Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ



ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ1-ին ԶՄ ենթակա զորամասերում պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 1-ն անցկացվել են ներզորամասային, ներզորամիավորային շարային մրցումներ՝ զորքերում շարային, ինչպես նաև՝ հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակը և պատասխանատվությունը  բարձրացնելու, լավագույն մոտոհրաձգային վաշտը որոշելու նպատակով:

Մրցումներում հաղթող է ճանաչվել զորամիավորման ենթակա զորամասի՝ կապիտան Ալբերտ Ղուլինյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային վաշտը:

Երրորդ՝  համաբանակային փուլն անցկացվեց հոկտեմբերի 24-ին, որին մասնակցում էր ՀՀ ԶՈՒ  մարտական պատրաստության վարչության բաժանմունքի պետ, գնդապետ Գ. Մխիթարյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մախսուդյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Լ. Հովհաննիսյանը, տանկային զորամասի վարչակազմը:

Ժամը 11-ին  անձնակազմը շարային հրապարակում կանգնել էր տողանի։ Հրամանատարի հրամանով շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը։

Այնուհետեւ, վաշտի հրամանատար, կապիտան Ղուլինյանը զեկուցեց գնդապետ Գ. Մխիթարյանին`  շարային ստուգատեսի համար անձնակազմի շարված լինելու մասին։ Ողջույնի արարողությունից հետո գնդապետ Գ. Մխիթարյանի հրամանով սկսվեցին շարային մրցումները. գնահատվում էին անձնակազմի բոլոր գործողությունները՝ ողջույնի և շնորհավորանքի պատասխանը, հանրապետության օրհներգի կատարումը, մարտական դրոշը ներս բերելու և տանելու արարողակարգը, շարային քայլքը,  բանակի օրհներգի, զորամասի երգի կատարումը:

Գնդապետներ  Գ. Մխիթարյանը, Ա. Մախսուդյանն ստուգեցին  վաշտի զինծառայողների արտաքին տեսքը, փաստաթղթերը, զինվորական պայուսակների պարունակությունը` նախատեսված մարտական տագնապների, հնարավոր գործողությունների, երթերի, նաև՝ չնախատեսված դաշտային պայմանների համար:

Հընթացս հարցերի միջոցով պարզվեց, թե նրանք ինչ չափով են տիրապետում իրենց պարտականություններին։

Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով։ Կատարվեցին ՀՀ, ազգային բանակի օրհներգերը, զորամասի երգը։

Ամփոփելով մոտոհրաձգային վաշտի շարային մրցումները,  մասնավորապես՝ համաբանակային փուլը, գնդապետ Մախսուդյանն ասաց.

Ընդհանուր առմամբ, վաշտի շարային մրցումներն անցան  կազմակերպված, բայց դեռ շուտ է վերջնական  գնահատական տալը: Վաշտը լավ էր  պատրաստվել, թեպետ, վստահ եմ, կարող էր և ի վիճակի է շատ ավելի լավ արդյունք ցույց տալ: 

Զորամիավորման ենթակա զորամասերում անցկացված շարային մրցումներն անցան մրցակցային մթնոլորտում, զինծառայողներն ընթացքում ձեռք բերեցին նոր փորձ, կատարելագործեցին շարային հմտությունները, որոնք անպայման կներդրվեն ԶՄ ստորաբաժանումներում և ջոկերում:

Հուսով եմ` նախորդ փուլերում հաղթանակած մոտոհրաձգային վաշտը մրցանակային տեղ կգրավի  համաբանակային մրցումների արդյունքների ամփոփումից հետո:

1-ԻՆ ԶՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Ազգային բանակ


02/11/2017