Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱ ԻՄ ՄԵ՜Ծ ԸՆՏԱՆԻՔՆ Է



ՍԱ ԻՄ ՄԵ՜Ծ ԸՆՏԱՆԻՔՆ ԷԳումարտակի հրամանատար, մայոր Հակոբ Գերյանը չի սիրում պատմել իր մասին, հարցերիս էլ շատ հակիրճ է պատասխանում` ըստ էության. այսպես սովորաբար խոսում են գործի մարդիկ: Վերհիշում եմ քիչ առաջ զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Օհանյանի` նրա հասցեին ասված խոսքերը. «Ոչ միայն լավ զինծառայող է մեր Հակոբը, այլև լավ ընկեր` բառիս լայն իմաստով, մարտական այնպիսի ընկեր, որի հետ անձամբ ես ամենավտանգավոր առաջադրանքներին կգնամ»: Մտածում եմ. «Ում ում, բայց Արցախյան պատերազմը պատվով անցած և իր զինվորական կյանքում շատ բաներ տեսած ու ապրած այս զինվորականից նման գնահատականի արժանանալը կատակ բան չէ»:  

2008 թվականին Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո Հակոբ Գերյանն ինքնակամ ծառայության  է անցել Պաշտպանության բանակի սահմանապահ զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար: «Երբ դեռ երիտասարդ սպա էի, մրցակցության ոգին սկսեց ինձ առաջ մղել, օրեցօր ավելի ջանադրաբար էի աշխատում,- պատմում է մայոր Գերյանը: – Գիշերը ցերեկ էի սարքում, ցերեկը` գիշեր: Շուտով նույն զորամասում վաշտի հրամանատար նշանակվեցի, սկսեցի իմ ստորաբաժանման կազմով մարտական հերթապահություն իրականացնել Ադրբեջանի հետ անմիջական շփման գոտում: Դիրքային ծառայությունն ինձ ոգեշնչում է: Լարված շատ օրեր եմ տեսել անձնակազմիս հետ: Այդ տարիներին հաճախակի էին դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը: 2011 թվականն էր: Ստուգման էի գնացել հենակետերից մեկն ու մնացել գիշերելու. վաշտս մարտական հերթապահություն էր իրականացնում: Գարուն էր, դեռ ցուրտ էր, և գետնատնակում վառարանին ջուր էինք դրել, որ թեյ խմենք: Երեկոյան` ժամը մոտավորապես 21:00, 22:00-ի սահմաններում, հանկարծ դիտորդը կապ տվեց: Անմիջապես դուրս եկանք, ամեն մեկս զբաղեցրինք մեր դիրքերը: Հավատս չէր գալիս, որ իրոք դիվերսիա է: Դիտորդն ասաց` «Շարժ եմ նկատում»: Գիշերային սարքերով նայեցինք, իրոք, մի քանի հոգի գալիս էին մեր դիրքի ուղղությամբ: Կրակ բացեցինք՝ նրանց ստիպելով նահանջել: Հաջորդ օրը՝ լուսադեմին,  մեր «հյուրերը» կրկին վերադարձան. մոտ հինգ հոգի դիրքի ձախ կողմից կրակոցներով և նռնակ նետելով առաջ էին գալիս: Անմիջապես անցանք հակագրոհի: Շատ ժամանակ չպահանջվեց. թշնամուն հետ մղեցինք: Փա՜ռք Աստծո, այդ օրը մեր անձնակազմից ոչ մեկին վնաս չեղավ: Ես ու անձնակազմս մեդալներով, պատվոգրերով և արձակուրդներով պարգևատրվեցինք»:

Հակոբն այնուհետև որոշ ժամանակ ստորաբաժանման շտաբի պետի պաշտոնում ծառայելուց հետո տեղափոխվում է այլ զորամաս:

ՍԱ ԻՄ ՄԵ՜Ծ ԸՆՏԱՆԻՔՆ Է-Տեղափոխվելով այս զորամաս` երեք տարուց ավելի մարտական հերթապահություն էի իրականացնում,- ասում է Հակոբը:- Միշտ էլ թշնամու հետ այս կամ այն կերպ բախումներ ենք ունեցել. հրդեհել են մեր խոտի դեզերը, կրակել են տարբեր տրամաչափի զենքերից, գյուղացիների շրջանում վիրավոր էլ է եղել. անպատիժ չենք թողել: Երբ տեսնում ես, թե փոքրիկ երեխան ինչպես է պայուսակը ուսին գցած հակառակորդի աչքի առջև դպրոց, մանկապարտեզ գնում-գալիս, անկախ քեզնից ամեն պահի պատրաստ ես պաշտպանել, թշնամուն պատժել ամենախիստ ձևով. մեր պաշտպանության գոտում մեր դպրոցն է, մեր հողն ու ջուրը, վերջապես` մեր նախնիների շիրիմները… Հենակետի անձնակազմն ասես մի տուն լինի, մի ընտանիք: Տղաներիս ասում էի` «Մեր ամրոցը անառիկ դարձնենք թշնամու համար»: Միշտ ամրոցի հետ եմ համեմատում մեր դիրքերը: Հակառակորդը միշտ  եկել է աղվեսի պես, փորձել է մի բանի տիրանալ, բայց տղաները զգոն կանգնած են: …Անցած տարի` 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երկու ամսից ավելի դիրքերում էինք: Հոգնածություն բոլորովին չէինք զգում: Մեր ամրաշինական կառույցների շնորհիվ, որքան էլ իրավիճակը թեժացավ, ոչ մի զոհ չտվեցինք:

Այնուհետև մայոր Գերյանը նշանակվել է գումարտակի հրամանատար: Նրա ղեկավարած գումարտակը միշտ բարձր ցուցանիշներ է արձանագրում` գնահատվում միայն «լավ» և «գերազանց»: Մարտական ծառայություն անցած զինվորականը իր ամբողջ փորձը ներդնում է ղեկավարած ստորաբաժանման մարտական պատրաստությունը ամրացնելու համար: Հպարտանում է իր անձնակազմով.

-Ամենակարևորը` միջանձնային փոխհարաբերությունները բարձրության վրա են. ավագ – կրտսեր ընկեր ընկալումը աներկբա է: Շատ լավ անձնակազմ ունեմ, տաղանդավոր զինվորներ,- ասում է ոգևորված:- Համաբանակային մրցումներում էլ միշտ բարձր տեղեր ենք գրավում:

Շրջում ենք  զորամասով: Սենյակներից մեկում տղաների հետ պատրաստել են զորամասի և հարակից տարածքների մանրակերտը. «Լավ դիդակտիկ նյութ է մեր պարապմունքների համար»,- ասում է, հետո ցույց տալիս պահարանում խնամքով կախված հագուստը. «Տանկիստի համազգեստն է:.. հետաքրքիր ու վտանգավոր է տանկիստի մասնագիտությունը: Մարտի դաշտում նրա կյանքին սպառնացող վտանգը ոչ  թե մնացածի պես 50-50 է, այլ՝ ավելի ռիսկային: Կա՛մ ինքը կխոցի հակառակորդին, կա՛մ էլ իրեն կխոցեն: Այս իմաստով մեծ պատասխանատվություն է ընկնում հրամանատարության և անմիջականորեն` տանկի հրամանատարի վրա: Անձնակազմը պետք է թիմ լինի, ճիշտ իրականացնի խուսավարումն ու կրակը: Ապրիլյան քառօրյայից հետո մենք այժմ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում տեխնիկայի արդյունավետությանը եւ ունենք մշակումներ, որոնց շնորհիվ տանկի խոցումը բավականին բարդանում է: 

Տեխնիկայի հավաքակայանում ենք: Այստեղ ընթացքի մեջ են սեզոնային սպասարկման աշխատանքները` զենք-զինամթերքը բերում են «ձմեռային ռեժիմի»: Աշխատող անձնակազմին մայոր Գերյանը ցուցումներ է տալիս, հրահանգավորում, ինչ-որ բան բացատրում:

Զորամասը, ուր հյուրընկալվել եմ, նորակառույց է. շենքերի պատերից դեռ թարմ ներկի հոտ է բուրում: Բոլոր շինություններն իրենց արտաքին տեսքով և ներքին հարդարանքով աչք են շոյում: «Զորամասում մեր զինված ուժերի ամենամեծ ակումբն է կառուցվելու` հագեցած նորագույն ձայնային և լուսային միջոցներով»,-ասում է մայոր Գերյանը անթաքույց հպարտությամբ:

Շարահրապարակում զինվորները ձգվում են, պատվի առնում գումարտակի հրամանատարին:

-Օրս ավելի շատ զինվորներիս հետ եմ անցկացնում, քան ընտանիքիս- շեմքից ներս մտնելով` ասում է մայոր Գերյանը:- Սա իմ մե~ծ ընտանիքն է:

-Իսկ Ձեր քաղաքացիական ընտանի՞քը:     

 ՍԱ ԻՄ ՄԵ՜Ծ ԸՆՏԱՆԻՔՆ Է-Երկու աղջիկ ունեմ` Թամարան և  Մարիան` հինգ տարեկան և երեք ամսական: Մեծս մանկապարտեզ է գնում, շատ չարաճճի երեխա է: Հարցնում են` պապադ ո՞վ է, ասում է` «զինվոր է աշխատում»: Տանն ինձ պատիվ առած է դիմավորում ու անպայման հարցնում` «Ի՞նչ ես բերել ինձ համար»: Նվերներով եմ գալիս. ուրախանում, հրճվում է: Կնոջս անունը Գեղեցիկ է:

– Գեղեցիկ անուն է:

 -Ինքն էլ շատ գեղեցիկ է: Մինչև մեր ամուսնանալը դժգոհում էր. «Որ ամուսնանանք, էլ իրար երես չենք տեսնելու», իսկ հիմա ինքն էլ է լավ հասկանում գործիս լրջությունը, կարևորությունը: Շնորհակալ եմ ընտանիքիս, կնոջս ամեն ինչի համար:

-Ամենադժվարը սկզբում էր, -հետո մեր հանդիպման ժամանակ ասաց Գեղեցիկը,- իսկ հիմա արդեն կյանքն իր հունով ընթանում է: Ես միշտ իր կողքին եմ. գոտեպնդում ու սիրով ճանապարհում եմ ծառայության: Հպարտությունս շատ մեծ է զինվորական ամուսնուս, նրա հաջողությունների համար,  և հենց դա է ստիպում, որ բոլոր դժվարությունները հեշտությամբ հաղթահարեմ: Մեծ աղջկաս համար իր հայրիկը «մի ուրիշ աշխարհ է»:  Երբ տուն է մտնում, արդեն անբաժան են մինչև կրկին ծառայության մեկնելու պահը: Տանը Հակոբը ծառայությունից մի բառ չի խոսում. փորձում է լիովին նվիրվել ընտանիքին: Իսկ հենց տնից դուրս եկավ` արդեն ամբողջությամբ  տարված է  իր բանակային մեծ ընտանիքի հոգսերով ու հագեցած առօրյայով:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Ազգային բանակ


23/11/2017