Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՀոկտեմբերի 19-ին 4-րդ ԶՄ-ում, հիմք ընդունելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարգադրությունը, կազմակերպվեց «Ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով սեմինար: Սեմինարին մասնակցում էին ԶՄ-ի ենթակա զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաներ, սպա-հոգեբաններ, գնդերեցներ, ՌՈ աշխատակիցներ, կայազորային զինդատախազության դատախազը, հրավիրված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: 

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը ներկայացրեց սեմինարի անցկացման նախադրյալները, անհրաժեշտությունը՝ նշելով, որ, ցավոք, ինչպես ամբողջ հանրապետությունը, այնպես էլ բանակը զերծ չէ նման խնդրից, որը ցավալի է և մեր ազգին ոչ հարիր: Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վ. Հարությունյանը ներկայացրեց զինծառայողների ինքնասպանությունների, ինքնասպանության փորձերի հոգեբանական հիմնախնդիրները: Նա հանգամանալի նշեց ինչպես զինված ուժերում, այնպես էլ զորամիավորումում կանխարգելման ուղիները: Իրենց զորամասերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկած հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, փոխգնդապետներ Արամայիս Մանուչարյանը և Թելման Մաթևոսյանը ներկայացրին փաստացի իրավիճակը, դեպքերի նախադրյալները, ծառայությունում տեղ գտած բացթողումները: Նրանք շեշտեցին, որ արձանագրված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք արդյունք են անտարբերության ինչպես որոշ հրամանատարների, ծառայակից ընկերների, որոշ դեպքերում նաև՝ հարազատների: Փոխգնդապետ Ա. Մանուչարյանը նշեց նաև, որ դա փոխկապակցված է: Այնուհետև, քննարկմամբ, փորձի փոխանակմամբ ներկայացվեցին դեպքերի հանգուցալուծման, կանխման մի շարք տարբերակներ: Զորամասում ինքնախեղում կատարած զինծառայողի օրինակով զորամասի հոգեբան, մայոր Վ. Մանուկյանը իր նկատառումներն արտահայտեց և վեր հանեց առավել տարածված պատճառները, նշեց լուծման տարբերակները: ԶՄ հոգևոր սպասավոր Տեր Գալուստ քահանա Սահակյանը ներկայացրեց տեղի ունեցող դեպքերը որպես հակաքրիստոնեական երևույթ և տվեց համապատասխան խորհուրդներ նման արատավոր մտքերով հակված զինծառայողներին ճանաչելու ու համապատասխան աշխատանք տանելու ուղղությամբ: Ելույթով հանդես եկավ նաև Սիսիանի կայազորային զինհոսպիտալի սպա, բ/ծ կապիտան Արփինե Մամիկոնյանը, որը օրինակներով ներկայացրեց զինծառայողների ինքնասպանությունների, ինքնախեղումների հակումները տարբեր հիվանդությունների ժամանակ և այդպիսի զինծառայողներին ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ ուշադրությունը իրենց կողմից դրսևորվող հնարավոր վարքային շեղումների նկատմամբ: Եղեգնաձորի կայազորի զինդատախազության դատախազ Մարտին Հարությունյանը մանրամասն ներկայացրեց ինքնասպանության հասցնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու հանգամանքներն ու համապատասխան հոդվածները: Այնուհետև, հարց ու պատասխանների միջոցով քննարկվեցին մի շարք հուզող խնդիրներ:

Ամփոփելով սեմինարը՝ ԶՄ հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը շեշտեց, որ բանակն այն վայրն է, որտեղ ընդամենը ամենօրյա ուշադրությամբ հնարավոր է կանխել շատ դեպքեր, ինչի ուղղությամբ և տվեց հստակ ցուցումներ՝ ընդգծելով, որ պետք է արվի ամեն ինչ, որ մեր զինծառայողները պահպանեն հոգեկան առողջությունը:

 

4-րդ ԶՄ թղթակցական կետ