Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՍույն թվականի հոկտեմբերի 9-ից 12-ը զորամիավորման ուսումնական կենտրոնում զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվեց մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի թեման էր «Գումարտակի բերումը մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանի», պաշտպանության անցումը զորամասի երկրորդ շարակազմում, հակառակորդի ԴՀԽ-ների դեմ պայքարի կազմակերպումը և վարումը, հակագրոհի անցկացումը, մխրճված հակառակորդի ջախջախումը, առաջնագծի վերականգնումը և անցումը պաշտպանության՝ պաշտպանողական մարտի վարումը»: Զորավարժությանը մասնակցում էին բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, գումարտակի հրամանատարներ: Զորավարժության ուսումնական նպատակն էր՝ կատարելագործել զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների ունակությունները մարտական հրաձգությամբ  գումարտակային մարտավարական զորավարժության, պլանավորման  նախապատրաստման  և  անցկացման  հարցերում,  գումարտակների հրամանատարներին և նրանց տեղակալներին ցուցադրել գումարտակի հրամանատարի և  շտաբի աշխատանքի ալգորիթմը մարտին նախապատրաստվելիս և մարտի ընթացքում, ստուգել գումարտակի  մարտական պատրաստականության աստիճանների բերվելու ունակությունները, շտաբի և ստորաբաժանումների ներդաշնակվածությունը հակագրոհի անցնելու  ժամանակ, զորամասերի, գումարտակների հրամանատարներին  և նրանց տեղակալներին տալ հարձակողական  մարտի կազմակերպման, վարման, ռազմերթի իրականացման, կրակի և զորաշարժի զուգակցման գործնական փորձ, ինչպես նաև մարզել գումարտակի անձնակազմին մարտական խնդիրների կատարման, գործնական կրակի վարման ընթացքում հաստիքային զենքի և սպառազինության արդյունավետ օգտագործման գործում, կատարելագործել  նրանց  դաշտային վարժվածությունը, բարոյակամային հատկանիշները՝ մարտական գործողություններին մոտեցված և բարդ կլիմայական պայմաններում: Զորավարժությանը ընդգրկված էին նաև հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներ:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՀամաձայն զորավարժության սցենարի՝ «գումարտակը բերվում է մարտական պատրաստականության «ԲԱՐՁՐ» աստիճանի և անցնում պաշտպանության զորամասի երկրորդ շարակազմում: «Հակառակորդը» երկու ուժեղացված գումարտակների կազմով, ավիացիայի աջակցությամբ հրետակոծում է մեր դիրքերը՝ անցնելով գրոհի: Գրոհի անցման բնագծում հրետանային կանխարգելման խնդրով մեր մարտկոցը կրակ է բացում հայտնաբերված կենդանի ուժի և կրակային միջոցների վրա, իրականացնում դիպուկ խոցում՝ կատարելով մարտական առաջադրանքը: Այնուհետև, զարգացնելով իրադրությունը, մեր զորքերը անհրաժեշտաբար ետ են քաշվում երկրորդ, երրորդ խրամուղիներ: Այդ ընթացքում հրետանային կրակով, մոտոհրաձգային անձնակազմի ուժերով ճնշվում են «հակառակորդի» առաջ եկող ռեզերվները, ստիպելով նրան կորցնել հարձակողական հնարավորությունները և անցնել պաշտպանության: Բարեհաջող իրագործելով հակագրոհը, վերականգնվում է առաջնագիծը»: Զորավարժությանը ներկա ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ս. Բադասյանը դրական գնահատեց զորավարժության ընթացքը, այն համարելով կայացած:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԲանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վ. Քոչարյանը իր նկատառումները շարադրեց զորավարժության ընդհանուր անցկացման վերաբերյալ, մատնանշեց դրական կողմերը, վեր հանեց տեղ գտած բացթողումները՝ հանգամանալից նշելով թերացումների պատճառները և դրանց ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվող միջոցառումների ժամանակացույցը: Նա շնորհակալություն հայտնեց զորավարժության ղեկավար կազմին:

Վերջում, հենց «մարտի դաշտում», բանակային զորամիավորման հրամանատարի հրամանով պատվոգրերով, կրծքանշաններով պարգևատրվեցին զորավարժության ընթացքում մարտավարամասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերած սպաները, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ: Նույն հրամանով խրախուսվեցին նաև Սիսիանի ՌՈ բաժնի մի խումբ աշխատակիցներ՝ զորավարժության ողջ ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար:

 4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Ազգային բանակ


18/10/2017