Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

-Հուլիսի 18-21-ը Ձեր գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցեց հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններին, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցության ոլորտները: Խնդրում եմ, ներկայացրեք այդ ոլորտները:
-Խորհրդակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացրեցինք ՀՀ պաշտպանական բարեփոխումների եւ ՀՀ զինված ուժերի զարգացման հարցերի վրա` ձգտելով մեր ամերիկյան գործընկերների հետ հստակեցնել ԱՄՆ հնարավոր աջակցությունն այդ գործընթացներին: Մասնավորապես քննարկվել են` ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա մշակված ՀՀ ԶՈՒ զարգացմանն ուղղված պլանների իրականացմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը, պրոֆեսիոնալ ռազմական կրթությանը, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացմանը եւ ռազմական նշանակության արտադրանքի վերահսկողությանը, մարդասիրական ականազերծմանը վերաբերող, ինչպես նաեւ հասարակական-մշակութային ուղղվածություն ունեցող որոշ ծրագրեր:
Բացի այդ, անդրադարձ ենք կատարել այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են` ԱՄՆ կողմից տրվող աջակցության արդյունավետ օգտագործումն ու ԱՄՆ հնարավորությունները ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման հարցում աջակցություն ցուցաբերելու, այդ թվում` թե երկկողմ, այնպես էլ բազմակողմ համատեղ վարժանքներ կազմակերպելու առումով:

– Ի՞նչ ձեւաչափով, որտե՞ղ եւ ե՞րբ են կայանալու վարժանքները:

– Հայ եւ ամերիկացի զինվորականները արդեն մետ 10 տարի է, ինչ համատեղ վարժանքներ են իրականացնում խաղաղապահության, կապի, ռազմական բժշկության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման զորավարժությունների միջոցով: Իրականացվել են նաեւ մի շարք փոքրամասշտաբ վարժական միջոցառումներ. չմոռանանք նշել նաեւ հայ եւ ամերիկացի զինվորականների շփումներն ու համատեղ աշխատանքը Իրաքում, Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացված գործողությունների ընթացքում:
Սակայն այս ամենն իրականացվել է հիմնականում բազմակողմ շրջանակներում, բազմազգ գործողությունների եւ զորավարժությունների միջոցով: Ինչ վերաբերում է երկկողմ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու հնարավորությանը, ապա` այո, այս հարցը քննարկել ենք, սակայն հաշվի առնելով, որ այս տարվանից վերականգնվել են ՆԱՏՕ/ԳՀԽ դաշտային եւ հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայ խաղաղապահների վարժանքի առումով երկկողմ հայ-ամերիկյան զորավարժություն կազմակերպելու հրատապությունը նվազում է, իսկ հարցը շարունակում է մնալ հայ-ամերիկյան հետագա խորհրդակցությունների առարկա:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի բազմակողմ զորավարժությունների կազմակերպման եւ իրականացման հարուստ փորձ եւ մտադիր է առավել ընդլայնել գործունեությունը այդ ոլորտում:

– Կարո՞ղ ենք ասել, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը սաղմնային փուլից տեղափոխվում է լիարժեք գործնական համագործակցության փուլ:

-Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը վերջին տարիներին իսկապես տպավորիչ աճ է արձանագրել: Որպես 2010-2011թ.թ. հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ձեռքբերումներ կարելի է նշել Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը եւ վերանայման արդյունքում մշակված զարգացման պլանի իրականացման սկիզբը, ինչպես նաեւ ISAF-ին մասնակցող հայկական զորախմբի եռապատկումը` հաշվի առնելով, որ ԱՄՆ կողմից տրամադրվող ուսումնավարժական աջակցության արդյունքում պատրաստված անձնակազմն է ընդգրկվում միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական զորախմբերում:

-Հուլիսի 27-ին Բրյուսելում կայացավ Հյուսիսատլանտյան որհրդի նիստը 28+1 ձեւաչափով (դաշինքի անդամներ+Հայաստան), որի ընթացքում քննարկվեց նորացված ԱԳԳԾ-ն: Հունիսի վերջում Երեւանում ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, ՀՀ նախագահը հույս էր հայտնել, որ նորացված ԱԳԳԾ-ն թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը: Որո՞նք են ԱԳԳԾ-ի հիմնական փոփոխությունները պաշտպանության նախարարության համար:

-ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվեց ոչ թե նորացված ԱԳԳԾ-ն, այլ նախորդ ԱԳԳԾ-ի իրականացման մասին զեկույցը, ինչը հիմք է տալիս սկսել նորացված ԱԳԳԾ-ի հաստատման գործընթացը: Կարծում եմ այն կհաստատվի մինչեւ այս տարվա վերջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն իրենց համաձայնությունը կտան ՀՀ եւ ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության փորձագետների համատեղ ուժերով մշակված նորացված ԱԳԳԾ-ին: Ինչ վերաբերում է նոր ԱԳԳԾ-ի բովանդակությանը, ապա դրա ամենամեծ, սկզբունքային տարբերությունը այն է, որ նախորդները հիմնականում նպատակաուղղված էին Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացմանը, մինչդեռ նոր Ծրագրի հիմնական նպատակը, այդ Վերանայման արդյունքների իրականացումն է: Բացի այդ, նոր ԱԳԳԾ-ում նախկին ոլորտներին զուգահեռ ընդգրկված են այնպիսի նոր ոլորտներ, ինչպիսիք են ՀՀ ԶՈՒ տարբեր զորատեսակների մարտական պատրաստության ծրագրերի եւ դրանց կիրառման տեսության կատարելագործման հնարավորությունների ուսումնասիրությունը, համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կոդիֆիկացիայի եւ ստանդարտացման համակարգի ուսումնասիրումը:

– Թե ԱՄՆ-ում, թե Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ հնարավորությունների զարգացման հարցը: Կայացման ո՞ր փուլում են գտնվում այսօր մեր խաղաղապահ ուժերը, եւ որո՞նք են այն խնդիրները, որ դեռ պետք է լուծվեն:

-Ներկայումս ՀՀ ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադն ունի ամբողջովին համալրված երկու հրաձգային գումարտակ, եւ ի վիճակի է գործողությունների համար ապահովել մոտ երկու վաշտ` ռոտացիոն սկզբունքով: Այսօր բրիգադի անձնակազմից մշտապես բազմազգ գործողությունների թատերաբեմերում տեղակայված են ընդհանուր առմամբ 161 զինծառայող, որոնցից 126-ը` Աֆղանստանում, իսկ 35-ը` Կոսովոյում:
Ընթացքում է բրիգադի երրորդ գումարտակի համալրման գործընթացը:
Բրիգադի կազմավորման գործընթացի շրջանակներում, որը պետք է ավարտվի 2015թ., հիմնական ջանքերը կենտրոնացվում են թիկունքային ապահովման համակարգի զարգացման ու բրիգադի նյութատեխնիկական ապահովման խնդիրների վրա: Այդ գործընթացում մեծ տեղ է հատկացվում նաեւ բրիգադի անձնակազմի շարունակական պատրաստման, վերապատրաստման եւ գնահատման միջոցառումներին:
ՀՀ խաղաղապահ կարողություններին վերջերս ավելացրել ենք նաեւ մեկ ինժեներական գումարտակ, որը հայտարարվել է նաեւ ԳՀԽ օպերատիվ կարողությունների հայեցակարգի ուժերի պահեստում եւ ապագայում նախատեսում ենք իրականացնել նաեւ այս ստորաբաժանման մարտական կարողությունների գնահատում:

-Վերջերս Դուք հանդիպումներ անցկացրիք նաեւ ռուսաստանցի գործընկերների հետ: Ի տարբերություն հայ-ամերիկյան ռազմական կապերի, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը հարուստ պատմություն ունի եւ, կարծես, կողմերը միմյանց հասկանում են կես բառից: Ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայում:

-Իսկապես, հայ-ռուսական ռազմա-քաղաքական համագործակցությունը բավականին հարուստ պատմություն ու ձեւավորված ավանդույթներ ունի եւ ընդգրկում է պաշտպանական ոլորտի հարաբերությունների շատ ավելի լայն սպեկտր, քան` այլ երկրների հետ:
Մոսկվայում գտնվելու ժամանակ հանդիպումներ եմ ունեցել ինչպես ՀԱՊԿ-ի քարտուղարության ղեկավարության, այնպես էլ ՌԴ ՊՆ գործընկերների հետ: ՀԱՊԿ-ում հանդիպումների ժամանակ քննարկվել են համագործակցության մի շարք խնդիրներ, որոնցից են. Կազմակերպության ռազմական կոմիտեի ստեղծումը, միջազգային ռազմական շտաբի գործառույթների կատարելագործումը, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների եւ պետությունների դիտորդների ներգրավումը ՀԱՊԿ-ի եւ Օպերատիվ Արձագանքման Հավաքական Ուժերի ներգրավմամբ իրականացվող եւ այլ զորավարժություններին, որը կապահովի բավարար թափանցիկություն եւ կդիտարկվի տարածաշրջանում փոխվստահության բարձրացմանն ուղղված միջոցառում` ամրապնդելով նաեւ ՀԱՊԿ-ի, որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կազմակերպության վարկանիշը:

Ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ գործընկերների հետ ունեցած հանդիպումներին, ապա դրանք նպատակաուղղված էին այնպիսի հարցերի քննարկմանը, ինչպիսիք են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշման համաձայնեցումը` սպառազինությունների վերահսկման միջազգային փաստաթղթերի վերաբերյալ, տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի օպտիմալացմանը, վերջինիս որոշ ստորաբաժանումների վերատեղաբաշխմանը, ինչպես նաեւ արդիականացմանը վերաբերող հարցեր:

– Երբեմն կարծիքներ են հնչում այն մասին, որ Ռուսաստանը ավելի շատ «խորհրդանշական», քան մարտական կարեւորություն է տալիս Հայաստանում իր ռազմակայանին: Ինչ կասեք այս կապակցությամբ, ենթադրում եմ, որ ռազմակայանի հարցերը եւս քննարկման առարկա են եղել:

-Կարծում եմ` սա այն դեպքն է, երբ պետք չէ ինչ-որ թաքնված կամ այլ իմաստներ փնտրել: ՌԴ ռազմակայանի առկայությունը Հայաստանում մշտապես պայմանավորված է եղել երկու երկրների ռազմաքաղաքական շահերով: Իսկ 2010թ. ամռանը ստորագրված ՌԴ ռազմակայանի ՀՀ տարածքում կայանման ժամկետի երկարաձգման պայմանագրի համաձայն, 102-րդ բազան ստանձնեց նաեւ ՀՀ անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելու խնդիրը: Այսպիսով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի տարրերից է, ինչն արծարծված է ՀՀ մի շարք հայեցակարգային փաստաթղթերում /ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն, Ռազմական Դոկտրին/:

-Վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարը այցելեց Ադրբեջան` քննարկելու Գաբալայի կայանի ապագայի հետ կապված հարցերը: Հայաստանը որեւէ դիրքորոշում ունի՞ այս կայանի գործունեության եւ նրա կարգավիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ:

-Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործումը որոշակի ռազմակավարական նշանակություն ունի ՌԴ համար: Խորհրդային ժամանակաշրջանում այն հանդիսանում էր ԽՍՀՄ-ի հակահրթիռային ազդանշման համակարգի մի մասը, իսկ այժմ թույլ է տալիս ՌԴ զինված ուժերին լայն շառավղով տարածքի վրա հսկել իրավիճակը եւ նախազգուշացնել հրթիռային հարձակման մասին: Հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային կապերը, Գաբալայի կայանի շահագործումը ՌԴ կողմից մենք ոչ միայն չենք դիտարկում որպես ՀՀ անվտանգային շահերին հակասող գործողություն, այլ ընդհակառակը` կարծում եմ, որ որքան ընդլայնվի մեր ռազմավարական դաշնակցի եւ այլ գործընկեր երկրների ներգրավվածությունը հարեւան երկրի անվտանգային եւ, ինչու ոչ, նաեւ ռազմական ոլորտներում, այնքան դա կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը: