Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ«Պիտի ուզենայի ոչ թե երդում ընեն իմ անունով, այլ գործ ընեն այս պայքարի մեջ»

 ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 Նոյեմբերի 11-ին ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում նշվեց ՀՀ Ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակը: Միջացառումը սկսվեց «Հաղթանակ» զբոսայգում տեղադրված Մոնթե Մելքոնյանի կիսանդրու մոտ՝ ծաղիկների խոնարհման, հոգեհանգստի և խնկահարման արարողություններով: Թանգարանին կից «Մարշալ Բաղրամյան» ծառուղում կայացավ ծառատունկ՝ ի նշանավորումն Ազգային հերոսի հոբելյանի: Այնուհետև հյուրերը մասնակցեցին ցուցադրությանը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի պետի պաշտոնակատար, մայոր Կ. Մելիք-Թանգյանը և գլխավոր խորհրդատու, կապիտան, Լ. Առուշանյանը:  

Մոնթե Մելքոնյանին նվիրված թանգարանի նորացված ցուցադրությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ են ներկայացվում հերոսի անձնական իրերը, նրա վերջին զինվորական համազգեստը, որն իր հագին է եղել այդ չարաբաստիկ օրը` 1993թ. հունիսի 12-ին: Մասունք դարձած  այդ ամենը մինչ այժմ կարելի էր տեսնել միայն լուսանկարներում կամ պատերազմական տարիներին կատարված տեսագրություններում: Առաջին անգամ են ցուցադրվում նաև Մոնթեի նամակներն` ուղղված ֆրանսահայ լրագրող և Մոնթեի գաղափարակից ընկեր Միրիամ Գոմ-Սարոյանին: Ներկայացված է նաև երկու պատմական արժեք ունեցող փաստաթուղթ, որ նույնպես ի պահ թանգարանին փոխանցվել են Միրիամ Գոմ-Սարոյանի կողմից: Ինչպես հայտնի է, 1985թ. Մոնթեն  երկրորդ անգամ ձերբակալվել էր Փարիզում: Ճիշտ է, նա իրեն բնորոշ հումորով հետագայում գրեց, որ. «Բանտը շատ-շատ լավ տեղ է՝ կյանքը ճանաչելու, լեզուներ սովորելու, մտածելու և մարզվելու համար», սակայն  իրականությունն իհարկե դաժան ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆէր: Բավական է նշել, որ մի քանի ամիս շարունակ Մոնթեին պահում էին ծանր պայմաններում` մենախցում: Նա երկար ժամանակ պայքարեց քաղբանտարկյալի կարգավիճակ ստանալու համար, որպեսզի օգտվի տարրական իրավունքներից: Նույնիսկ հարազատների և մտերիմների այցելություններն էին արգելված, ինչի մասին են վկայում Պուասսիի կալանատան տնօրենի այս երկու նամակ-պատասխանները, որտեղ հերթական անգամ մերժվում է Մոնթեին այցելելու մասին Միրիամի խնդրանքը: Այդ տարիներին Մոնթեն բազմաթիվ հոդվածներով, աշխատություններով հանդես եկավ սփյուռքի մի շարք պարբերականներում: Ուզում եմ մի մեջբերում անել նրա մտորումներից, որ շատ արդիական է հատկապես վերջին օրերի մեր հասարակական բանավեճերի ֆոնին: Դեռևս 1988թ. բանտային հոդվածներից մեկում Մոնթեն գրել էր. «Ժամանակն է , որ մենք բարձրաձայն մերժենք այն ռոմանտիկ  պատկերացումը, թե «իմ զենքը իմ գրիչն է» …Միսաք Մանուշյանը և Կառլեն Անանյանը օրինակելի մտավորականներ էին, և երկուսն էլ գործածում էին թե՛ զենք, թե՛ գրիչ: Սփյուռքում շատ «մտավորականներ» կան: Մինչդեռ մենք կարիք ունենք մարտիկների, զինվորականների, ֆիդայիների»: Եվ այդպես էլ արեց: Մոնթեն անձամբ կյանքի կոչեց  իր մտքերը: Բանտարկությունից ազատվելուց հետո եկավ Հայրենիք, թողեց իր գիտությունը, մեկնեց ռազմաճակատ` զենքով գրելու հայոց պատմության իր փառահեղ էջը:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԵրկու խոսք Մոնթեի ցուցադրվող նամակների մասին: Ընդամենը երկու նամակ, սակայն դա էլ բավական է հասկանալու Մոնթեի թե՛ բարձր մարդկային հատկանիշները և թե՛ Մոնթեի գաղափարի զինվոր լինելը, ինչպես նրան բնութագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միրիամ Գոմ-Սարոյանին ուղղված նամակներից մեկում Մոնթեն գրել է. «Այս անգամ մենք իրավունք չունենք կորցնելու: Արցախի կորուստը կարող է լինել Հայաստանի կորուստը: Մեր ժողովրդի հոգեբանությունը չի կարող տանել ևս մի մարտի պարտություն: Ազերիները չեն դադարի երբեք: Նրանք կշարունակեն ագրեսիան Զանգեզուրի դեմ»:

…Հոբելյանական միջոցառումը շարունակվեց թանգարանի հանդիսությունների դահլիճում: Հուշ-ցերեկույթին մասնակցում էին Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերները, որոնց թվում էին գեներալ-մայորներ Հ.Հարոյանը, Ա.Տեր-Թադևոսյանը, Վ.Ավետիսյանը, Ա.Պետրոսյանը, գնդապետ Աիդա Սերոբյանը, պատվավոր հյուրերի թվում էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Է.Մինասյանը: Հյուրերը պատմեցին հուշեր լեգենդար հրամանատարի մասին: Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները, N75 հիմնական դպրոցի փոխտնօրեն Նանար Զեյնալյանը , ՀՀ ՊՆ  «Զորական» համույթը, Մոնթե Մելքոնյանի անվան  N 11 դպրոցի սաները և ՀՀ վաստակավոր արտիստ Դ.Ամալյանը:   

ԼԻԼԻԱ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի գլխավոր խորհրդատու