Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - 300
ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – 300

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - 300Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլ նաև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր: Նա իր բովանդակ կյանքը նվիրեց հայ ժողովրդի լուսավորության սրբազան գործին` տոգորված այնպիսի հոգևոր կորովով, որ կանգ չառավ անգամ խոչընդոտների առաջ:

1676 թվականին Սեբաստիայում ծնված այս անհատը, համակված ուսման անհագ ծարավով, շրջում է Էջմիածնի, Սևանի, Բասենի վանքերով, սակայն չի գտնում իր ակնկալածը: Տակավին պատանի` Մխիթարը Սուրբ Նշան վանքում նվիրվում է անխոնջ ընթերցանությանն ու ինքնազարգացմանը: Քսան տարեկանում, հազիվ կուսակրոն քահանա ձեռնադրված, ականատես լինելով Հայաստանի նյութական ու իմաստական ծանր վիճակին, որոշում է աշակերտներ հավաքել ու միաբանություն հիմնել` նպաստելով հայ ժողովրդի հոգևոր, բարոյական և կրթական մակարդակի բարձրացմանը:

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - 300Միաբանություն ստեղծելու առաջին փորձը Մխիթար Սեբաստացին կատարում է Կոստանդնուպոլսում` իր շուրջ համախմբված մի քանի երիտասարդների օգնությամբ: Թեև Մխիթարն ընդունել էր կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում էր իր ազգային առանձնահատկությունները, դիմագիծը: Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են, և Մխիթարն ու իր համախոհները ստիպված են լինում լքելու Կ. Պոլիսը: Նրանք նախ ապաստանում են Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, բայց վերջնական հանգրվանը գտնում են Վենետիկում: 1717 թվականին Հռոմի Կղեմես XI Պապը հաստատում է Մխիթարի` Միաբանություն ստեղծելու նախագիծը և մշտական բնակության իրավունքով Վենետիկի հարավում գտնվող Սուրբ Ղազար կղզին շնորհում է Մխիթարյաններին: Մխիթարն արժանանում է աբբահոր կոչման:

Մխիթարը խոր հավատքի, հզոր կամքի, բացառիկ տրամաբանության ու խորաթափանց մտքի տեր անձնավորություն էր, հեռահար ծրագրեր իրականացնող և անդուլ աշխատանքի մի նվիրյալ, որ օժտված էր հոգեմտավոր անսահման ներուժով: Նա կառուցում է մեծ վանք, հիմնադրում է ձեռագրատուն, աշխարհով մեկ փնտրում և կորստից փրկում է մեծարժեք գրչագրեր, կազմում բառարաններ, դասագրքեր, դաստիարակում աշակերտներ` պատրաստ նվիրվելու գիտությանն ու կրթական գործին: Լիապես իրագործելով իր դժվարին ու փայլուն ծրագիրը, Մխիթար Աբբահայր Սեբաստացին կնքում է իր մահկանացուն 1749թ. ապրիլի 27-ին և թաղվում Վենետիկի Սուրբ Ղազար եկեղեցու ավագ խորանի առջև` իր պանծալի անունը թողնելով միաբանությանն իբրև պատիվ ու պարտականություն:

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - 300Աշխարհի տարբեր ծագերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան: Մխիթարյան միաբանության վարժարաններում են ուսանել և աշխատել Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Արփիար Արփիարյանը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը: Այստեղ հայոց լեզվին և մշակույթին են ծանոթացել Եվրոպայի բազմաթիվ անվանի մտավորականներ` Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Բրեյնդը, Ստենդալը, Պետերմանը և այլք:

XIXդ. սկզբին, երբ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I  Բոնապարտը վերացնում էր իր տիրապետության ներքո եղած բոլոր կրոնական միաբանությունները, 1810թ. օգոստոսի 17-ի հրովարտակով Սուրբ Ղազարի հայկական միաբանությունը ճանաչում է գիտական հաստատություն` «Հայկական ակադեմիա» պատվավոր տիտղոսով և պահպանում է այն:

«Օտարները Հայոց կղզի կկոչեն, հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար: Աղոթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրություն, հավատքի հետ` գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ` Հայրենիքի համար, հայ ժողովրդի համար»:

 ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

«Ըղեղս հպարտ կը զգայ ինքզինքը` հպարտութեամբը Մխիթարեան Իտէալին»:

 ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

«Այս մարդիկ (Մխիթարյանները) հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրոնավորներն են, ազգ, որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել` առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության: Այս ժողովուրդը հարստացել է առանց բանսարկության»:

 ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

«Ավելի շատ կարելի է վախենալ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան ֆիդայիների զենքերից»:

 ՍՈՒԼԹԱՆ ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ

«Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետով, որքան Մխիթարի տունը»:

 ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ