Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

ՀՀ Ազգային ժողովն օրերս քննարկեց և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Նոր օրենքով սահմանվող տարկետման իրավունքի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: Թեմայի շուրջ զրուցեցինք մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:

 

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸԳԱԳԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ։ 10 ամսվա ծառայող է: Կոչումը ստացել է ուսումնական զորամասում, ծառայության անցել սահմանամերձ զորամասում:

-Բուհ ընդունվելիս հստակ գիտակցում էի, որ ուսումս կիսատ եմ թողնելու, ծառայելու եմ, հետո շարունակեմ. ընդամենը երկու-երեք ամիս հարկավոր կլինի իմացածս վերհիշելու համար: Մասնակցել եմ համաբանակային «Հայ ասպետ» մրցույթին, նախապատրաստվելիս նույն իմ անցած ծրագիրն էր, հարցերի մեծ մասին միանգամից պատասխանել եմ: Ծառայության ժամանակ էլ հնարավորություն ունենք կարդալու մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն: Ոչ ոք չի արգելում ազատ ժամերին զբաղվել ընթերցանությամբ: Իհարկե, ամեն զինվոր չէ, որ կզբաղվի ինքնակրթությամբ, բայց ցանկության դեպքում ժամանակ միշտ էլ կգտնվի: Բացի այդ, մենք ամեն օր կարդում ենք կանոնագրքեր, ուսումնական ծրագրով նախատեսված տարբեր նյութեր: Նաեւ այդպես ենք մտքի ճկունությունը պահում:

Ինձ հետ միասին ծառայողներից շատերը բանակ են եկել առանց տարկետման իրավունքի: Նրանց պես շատերն էլ ծառայել են, իրենց մեջ ուժ գտել շարունակելու ուսումը դժվարին զինվորական ծառայությունից հետո: Ցավալին այն է, որ այժմ տարբեր ամբիոններից ելույթ ունեցողները չեն տեսել ծառայություն, չգիտեն՝ դա ինչ է: Հիմա բոլորն ասում են՝ եթե հարկ լինի, կգնանք, մեր ծառայող տղերքի կողքին կկանգնենք, որ 2016թ. ապրիլը չկրկնվի: Ախր, եթե չես ծառայել, չես տեսել զինվորական կյանքը, սովորական ինքնաձիգը, ասենք` քանդել-հավաքել չգիտես, ո՞նց ես դա անելու:

Հարցի մյուս կողմն էլ կա: Տղաների մի ստվար զանգված երկու տարի ծառայում է՝ ուսումը կիսատ թողնելով: Զորացրվելուց հետո արդեն ավելի հասուն տարիքում խնդիրների է բախվում, մտածում է՝ ոնց սովորի, եթե արդեն աշխատելու, տուն պահելու անհրաժեշտություն կա: Այդ դեպքում էլ բուհն է կորցնում իր արժանի ուսանողին: Ամեն ընտանիք իր առանձնահատկությունն ու խնդիրներն ունի, դժվար է ոսկե միջինը գտնել: Հենց դրա համար էլ ճիշտ ժամանակին ծառայելը բոլորի շահերից է բխում: 18-20 տարեկանը սխալ չի ընտրվել ծառայության համար: Երեւի թե հասունացման ամենաբուռն շրջանն է: Ծառայությունը տղայի համար է, այսքան բան:

 

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸՏԻԳՐԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ

Շարքային

Զորակոչվել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսն ավարտելուց հետո:

-Շատերը մինչեւ հիմա էլ մտածում են, որ տարկետման այդ տարիները, ծառայության չգալը իրենց համար մեծ օգուտ է: Իմ կարծիքն է՝ ավելի լավ է ժամանակին գնալ բանակ, հետո գալ շարունակել կիսատ թողած ուսումը: Ուսման չորս տարիների ընթացքում դու ստեղծում ես քո մասնագիտական առաջընթացի հիմքը: Սկսում ես աշխատել, զարգանալ, խորանալ տարբեր ուղղություններով: Շատ ձեռքբերումներ ես ունենում, որոշակի արդյունքներ գրանցում: Ու կգա մի օր, երբ  կհասկանաս, որ բոլոր գործերից պետք է կտրվես ու գնաս ծառայես, պարտքդ կատարես: Ինձ համար չափազանց դժվար կլիներ ծառայել ինձանից մի քանի տարով փոքր տղաների հետ, քանի որ մտածելակերպի տարբերությունն ակնհայտ կլիներ: Օրինակ՝ ինձանից երկու տարով մեծ հարազատ եղբայրս սովորում է ԵՊՀ-ում, ունի տարկետման իրավունք: Արդեն երկու տարի է՝ աշխատանքի է անցել ու բավական լուրջ արդյունքների է հասել, պայմանագիր ունի ամերիկյան մի կազմակերպության հետ: Մյուս ամառ նա զորակոչվելու է ու այդ ամենից կտրվելու է: Ինչքանով լավ կստացվի երկու տարի հետո նորից մտնել գործի մեջ, ինքն էլ չի կարող ասել:

Կարծում եմ` որոշ ժամանակ անց բոլորն էլ հստակ կգիտակցեն, որ այսպես ասած ակադեմիական տարկետում չլինելու դեպքում շատ մարդիկ ավելի ազատ կլինեն իրենց կրթական հնարավորությունների ընտրության մեջ: Գաղտնիք չէ, որ շատերն այսպես էին մտածում՝ մասնագիտությունն իմ սրտով չէ, բայց, այսինչ ֆակուլտետում անվճար, տարկետում ապահովող տեղ կա, ուրեմն կարելի է այնտեղ ընդունվել: Ծնողների մի մասն էլ խրախուսում էր անվճար սովորելը` չորս տարի հետո մեկ այլ իրադրությանը հարմարվելու հույսով: Այժմ արդեն նաեւ որակական փոփոխություն կլինի բուհերում:

Մեկ տարի սովորելուց հետո եմ եկել բանակ: Չորս ամիս է, ինչ ծառայում եմ, բայց արդեն տեսանելի են ինքնակրթությամբ զբաղվելու հնարավորությունները: Մեր դասախոսի պատմածն եմ միշտ հիշում, որ իր ուսանողներից մեկը մի հասարակ ինքնուսույցով C++ համակարգչային ծրագրավորման լեզուն է ուսումնասիրել զորամասում: Մինչ այդ առանձնապես տվյալ ոլորտում չի էլ փայլել, իսկ բանակից հետո մեծ հաջողությունների է հասել: Այդ երկու տարին նրան չի խանգարել, ձգտում է ունեցել սովորելու եւ ճիշտ քայլ է արել: Եթե երկու տարի ոչնչով չպիտի զբաղվեմ, ուրեմն ոչնչից դժգոհելու իրավունք էլ չունեմ:

Իմ կարծիքով՝ ուսանողների մեծ մասը տարկետումը օգտագործել է չսովորելու համար: Մի չնչին մասն է հետագայում լրջորեն զբաղվել գիտական գործունեությամբ: Բողոքողներից շատերն էլ զգացել են, որ իրենք չեն կարողացել բանակում այն մարդը մնալ, որը հետագայում կկարողանա գիտական գործունեությամբ զբաղվել: Բացի այդ, գիտաշխատողների այսպիսի քանակություն, ինչքան որ սովորողներն են, չի լինում: Տարկետումը արդարացված է միայն բացառիկ տաղանդների համար, միգուցե բանակից դուրս նրանք ավելի մեծ օգուտ տան բանակին: Իհարկե, միանշանակ չէ այս հարցի լուծումը, բայց ընդունենք, որ պետությունը փորձում է լուծել այս թնջուկը: Իսկ բանակը նույնպես մի յուրօրինակ համալսարան է, որտեղ ուսանած երիտասարդը կյանքում ավելի հեշտ կգտնի իր տեղը:

 

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸՎԱՐԴԳԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Շարքային

-Սովորել եմ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի «Օդային տրանսպորտ» ֆակուլտետում: Տարկետման իրավունքից չեմ օգտվել եւ զորակոչվել եմ: Մինչեւ բանակ գալը առանձնապես չեմ մտածել ծառայելու մասին, բայց հիմա հաստատ չեմ փոշմանել, որ իմ կամքով եկա: Հաստատ ծառայությունս չի խանգարի, որ հետագայում շարունակեմ կիսատ թողած ուսումս: Մանավանդ, որ  հիմնական թեմաները չեմ մոռացել: Սովորողը ցանկացած ժամանակ կհասնի իր նպատակին ու ծառայությունը ոչ թե կխանգարի, այլ մի բան էլ կօգնի: Կարեւորը տրամադրվածությունն է: Ուզում եմ ասել, որ զորամասում մասնագիտական գրականություն կարդալու, ինքնակրթվելու հնարավորություն տալիս են սպաները: Այնպես չէ, որ կարդալու փոխարեն ստիպում են վազել, տարբեր վարժանքներ կատարել: Ամեն ինչ իր ժամանակն ունի:

Ծառայությանս մեկ տարի չորս ամիսը շատ հետաքրքիր է անցել՝ դժվարություններով, ուրախություններով հանդերձ: Եթե հնարավորություն էլ ունենայի` չէի ազատվի բանակից: Ծառայությանս ավարտին մնացել է ութ ամիս, եւ գնալով այն ավելի է հետաքրքիր դառնում ինձ համար: Ծառայել չցանկացողներին դժվար է ինչ-որ բան ասել, բայց մի բան հաստատ է՝ չի կարող այնպես լինել, որ չծառայող տղան ինձանից կամ ծառայող մյուս տղաներից ինչ-որ բանով առավել լինի: Այդպես մտածելը ճիշտ չէ: Մենք քաղաքացիական կյանքի համեմատ որոշ բաներից ետ ենք մնում, բայց հետագայում, վստահ եմ, ավելի մեծ նպատակներ կարող ենք իրագործել:

Մինչեւ զորակոչվելն էլ ուզում էի իմանալ, թե ինչպես է մարդը ապրում այս պայմաններում, ինչ է զգում դիրքում կանգնած ժամանակ: Բացառիկ զգացողություն է, երբ մենք կանգնած ենք մարտական դիրքում, եւ մեր հետեւում մեր ծնողներն են, մեր քույրերն ու եղբայրներն են: Ու մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց, հանգիստ ու խաղաղ կյանք ապահովել: Անձամբ ինձ համար դա շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Նշեմ նաեւ, որ ամեն քայլափոխի զգում ենք մեր հանդեպ ընդգծված հատուկ վերաբերմունք: Արձակուրդ գնալիս բոլորը քեզ են նայում, լսում ես, որ ծնողը երեխային խրատում է՝ այս զինվորի նման քաջ պետք է լինես: Այդ հատուկ վերաբերմունքը շատ պարտավորեցնող է…

 ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ