Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱՅՈՐ ԵՆՈՔՅԱՆԸ
ՄԱՅՈՐ ԵՆՈՔՅԱՆԸ

ՄԱՅՈՐ ԵՆՈՔՅԱՆԸԶինվորականի՝ փոփոխություններով լի կյանքը

Մայոր Էդգար Ենոքյանը երեք երեխա ունի. Էլիզա եւ Լուիզա անուններով տասնամյա զույգ դուստրերն ու երեք ամսական որդին՝ Մոնթեն: Երեխաները հայրիկի նոր զորամաս տեղափոխվելուց հետո շատ քիչ են տեսնում նրան: Հաճախ արդեն քնած են լինում, երբ Էդգարը վերադառնում է ծառայությունից, բայց առավոտյան` ծառայության ճանապարհելիս, անպայման նրան համբույրների տարափով են ճանապարհում:

Լարված ծառայությունից հետո, երբ մտնում ես տուն, օջախիդ ջերմությունը, երեխաներիդ ուրախ ձայները, ծիծաղն անմիջապես  ցրում են օրվա հոգնությունդ: Սկսում ես վայելել կյանքիդ մյուս կողմը` ընտանեկանը: Ասեմ, որ մեկը մյուսի հետ ամուր կապակցված է. եթե ընտանիքդ ամուր ու համերաշխ է, ավելի վստահ ես  լինում նաև գործելաոճիդ, որոշումներիդ մեջ,- ասում է մայոր Ենոքյանը:

Էդգարի` մասնագիտությամբ ատոմային էներգետիկ կինը` Ժենյան, արդեն տասը տարի է, ինչ իր հիմնական մասնագիտությունն է համարում մայրիկ լինելը:

Զինվորականի կինը պետք է ինքն էլ զինվորականի հատկանիշներ ունենա,-ասում է նրբակազմ, երիտասարդ կինը, որի գրկում խաղաղ քնած է երեք ամսական Մոնթեն: –Ես Մասիսից եմ, Էդգարը ծնունդով Սիսիանից է: Նա ընտանիքով Ջերմուկ էր տեղափոխվել, երբ ծանոթացանք. սովորում էր ռազմական ինստիտուտում: Երբ դեռ նոր էինք սկսել հանդիպել, արդեն գիտեի, պատկերացնում էի այն բոլոր դժվարությունները, որ կրելու եմ մեր ամուսնությունից հետո: Բայց ինձ համար այդ ամենը կարևոր չէր: Երբ  Էդգարը հերթական անգամ նոր զորամաս տեղափոխվեց, մի տեղանքում էինք, որտեղ ծառայությունը հատկապես դժվար էր: Մեր վեց ամսական երկվորյակների հետ հաճախ մենակ էի մնում զինվորական ավանում: Դժվար էր, իհարկե, հիմա էլ հեշտ չէ…- ժպտում է Ժենյան. ձայնի, պահվածքի մեջ հաստատակամությունը, կոփվածությունն ընդգծված են,- բայց ամուսնուս առանց զինվորական համազգեստի չեմ պատկերացնում և չեմ ուզում պատկերացնել,-ասում է:- Դեռ դպրոցում էի սովորում, երբ երազում էի, որ ապագա ամուսինս զինվորական լինի: Միշտ ամրություն, վստահություն է ներշնչում համազգեստավոր մարդը: Շատ դժվարություններ ենք տեսել, բայց ոչ մի պահ չեմ ափսոսացել, որ զինվորականի կին եմ: Ի դեպ, մեր փոքրիկի անունը` Մոնթե,  աղջիկներն են որոշել` հայրիկի  հետ:

ՄԱՅՈՐ ԵՆՈՔՅԱՆԸՄարտահրավերների հաղթահարման ուղիով

 –Հրետանավորի գործը ճշգրիտ հաշվարկ, կշռադատված որոշումներ է պահանջում,-ասում է մայոր Ենոքյանը,- սա է, որ ինձ միշտ գրավել է այս մասնագիտության մեջ: Ծառայությանս  կարևոր հիմքերը դրվել են հենց առաջին զորամասում, որտեղ ծառայության անցա լեյտենանտի ուսադիրներով` որպես մարտկոցի հրամանատար:  Ինձ համար սկզբնական շրջանում ամենամեծ դժվարությունն այն գիտակցությունն էր, որ ենթականերիդ ցանկացած գործողության համար դու ես պատասխանատու: Աստիճանաբար սկսեցի հասկանալ,  թե վերջիններիս ինչպես եմ պատրաստելու, կրթելու: Ջանում էի, որ ստորաբաժանմանս անձնակազմը գիտակից, խնդիրների կատարման մեջ պատասխանատու լինելուց զատ, լինի ընկերասեր, հանդուրժող: Հիմա էլ վստահ եմ` հենց նրանց ձեռքբերումներով է ձևավորվում նաև իմ` որպես  սպայի, ծառայողական բնութագիրը:

Հպարտանալու շա՞տ առիթներ եք ունեցել ծառայության ընթացքում,- հարցնում եմ:

Առիթներ եղել են, բայց փորձել եմ ձեռքբերումներովս չբավարարվել ու հատկապես` չմեծամտանալ: Երբ 1998-ին ծառայության անցա, կանոնավոր բանակը ձևավորման փուլում էր: Բազմաթիվ էին շտկումներ պահանջող խնդիրները: Հատկապես լուրջ հարց էր բանակ մուտք գործող փողոցային բարքերը վերացնելը: Քանի որ այդ առումով նախկին իրավիճակի ականատեսն եմ եղել, կարող եմ վկայել, որ հիմա անհամեմատ լավ է: Սա պայմանավորված է թե՛ սերնդափոխությամբ, թե՛ բանակի երկար տարիների փորձով ու թե՛ հրամանատարության գիտակցված մոտեցումներով: Զինվորն այժմ զորամաս մտնելու առաջին իսկ օրվանից հասկանում է բանակի պահանջները: Այստեղ տիրող առողջ մթնոլորտն էլ նպաստում է, որ ցրվի քաղաքացիական կյանքում տարբեր տեղերից լսած ասեկոսեների ազդեցությունը:

ՄԱՅՈՐ ԵՆՈՔՅԱՆԸԴիտակետից մինչեւ կրակային դիրքեր

 Հրետանային զորամասի վարժադաշտում ենք. եռօրյա զորավարժությունների վերջին փուլն է, որի նպատակն է ստուգել դիվիզիոնի ներդաշնակումը և ընդհանուր պատրաստականության աստիճանը: Մայոր Ենոքյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի անձնակազմի մի մասը նրա գլխավորությամբ դիտակետում հայտնաբերում է պայմանական նշանակետերն ու ռադիոկապային հրամանների միջոցով տվյալներ փոխանցում ենթակա ստորաբաժանումներին`  մինչև հրանոթի անձնակազմ` մարտական խնդիրների առաջադրմամբ: Հրետանային զորամասի հրամանատար, գնդապետ Ռաֆիկ Շահգելդյանն անձամբ է հետևում  անձնակազմի գործողություններին:

Եթե բոլոր` ջոկի, հաշվարկի, դասակի, մարտկոցի և վերջում արդեն` դիվիզիոնի ու զորամասի ներդաշնակման փուլերով հաջողությամբ անցնենք,- բացատրում է գնդապետը,- կարելի է ասել՝ ստորաբաժանումն ամբողջությամբ պատրաստ է մարտական խնդիրների կատարմանը: –Զորավարժության թեման հարձակողական մարտն է: Հենց հիմա դիվիզիոնի անձնակազմը` մայոր Ենոքյանի հրամանատարությամբ, կրակային խնդիրներ է կատարում. լավ արդյունքներ է ցույց տալիս:  Կարելի է ասել՝ ունակ է իր առջև դրված խնդիրները կատարելու և գնահատվում է «լավ»:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Բենիամին Սալայանը մայոր Ենոքյանին այսպես է ներկայացնում. «Ճիշտ է` այս զորամասում վերջերս է ծառայության անցել` ամսից մի քիչ ավելի,  բայց իր հետ բերած նոր ջիղով, նոր եռանդով  արդեն աչքի է ընկնում` որպես դիվիզիոնի կարգապահ և պատասխանատու հրամանատար: Անձնակազմը հասցրել է նրան ընդունել, սիրել ու հարգել»:

Քիչ անց «ՈՒԱԶ»-ով տեղափոխվում ենք զորավարժարանի այն հատվածը,  որտեղ բացազատված մարտկոցները կատարում են հրամանատարական կետից հեռակապով անընդմեջ հաղորդվող մարտական առաջադրանքները:

Մարտական հաշվարկներից մեկի անձնակազմը հրամանատարական կետից մայոր Ենոքյանի հերթական առաջադրանքհրամանն է ստանում. պատրաստվում են կրակ բացել հրանոթից: Բոլորն իրենց դիրքում են. լիցքավորում, պատրաստության վիճակի են բերում հրանոթը: Նշանառուն թիրախավորում է նպատակակետը: Նախնական գործողությունների մի ամբողջ շարք տղաներն իրականացնում են վարժ, արագ ու ճշգրիտ: Հաշվարկի հրամանատարը դեղին ու կարմիր դրոշակներով ուղղորդում է անձնակազմի գործողությունները: Հրամայում է. «Հաշվա՛րկ, թաքստո՛ց»: Տղաներն արագ անցնում են հրանոթի ետևը` անվտանգ հեռավորության վրա գրավելով իրենց դիրքերը: «Հրանո՛թ, կրա՛կ» հրամանին հաջորդում է հրանոթի պայմանական կրակը: Խնդիրը կատարելուց հետո անձնակազմն անցնում է «ավարտ» հրամանի կատարմանը: Այնուհետև դիտակետից նոր առաջադրանք է հաղորդվում՝ կրակային դիրքի փոփոխություն: Առանց վայրկյան իսկ կորցնելու հրանոթը հավաքվում, քողարկվում, կցվում է տեղափոխող զինվորական մեքենային:

Հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գեղամ Գրիգորյանից հետաքրքվում եմ եռօրյա զորավարժությունից ստացած տպավորություններով:

Նման զորավարժությունները ամրագրում են պարապմունքների ընթացքում ձեռք բերված մեր գիտելիքները, հմտությունները, նաև` մարտական եղբայրությունը: Վստահ եմ, որ մեր հաշվարկը ամեն պահի պատրաստ է կատարելու ցանկացած մարտական խնդիր:

Զորավարժության ավարտին կրկին վերադառնում ենք դիտակետ` հանդիպելու դիվիզիոնի հրամանատարի խնդիրը պատվով կատարած մայոր Ենոքյանին.

Զինծառայությունը միշտ նորանոր մարտահրավերներ է նետում,- ասում է մայորը: –Եվ, պետք է ասեմ, որ հաճույք է դրանք հաղթահարելն ու առաջ ընթանալը: Հաճույք է գիտակցելը, թե հանուն ինչի ես ամեն օր շտապում ծառայության  

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ