Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ
ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ

ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄՆոյեմբերի 17-ին պաշտպանության նախարարությունում տոնական հանդիսություն էր՝  նվիրված ռազմաբժշկական ծառայության կազմավորման  25-ամյակին: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, զինվորական բժիշկներ..

Միջոցառման սկզբում «Մարտական գործողությունների ընթացքում վիրավոր զինծառայողի առաջին բուժօգնության ցուցաբերումը եւ մարտադաշտից տարհանումը» թեմայով ցուցադրական դրվագները դիտելուց հետո, այնուհետեւ, ներկաներն արդեն դահլիճում դիտեցին նաեւ փաստավավերագրական ֆիլմ, որն անդրադարձ էր  ՀՀ ԶՈՒ բուժծառայության զարգացման ընթացքին՝ կազմավորման փուլի դժվարություններից մինչեւ նորօրյա ձեռքբերումներ: Վավերագրական կադրերն ավելի քան խոսուն էին. մոմի մարմրող լույսի տակ, արկերի տեղատարափի տակ  մեր բժիշկները ծանր վիրահատություններ էին կատարում, փրկում, կյանք պարգևում թշնամու դեմ մարտնչող  մարտիկներին:

Դժվար ժամանակներ էին` չկար լույս,  անհրաժեշտ սարքավորումներ,  դեղորայքը  հաճախ չէր բավարարում….

Իսկ այսօր բժշկական «զինանոցը» համալրված է արդիական, գերժամանակակից սարքավորումներով, այսօր բուժծառայությունը քայլում է ժամանակի հետ, ժամանակին համաքայլ:

Իսկ հին օրերից միայն մի բան է անփոփոխ  մնացել՝ Սերն ու Նվիրումը…

 ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը  մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ նշեց. «Այս օրը առիթ է ոչ միայն ամփոփելու ռազմաբժշական ծառայության ձեռքբերումները, մատնացույց անելու խնդիրները, այլեւ շատ լավ հնարավորություն է դրվատանքի խոսքեր ասելու մեր զինվորական բժիշկներին, բուժակներին, բուժքույրերին, մայրապետներին ու սանհրահանգիչներին, ովքեր բարձր պահելով բուժաշխատողի պատիվը, գիշեր ու զօր անձնվիրությամբ իրականացնում են իրենց ծառայությունը: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այսօր ռազմական բժշկությունն իր արժանի տեղն ունի ընդհանուր առողջապահական համակարգում: Իր կազմավորումից հետո բավականին կարճ ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայությունն իր գործունեությունն է ծավալել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ Արցախում: Մեր հոսպիտալներն  այսօր իրենց արժանի  տեղն են գտել լավագույն բժշկական հաստատությունների ցանկում, իսկ որոշ տարածաշրջաններում համարվում են առաջատար…Մեր ծառայությունը այս տարի դառնալու է «Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի» լիիրավ անդամ, ինչի արդյունքում  աշխարհի մի շարք առաջատար պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների ունեցած փորձն ու հմտությունները հասանելի կդառնան մեզ,  եւ մենք էլ մեր հերթին նրանց կփոխանցենք մեր գիտելիքներն այդ ոլորտում: Մեր զինվորական բժիշկների ձեռքբերումները բարձր գնահատականի են արժանանում բազմաթիվ երկրների զինված ուժերի կողմից…»:

♦♦♦

ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄՅուրաքանչյուր տոն  հիրավի զեղեցիկ  մի առիթ է վերհիշելու անցած ճանապարհը, վերաարժեքավորելու, հպարտանալու ձեռքբերածով, միմյանց շնորհավորանքների և բարեմաղթանքի տաք խոսքեր ասելու:

Երեւանի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Վահան Գեւորգյան.

-1993թ.-ից բանակում եմ, ամբողջ այդ ընթացքն աչքիս  առաջ է: Ինչ ապրումներ կարող է զգալ այս ամենի ականատեսը, կանգնած ենք հիմա հին ընկերների հետ, վերհիշում ենք հեռավոր այն օրերը. ահռելի տարբերություն է, անհամեմատելի… Ռազմական բժշկությունը 25-ամյա կենսագրության ընթացքում զարգացել է աննախադեպ քայլերով. այսօր ունենք կայացած բուժծառայություն՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավեր:

Այսօր  բոլորս ենք ուրախանում, բոլորիս տոնն է,  իսկ պատերազմական թոհուբոհն անցած զինվորական բժիշկս միայն մի ցանկություն ունի՝ խաղաղություն….

Նվեր Առաքելյան. դեղորայքի կենտրոնական բազայի հրամանատար.

ՍԵՐ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ-Զգացողությունների խառնաշփոթ է՝ ե՛ւ հպարտ եմ, ե՛ւ հուզված, ե՛ւ ուրախ… Ռազմաբժշկական ծառայությունը ձեւավորվեց պատերազմի կրակներում՝  հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Ազատագրական պայքարի առաջին իսկ օրվանից կամավորական ջոկատներին միացան կամավոր բուժաշխատողները, ինքս էլ Արցախյան պատերազմի մասնակից եմ ու չեմ կարող հպարտությամբ չնշել՝ մեր բժիշկները, առաջնագծում, թե թիկունքում,  դիմակայեցին եւ դիմակայում են բոլոր փորձություններին, անում հնարավորն ու անհնարինը՝ հանուն հայ զինվորի: Զինվորական բժիշկը եզակի այն մասնագետներից է, որ երկու անգամ  է երդվում՝ որպես  բժիշկ եւ որպես զինվոր: Դա կրկնակի պատիվ է, կրկնակի  պատասխանատվություն:

♦♦♦

Միջոցառման ավարտին զինվորական բժիշկներին մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց  նաեւ ՀՀ ԶՈՒ  գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Գեներալ-լեյտենանտն իր խոսքում կարևորեց  բուժծառայության  դերը ազգային բանակի կայացման եւ զարգացման գործում, նշեց, որ այսօր ռազմական բժշկությունը վստահ քայլերով առաջ է ընթանում: «Առողջ եղեք և առողջության պարգևեք», – բարեմաղթեց  գեներալ-լեյտենանտը:

Միջոցառման ավարտին մի շարք բուժծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ