Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՀՄԱՆԻ ՕՐԵՆՔԸ
ՍԱՀՄԱՆԻ ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆԻ ՕՐԵՆՔԸՏագնապ: Հակառակորդի դիվերսիոն խումբը խախտել է սահմանը: Ավտոմատավոր տղերքը, զրահաբաճկոնները հագին, զենքերը լիցքավորելով վազում են դեպի խրամատները: Ես մնում եմ գետնատնակում մենակ: Տեր Աստված, ադրբեջանցիները հենց հիմա՞ պիտի դիվերսիա անեին` մտածում եմ ու ջանում ցույց չտալ վախս: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանն ասաց` վերջին շրջանում ադրբեջանցիները հանգիստ են: Ու, խնդրեմ, հատել են սահմանը: Եվ հենց այսօր, հենց այն հատվածում, որտեղ ես եմ:

«Անցնել շրջանաձեւ պաշտպանության»,- գոռում է ինչոր մեկը: Ես դուրս եմ գալիս գետնատնակից: Մուտքի մոտ մի երիտասարդ զինվորական է կանգնած:

Չմոտենա՛ք, օտարներին կծում է,- ասում է ու ցույց է տալիս վարդի թփերը: Ո՞նց չէի նկատել. մի քանի քայլ հեռու տասը կիլոգրամանոց գլխով ահռելի գամփռը քննախույզ նայում է վրաս: Ոնց որ սարսափ ֆիլմերից իջած հրեշ լինի. բերանը՝ կիսաբաց, ծնոտը՝ ծուռ:

Կամիկաձե է,- ասում է զինվորականն ու անհոգ ծիծաղում:

Ես կապիտան Հրայր Խաչատրյանն եմ, վաշտի հրամանատար,- ու մեկնում է ձեռքը, – Ձեր «կրկնակի» կոլեգան եմ:

Կրկնակի կոլեգան ո՞րն է:

Ձեզ նման՝ զինվորական եմ ու լրագրող. մասնագիտությամբ լրագրող եմ:

Մի կերպ եմ ընկալում ասածը. մտքով դիվերսանտների հետ եմ: Լսողությունս լարել եմ, որ կրակոցի ձայներ որսամ:

Արջի՞ց եք վախեցել,- հարցնում է զինվորականը:

Ի՞նչ արջ: Ոչ մի բանից էլ չեմ վախենում,- պատասխանում եմ կռվի տոնով:

Շունը: Անունը Արջ է: Սահմանապահ շուն է: Մեր դիրքի բոլոր շներն էլ սահմանապահ են: Կռված, վիրավորված: Բոլորն էլ սահմանի օրենքով են ապրում:

Չեմ հասկանում` լո՞ւրջ է ասում, թե՞ կատակում է. «Տղերքը բարեհաջող հետ ճամփեն ադրբեջանցիներին, կհարցնեմ, թե էդ ո՞րն է սահմանի օրենքը»:

Ծանոթացա՞ք Հրայր Խաչատրյանի հետ,- ես շրջվում եմ ձայնի կողմը: Նվեր Մանգասարյանն է: Գլխով եմ անում:

 Իջեւանի Գետահովիտ գյուղից է: Մեր լավագույն զինվորականներից է: Կարող եք իր մասին գրել, արժանի է: Պապն էլ է զինվորական, հայրն էլ: Հայրը` փոխգնդապետ Աշոտ Խաչատրյանը, Հրայրի պես առաջնագծում է ծառայել: Արցախյան պատերազմի կամավորականներից է: Հրայրի եղբայրը` Տիգրանը, նույնպես զինվորական է: Նա էլ մեկ ուրիշ դիրքում է կանգնած:

Անպայման կգրեմ, երեք զինվորական սերունդ` մի ընտանիքում, շատ գեղեցիկ է,- ես ջանում եմ անհոգություն հաղորդել ձայնիս: –Էն դիվերսիան ի՞նչ եղավ:

Ի՞նչ դիվերսիա:

Է՜ն, որ անցանք շրջանաձեւ պաշտպանության:

Հա~… Ուսումնական տագնապն ավարտվեց:

Ուրեմն` ուսումնական տագնապ էր, ոչ մի դիվերսիա էլ չկար: Հիմա վախը չմատնելու չափ կարեւոր է թաքցնել ուրախությունը, որ ժպիտ դարձած կամքիս հակառակ տարածվում է դեմքովս մեկ: Շուրջս հանկարծ ամեն ինչ կենդանանում է:

Տղամարդը պիտի սպա լինի, ուսադիր կրի: Զինվորականի մասնագիտությունը ամենապատվարժան մասնագիտությունն է,- ոգեւորված ժամանակ ես ընդունակ եմ ցանկացած չափազանցության:

Սպան կատարյալ մարդ է, չեմպիոն,- ինձնից հետ չի մնում վաշտի հրամանատարը: Մոտ 30 տարեկան բարետես տղամարդ է: Դիմագծերը նուրբ են, շարժուձեւը՝ կիրթ:

Լավ սպա լինելու համար նախ պիտի հասնես հոգեկան հավասարակշռության ու ներդաշնակության բարձր մակարդակի,- շարունակում է իր մասնագիտության գովքը: –Պիտի կարողանաս կենտրոնանալ, կառավարել ինքդ քեզ, որ հասկանաս զինվորիդ հոգին ու կառավարես նրան:

Հիմա Դուք լրագրո՞ղ եք, սպա՞, թե՞ չեմպիոն,- կատակում եմ:

Իրականում, ես իսկապես չեմպիոն եմ,- բացատրում է լուրջլուրջ: –Երկար տարիներ ըմբշամարտ եմ պարապել: Հաղթել եմ տասնյակ մրցումներում: Հայաստանի չեմպիոն եմ դարձել: Բայց զինվորական համազգեստի հանդեպ սերս հաղթեց: Ես դեռ շատ փոքր էի, երբ վազվզում էի մարտական հենակետերում, ընկերություն էի անում հորս դիրքապահ ընկերների հետ:

Շատ էի կարդում, կարդում էի անհագուրդ, սիրում էի ստեղծագործել: Բուհն ավարտեցի կարմիր դիպլոմով ու հաստատ կհամալրեի լրագրողներիդ համքարությունը, եթե չլինեին զինվորական ծառայության երկու տարիները: Ինձ զորակոչեցին, ծառայեցի հետախուզական ստորաբաժանումում: Ու հենց այդ ժամանակ էր, որ սրտիս մի անկյունում քնած սերը հանկարծ արթնացավ: Ու այլեւս չհանեցի զինվորական համազգեստը: Այդպես սկսվեց իմ զինվորական ուղին` ջոկի հրամանատար, ծանր զենքի դասակի հրամանատար

….«Հակառակորդի դիվերսիան հետ մղած» տղաները զրահաբաճկոնները հանելով՝ մտնում են գետնատնակ: Չգիտեմ` ինձ է թվում, թե բոլորն էլ շատ բարձրահասակ են ու հաղթանդամ: Քայլում են դոփելով, խոսում են բարձրաձայն ու ծիծաղում զրնգուն: Ես ակամա մի կողմ եմ քաշվում, որ ոտքի տակ չընկնեմ:

Կյանքիս ամենադժվար պահերին ես կամքին եմ ապավինել: Կամքը վեր է հաշվարկից, օրինաչափությունից, տրամաբանությունից,- տղերքին նայելով՝ ասում է կապիտանը:

Իսկ ո՞րն է սահմանի օրենքը, ասացիք ու չբացատրեցիք:

Ձեր կարծիքով` ո՞րն է իմ ծառայության ամենակարեւոր խնդիրը,- հարցին հարցով է պատասխանում զինվորականը:

Որ սահմանն անառիկ պահեք,- պատասխանում եմ առանց երկար մտածելու: –Դրանից էլ պարզ բա՞ն:

Որպես մարդ, որպես հրամանատար` իմ ամենակարեւոր խնդիրը իմ վաշտի յուրաքանչյուր զինծառայողի անվնաս իր ընտանիքին հասցնելն է,- բացատրում է սպան: –Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մարտական հենակետից զանգեցին ու ասացին, որ իմ զինվորը` Արմենը, վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: Դուրս թռա գետնատնակից ու գնդակների տարափի տակ հասա հենակետ, գրկեցի վիրավոր զինվորիս ու դուրս բերեցի կրակի գոտուց: Զինվորս ապրեց: Սա կյանքիս ամենամեծ գործն է, որ արել եմ:

Իսկ սահմանի օրե՞նքը

Սեփական կյանքով պաշտպանել զինակցիդ կյանքը

Արջը ինքը քիչ էր, հետեւից մի ուրիշ շուն գցած եկել, ժամապահ է կանգնել գետնատնակի դռան մոտ ու աչքն ինձնից չի կտրում:

Ինձ է պաշտպանում,- գորովանքով ասում է Հրայրն ու շոյում շան փթանոց գլուխը:

Դե, որ ուղեղ ունենա, Ձեզ ինձնից կպաշտպանի՞,- ասում եմ անթաքույց հակակրանքով:

Ինքը կանանց առհասարակ չի վստահում,- զվարճանում է Հրայրը:

Իսկ Դուք վստահո՞ւմ եք կանանց,- իբր հակադարձում եմ: –Հրայրը ժպտում է խորամանկ, կապույտ աչքերը կկոցելով:

Ամուսնացա՞ծ եք,- հիշում եմ, որ չեմ հարցրել ընտանիքի մասին:

Երկու տղա ունեմ,- ասում է հպարտությամբ:- Իսկ կանայք կարող են տղամարդու ամենահուսալի ընկերը լինել, ամենաամուր թիկունքը:

Տղաներդ զինվորակա՞ն են դառնալու,- այսքան «դեմագոգիկ» հարց միայն ես կարող էի տալ։

Չգիտեմ: Բայց, որ բանակի կերպարով են դաստիարակվելու, դա հաստատ է:

«Բանակի կերպարով դաստիարակվել» միտքն ինձ դուր է գալիս: Մի ամբողջ հոդվածի նյութ է: Բայց ես լրացուցիչ հարց չեմ տալիս: Միայն մի բան եմ ուզում իմանալ, թե ի՞նչ անձնական երազանք, ցանկություն կամ նպատակ ունի մասնագիտությամբ լրագրող` վաշտի հրամանատար, չեմպիոն սպան, որը Խաչատրյանների զինվորական ընտանիքի երրորդ սերունդն է:

Ամեն օր ինձ ծառայության ճանապարհելիս տղաս հարցնում է` պապա՛, գալո՞ւ ես տուն: Աստված տա` միշտ կատարեմ տուն վերադառնալու` որդուս տված խոստումը:

Ամեն,- ասում եմ ես ու անսպասելի հուզվում եմ:

Ամեն,- կրկնում է Հրայրն ու ծիծաղում է բարձրաձայն:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ