Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՆ ՀՈՐՍ



ԻՄ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ ՆԱՄԱԿՆԵՐ ԵՆ ՀՈՐՍԶրույց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, Քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական, արձակագիր ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ

 

-Մհե՛ր, եթե ես քեզ հետ խոսեմ Դուք-ով ու ձեւացնեմ, որ սա սովորական երկխոսություն է լրագրողի եւ գրողի միջեւ, անկեղծ չեմ լինի ընթերցողի հետ: Մենք իրար վաղուց ենք ճանաչում, դեռեւս այն երանելի տարիներից, երբ «Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագիրը քո հայրն էր` իմ սիրելի Ուսուցիչը` Վրեժ Իսրայելյանը: Ու «Հայ զինվորը» մտքի, գրականության, արվեստի` պոետների ու արձակագիրների, նկարիչների ու դերասանների փոքրիկ ու տաք տուն էր, ու այդ ազնիվ ու մաքուր հեւքը հասնում էր գերմարդկային ջանքերով ոտքի կանգնող բանակի սպային ու զինվորին, մտնում անկախ հայրենիք կառուցող մեր ժողովրդի օջախները Հայաստանում ու Արցախում…

-Իրոք, ոգեշունչ ու հուսավառ տարիներ: Հայրս անսահման սիրում էր «Հայ զինվոր» թերթը, ու այդ սիրով վարակել էր նաեւ իր գրող ու արվեստագետ ընկերներին:

-Ես ուզում եմ մեր զրույցն սկսենք Ձեր մանկությունից, այն բոհեմիկ ու գունեղ միջավայրից, որը լցված էր Վրեժ Իսրայելյանի պայծառ ու ազնիվ գույներով, նրա շքեղ, շռայլ ու հախուռն ներկայությամբ:

-Ինձ համար դժվար է խոսել հորս մասին, որովհետեւ անհնար է բառերի մեջ տեղավորել այդ անսահման խոր ու անպարփակ երեւույթը: Ինձ համար դժվար է գույներ ընտրել այն հազարավոր նուրբ  երանգներից, որոնք ամբողջացնում են իմ մանկության պատկերը: Ինչ էլ ասեմ՝ կլինի կցկտուր, կիսատ: Ես ու հայրս տարեկիցների պես ընկերություն էինք անում, միասին բացահայտում էինք աշխարհը, պատասխաններ էինք որոնում: Ես մեծացել եմ հորս ու նրա ընկերների միջավայրում` խիզախության, հայրենապաշտության, տղամարդկային արժանապատվության, ինքնանվիրումի, ազնվության, գեղեցկության կողքին…

-Ինչո՞ւ դու Վրեժ Իսրայելյանի օրոք գոնե մի պատմվածք չգրեցիր: Եթե գրեիր, Վրեժ Իսրայելյանը, բնականաբար, կհասկանար, որ գրող ես: Բացի այն, որ անսահման երջանիկ կլիներ, վստահ եմ` ուրիշ ճանապարհ կհուշեր քեզ: Գուցե բանասիրական ընդունվեիր, ոչ թե միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Կկարդայիր հայ, ռուս, արտասահմանյան ամբողջ գրականությունը` սկսած անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը` ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարությունում եւ կենտրոնակայանում բարձր պաշտոններ զբաղեցնելու փոխարեն: Եվ այսօր գուցե բազմաթիվ գրքերի հեղինակ լինեիր:

-Նախկինում երբեք գրելու միտք ու ցանկություն չեմ ունեցել: Հայրս գրում էր, եւ դա կարծես իմ ասելիքն էր: Գրել կնշանակեր համեմատվել հորս հետ, կնշանակեր բռնել մի ճանապարհ` հավակնելով հասնել այն տիրույթներին, որտեղ Վրեժ Իսրայելյանի գրականությունն էր:

Հորս մահից հետո իմ աշխարհը փոխվեց միանգամից ու անսպասելի: Երբ գրում էի Վրեժ Իսրայելյանի անտիպ գրքի վերջաբանը, հասկացա, որ ասելիք ունեմ: Պիտի շարունակեմ մի ընդհատված զրույց: Իմ պատմվածքները նամակներ են հորս: Հետո ես ունեի այնպիսի զգացողություն, որ դրանք չեն հասնում հասցեատիրոջը: Մի օր երազում հայրս վերցրեց գիրքս ու ասաց` կկարդամ: Ու ես հանգստացա:

-Դու գրել սկսել ես 40 տարեկանում, եւ քո առաջին պատմվածքը հորդ մասին է` «Արյունը ջուր չի դառնում»: Ես հիշեցի Վրեժ Իսրայելյանի հարցազրույցներից մեկը` նա վախենում էր, շատ էր վախենում, որ նյութապաշտությունը, տգիտությունը, գորշությունը, սուտը, կեղծիքը, խեղճությունը մարդուն կդարձնեն առարկա, որը այլեւս չի զգում, չի ըմբռնում, չի հուզվում, չի տառապում, չի հրճվում, չի մեռնում… Ե՛վ Վրեժ Իսրայելյանի, ե՛ւ քո գրականությունը փոքր մարդու ու նրան «փրկելու» մասին է:

-Ե՛վ Վրեժ Իսրայելյանի գրականությունը, ե՛ւ իմ պատմվածքները հերքում են «փոքր մարդ» արտահայտությունը: Մարդը մեծ է, պիտի թողնել, որ նա մեծ լինի: Չի՛ կարելի կաղապարել մարդուն, նրա երազանքները: Կյանքը ինքնին երազանք է: Եթե մեծ երազանքներն սպանվեն, եթե կյանքն ամփոփվի ավուր հացի ու նյութական նկրտումների շրջանակում, մարդուց ոչինչ չի մնա: Իմ պատմվածքները մարդու մեծության ներբող են, նրա ազատության, նրա անպարագրելի ոգու, նրա կյանքի… Բոլորովին պարտադիր չէ, որ բոլոր երազանքներն իրականանան, բայց երազանքները պիտի լինեն, որպեսզի մարդը կտրվի գետնից, ճախրի…

-Մհե՛ր, դու շատ ինքնավստահ մտար գրականություն եւ շատ արագ ընդունվեցիր…

-Այդպես չէ: Ես գրեցի առաջին պատմվածքս ու գաղափար անգամ չունեի` լա՞վ եմ գրել, թե՞ վատ: Կգրե՞մ արդյոք երկրորդը, թե՞ ոչ: Պատմվածքս ուղարկեցի հորս ընկերոջը` արձակագիր Ռուբեն Հովսեփյանին: Նա ասաց, որ անպայման պիտի շարունակեմ գրել, եւ պատմվածքս նրա նախաձեռնությամբ տպագրվեց «Գրական թերթում»: Հետո ես գրեցի «Մինչեւ մեռնելն ապրել է պետք» վիպակը, որը իմ մանկության ամենավառ ու դրամատիկ տպավորությունների մասին էր` փլուզված խորհրդային կայսրության եւ դարավոր ստրկացման շղթաները նետած ու անկախացող երկրի դժվար ընթացքի մասին: Դարձյալ առաջին ընթերցողս Ռուբեն Հովսեփյանն էր: Նա իր կարծիքը հայտնեց մեկ նախադասությամբ. «Բնությունը քեզ վրա չի հանգստացել, ինչպես վարվում է շատ հաճախ»: Ես լսեցի նաեւ գրական երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքը, որը նույնպես քաջալերեց ինձ ու ցանկություն հայտնեց հրապարակելու վիպակը: Այս ճանապարհն այնքան անճիգ ու բնական եղավ: Ես որեւէ հավակնություն չունեմ ու չունեի: Գրում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ: Որեւէ իզմ-ի հետեւորդ չեմ, գրում եմ այնպես, ինչպես կպատմեի որեւէ մտերիմ մարդու: Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Բայց ես այլ կերպ չեմ կարող գրել: 

-Իմ կարծիքով` հենց այդ անճիգ ու անկեղծ պատումն է քո գրականությունը վերածում մտերիմ երկխոսության քո ու ընթերցողի միջեւ, ու յուրաքանչյուր կարդացողի թվում է, թե դու հենց իր հետ ես խոսում, հենց իր համար ես գրել, իր մասին: Առանց ձեւականության, առանց պաթոսի, առանց մեծ գաղափարների ու աշխարհացունց բանաձեւերի… Մարդը գրող է դառնում այն ժամանակ, երբ տեսնում է անզեն աչքով աննշմարելին, երբ ավելի խորն է զգում կողքինի ցավը, երբ նրա հոգին դառնում է գերզգայուն…

-Որքան էլ փոխվի կյանքի ռիթմը, որքան էլ զարգանա մոլորակն ու մարդկային միտքը նվաճի, մարդու հոգին մնալու է նույնը, սիրելու է, կարոտելու է, ցավելու է… Մարդը փնտրելու է տաք ու մտերիմ հոգի: Մարդը տառապելու է իր սիրելիին կարոտելիս:

-Հիշեցի քո մի պատմվածքը` փոքրիկ տղայի ու նրա դայակի ընկերության սրտառուչ պատմությունը:

-Սրանք համամարդկային ու մշտնջենական թեմաներ են, որ միշտ ուղեկցելու են մարդուն: Ես շատ եմ կարդացել, փոքրուց կարդացել եմ ե՛ւ հայ, ե՛ւ արտասահմանյան դասականներին` Կաֆկա, Սարտր, Քամյու, Էդգար Պո, Դումբաձե, Սարոյան… Ամենաբարդ գրողից մինչեւ ամենամատչելին` ամբողջ գրականությունը, որն ստեղծվել է մինչ օրս, մարդկային հոգու ու այն պաշտպանելու մասին է:

-Մեծ համարձակություն է պետք այսօր խոսել թուրքերի ու ադրբեջանցիների մասին, մանավանդ` եթե քո ստեղծած կերպարները նույնիսկ համակրանք են արթնացնում: «Գեներալ Ալթինոփ ու գայլուհի Աշենա»: Ի՞նչ է պատմվածքի ասելիքը:

-Աշխատելով արտերկրում եւ շփվելով տարբեր ազգերի զինվորականների, այդ թվում` նաեւ թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ես հասկացա, որ մենք կարող ենք թոթափել թշնամության բեռը: Մի հայ ու մի ադրբեջանցի օտարության մեջ ճակատագրի բերումով հանդիպելիս կարող են ընկերանալ: Այդ ազգերի առանձին անհատները թշնամիներ չեն, նրանք կարող են «ցած դնել» պատմությունն ու շարժվել առաջ: Սա չի նշանակում մոռանալ անցյալն ու արդարություն չպահանջել: Պարզապես, մենք պիտի հասկանանք, որ չի կարելի թշնամանքը որպես ազգային ժառանգություն փոխանցել սերնդեսերունդ: Ինչ-որ մեկը պիտի բացի փակ դուռը, եւ դա պիտի անենք մենք:

-Քո ավագ որդին` Տիգրանը, երկու տարեկանից ապրեց արտերկրում, մանկապարտեզ, դպրոց գնաց օտար միջավայրում, արդեն 15 տարեկան է: Եվ դուք վերադարձել եք հայրենիք: Նա շա՞տ է տարբերվում Հայաստանում մեծացած իր հասակակիցներից:

-Այո՛, շատ է տարբերվում: Նա ամերիկյան դպրոց է գնացել Բելգիայում, իսկ ամերիկյան կրթական համակարգը երեխային պատրաստի պատասխաններ չի տալիս, այլ սովորեցնում է մտածել, օգնում է գտնել սեփական պատասխանները: Տիգրանը, ի տարբերություն Հայաստանում մեծացած իր հասակակիցների, շատ ինքնուրույն է: Երբ ես նրան փորձում եմ խորհուրդ տալ, անում եմ շատ զգուշորեն եւ շատ քիչ ակնկալիքով, որ նա կլսի ինձ: Իմ ու Տիգրանի ընկերությունը տարբերվում է իմ ու հորս ընկերությունից: Իմ ու տղայիս դեպքում ավագության իրավունքը շատ սահմանափակ է: Մենք ունենք արժեհամակարգերի տարբերություն: Ե՛ս եմ Տիգրանին հայերեն տառերը սովորեցրել, մենք տանը հայերեն ենք խոսել երեխաների հետ: Նա սիրում է Հայաստանը, հպարտանում է իր հայ լինելու իրողությամբ, բայց ավելի ինտեգրված է աշխարհին, նրա արժեքները ավելի համամարդկային են, քան ազգային: Եվ հասկացել եմ, որ մենք պիտի իրատեսորեն նայենք սփյուռքի մեր հայրենակիցների ճակատագրին ու հասկանանք, որ արտերկրում ծնված-մեծացած հայը, մանավանդ մի քանի սերունդ հետո, չի կարող հայրենիքի ճիշտ նույն ընկալումն ունենալ, ինչ մենք` հայաստանցիներս: Քանի որ դանդաղ քայլերով, բայց տիրականորեն առաջ են մղվում ոչ թե արյունակցական, այլ հոգեւոր կապերը, հոգու նմանությունը, ներքին ներդաշնակությունը: Սա ազատության, սեփական գույները ճանաչելու ու սիրելու, սեփական ցանկությունները կարեւորելու ու հարգելու առաջին պայմանն է:

-Սահմանները մարդիկ են հորինել: Բոլոր տեսակի սահմանները, որոնք մարդու ես-ը, հոգու ծավալումը, գույնը կաղապարելու միջոց են:

-Եվ այդ ամենից ծնվում է ամենադաժան սահմանը` մարդու երազանքի ճանապարհին, կասեցնելով մարդու թռիչքը: Մարդը մեկ ուրիշ մարդու երազի ճանապարհին պիտի լույս վառի, ոչ թե պատնեշ կառուցի: Բոլոր կաղապարները կեղծ են, մարդը պիտի հպարտանա իր գույներով, իր ինքնատիպությամբ, դա նրան երջանիկ կդարձնի: Իսկ երջանկությունը բարության աղբյուր է: Չկա ոչինչ տարօրինակ: «Տարօրինակը» գույն է, գուցե քիչ հանդիպող, բայց արժանի հարգանքի ու սիրվելու: Թույլ տուր, որ մարդը գնա իր երազանքի հետեւից, սիրի իրեն… Ուր կհասնի, դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ընթացքը լինի բարի, երջանիկ ու լուսավոր:

-Շնորհակալ եմ գեղեցիկ զրույցի համար ու շնորհավորում եմ քո երկրորդ՝ «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» գրքի լույսընծայման կապակցությամբ:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


25/10/2017