Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼ
ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼ

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը

 ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼ Հայկական բանակի պատմությունը մտնում է մի նոր փուլ՝ սկսելով կամավորական ջոկատների ստեղծումից, դառնալով կանոնավոր, մարտունակ բանակ, իսկ այժմ արդեն ձեւավորելով ժամանակակից զինված ուժեր՝ սերտորեն կապված ժողովրդի հետ եւ հասարակության պահանջներին համահունչ: Ամբողջ աշխարհն է ապրում մի այնպիսի ժամանակաշրջան, որ հարկավոր են նոր գաղափարներ, նոր սկզբունքներ, անվտանգության նոր երաշխիքներ: Եվ ահա անվտանգության այդ լրացուցիչ երաշխիքներից են «Ազգբանակ» գաղափարախոսությունը եւ դրա համատեքստում առաջարկվող «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը, որոնք խրախուսում են ծառայությունը բանակում եւ նպաստում են բանակի մարտունակությանը: Մենք այս տարվա մայիսին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ու խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկել ենք Ազգբանակ հայեցակարգը եւ դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը: «Պատիվ ունեմ» նախագծի բովանդակությունն այն է, որ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակով իր ծառայությունը բերել հայրենիքին՝ ոչ թե որպես շարքային զինվոր, այլ՝ որպես սպա: Ծրագրի կարեւոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձեւավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ եւ առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Գաղտնիք չէ, որ գիտության մեջ «խցկվելը» բանակից ազատվելու միջոց էր դարձել. մարդիկ ծանոթով, փողով զբաղեցնում էին ասպիրանտուրայի սահմանափակ քանակությամբ տեղերը՝ դուրս թողնելով ավելի արժանավոր երիտասարդներին, որոնք իսկապես կարող էիր հաջողություն ունենալ գիտության բնագավառում եւ պետք գալ երկրին: Այս օրենքը վերացնում է այդ հնարավորությունը: Գիտության ոլորտ կմտնեն մարդիկ, որոնք իսկապես արժանի են գիտությամբ զբաղվելու եւ ցանկություն ունեն, ոչ թե գիտնական են դառնում բանակից ազատվելու համար: Այսինքն՝ կնվազի կոռուպցիան, կնվազեն բացասական երեւույթները, կդժվարանա որոշ մարդկանց՝ իրենց երեխաներին բանակից ազատելու հնարավորությունը, եւ այդ տեսանկյունից կշահի նաեւ գիտությունը: Եվ կամրագրվի մի շատ կարեւոր գաղափար՝ հայրենիքը պաշտպանելու պարտքը բոլորինն է հավասարապես:

«Ես եմ» ծրագիրը նորակոչիկներին իրավունք կընձեռի անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետայինպայմանագրային, ծառայությունը կտեւի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը երիտասարդ տղային իր ապագան Հայաստանում կառուցելու լրացուցիչ հնարավորություն կտա:

Ես կարեւորում եմ այս ծրագրերը ոչ միայն զինծառայության նկատմամբ նյութական շահագրգռվածությունը խթանելու տեսանկյունից, այլեւ խնդիրը դիտարկում եմ բարոյահոգեբանական հարթության մեջ՝ նկատելով, որ երկու ծրագրերն էլ ապագա զինծառայողի մեջ սերմանում են հայրենասիրություն, ազգային մտածողություն ու բարձր պատասխանատվություն հայրենիքի պաշտպանության հանդեպ: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է պատիվ լինի բանակում ծառայելը: Իսկ նա, ով կխուսափի ծառայությունից, պիտի ամբողջ կյանքում զգա պետության հետհարվածը իր կենսագրության վրա՝ սկսած պաշտոն զբաղեցնելու իրավունքը կորցնելուց մինչեւ զանազան այլ սահմանափակումներ:

Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, եւ գործելու է կամավորության սկզբունքը: Այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը:

Այդուհանդերձ, ուզում եմ շեշտել մի հանգամանք՝ չի կարելի վերեւից ծրագրեր կազմել եւ պարտադրել, որ ժողովուրդն այդ ծրագրերով ապրի: Ցանկացած ծրագիր՝ կապված Ազգբանակի հետ, պետք է լայնորեն քննարկվի հանրության շրջանում, դառնա ժողովրդի համար հարազատ, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, որ ինքը գնում է լարվածության, բայց միաժամանակ ստանում է պտուղներ: Եթե ժողովուրդը դա չզգա՝ այդ ծրագրերը կմնան թղթի վրա կամ կիսատպռատ կիրականացվեն: Միայն ժողովրդի վստահությունն ստանալով՝ մենք կարող ենք գնալ առաջ:

 ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼԴժվարանում եմ ասել` ավելի շատ եկեղեցո՞ւմ եմ լինում, թե՞ սահմանին, հավատացյալների կողքի՞ն, թե՞ երկրիս առաջնագիծը պաշտպանող զինվորի: Բայց, մի բան հաստատ է` իմ սիրտն ու հոգին միշտ զինվորների հետ է: Մենք բանակից ու զինվորից թանկ ոչինչ չունենք: Գիտնական լինես, հոգեւորական, արվեստագետ, թե երկրի ապագա նախագահ, քո ճանապարհը հայրենիքի սահմանով պիտի անցնի, պիտի շնչես սահմանի օդը, պիտի լցվես այն անձնազոհ խիզախությամբ, որ միայն հողդ պաշտպանելիս եմ զգում, պիտի մաշկիդ վրա զգաս զինվորական համազգեստի հպումը ու ուսիցդ կախված զենքի ծանրությունը: Ես այս կարծիքին եմ եղել, երբ Արցախյան պատերազմի ռազմիկ էի, ե՛ւ հիմա, երբ քահանա եմ: Մենք՝ հայերս, դժվար ճակատագիր ենք ունեցել եւ պիտի  զորություն ունենաք, որ հաղթենք:

Քո` զինվորական լրագրողիդ գրիչը պիտի զորություն ունենա, իմ խաչը պիտի զորություն ունենա, գիտնականի միտքը պիտի զորություն ունենա, արվեստագետի երգը պիտի զորություն ունենա` ուժ, ուժ, ուժ: Ու էդ ուժը պիտի վահան դարձնենք սահմանին, հակառակորդի առաջ: Այսքանից հետո ինձ համար անընդունելի է Վիգեն Սարգսյանի առաջարկած «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» նախագծերի վիճարկումն անգամ: Ավելի մարդասիրական օրե՞նք եք ուզում: Նախարարն ասում է` ուզում ես ուսումդ չընդհատվի, շատ լավ, շարունակիր սովորել, բայց ավարտելուց հետո արի, ծառայիր երկրիդ՝ որպես սպա, իսկ ճեմարանցին` որպես գնդերեց: Այս պատվից կարելի՞ է հրաժարվել: Կամ զինվորին ասում է` երեք տարի քո կամքով՝ որպես կամավորական, արի կանգնիր երկրիդ սահմանին, պաշտպանիր առաջնագիծը, հետն էլ բանակից զորացրվես կլորիկ գումարով: Ու այս ամենին զուգահեռ, կա նախկին տարբերակը` որպես այլընտրանք: Ես երկու ձեռքով կողմ եմ Վիգեն Սարգսյանի առաջարկած «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» նախագծերին:

 ՏԵՐ ԳԵՎՈՐԳ քահանա ՏԵՐԲԱՐՍԵՂՅԱՆ

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼՎիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերին շատ լավ ծանոթ եմ, ծանոթ եմ նաեւ տարբեր քննարկումների ընթացքում հնչած կողմ եւ դեմ տեսակետներին եւ, այդ ամենով հանդերձ, իմ կարծիքով՝ միանգամայն դրական է: Առաջարկները շատ խելամիտ են առաջին հերթին այն պատճառով, որ այլընտրանքի հնարավորություն են տալիս: Ամեն զինակոչիկ կարող է ընտրել այն տարբերակը, որն ավելի սրտամոտ է իրեն, հարմար է իր ընտանիքին, իր կյանքին, իր նպատակներին: Երկու նախագծերն էլ միտված են փակելու զինծառայությունից խուսափելու ուղիները, ստեղծելու սոցիալական արդարության ու հավասարության նոր հնարավորություններ:

Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում շատ դիպուկ ասաց, որ զինվորական պարտքը չկատարած մարդիկ 27 տարին լրանալուց հետո բերում են մի թուլափայ գցում բանակին ու հավասարվում այն տղաներին, որոնք առաջնագծում, թշնամու գնդակի դեմ կանգնած հայրենիք են պաշտպանել: Սա արդարությո՞ւն է: Եթե խոսքը վերաբերում է հայրենիք պաշտպանելուն, պիտի նվազագույնի հասցնել արտոնությունները: Արտոնություն պիտի տրվի ծայրահեղ դեպքում: Կամ ի՞նչ է նշանակում` հայ տղամարդը չծառայելու արտոնություն է ուզում, արտոնություն, որ չպաշտպանի հայրենիքը: Մեկը պիտի արտոնվի, որ գիտնակա՞ն է, իսկ մյուսը կյանքը տա սահմանի պաշտպանության համար: Ես կարծում եմ, որ առաջարկված ճկուն համակարգը բոլորին հնարավորություն կտա ընտրելու զինծառայության իր մոդելը եւ կատարելու հայրենիքի հանդեպ թերեւս ամենասրբազան ու գեղեցիկ պարտքը:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

բանաստեղծ

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼԵս ուզում եմ խոսել «Պատիվ ունեմ» ծրագրի մասին, որից մեծ հաճույքով կօգտվեի, եթե իմ ծառայության տարիներին այն գոյություն ունենար: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ զորակոչային տարիք ունեցող տղաների մի ստվար զանգված բուհ է ընդունվում միայն այն պատճառով, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանա: Ու գործնականում դժվար է տարանջատել` ով է բուհ դիմել կրթություն ստանալու եւ գիտությամբ զբաղվելու, ով` զորակոչից խուսափելու համար: Եվ, կարծում եմ, առաջարկվում է ընդունելի տարբերակ, ինչը ապագա զինվորին ընտրության հնարավորություն է տալիս կա՛մ 18 տարեկանում գնալ բանակ, կա՛մ շարունակել ուսումը բուհում` ուսումնառությունն ավարտելուց հետո երեք տարի բանակում որպես սպա ծառայելու պարտավորությամբ:

Սակայն, ուզում եմ շեշտել, որ այս նորամուծությունը արժեք կունենա եւ կծառայի իր նպատակին, եթե զուգահեռաբար փակվեն պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինաբար խուսափելու մյուս սողանցքները: Որպեսզի այսօր ուսում ստանալու պատրվակով դասալքությունը օրինականացնող տղաները այս անգամ չկարողանան բանակից ազատվել, ասենք, հիվանդ ձեւանալով:

 ԱՐԹՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

լրագրող

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼՀամացանցում դիտեցի Ազգային ժողովի քննարկումները` կապված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության հետ: Էս օրենքը հասարակ մարդկանց սրտով է: Մեր երեխաները 18 տարեկանում լինի, թե բուհն ավարտելուց հետո, մեկ է, բանակ են գնալու, խուճապի մեջ են էն մարդիկ, որոնք բուհն ավարտած իրենց տղաների համար մի նոր բան էին հորինելու, որ բանակից խուսափեն: Ասենք` մագիստրատուրա, ասպիրանտուրա: Հիմա էդ ճանապարհը փակվեց: Մեր գիտությունն էլ մեղք է` դարձել է բանակից խուսափողների թաքստոց: Դպրոցում Ան ու Բն իրարից հազիվ տարբերող տղան մեկ էլ կտեսնես դիսերտացիա է «պաշտպանել»: «Ազգային հարստություն» է` բանակ չեն տանում: Շնորհակալություն Վիգեն Սարգսյանին, որ սրա վերջը տվեց: Ես մինուճար տղա ունեմ: Թող ինքը որոշի: Կուզենա` բուհը կավարտի, սպայի կոչումով կծառայի, չի ուզենա՝ 18 տարեկանում կգնա բանակ, իր պարտքը կտա հայրենիքին, հետ կգա: Պիտի հավասարություն լինի, որ ժողովուրդը չօտարանա բանակից: Բոլորը պիտի ծառայեն, որ հասարակ մարդը վերջին կոպեկը չտա ու իր երեխային չհանի երկրից: Պատգամավորներից մեկն ասում էր` արտագաղթը կավելանա, եթե օրենքն ընդունվի: Ընդհակառակը: Արտագաղթը կնվազի, հիմա է արտագաղթն ավելանում. երբ ծնողը տեսնում է, որ հարեւանի երեխան չգիտես ինչ ճանապարհով ազատվեց բանակից, մտածում է` իմ երեխան ինչո՞ւ գնա, կյանքը վտանգի, իսկ մյուսը առոքփառոք դիսերտացիա պաշտպանի, ու իր երեխային տանում է արտերկից:

 ԳԵՂԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ

Արարատի մարզ

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼԵս 14 երեխա ունեմ: Առայժմ: Չորս տղա: Մեկը զինվորական պարտքը կատարել է, պատվոգրերով ու շնորհակալագրերով վերադարձել է բանակից, մյուս երեքին հերթով ուղարկելու եմ բանակ: Տասը աղջիկ ունեմ: Ամեն մեկը երկու տղա ունենան, էդ քեզ 20 զինվոր: Ես ինձ հայրենասեր մարդ եմ համարում: Ես հայրենասեր եմ, որովհետեւ հայրենիքին տասը մայր եմ տվել, չորս զինվոր:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած օրենքի մասին կարդացել եմ ինտերնետում, տեսանյութ եմ նայել: Ու շատ եմ հավանել էն պահը, որ զինվորական ծառայության համար վճարելու հնարավորություն է տալիս զինվորին: Սա շատ մեծ օգնություն կլինի հատկապես անապահով ընտանիքներին:

Ես կարծում եմ, որ օրենքը պիտի արտոնություն տա տասը եւ ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին, որպեսզի երկրում ծնելիությունը մեծանա: Ասենք` տասից ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զավակները գան բանակ ծառայելու ոչ թե երեք տարի, այլ՝ երկու, բայց ծառայավարձով: Իմ կարծիքով` սա կմեծացնի բազմազավակ ընտանիքների թիվը:

ՄԱՐՏԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

գյուղ Արգավան

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼԻմ թոռնիկներից մեկը ծառայել է, ես երկու տղա թոռնիկ ունեմ ու շատ հետաքրքրված եմ զորակոչի հետ կապված բոլոր փոփոխություններով ու նորամուծություններով:

Ես այն կարծիքին չեմ, թե ուսումն ընդհատելը եւ զինծառայությունից հետո շարունակելը կվնասի ուսանողի գիտելիքներին, եւ, ինչպես ոմանք ասում են, պատճառ կդառնա, որ ուսանողը մոռանա իմացածը, մարդու գիտելիքները ամբողջ կյանքի համար են, ոչ թե մոռանալու: Ինչեւէ, «անընդհատ ուսման» ջատագովներին պաշտպանության նախարարը հրաշալի հնարավորություն ընձեռեց. շարունակեք ուսումը եւ որպես բուհավարտ, գիտուն մարդիկ ծառայեք ոչ թե որպես շարքային, այլ՝ որպես սպա, ձեր փորձն ու գիտելիքները փոխանցեք զինվորներին: Օրենքը շատ լավ հնարավորություն է տալիս նաեւ հայրենիքի սահմանները կամավորության սկզբունքով պաշտպանել ցանկացող զինվորներին: Խոսքը 5 միլիոն դրամ գումարի մասին է, որը երեք տարի հայրենիքին ծառայած զինվորին հնարավորություն կտա կառուցելու իր ապագան: Էլ չեմ ասում, որ իրականում նրանք երեք տարի չեն ծառայելու, որովհետեւ օգտվելու են արձակուրդների մեծ չափաբաժնից:

Օրենքը կարող է դուր չգալ միայն նրանց, ովքեր բուհը եւ ուսանողին տրվող տարկետումը բանակից խուսափելու միջոց էին դարձրել: Կամ՝ ինչ է նշանակում մեկի երեխան պիտի կյանքը վտանգի սահմանին, մյուսի երեխան գիտնական է, պիտի չծառայի: Գիտնականի արյունը ավելի՞ կարմիր է, թե նրա կյանքն ավելի թանկ է, կամ նա պարտք չունի հայրենիքի հանդեպ:

 ՄԱՐԻԱՄ ՄԱԴԱԹՅԱՆ

ք. Երեւան

ՄԻԱՅՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՍՏԱՆԱԼՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՌԱՋ ԳՆԱԼՊաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ» ծրագիրը շատ մեծ քննարկման առարկա դարձավ հանրության եւ հատկապես երիտասարդության շրջանում:

Ես արդեն հասցրել եմ ավարտել բուհը, ծառայել ՀՀ ԶՈՒում, վստահ եմ, որ «Ես եմ» ծրագիրը շատ լայն հնարավորություն է բոլոր երիտասարդ տղաների համար: Երանի թե իմ ծառայության տարիներին այսպիսի հնարավորություն լիներ, ես միանշանակ կօգտվեի, քանի որ ծառայությունս կանցներ ավելի հետաքրքիր, ոչ թե շարքային զինվորի ծառայության պես, այլ սպայի, իսկ հետագայում կլուծեր ուսման վարձի խնդիրը, որը բավականին մեծ գումար է կազմում:

Իսկ այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել եւ կարծում են, որ բանակում ծառայության 2 տարիները կարող է իրենց խանգարեն, չարաչար սխալվում են: Կարող եմ վստահեցնել, որ բանակային կյանքը, զինվորական միջավայրում ապրելը միմիայն դրական է անդրադառնում ցանկացած տղայի` տղամարդ դառնալու ճանապարհին: Ինքս 2-րդ կուրսն ավարտել եւ նոր եմ գնացել բանակ, բանակից հետո ավելի լավ եմ սովորել. ծառայությունն օգնեց գիտակցելու գիտելիք ունենալու կարեւորությունը:

Բացի այդ, դաստիարակեց ճշտապահություն, արագ կողմնորոշվելու ունակություն

 ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Street Workout-ի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավար

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ