Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԿԱՏԵԼ «ՓՈՔՐ» ՄԱՐԴՈՒՆ
ՆԿԱՏԵԼ «ՓՈՔՐ» ՄԱՐԴՈՒՆ

ՆԿԱՏԵԼ «ՓՈՔՐ» ՄԱՐԴՈՒՆԳայանե Պողոսյանի զրույցը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

 

-Տիկին Հովհաննիսյան, ընդամենը մեկ ամիս է, ինչ Դուք ղեկավարում եք բանակի ռազմաբժշկական կառույցը եւ, բնական է, որ այս հարցազրույցի ընթացքում չենք խոսելու Ձեր կատարած աշխատանքի մասին, այլ փորձելու ենք բացահայտել այն ուղին, որի հերթական հանգրվանում Դուք դարձաք ամենաբարձր պաշտոնն զբաղեցնող կին զինվորականը: Ինչո՞ւ հենց Դուք, ի՞նչն է բացառիկ Ձեր բնավորության մեջ:

-Այս դեպքում «բացառիկ» բառը չէի ընտրի, որովհետեւ ես առհասարակ խուսափում եմ ծայրահեղ ձեւակերպումներից: Իմ բնավորության մեջ կան մի քանի գծեր, որոնց համատեղումը բերում է ընդգծված արդյունքի:

-Որո՞նք են այդ գծերը:

-Արդարամտությունը, պատասխանատվությունը, մարդասիրությունն ու աշխատունակությունը…

-Ձեր կենսագրությանը ծանոթանալիս իմացա, որ ծնվել, մեծացել եք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղում: Ի՞նչ է նշանակում Հերհեր, գիտե՞ք բացատրությունը:

-Անկեղծ ասած՝ պաշտոնական բացատրությունը չգիտեմ, փոխարենը հիշողությանս մեջ մնացել է պապիս «ստուգաբանությունը»: Պապս իմ մանկության հերոսն էր, ու մտքովս չի անցել կասկածել նրա ասածին: Մեր գյուղը թթաստան էր: Թթի բոլոր տեսակները կային մեր գյուղում: Ու ի՜նչ անմահական համ ունեին: Մեր գյուղի թթի անուշահամը ուրիշ ոչ մի տեղ չեմ զգացել: Բնական է, որ մեր թթաստանում պիտի շերամապահություն լիներ: Պապս ասում էր, որ անգլիացիները երկար տարիներ արտահանել են մեր մետաքսը: Ու հեր բառը առաջացել է անգլերեն մազ բառից «hair», քանի որ մետաքսաթելերը նմանեցրել են մազերի:

Խոսեցիք մեր գյուղի մասին, ու կարոտը սեղմեց կոկորդս: Հերհերն աշխարհի ամենաշքեղ գյուղն է` սարալանջին փռված, կանաչ, ծաղկոտ, բուրումնավետ: Ասես զգացի մեր գյուղի անուշ բույրը, մեր տան պատկերը…

-Տիկին Հովհաննիսյան, երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ապրում են իրենց ծննդավայրից հեռու, բայց գովերգում են իրենց ծննդավայրը ու տանջվում կարոտից: Ես կարծում եմ, որ մենք բոլորս` հայաստանցիները, արցախցիները` առավել եւս, մեր լավագույն մասնագետները հնարավորության դեպքում պիտի աշխատեն Արցախում, որովհետեւ Արցախը զորացնելը ռազմավարական, կենսական նշանակության խնդիր է մեզ համար: Արցախն ունի իր զինված ուժերը, ռազմաբժշկական կառույցը, հոսպիտալը, Դուք կարող էիք ծառայել Արցախի զինված ուժերում, ավելի մոտ լինել Ձեր ծնողներին, ծննդավայրին, մինչդեռ 2006 թվականից Երեւանում եք: Եվ Հայաստան եք տեղափոխվել Ձեր նախաձեռնությամբ: Ծառայության եք անցել ավելի ցածր պաշտոնում: Ինչո՞ւ:

-Միանգամայն համաձայն եմ: Բայց խնդիրն այլ է. 2002 թվականին ես ամուսնացա երեւանցի տղայի հետ եւ պարտավոր էի ապրել նրա ծննդավայրում, նրա տանը, նրա ընտանիքի հետ:

-Դուք ընդամենը մի քանի բառ ասացիք Ձեր պապի մասին, բայց ես հասկացա, որ նա կարեւոր դերակատարում է ունեցել Ձեր կյանքում:

-Այո՛: Պապս Հայրենական պատերազմից վերադարձել էր հաշմված ձեռքով, մարմնին` բազմաթիվ վերքեր, որ չէին սպիանում: Նա մեզ հեքիաթ էր պատմում, ամեն մեկիս` մեր հեքիաթը, որի հերոսը մենք էինք: Այդ հեքիաթները պապիս երազանքներն էին, նրա «մարգարեությունը» մեր անցնելիք ճանապարհի մասին: Եղբայրս թույլ էր եւ անառողջ, բայց պապիս հեքիաթներում նա «դառնում էր» դյուցազուն, ուժեղ, անկոտրում: Ու եղբայրս հենց այդպիսին էլ դարձավ:

-Իսկ Դո՞ւք: Ո՞վ էիք Դուք պապի հեքիաթներում:

-Ես բժշկուհի էի: Մեկը, որ ապրում է ուրիշներին օգնելով, ուրիշի ցավերը դարմանելով:

-Ես կարծում էի` պապը կանխատեսած կլիներ, որ Դուք համազգեստ եք կրելու:

-Դա ոչ ոք չէր կարող կանխատեսել, որովհետեւ ես տրամագծորեն հակառակ բնավորություն ունեի, ինքնամփոփ էի, չէի սիրում ուշադրություն գրավել, երեւալ, ցուցադրվել:

Բարձր դասարաններում գյուղացիները կարող էին ինձ չճանաչել, որովհետեւ միակ տեղը, որ ինձ տեսնում էին, տնից դպրոց ընկած ճանապարհն էր: Մնացած ժամանակը իմ սենյակում փակված դասերս էի սովորում, գեղարվեստական գրքեր էի կարդում:

-Ո՞վ է եղել Ձեր մանկության, պատանեկության գրողը:

-Վիլյամ Սարոյանը: Նա ասում էր, որ ամենաաննշան մարդու մեջ հույզերի, զգացմունքների տիեզերք կա: Սա մարդասիրության ամենաբարձր դրսեւորումն է` նկատել «փոքր» մարդուն, տեսնել նրա ներքին դրաման: Մեծ գաղափարների, մեծ գործերի, մեծ զգացմունքների կողքին նկատել նրա կյանքի ուրվագիծը:

-Ոչինչ Ձեզ այնպես չի բնութագրում, ինչպես Սարոյանի գրականության մասին այս նկարագրությունը: Հիմա ես ուզում եմ ասել, որ իսկապես շատ ուրախ եմ, որ հենց Դուք եք մեր բուժվարչության պետը: Որովհետեւ միշտ այն կարծիքին եմ եղել, որ ոչ մի հրաշագործ տեխնիկա, ոչ մի գերժամանակակից հոսպիտալ չի կարող փոխարինել բժշկի պարզ, մարդկային հոգատարությանը, հիվանդին ասված կարեկից խոսքին:

-Ձեզ ուզում եմ  պատմել, թե ինչպես մահացավ պապս: Ինձ միշտ հիացրել են ուժեղ մարդիկ, հուզել են մինչեւ հոգու խորքը: Մի օր (1992թ. ապրիլին) պապս կանչեց եղբորս ու ասաց` շուտով Շուշին կազատագրվի, բայց ես դա չեմ տեսնի, կգաս գերեզմանիս ու լուրը կբերես: Մի քանի օր անց պապս մահացավ: Իսկ մեկ ամիս անց Շուշին ազատ էր: 1994թ., երբ Երեւանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա Ստեփանակերտի հիվանդանոցում ու տեսա հայրենիքը պաշտպանելիս վիրավորված զինվորներին, հիշեցի պապիս վերջին ցանկությունը: Ու հասկացա, որ դա անբառ պատգամ էր մեզ: Ես զեկուցագիր գրեցի Արցախի բանակի ռազմաբժշկական վարչության պետին ու խնդրեցի ինձ ծառայության նշանակել Արցախի զինված ուժերում:

-Ձեր կենսագրության մեջ, իրոք, ակնառու նվաճումներ կան: Ձեզ 27 տարեկանում նշանակել են Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ:

-Այո՛, բայց պիտի ասեմ, որ դա պայմանավորված չէր իմ ծառայողական, ինչպես Դուք եք ասում, բացառիկ հաջողություններով: Միանգամից երեք ռեանիմատոլոգներ զորացրվեցին Արցախի զինված ուժերից, ու ես մնացի միակ մասնագետը բաժանմունքում: Ջանք չէի խնայում, որ առանց վրիպումների ու բարձր մակարդակով կատարեմ պարտականություններս:

-Դուք մի առիթով ասացիք, որ բանակում եք ծանոթացել Ձեր ապագա ամուսնու հետ: Նա նույնպե՞ս զինվորական բժիշկ է:

-Ամուսինս ավարտել էր օրդինատուրան եւ ժամկետային ծառայություն էր կատարում Արցախի բանակում: Ծանոթացանք Ստեփանակերտի հոսպիտալում:

-Սեր առաջին հայացքի՞ց:

-Ո՛չ: Մեկս մյուսի միայնությունը լցրեցինք գույներով, դանդաղ, աննկատ, խաղաղ, գիտակցված… Մի օր էլ տեսանք, որ ընկերներ ենք:

-Չե՞ք հարցրել նրան` դժվար չէ՞ բարձրաստիճան զինվորականի` փոխգնդապետի ամուսին լինելը:

-Մեր տան գեներալը ամուսինս է: Ընտանիքը կփլուզվի, եթե զինվորական կինը չկարողանա տուն մտնելուց առաջ հանել ուսադիրները: Ես իմ բոլոր պարտականությունները` որպես կին, որպես մայր, կատարում եմ բծախնդիր փութաջանությամբ ու սիրով:

-Կարդալու հանդեպ սերը երեւում է Ձեր բառապաշարից, խոսքի գեղարվեստականության մեջ: Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս անցավ այս մեկ ամիսը ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում:

-Շատ ծանր: Իմ կյանքի ամենաերկար ամիսն էր, սկսվել էր ու չէր ավարտվում: Ես պատասխանատու եմ յուրաքանչյուր զինվորի, սպայի ու զինվորական բժշկի համար: Սա ահռելի բեռ է: Բայց դժվարն անցավ: Ես ծանոթացա աշխատանքի ծավալներին ու կանոնակարգեցի:

-Եթե Դուք ինձ ասեք, թե որո՞նք են բանակի ռազմաբժշկական կառույցի ձեռքբերումները անցած 25 տարիների ընթացքում, ես կհասկանամ, թե ի՞նչն է շեշտադրվելու առաջիկա տարիներին:

-Բանակի ռազմաբժշկական ծառայության ամենամեծ ձեռքբերումը զինվորական բժշկի կերպարն է, զինվորի հանդեպ ծնողական հոգատարությունը, գործին անմնացորդ նվիրվելու պատրաստակամությունը: Հաջորդը բուժծառայության տեխնիկական հագեցվածության մակարդակն է, որը ոչ մի աղերս չունի մեր մեկնարկային վիճակի հետ:

Երրորդը օրինապահության վիճակի բարելավումն է: Ինձ համար դա շատ կարեւոր գործոն է` ամուր կառույց ունենալու եւ բարձրորակ բուժծառայություն ապահովելու համար:

Վերջինը զինվորական բժշկի մասնագիտական որակների կատարելագործումն է: Մենք պիտի հասնենք նրան, որ զինվորական բժշկության բոլոր ուղղությունները գերակա դիրք ունենան երկրում` ե՛ւ շենքային պայմաններով, ե՛ւ ծառայությունների որակով, ե՛ւ հիվանդի հանդեպ վերաբերմունքի առումով:

-«Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նորանոր ձեռքբերումներ: Թող կարողանաք իրականացնել Ձեր բոլոր նպատակները: