Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՂ ՏՂԵՐՔԸ…



5-1-1-45-2017Հյուսիսարեւելյան սահմանագոտում ենք: Գնում ենք մարտական հենակետ: Անձրեւում է: Հիմնական ճանապարհից թեքվելուց հետո, թվում է՝ մեքենան ուր որ է, կթաղվի ցեխի մեջ: Զինվորական ամենագնացը հեշտությամբ հաղթահարում է բոլոր արգելքները, քիչ անց կանգնում հակառակորդի կողմից չդիտարկվող տարածքում: Մեզ դիմավորում է դիրքի ավագ, ավագ սերժանտ Արմեն Ճաղարյանը: Դիրքային ծառայության ութ տարվա փորձ ունեցող դասակի հրամանատարը ներկայացնում է ընդհանուր իրավիճակը, տվյալ հենակետում ծառայության առանձնահատկությունները: Ու միանգամից խոսում անձնակազմի մասին.

-Տղերքը իրենց ծառայությունը պատվով են տանում: Զգոն են, աչալուրջ, ամբողջությամբ գիտակցում են իրենց կատարած գործի կարեւորությունը: Բոլորն էլ հասել են մասնագիտական այն մակարդակին, որ առանց վարանելու նրանց վստահվում է մեր սահմանի որոշակի հատվածի պահպանությունը: Եթե մարտական հերթապահության ժամանակ նոր ընդգրկվող տղաներից մեկնումեկը թերանում է կամ որոշակի հոգեբանական խնդիրներ է ունենում, առաջինը հենց իմ ենթականերն են անհրաժեշտ օգնություն ցույց տալիս, պատմում անձնական փորձի մասին, խորհուրդներ տալիս: Ամենակարեւորը՝ հանդուրժող են իրար նկատմամբ, բայց՝ ոչ թշնամու:

Ինչպես նշում է դիրքի ավագը` արդեն որոշակի փորձառություն ունեցող զինվորները ազատ ժամերին վերհիշում են իրենց քաղաքացիական կյանքը, զուգահեռներ անցկացնում բանակային կյանքի հետ: Հենց իրենք էլ երբեմն հումորով, երբեմն անթաքույց հպարտությամբ նշում են, որ ծառայող ու չծառայող տղերքի տարբերությունը շատ մեծ է:

Շրջում ենք տարածքում: Մինչեւ խրամուղի մտնելն արդեն ցեխը կպչում է կոշիկներիդ ու ծանրացնում քայլքը: Զինվորները սովոր են ամեն ինչին: Արագ հերթափոխ են կատարում, ուղեկցում մեզ: Դիտակետում կանգնած տղաները աչալուրջ հսկում են տարածքը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:

Քիչ անց անձրեւը դադարում է: Օգտվելով առիթից՝ զրուցում ենք արթուն հերթափոխի անձնակազմի հետ: Նստում ենք կացարանի դիմաց, ցրտելուն պես՝ մտնում ներս: Մեզ սուրճ, քաղցրավենիք են հյուրասիրում: Նկատել եմ՝ մարտական դիրքում զինվորի պատրաստած, նրա հետ խմած սուրճը ամենահամեղն է:

Տղաները միմյանցից շատ են տարբեր, բայց կարծես փոխլրացնում են իրար: Իրար օգնում են ամեն ինչում: Բան է պետք բերել, մեկի փոխարեն երկուսն են գնում: Չորսն էլ շարքային են՝ վարորդ, նռնակաձիգ, գնդացրորդներ: Սեդրակ Սարգսյանը Ապարանի Ծաղկաշեն գյուղից է, Արման Անդրեասյանը՝ Ագարակ քաղաքից, Գեւորգ Առուջյանը Արարատի Տափերական գյուղից է, իսկ Ռոման Բորյանը ճամբարակցի է:

Պատմում են ծառայության մասին, առանձնակի հպարտությամբ նշում, որ իրենց պահած դիրքը Հայաստանի դարպասներից մեկն է համարվում: «Չեմ պատկերացնում, որ տղան չծառայի»,-ասում է Գեւորգը, ու միանգամից հիշում ենք Երեւանում վերջին օրերին ընթացող բողոքի ակցիաներն ընդդեմ տարկետման իրավունքի վերացման: Դիրքի ավագն է որոշակի տեղեկություններ հայտնել նրանց բողոքողների պահանջների մասին: Տղաները չքննադատեցին նրանց, փորձեցին հասկանալ՝ ներկայացնելով ծառայության մասին իրենց մտորումները:

Սեդրակն ավարտել է ՊՄՏՀԿ վարորդական դասընթացները: Բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն չի ունեցել, բայց հիմա մտափոխվել է:

-Ազատ ժամերին շատ եմ մտածել հետագա կյանքս դասավորելու մասին, տարբեր ծրագրեր եմ կազմել: Հասկացել եմ, որ բարձրագույն կրթություն է պետք: Ծառայության ընթացքում եմ դա հասկացել: Իմ օրինակով կարող եմ ասել. ժամկետային ծառայությունը պարտադիր պայման է, թող երիտասարդը ծառայի, դրանից հետո ինչ ուզում է դառնա՝ գիտնական, բժիշկ, մանկավարժ… ինչ սիրտը կուզի: Բանակը կյանքի փորձ է, ցանկացած մասնագիտության տեր մարդուն այն միայն օգուտ կտա, կօգնի ինքնուրույն հաղթահարել տարբեր դժվարություններ:

-Սովորում եմ, ծառայությունից հետո շարունակելու եմ ուսումս, կդառնամ հրշեջ-փրկարար,-ասում է Ռոմանը: -Հնարավորության դեպքում մագիստրատուրայում էլ կուսանեմ: Ուսման ընդհատումը, ծառայությունը որեւէ կերպ չեն խանգարի իմ ծրագրերին: Մասնագիտությունս ենթադրում է փրկել մարդկանց, ու ես կոփվում եմ այստեղ, ձեռք բերում տարբեր հմտություններ, ձեւավորվում են մարդկային որակներ, որոնք հետագայում շատ պետք կգան ինձ: Հատկապես դիրքային ծառայությունն ինքնին դժվարություն է, բայց փորձում ենք այնպես անել, որ ամեն ինչ հարթ անցնի: Շուտով փոքր եղբորս զորակոչելու ժամանակն էլ կգա: Ես կօգնեմ նրան խորհուրդներով, ծառայությունից խուսափելու մասին խոսք լինել չի կարող:

Տափերականցի Գեւորգը ավագ դպրոցի տարիներին գազաեռակցողի մասնագիտություն է ձեռք բերել, աշխատել է: Միշտ ցանկացել է ծառայել.

-Շատ բաներ եմ լսել մինչեւ բանակ գալս, բայց իմ տեսածն ուրիշ իրականություն է: Բանակում տարբեր մարդկանց ես տեսնում, տարբեր բնավորություններ, ճանաչում, հարմարվում ես յուրաքանչյուրին: Իհարկե, դիրքում ավելի հետաքրքիր է, իրար հետ ջան ենք ասում, ջան ենք լսում (ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ` մարտական հենակետում ավելի լավ ենք պատկերացնում ծառայության պատասխանատվությունը, ամեն մեկիս կարեւորությունը: Այստեղ ամեն ինչ կանոնակարգված է, ու պահի լրջությունը ավելի խորն ես ընկալում: Սահմանված ժամանակ կանգնում ենք դիտակետում, ապա՝ արթուն հերթափոխ, հետո գալիս է հանգստի ժամը: Այդ ամենը քեզ մեծ վստահություն է տալիս՝ դու քո հայրենիքն ես պաշտպանում: Գիտես՝ քո թիկունքում գյուղ է, քաղաք, խաղաղ բնակիչ: Ամեն ինչ քեզանից է կախված: Պիտի կարողանաս ուշադիր լինել, որ հանկարծ հակառակորդի զինվորը չանցնի մեր թիկունք: Ցանկացած պահի պարտավոր ենք պահպանել զգոնություն եւ ուշադրություն:

Ինչ խոսք, ծառայությունը դժվար գործ է: Սկզբում ոչ մեկն էլ չի կարողանում լիարժեք ներգրավվել, աստիճանաբար սովորում է: Մենք էլ շատ բան չէինք կարողանում, մի դեպքում օգնեցին, այլ դժվարություններ իմ ուժերով հաղթահարեցի: Էդպես կամաց-կամաց հմտացանք: Նույնիսկ ամենաթույլ տղան էլ բանակում փոխվում է՝ կոփվում:

Արմանի երկու եղբայրները ծառայել են զինված ուժերի տարբեր զորամասերում՝  Տավուշում եւ Վայքում:

-Եթե երիտասարդն ի վիճակի է ծառայելու, լավ կլինի, որ տեսնի ծառայության առավելությունները: Ի վերջո, հայրենիքը պաշտպանելով՝ յուրաքանչյուրս նաեւ մեր պատիվն ենք պաշտպանում: Եթե այնքան բացառիկ տաղանդ ես, որ կարող ես ինչ-որ այլ ոլորտում էական օգուտ տալ հայրենիքիդ, էլի մասամբ ներելի է, իսկ եթե ոչ՝ միանշանակ պետք է ծառայել: Հաստատ ծառայությամբ ու դրա տված փորձով հետագայում ավելի մեծ օգուտ կտաս քո հայրենիքին:

Սովորելը լավ բան է, բայց, իմ կարծիքով, հայրենիքի հանդեպ պարտքը շատ ավելի մեծ ու վեհ զգացողություն է, յուրաքանչյուրս պետք է անցնենք դրա միջով: Ցանկացած մասնագիտության մեջ հմտանում, գիտական բարձր աստիճանի են հասնում խաղաղ պայմաններում, իսկ այդ խաղաղությունը հաստատվում է միայն զինվորի ջանքերով:

Տղաները տարբեր են, բայց մի հարցում համակարծիք են. Հայրենիքի պաշտպանության գործում բոլորը հավասար են՝ գիտնական, վարորդ, բժիշկ, բանվոր… Որեւէ մեկը սահմանին դժվարին ծառայություն իրականացնող մեր տղաներից առավել չէ:

Զրույցի ընթացքում ինքնաձիգի կրակահերթեր լսվեցին: Դիրքի ավագը միանգամից վազեց հեռախոսի մոտ: Պարզվեց, հակառակորդը անկանոն կրակահերթ է արձակել մեր պահպանության մյուս թեւի ուղղությամբ: Սովորական բան է՝ նշեցին տղաները: Քիչ անց հերթափոխի ժամն էր: Ավագ սերժանտը հրահանգում է լինել առավել ուշադիր, զեկուցել ցանկացած տեղաշարժի մասին: Հերթափոխից հետո ներկայացնում է կրակոցները արձանագրած զինվորին՝ Գրիգորյան Հովհաննեսին: Շուտով կզորացրվի Հովհաննեսը, բայց այդ մասին զրույցի ընթացքում անգամ չակնարկեց: Այդ մասին նա չի մտածում, ուշքնումիտքը միայն ծառայությունն է: Վեբ ծրագրավորող է, ուսումը գիտակցաբար  կիսատ է թողել, եկել բանակ: Նշում է՝ թեպետ որոշ բաներ մոռացել է, բայց դա մանրուք է, վերհիշելը երկար ժամանակ ու ջանք չի պահանջի:

Պարտադիր ժամկետային ծառայության անհրաժեշտության մասին խոսելիս մեր զրույցին միացավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Մանգասարյանը ու ասաց. «Ծառայած, զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանած տղան քաղաքացիական հասարակության մեջ իրեն ավելի հպարտ է զգում»:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/11/2017