Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕՐԻՆԱԿԱՆ «ԴԱՍԱԼԻՔՆԵ՞Ր»` Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ
ՕՐԻՆԱԿԱՆ «ԴԱՍԱԼԻՔՆԵ՞Ր»` Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ

Հրապարակում ենք  Գայանե Պողոսյանի20 տարի առաջ գրած հոդվածը` մեկնաբանությունը թողնելով ընթերցողին:

 

ՕՐԻՆԱԿԱՆ «ԴԱՍԱԼԻՔՆԵ՞Ր»` Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒՄշակույթը, արվեստը, գիտությունը կարող են ծաղկել միայն հզոր բանակի հովանու ներքո: Սա իմ համոզմունքն է: Գոնե Հայաստանում այս միտքը դժվար է վիճարկել: Ուժն է մեր խաղաղության միակ երաշխիքը: Բանակի ուժը: Իսկ մենք լավ գիտենք խաղաղության գինը: Մենք վճարել ու վճարում ենք դրա համար ամեն օր: Որովհետև  գիտենք, թե ինչ  է պատերազմը: Ուրեմն` մեզ համար առավել եւս պիտի հասկանալի լինի հաջող զորակոչի համազգային նշանակությունը: Գաղտնիք չէ, որ զորակոչային տարիք ունեցող մեր քաղաքացիների զգալի մասն այսօր արտերկրում է, մի մասն էլ տարկետման իրավունք ունի, քանի որ հասցրել է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մնում են միայն նրանք, ովքեր հնարավորություն չունեն արտերկիր փախչելու եւ փող չունեն բուհ խցկվելու համար (թող ինձ ներեն նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու զարտուղի ճանապարհներ չեն փնտրում  եւ բանակ են գալիս հայրենիքի հանդեպ պարտքը գիտակցողի պատրաստակամությամբ): Եվ ահա այս պայմաններում զինկոմիսարիատների աշխատակիցներին  հրամցվում է նախարարությունից իջեցված պլանը: Այսինքն՝ հաշվարկներով հիմնավորված` զինվորների այն անհրաժեշտ թվաքանակը, որի առկայության դեպքում միայն կարելի է կազմակերպել պետության սահմանների պաշտպանությունը: Ասել է թե` ամեն ինչ պետք է արվի այդ թվաքանակն ապահովելու համար, հակառակ դեպքում… Փառք Աստծո, մեզ հաջողվում է խուսափել «հակառակ դեպքից», զորակոչն առայժմ իրականանում է: Բայց ի՜նչ գնով: Սկսվում է զինկոմիսարիատների տենդագին մրցավազքը: Օրինական եւ անթույլատրելի միջոցներ, «հետախուզություն», շուրջկալներ, կեսգիշերային այցելություններ: Գլխաքանակ ապահովելու ջանքից ճղատվող  զինկոմիսարիատների աշխատակիցները  երբեմն բանակ են ուղարկում անառողջ տղաների` հետագայում պրոբլեմ ստեղծելով զորամասի հրամանատարի համար: Քանի որ ծառայելու, սահման պաշտպանելու փոխարեն սկսվում է նրանց ոդիսականը զորամասից հոսպիտալ, հոսպիտալից զորամաս: Սա, իհարկե, այլ խոսակցության թեմա է եւ մեր նյութին առնչվում է այնքանով, որ անառողջ զինվորների ներկայությունը բանակում «պայմանավորված է» այն միանգամայն առողջ զինվորների բացակայությամբ, որոնք թրեւում են արտերկրում կամ հաջողել են խցկվել  բուհեր: Եթե առաջիններին հայրենիք վերադարձնելու իրավական մեխանիզմների կատարելագործումը ժամանակի խնդիր է, եթե նրանց բերման ենթարկելու միջոցներն առայժմ սուղ են եւ դժվարությունների հետ են կապված, ապա գոնե պետք է վերանայվեն բուհերի եւ  ուսանողներին տրվող առանձնաշնորհումները: Ես գիտեմ, այս հոդվածը ընդդիմախոսներ շատ կունենա, կքարոզեն կրթության դերի, գիտության նշանակության մասին, կասեն, թե առանց որակյալ մասնագետների մեր ազգն ապագա չի կարող ունենալ, թե կիսատ թողնելով ուսումը՝ ուսանողները մոռանում են անցածը եւ այլն, եւ այլն… Իհարկե, կրթության եւ գիտության նշանակությունն անկարելի է թերագնահատել: Եվ ինչպես շատերն, ինձ էլ է անհանգստացնում մեր կրթական համակարգի անմխիթար վիճակը` սկսած դպրոցներից մինչեւ վճարովի ու անվճար բուհեր, մտահոգում է ընդունելության քննությունների մակարդակը, գիտելիքների ցածր որակը, շրջանավարտների անտեղյակությունը, եւ վերջապես, «բազարային» (ոչ շուկայական) հարաբերությունները կրթական հիմնարկներում: Սակայն այդ մասին չեմ ուզում մանրամասնել, քանզի ինձ առավել եւս հուզում է այն փաստը, որ Հայաստանում համապատասխան գումար ունեցող յուրաքանչյուր ոք, անկախ գիտելիքից, կարող է  բուհի ուսանող դառնալ: Խնդիրը մտահոգում է ո՛չ միայն այն պատճառով, որ նման ուսանողները 4-5 տարի ապարդյուն ժամանակ վատնելով եւ ուռճացնելով դասախոսների գրպանը վաղը դառնալու են անորակ մասնագետներ եւ պատուհաս` պետության գլխին: Փաստը մնում է փաստ, որ շատերը ծառայությունից խուսափելու անհաջող փորձերից հետո դիմում են վերջին միջոցին, խցկվում  բուհ, ժամանակ շահելով զինծառայությունից խուսափելու հնարավոր նոր ուղիների որոնման համար, եւ 5 տարվա փնտրտուքը այնուամենայնիվ, ինչ-որ ելք հուշում է: Հայաստանը բուհերի պակաս չունի,  հիմա բոլորը ուսանող են (չեմ դիմանում գայթակղությանը եւ ուզում եմ հարցնել` ո՞ւմ են պետք այսքան ժուռնալիստները, իրավաբանները, տնտեսագետները: Այսքան շատ ու այսքան անգրագետ): Յուրաքանչյուր զորակոչի մենք «կորցնում ենք» մեծ թվով պոտենցիալ զինվորների, որոնք բուհերի  ուսանողներ են, իսկ փաստը մնում է փաստ, որ նրանց չնչին տոկոսն է ուսումն ավարտելուց հետո բանակ գալիս, թերեւս` միայն նրանք, ովքեր բուհ են գնացել ոչ թե բանակից խուսափելու, այլ սովորելու համար: Մտորելու տեղիք է տալիս, ինչո՞վ է պայմանավորած պետության, իսկ ավելի ստույգ` պառլամենտականների այս անտրամաբանական «հումանիզմը»: Ինչո՞ւ 18-ամյա տղան չի կարող ուսումը շարունակել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո, վերջապես, ինչո՞ւ չսովորեցնել ժողովրդին, որ հայրենիքն առաջնային է ու բացառիկ: Եթե պետությունը որոշել է աջակցել գիտության զարգացմանը, ապա պետք է լրջորեն մտածի կրթական համակարգի անկատար մեխանիզմները հիմնավորապես փոխելու մասին եւ ոչ թե արջի ծառայություն մատուցի նրանց, որոնց համար բուհը գիտելիք ստանալու, մասնագետ դառնալու նպատակ չէ, այլ բանակից խուսափելու ու դասալքությունն օրինական դարձնելու միջոց: Ո՞ւմ է դա ձեռնտու: Եվ ինչո՞ւ քարեր նետել ժողովրդի վրա:  Ու եթե հայ ծնողն այսօր դժվարությամբ է բանակ ուղարկում իր զավակին, մեղավորը մենք ենք, պետական մոտեցումներն ու սխալ, ոչնչով չարդարացվող քաղաքականությունը: Ինչ  ասել այն ծնողին, որի տղան դուրս է մնացել պետական բուհի դաժան մրցակցությունից (անվճար տեղերն այնքան սահմանափակ են, որ միայն հատուկետ երջանիկների կարող է բախտը ժպտալ)  ու տարկետում չի ստանում, գնում է բանակ, իսկ հարեւանի սիրասուն զավակը, շատ ավելի ցածր գիտելիքներով տարկետման իրավունք է ձեռք բերել…. Եվ ինչու մեղադրել, երբ նման անարդարություններ տեսնելով` մարդիկ, մեղմ ասած, դժկամությամբ են լցվում մեր պետության, նաեւ մեր բանակի հանդեպ, ինչու զարմանալ, երբ նրանք որեւէ ծանոթ գտնելով Ռուսաստանում` պանդխտության են ճամփում իրենց զավակներին, ինչու զայրանալ, երբ զինկոմիսարիատները ստիպված են լինում զինակոչիկներին հայտնաբերել թաքստոցներում: Ես տեսել եմ, թե ինչպես են զինկոմիսարիատի աշխատակիցները աչալրջորեն հետեւում հավաքակայանից զորամաս ճանապարհվող զինակոչիկներին, ասես կալանավորների հետ գործ ունեն ու տագնապել եմ` հարկադրաբար բանակ բերած զինվորին կարելի՞ է արդյոք հայրենիք վստահել: Այսքանից հետո դժվար չէ հասկանալ, թե ինչու հասարակության մեջ չեն ստեղծվում համապատասխան բարոյահոգեբանական խթաններ, որպեսզի 18 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի նորանկախ հայրենիքը պաշտպանելու գնա ինքնակամ, որպեսզի մեր հաղթական բանակում ծառայելը դառնա հպարտություն ու պատվի խնդիր յուրաքանչյուր զինվորի համար: Եվ որքան էլ իշխանավորներն ու լրագրողները փոքր ու մեծ ամբիոններից դատապարտեն դասալքությունը, հայրենիքի դավաճանության այս տեսակի հանդեպ անարգանքը չի դառնալու համաժողովրդական, որովհետեւ դժվար է ասել` ով է ավելի շատ դասալիք. նա՞, ով փախել է արտերկիր, նա՞, ով թաքնվել է ազգականի տանը, թե նա՞, ով պատսպարվել է բուհական կրթության վահանի տակ: Եվ ո՞վ է ավելի շատ մեղավոր, որ բանակն իր հոգսերով ու խնդիրներով առաջնային չի դառնում պետության ու ժողովրդի համար: Ժողովո՞ւրդը, որ առայժմ խորապես չի գիտակցում հզոր բանակի կենսական նշանակությունը, թե՞ պետական այրերը, որոնց կարծիքով՝ բանակի պրոբլեմները վերաբերում են միայն պաշտպանության նախարարությանը: Իսկ եթե փորձենք պարզել, թե այսօր հասարակության որ խավի զավակներ են կազմում բանակի կորիզը, դժվար չի լինի հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու  բուհերի ուսանողներին  տրված  պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնությունը: Արտոնություն, որը  լրացուցիչ դժվարություններ է ստեղծում առանց այդ էլ բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարող բանակի համար:

Զարգացած,  հզոր պետություններից կապկած օրենքները չի կարելի կուրորեն ներմուծել Հայաստան: Անմտություն է հարյուրամյակների պատմություն ունեցող բանակների ավանդույթները պարտադրել ընդամենը 5 տարվա ճանապարհ անցած բանակին: Եվ երբեք չի կարելի մոռանալ, որ զինադադարը դեռ խաղաղություն չէ, եւ ժամանակը դնում է իր անշրջանցելի պահանջներն ու ստիպում զանազանել առաջնայինը երկրորդականից: Իսկ առաջնայինն այսօր մեր սահմանների անձեռնմխելիությունն է, առաջնայինը մեր հաղթանակների կայունությունն է, առաջնայինը մեր պետության անկախությունն է ու մեր ժողովրդի  խաղաղությունը: Եվ այս ամենի երաշխիքը` հայոց ազգային բանակը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Կարծում ենք, որ հոդվածն անարձագանք չի մնա, իրենց խոսքը կասեն հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները` մտավորականներ, բանվորներ, արվեստագետներ, իշխանավորներ: Մենք պատրաստ ենք հրապարակելու բոլորի կարծիքը` համոզմամբ, որ միայն առողջ բանավեճից կծնվի ճշմարտությունը: Թերթի առաջիկա համարներում կներկայացնենք նաեւ իրավասու անձանց, պաշտոնական տեսակետներ: Լիահույս ենք, որ ազգային բանակի հոգսերն ու պրոբլեմները լուրջ մտահոգությունների  տեղիք կտան ու ակնկալում ենք բոլորի աջակցությունը` ազգային բանակի հզորացմանը խոչընդոտող պատճառները միասնաբար վերացնելու  գործում: