Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2017թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր: 

Արդյունքների ամփոփմանը մասնակցում էին զորամիավորման վարչակազմը, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներ, Գորիսի կայազորի զինդատախազ, Արդարադատության 1-ին դասի խորհրդական Անուշավան Հարությունյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի բացման խոսքից հետո զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը զեկուցեց 2017 թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի  մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության, տեսական և գործնական պարապմունքների և դրանց արդյունքների մասին:

ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆերկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին՝ գնդապետ Ցականյանը զորամիավորման ու ենթակա զորամասերի կարգապահությունը, մարտական պատրաստությունը և պատրաստականությունը գնահատեց բավարար, նշելով, որ զորքը ունակ է նախատեսված ժամանակում կատարելու իր առջև դրված մարտական խնդիրները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մախսուդյանն իր զեկույցում անդրադարձավ  ներդաշնակման խնդիրներին, անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին՝ կարևորելով անձնակազմերից ընդունված մարտական հրաձգության ստուգարքների, շտաբային պատրաստականության մրցումների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում անցկացված ներդաշնակումների, կրակային, ֆիզիկական պատրաստականության միջոցառումների, գործնական և մեթոդական օգնությունների, մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների ցուցադրման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի՝ կատարելագործված հրաձգարանների դերը:

Գնդապետ Մախսուդյանը ներկայացնելով լավագույններին և եռամսյակում արձանագրված դրական արդյունքները, միաժամանակ նշեց նաև թերությունների, դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների մասին:

Գնդապետ Կ. Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ հրետանու վիճակին, նշելով անցկացվող գիշերային պարապմունքների, ջոկերի, դասակների ներդաշնակության, հրետանու հրամանատարների, մասնագիտական  հավաքների ու դրանց օգնությամբ ձեռք բերած գործնական փորձի, զորավարժությունների ընթացքում զորքի մարտական պատրաստության, ստորաբաժանումներում  անցկացված  համաբանակային մրցույթների դերը զորքի մարտունակության բարձրացման գործում:

Նա ներկայացրեց  երրորդ եռամսյակում ոլորտի ձեռք բերած հաջողությունները, նաև՝ հանկարծակի ստուգումների ժամանակ ի հայտ եկած փաստաթղթային թերությունները, դրանց վերացման ուղղությամբ  տարվող միջոցառումները:

Գնդապետ Ա. Թումանյանը ներկայացրեց զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում ուսումնական տարվա երրորդ եռամսյակի դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը, ընդգծելով այդ գործընթացում զորամիավորման ողջ անձնակազմի, իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, վերհանման, վերլուծման, հասարակական ակտիվների, հոգևոր սպասավորների աշխատանքների,  կրտսեր հրամանատարական կազմի հետ տարվող անհատական զրույցների, կանխարգելիչ տարբեր միջոցառումների, մարտավարաշարային պարապմունքներում՝ դաստիարակչական զրույցների, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին ու նրա դրույթներին զինծառայողների ծանոթացման, սոցիոլոգիական հարցումների կարևորությունը:

Նշելով երրորդ եռամսյակում գրանցված դեպքեր-պատահարների, բռնարարքների, ինքնավնասման, կարգապահական տույժերի, խրախուսանքների մասին, գնդապետն առաջնահերթ կարևորեց զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացը, հրամանատարների կողմից ցուցաբերվող հետևողականությունն ու վերահսկողությունը, անցկացվող սպայական ժողովների, երրորդ եռամսյակում բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ անցկացված մշակութային մի շարք միջոցառումների՝ Սեպտեմբերի 1, ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարություն, «Հայ ասպետ»-ի մրցումներ և այլն,  հանդիպումների և զորամիավորման անմիջական մասնակցությամբ համաքաղաքային տոների դերը, հանկարծակի ստուգայցների նշանակությունը, խրախուսանքների և տույժերի ճիշտ կիրառումը,  դեպքեր-պատահարների ժամանակին կանխարգելումն ու բացահայտումը, իրավական թեմաներով պարապմունքների անցկացումը: 

Գնդապետ Թումանյանը նշեց երրորդ եռամսյակում  արձանագրված թերությունների, որոշ ստորաբաժանումներում արձանագրված անցանկալի երևույթների  նկատելի աճի և դրանց վերացման ուղղությամբ տարվելիք աշխատանքների մասին, միաժամանակ դրվատելով  կարգապահության գծով  լավագույններին:   

Զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի  վիճակը ներկայացրեց  գնդապետ Գ. Թորոսյանը:

Գնդապետը հատուկ ուշադրություն հրավիրեց անձնակազմի ու տեխնիկայի անվտանգությանը, ռազմական տեխնիկայի, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խստիվ պահպանման, հակահրդեհային պաշտպանության, զրահատեխնիկայի սարքավորումների շահագործման ու նորոգման, ամենօրյա տեխնիկական ստուգումների, հավաքակայանների վիճակի, մարտավարաշարային ցուցադրական պարապմունքների, զորավարժությունների ժամանակ մարտական տեխնիկայի պահպանման ու ճիշտ կիրառման, փաստաթղթերի մշակման և ճիշտ օգտագործման,  դեպքերի ու պատահարների կանխման գործընթացին:

Գնդապետ Թորոսյանը կարևորեց նորակոչիկ վարորդների հաջող լրապատրաստման գործընթացն ու հավաքների արդյունավետ կազմակերպումը:

Գնդապետ Թորոսյանն արձանագրեց, որ երրորդ եռամսյակում ռազմական տեխնիկայի շահագործման գործընթացն իրականացվել է առանց վթարների:

Նշելով թերություններն և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ գնդապետ Թորոսյանը միաժամանակ նշեց սպառազինության գծով լավագույն ստորաբաժանումները:

Նա ներկայացրեց ընթացիկ եռամսյակում ոլորտի  խնդիրները՝ կարևորելով ձմեռային ռեժիմի փուլում զենքի ամենօրյա խնամքը, մեքենաների ճիշտ շահագործումն ու անվտանգության կանոնների պահպանումը:

Գնդապետ Ա. Պողոսյանը ներկայացրեց երրորդ եռամսյակի թիկունքի և ԿՇ ծառայության վիճակը՝ կարևորելով զորամիավորման ենթակա զորամասերի՝ նյութական միջոցներով ապահովվածությունը, ձմեռային ռեժիմի անցման, այդ ուղղությամբ իրականացվող հսկողական աշխատանքներն ու միջոցառումները:

Նա նշեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում են սառնարանային, ջերմային և մեխանիկական սարքավորումների սարքինությունը և շահագործման կարգը, անհրաժեշտության դեպքում՝ դրանց վերանորոգումները:

Երրորդ եռամսյակում տարբեր զորամասերում կատարվել են սառնարանների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ, պահեստները հարմարացվել և կահավորվել են սննդամթերքի պահպանման համար, վերանորոգվել և սպասարկվել են կարտոֆիլի և բանջարեղենի պահպանման սառնարան-պահեստի ագրեգատորներ, պահեստները նախապատրաստվել են ձմեռային բերքի ընդունմանը:

Նա նշեց, որ 2017-2018 թթ. ձմեռային մթերումների գործընթացում հատուկ ուշադրության կենտրոնում է տեխնիկական բնութագրումներին չհամապատասխանող բանջարեղենի հարցը:

Գնդապետ Պողոսյանն անդրադարձավ կապիտալ և ընթացիկ վերանորոգման, ենթակա զորամասերում և «Որոտան» զինավանում բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքներին,  թիկունքի օբյեկտների տեխնիկական և հակահրդեհային, սահմանված էներգետիկ և ջրային ռեսուրսների չափաբաժինների օգտագործման և շահագործման  վիճակին:

Նշվեց, որ զորամիավորման ենթակա զորամասերն ապահովված են վառելիքաքսուքային նյութերով, իրային ծառայության գծով ամբողջությամբ թարմացվել է ձմեռային հանդերձանքը, ձեռք է բերվել գրասենյակային գույք, հակահրդեհային վիճակի ուղղությամբ իրականացվել են բավարար միջոցառումներ:

Գնդապետն իր ելույթում ասաց, որ որոշ ստորաբաժանումներում արդեն ավարտված են ձմեռային փուլին անցնելու աշխատանքները, կարևորեց  օգտագործվող էներգետիկ ռեսուրսների խնայողությունը, սննդի սպասարկման թարմությունն ու հիգիենան,  մթերման աշխատանքների ճիշտ կազմակերպումը, սննդի ընդունման կուլտուրան:

Նշվեցին  լավագույնները, ներկայացվեց հանձնաժողովների կողմից ոլորտում  բացահայտված թերությունները՝ հիմնականում կապված սննդի ընդունման կուլտուրայի, անձնակազմի պատասխանատու անձանց թույլ վերահսկողության, հակահրդեհային միջոցների պահպանման և շահագործման հետ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ամփոփելով խորհրդակցությունը, քննարկված հարցերի, նշված թերությունների շուրջ  կատարեց կարևոր հետևություններ, պարզաբանումներ:

Նա  ներկայացրեց ուսումնական տարվա  4-րդ եռամսյակի առաջնահերթ խնդիրներն ու անելիքները:

Ամփոփմանը ելույթ ունեցավ նաև Գորիսի կայազորի զինդատախազ, Արդարադատության 1-ին դասի խորհրդական Անուշավան Հարությունյանը՝ հորդորելով հրամանատարությանը՝ զինդատախազության հետ աշխատել միասնական՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցը հանուն զորամիավորման շահի, նրա մարտունակության և կարգապահության ամրապնդման՝ պատրաստ է լիարժեք համագործակցության:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանն ընթերցեց զորամիավորման հրամանատարի՝ զինվորական կարգապահության և մարտական պատրաստվածության գծով լավագույն արդյունքներ ապահոված զինծառայողներին և ստորաբաժանումները խրախուսման մասին հրամանը:

 2017թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները, զորամասերն ու ստորաբաժանումները  պարգևատրվեցին  պատվոգրերով, կրծքանշաններով, թանկարժեք նվերներով և դրամական խրախուսանքով:

 ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին զորամիավորման լրատվական ծառայություն