Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՆՈՒՆ ԽԱՐՏՅԱՇ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ



ԱՆԱՆՈՒՆ ԽԱՐՏՅԱՇ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Պատերազմի և խաղաղության հարցը միշտ էլ հուզել է ինձ։ Ոչ քաղաքական կամ ռազմագիտական հետաքրքրասիրությանս հագուրդ տալու նկատառումով, ոչ էլ՝ մեղավորներին ու անմեղներին զանազանելու, դատափետելու կամ հերոսացնելու համար։ Այդ առաքելությունը թողնում եմ պատմաբաններին, թող գլուխ կոտրեն, թող գրքեր գրեն ու անհույս փորփրեն պատերազմի գաղտնարանները, միևնույն է` թացը չորից ջոկելու ջանքերում հազիվ թե հաջողության հասնեն։ Թեման ինձ հետաքրքրել է զուտ կարծրացած պատյանից դուրս գալու ու երեխաների հարցերին պատասխան գտնելու պարզ ցանկությունից դրդված։ Հետևաբար, մեծահասակներին խնդրում եմ պատմվածքում ծնված եզրահանգումները լուրջ չընդունել, տողատակում թաքնված գլուխգործոցներ չփնտրել ու ինձ էլ չքարկոծել ավելորդ խաղաղասիրության կամ մեր հերոսների դերակատարությունը ուրանալու համար։ Չէ՞ որ պատերազմի ու խաղաղության արանքում միշտ էլ կանգնած է մի վեցամյա տղա, ու մենք` մեծահասակներս, պարտավոր ենք գոնե ժամանակ առ ժամանակ պատասխանել նրա անմեղ հարցերին։ Պարտավոր ենք վեցամյա Տիգրանին հայերեն, անգլերեն կամ իրեն հասկանալի մեկ այլ լեզվով բացատրել, թե ինչ է նշանակում մանկական թոթովանքի ուղեծրում ոչ մի կերպ չխցկվող այդ նորահայտ բառը.

-Ի՞նչ է պատերազմը, ինչո՞ւ են մարդիկ իրար սպանում,- կհարցնի նա:

-Չգիտեմ, կմեծանաս՝ կիմանաս,- անկապ կասեմ ես,- ավելի լավ է՝ չիմանաս:

-Ուրեմն չե՞մ մեծանա,- կզարմանա Տիգրանը:

-Պատերազմը խաղ է,- բերանիցս կթռցնեմ ես:

-Խա՞ղ:

Կան պատմություններ, որ չեն պատմվում, դառնահամ են ցայտում: Կան այնպիսիք, որ պատմվում են, ինչպես իտալական «Կյանքը հրաշալի» է ֆիլմում: Եթե հիշում եք, հայրը փորձում է մի ամբողջ համաշխարհային պատերազմ վեցամյա տղային մատուցել որպես խաղ, որպես մրցավազք՝ հանուն կարևոր մրցանակի՝ մի իսկական ամերիկյան տանկի: Տղան էլ ընդունում է մարտահրավերը և ինչ-որ փրկարար տուփի մեջ պատսպարված ծիկրակելով՝ ավտմատի փողերի ուղեկցությամբ գնդակահարության գնացող հոր աչքի զվարթ թարթն ընկալում է որպես կատակ ու սրտի տրոփյունով սպասում գլխավոր մրցանակին: Իհարկե, ֆիլմն ավարտվում է ամերիկյան ազատարար տանկի հայտնությամբ՝ տանկի աշտարակի վրա տղայի հաղթական վերելքով՝ անխնա արցունք քամելով հանդիսատեսի աչքից: Հետո, երբ փակվել են այս սրտառուչ պատմության վարագույրները, տղան հավանաբար շատ երկար է խորհել, թե ինչու այնուամենայնիվ հայրն աչքով արեց: Կամ ինչո՞ւ էր ծաղրածուի նման աջուձախ թափահարում ձեռքերն ու դոփում ոտքերը: Մտածել ու երևի չի գտել հարցի պատասխանը: Կամ գուցե գտե՞լ է: Մի տասը երկար ու ձիգ տարի հետո մտքի անհավանական թռիչքով գտել ու հաղթական կեցվածքով եզրակացրել է, որ պատերազմը, այնուամենայնիվ, խաղ է, մասնակիցներն էլ՝ սովորական ծաղրածուներ։

ԱՆԱՆՈՒՆ ԽԱՐՏՅԱՇ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՀիմա դառնանք մեր պատմությանը: Ավելի ճիշտ՝ մեր պատերազմին: Գուցե՝ մեր խաղին: Այստեղ չկան իտալացի տղաներ, չկան անձնազոհ հայրեր ու ամերիկյան ազատարար տանկեր, բայց այն համեմված է նույն՝ կարմիր գույնով, որ առատորեն հորդում է բոլոր պատմության դասագրքերի էջերից, ծորում և մթագնում է մեր հիշողության զգայարանները: Ի՞նչ տարբերություն, թե երբ է տեղի ունցել պատերազմը, ի՞նչ ազգեր ու երկրներ են մասնակցել: Նույն դառնահամն է, նույն տուփը, որտեղից ծիկրակում են վեցամյա տղաների վախվորած աչքերը, ու թե բախտները բերում է՝ չեն տեսնում ավտոմատի փողերի ուղեկցությամբ գնդակահարության գնացող, ճամփին էլ աչքով անող, ուրախ-ուրախ ձեռքերը թափահարող ու ոտքերը դոփող իրենց հորը:

Մեր պատմության հերոսները գուցե մտացածին են, գուցե՝ իրական: Որոշ մանրամասներ բերանից բերան անցնելով՝ գուցե փոխել են իրենց բնույթը, ծամածռվել ու հանգրվանել այս պատմվածքի էջերում: Համենայնդեպս, ցուցակը սպառիչ է: Ցուցակում ունենք մի լեգենդար գեներալ, պատերազմի առաջնագծում ապրող մի երիտասարդ զույգ, մի պատանդառու թշնամի ու մի գերված հայ պատանի: Եվ ամենակարևորը՝ վեցամյա անանուն երկվորյակներ, խարտյա՜շ-խարտյա՜շ։

Սկսենք գեներալից: Գեներալը գեներալ չէր դառնա, եթե ժամանակին չկատարեր իր կյանքի ամենադժվար առաջադրանքը: Գունեղ պատմության սիրահարները հիմա զոռ կտան երևակայությանը ու կպատկերացնեն, թե գեներալի ամենադժվար առաջադրանքի կատարման արդյունքում ոչնչացվել է թշնամու ռազմավարական նշանակության մի հենակետ կամ թե ազատագրվել է հնամենի հայրենիքի մի սուրբ մասունք: Առավել գիտակներն ու լայնախոհները կտնտղեն գեներալի կրծքին շողարձակող շքանշանների տարափը, կփորձեն փորձագիտական հմտություններն ու գիտելիքները համադրել ու պայծառատեսի վստահությամբ ազդարարել, թե գեներալի մտահղացման արդյունքում ճակատի ամբողջ երկայնքով բեկումնային շրջադարձ է տեղի ունեցել ռազմական գործողությունների ընթացքում: Ասեմ, որ սխալված չեն լինի։ Վառ երևակայությամբ մեր գիտակներին թողնենք ճշմարտության փնտրտուքի մեջ ու խոսք տանք գեներալին.

-Գիտե՞ս՝ որն է եղել իմ կյանքի ամենադժվար առաջադրանքը,- մի օր անակնկալ կհարցնի գեներալը՝ տարակուսանքի մատնելով ինձ, մի երիտասարդ սպայի, ով տարիներ շարունակ փորձել, սակայն լիակատար ձախողման էր մատնվել պատերազմի մասին գեներալից գեթ մի քանի խոսք կորզելու իր ջանքերում:

-Եթե պատերազմի մասին եք որոշել խոսել, ուրեմն արդեն խաղաղություն է,- կուրախանամ ես,- պատերազմ տեսած մարդը երբեք չի խոսում այդ մասին, վախենում է վերապրել այն՝ Ձեր խոսքերն են։

-Խոստացիր, որ վեցամյա տղայիդ չես պատմի այս պատմությունը, նույնիսկ՝ երբ մեծանա: Թող մտածի՝ պատերազմը խաղ է,- կպահանջի գեներալը:

-Դե, եթե խաղաղություն լինի, պատերազմը խաղ էլ կմնա,- կխոստանամ ես:

Ինչպես և խոստացել էի, լսեցի ու մոռացա այս պատմության մասին: Ի՞նչ մի հիշելու բան է։ Բայց վերջերս, երբ խախտվեց զինադադարը, պատերազմը մի քանի օրով մտավ իր իրավունքների մեջ ու պղտորեց զմռսված հուշերս, որոշեցի խոստումս խախտել: Ի վերջո՝ խոստումները խաղաղության համար են։ Գրեցի ու ապարդյուն փորձեցի մտաբերել, թե որ հանճարեղ մտածողն է այս միտքը ժամանակին արտաբերել: Չհիշեցի։ Չհիշեցի, թե ովքեր են ժամանակին որոշել պատերազմը ծաղրել, խաղաղությունը ծաղրել, արիության մեդալներով ողողել պատերազմի լուսապսակը։ Հետաքրքիր էակ է մարդը։ Որ հետաքրքրիր չլիներ, չէր կարողանա պատերազմի մասին կատակերգական ֆիլմեր նկարել, իսկակական պատերազմն էլ մոռացության աղբարկղը նետել։ Դե, քանի որ բանը բանից անցել է, ես էլ որոշեցի գեներալից խլել մոռացված պատմությունը ու հանձնել ձեր դատին՝ հույսով, որ երեխաների ձեռքը չի ընկնի: Մանավանդ՝ վեցամյա տղաս էլ արդեն տասնվեց տարեկան է։

Մեր գեներալը զբաղված է հայրենիքի պաշտպանության սուրբ գործով ու պարտավոր չէ անմիջապես հասկանալ, թե ինչ նկատի ունեն իր ենթակաները, երբ պատերազմի ամենաթեժ պահին իր մոտ են բերում մի փայտե արկղ ու զեկուցում, թե այն պետք է հանձնել օրինական տիրոջը՝ վերջերս սահմանամերձ գյուղում բնակություն հաստատած երիտասարդ զույգին։

-Երևի Երևանի՞ց են ուղարկել,- հարցնում է պատերազմական թոհուբոհի մեջ բթացած գեներալը։

-Հրամանատա՛ր, ճիշտ հակառակը, հենց նոր ենք հավաքել ռազմադաշտից, վերջին հրետանային համազարկից հինգ րոպե հետո,- ասում է համհարզը։

-Ավա՞ր է,- շարունակում է ձևացնել, թե չի հասկանում գեներալը։

-Դուռը բաց էին թողել։ Հիշում ե՞ք խարտյաշ երկվորյակներին, վեց տարեկան էին։ Քսանհինգ կտոր, անձամբ եմ հաշվել։

Գեներալը հանձնարարում է իր զինվորներին տանել ու ծնողներին հանձնել արկղը։ Զինվորները հրաժարվում են: Հանձնարարում է սերժանտին։ Սերժանտը անհետանում է։ Հանձնարարում է սպաներին: Սպաները խուլ են ձևանում: Հանձնարարում է համհարզին, վարորդին: Սրանք էլ են տկար: Կիսացնոր ու ճարահատյալ գեներալը այդտեղ հանճարեղ միտք է հղանում. մի հրաման է գրում ու մունետիկի հանդիսավորությամբ բարձրաձայն ընթերցում այն՝ ինքն իրեն հրամայելով զինվորական ծիսակարգի տառին ու ոգուն համապատասխան տանել ու ծնողներին հասցնել արժեքավոր արկղը: Բարեբախտաբար, ծնողներն այնքան ուժ են գտնում, որ չեն հավատում գեներալին, հարգում են զինվորական ծիսակարգը ու արկղն էլ չեն բացում։ Այնքան ուժ են գտնում, որ ավելի ուշ հրաժարվում են իրենց որպես փոխհատուցում առաջարկվող ռազմագերուն ընդունել որպես մատաղացու, որպես յուրօրինակ վրեժխնդրության նոխազ: «Արյունը արյունով չի մաքրվում»՝ ասում են, «կարևոր չէ, թե ով է դուռը բաց թողել, մենք մեր կսկիծը ինքներս կմարսենք, չենք ուզում ձեր նվերը, հեռու տարեք»։ Ու հեռու էլ տանում են, այնքան հեռու, որ «մատաղացուն» ռազմաճակատի ողջ երկայնքով ձեռից ձեռ է թափառում, սակայն այդպես էլ չի կարողանում կյանքի կոչել վրեժխնդրության նոխազի իր նախաստեղծ առաքելությունը, քանի որ ոչ ոք չի ուզում հավատալ ու գերադասում է ճչալ այդ օրերին տարածված «սուտ է» սրտաբուխ բացականչությունը։ Փոխարենը, ռազմաճակատից անդին, մեկ այլ հայր, թշնամական ցեղից, պատանդ է վերցնում մեր հայրենակցին՝ պահելու, ու թե որդուն գտնեն՝ փոխանակելու համար։

-Հայրի՛կ, երբ փոքր էի՝ ասում էիր, որ պատերազմը խաղ է, մինչդեռ այս պատմության մեջ դարձավ առևտուր,- տարակուսում է տասնվեցամյա Տիգրանը։

-Կդառնար առևտուր, եթե հինգ տարի հետո պատանդառու հայրը կամովին չտաներ ու Կարմիր խաչի գրասենյակին հանձներ իր պատանդին։ Անվարձահատույց։ Քիչ հավատալի է, բայց ասում են, որ որդեկորույս հայրը իր պատանդի մեջ տեսել է հարազատ որդուն ու հայրական գորովանքով ճանապարհել հայրենիք,- իբր վերհիշելով՝ հաստատում եմ։

-Իսկ ի՞նչ եղան մատաղացուն, ի՞նչ եղավ գեներալը, ի՞նչ եղան երկվորյակները, նրանց ծնողները։

Բարեբախտաբար, սահմանամերձ գյուղում բնակություն հաստատած երիտասարդ զույգը տան դուռը չի կողպել։ Ասում են՝ արկղը տանելուց հետո գեներալը բարեկամացել է նրանց հետ, իսկ տարիներ հետո դարձել նոր ծնված երեխաների կնքահայրը: Ոմանք պնդում են, թե այս զույգը հետագայում չորս երեխա է ունեցել, ոմանք էլ ցավով արձանագրում, թե քսան տարի հետո, երբ մեռոնը չորացել է, հոգնել են քսան տարի առաջ դուռը բաց թողնելու համար անվերջ մեկմեկու մեղադրելու տանջալի տվայտանքներից ու բաժանվել։

Տարբեր բաներ են խոսում, չեմ ուզում փորփրել մարդկանց ցավը, առանց այն էլ՝ վերքը դեռ բաց է։ Միայն մի բան է հստակ, որ ամրագրվել է մեր նորագույն պատմության դասագրքերում։ Այդ դասագրքի առավել արյունոտ էջը վկայում է, որ մի անգամ, պատերազմի ամենաթեժ պահին, մի հնարամիտ հրամանատարի թեթև ձեռամբ սկիզբ է դրվել ինքնազոհության մի նախադեպի, ու շատ հրամանատարներ այդուհետ նախադեպից ազդված անձնվիրության ալիք են բարձրացրել՝ բեկելով պատերազմի ընթացքն ու ջախջախիչ պարտության մատնելով թշնամուն։ էջատակում մանր, գրեթե անընթեռնելի տառերով ծանոթագրությունում որպես այդ ալիքի ոգեշնչման աղբյուր հիշատակված են անանուն խարտյաշ երկվորյակները, որ արկղի մեջ ամփոփված սեփական մասունքները հաղթանակի դառնությամբ շաղախած ի պահ են տվել ծնողներին ու գրկախառնված, ինչպես աշխարհ էին եկել, բարձրացել և անէացել են երկնակամարում։

Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Հոգևոր-մշակութային


29/11/2017