Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱ



ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան Վանկուվերից մեկնել է Մոնրեալ։ 

Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է Կանադայի ՍենԺան թագավորական ռազմական քոլեջում։ Կրթօջախի ղեկավարությունը Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է քոլեջի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ներկայացրել կրթական գործընթացն ու դրա առանձնահատկությունները։ 

Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին կանադացի գործընկերներին է ներկայացրել ռազմամարզական ուղղվածությամբ հայաստանյան ավագ դպրոցի՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փորձը։ Երկու կրթօջախների ուղղվածության և սաների տարիքային խմբերի ընդհանրությունները հաշվի առնելով՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու փոխգործակցության հնարավորությունները։ 

Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոնում», որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ 

♦♦♦ 

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԿԱՆԱԴԱԿանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին վարժարանում դիմավորել են սաները՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանով շապիկներով և կարդացել հայ զինվորին հասցեագրված իրենց պատրաստած նամակը։ Վարժարանի դահլիճում սաները նաև փոքրիկ համերգային ծրագիր են ներկայացրել հյուրերին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ այլ երկրներ այցերի ընթացքում մշտապես կարևորել է հանդիպումները հայկական դպրոցներում, քանի որ առանց դպրոցների անհնար է պահպանել հայկական ինքնությունը։ 

«Մեր երկիրը սահմանափակ տարածքով և ոչ շատ մեծ բնակչությամբ երկիր է։ Բայց մեր ժողովուրդը անհամեմատ մեծ ժառանգության կրող է։ Մեր պայքարը, մեր գոյության իմաստավորումը չի կարող սահմանափակվել երկրի տարածքով, սահմաններով, կամ բնակչությամբ։ Մենք կրողն ենք այն ժառանգության, որի կերտողները երազել են պետականության մասին։ Այսօր, երբ մենք ունենք պետություն, պետք է անենք հնարավորը, որ Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը միասնական կարողանան կյանքի կոչել մեր դարավոր իղձերը»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ 

Հայկական պատվիրակությունն այնուհետև հյուրընկալվել է ՀՅԴ «Սուրբ Հակոբ» դպրոցում, շրջայց կատարել դպրոցի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում։ 

Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ 

Խորագիր՝ Նորություններ


20/11/2017