-Ի՞նչ տվեց Ձեզ ուսումնառությունը վարժարանում:

-Տեղեկություն բանակի մասին ու շատ ընկերներ:

-Իսկ Ձեր բնավորության մեջ բան չփոխվե՞ց:

-Չէ: Իմ մանկության հերոսը եղել է քեռիս, որը բժշկական քոլեջում ուսումը կիսատ թողած` գնաց ռազմաճակատ, որ փրկի զինվոր ազատամարտիկներին: Նա 16 տարեկան էր այդ ժամանակ: Ոչ մի կանոնագիրք նրան չէր ստիպում վտանգել սեփական կյանքը՝ ուրիշների կյանքը փրկելու համար: Ոչ մի կանոնագիրք չի կարող մարդու հոգում արթնացնել կարեկցանք, մարդասիրություն, նվիրում, մինչդեռ ամենակարեւորը հենց այդ ներքին մղումն է:

-Կանոնագիրք ասացիք, հիշեցի` երկուսուկես տարում 4 նկատողություն եք ստացել, շատ չէ՞:

-Շատ է:

-Ինչի՞ համար եք ստացել:

-Ամբողջ գիշեր ջերմող զինվորի անկողնու մոտ նստելուց հետո առավոտյան չեմ գնացել շարք կանգնելու: Մոռացել եմ պատիվ տալ ինձնից կոչումով բարձր զինվորականի. միտքս զբաղված էր…

-Դուք Ձեզ լա՞վ զինվորական եք համարում:

-Ես ինձ լավ բժիշկ եմ համարում: Ու հրամանատարներս էլ նույն կարծիքին են: Եթե հարցնեք նրանց, նրանք կասեն, որ ես փայլուն զինվորական չեմ, բայց լավ բժիշկ եմ:

-Իսկ ի՞նչ կասեն զինվորներդ:

-Իրենցից հարցրեք:

-Դուք ասեք:

-Կասեն, որ հարազատի պես խնամել եմ իրենց: Ես կյանքս կտամ զինվորի կյանքի համար: Աղջկաս առաջին անգամ տեսա նոր ծնված ժամանակ, հետո ՝ արդեն 5 ամսական էր, հաջորդ անգամ ինը ամսականում հանդիպեցինք: Դրսում տեսնեի՝ երեխայիս չէի ճանաչի, որովհետեւ ուրիշների երեխաների կողքին էի, երբ նա մեծանում էր: Ես սա ասում եմ առանց կեղծ համեստության ու հպարտությամբ: Ես եմ ընտրել իմ ճանապարհը: Ծառայել եմ ամենաթեժ կետերում` Եղնիկներ, Թալիշ… Ես ուրիշ չափագրության մեջ եմ ապրել: Ապրիլյան պատերազմը, իրոք, ավելի դաժան էր համեմատաբար: Բայց սահմանին մեր պատերազմը ամեն օր է: Այս տարի մինինգիտի երկու դեպք ունեցանք: Երկու զինվորն էլ փրկվեցին, որովհետեւ, երբ Նոր տարվա գիշերը զանգեցին ու ասացին, որ զինվորը դիրքերում ջերմում է, ամեն ինչ թողեցի ու գնացի զինվորի մոտ: Չասացի` ջերմիջեցնող տվեք, առավոտյան կգամ: Ջերմիջեցնողը հիվանդի վիճակը կլավացներ, բայց մի քանի ժամում մինինգիտը այնքան կզարգանար, որ դժվար կլիներ զինվորին փրկելը:

Մյուս դեպքի մասին իմացա գիշերվա ժամը 4-ին: Զինվորը դարձյալ դիրքերում էր: Անմիջապես տեղ հասա: Հասկացա, որ մինինգիտի ախտանշաններ են: Սկսեցինք պայքարել տղայի կյանքի համար: ….Ամենակարեւոր բաները գրված չեն կանոնագրքում: Եթե բոլորիս խղճի ու մարդասիրության, ազնվության ու արժանապատվության ներքին օրենքը գործեր, կանոնագրքերի կարիք չէր լինի:

-Բարի ծառայություն, բժի՛շկ:

-Առողջ եղեք:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

մայոր

Լուս.՝ ԺԱՆՆԱ  ՖՈՒՐՏՈՅԱՆԻ