Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԻՄ ԵՐԱԿՆԵՐՈՎ ՎՐԵԺ Է ՀՈՍՈՒՄ»
«ԻՄ ԵՐԱԿՆԵՐՈՎ ՎՐԵԺ Է ՀՈՍՈՒՄ»

«ԻՄ ԵՐԱԿՆԵՐՈՎ ՎՐԵԺ Է ՀՈՍՈՒՄ»Ադրբեջանցիների դիրքերը ներքեւում են ու շատ մոտ: Զինվորների շարժն աչքիդ առաջ է: Մեկ հացի են գնում, մեկ` ջրի: Տեսարանն ասես ափիդ մեջ լինի: Արագ են քայլում, վախեցած, շուրջը նայելով: Եթե մի քիչ բարձր գոռաս կամ սուլես, կսկսեն գլխապատառ փախչել: 

-Ինչո՞ւ չեք կրակում,- հարցնում եմ դասակի հրամանատար, լեյտենանտ Երեմ Սիմոնյանին:

Հեռուստալրագրող լինեի, օպերատորը կնկարեր Երեմի հայացքը, ժպիտի նրբերանգները, դեմքի ամբողջ հանդարտությունը… Ու ես ստիպված չէի լինի բացատրել, որ այդ ամենն այնքան բնական է ու անբռնազբոս, եւ ձեւականության ոչ մի նշույլ չկա, տպավորություն գործելու ոչ մի ջանք: 

-Բայց ի՞նչ են արել, որ կրակենք: Ջրի են գնում:

-Էն են արել, որ ադրբեջանցի են:

-Խաղաղ զինվորի վրա ինչո՞ւ կրակենք:

-Խաղաղ զինվոր չի լինում: Մենք չխփենք, մեզ են խփելու: Հրանտ Մաթեւոսյանը կասեր` մեջդ վրեժ չկա: Կրակ չկա սրտումդ:

«ԻՄ ԵՐԱԿՆԵՐՈՎ ՎՐԵԺ Է ՀՈՍՈՒՄ»Ես, իհարկե, կատակում եմ: Սկզբում ուզում էի իմանալ` խաղաղ է արդյոք սահմանի այս հատվածը, հետո տրվեցի խաղին:

-Դուք ի՞նչ գիտեք` կրակն ի՞նչ է,- մի պահ ինձ թվում է, թե Երեմն ուրիշի հետ է խոսում, ու նայում եմ շուրջս` նրա զրուցակցին գտնելու հույսով: Բայց  տղայի հայացքն ինձ է ուղղված:

– Դուք ի՞նչ գիտեք` վրեժն ի՞նչ է,- կրկնում է:

Ես պատրաստվում եմ բացատրել սահմանապահ լեյտենանտին, թե ինչ է վրեժի կրակը, բայց նա խորասուզված` իր հեռախոսի մեջ ինչ-որ բան է փնտրում:

-Մո՛տ եկեք:

Հեռախոսի էկրանին մի պատանի է` Երեմին շատ նման: Ճակատին սեւ ժապավեն է կապած, վրան՝ փամփուշտներ, սվին-դանակը ծոցագրպանից ցցվել է դուրս, ավտոմատը` ուսից կախ, ինքը` կամուֆլյաժով: Դեմքին` մահապարտի վճռականություն…

-Դո՞ւք եք,- հարցնում եմ Երեմին` հայացքս նկարից չկտրելով:

-Եղբայրս է` Պստիկ Կոբրան: 16 տարեկանում տնից փախավ ու գնաց ռազմաճակատ: Չէին տանում, մի քանի անհաջող փորձից հետո մի օր էլ թաքնվեց ուղղաթիռի մեջ ու հասավ առաջնագիծ: Երկու տարի կռվեց: Մի քանի անգամ վիրավորվեց, հոսպիտալ ընկավ, բայց կրկին վերադարձավ ճակատ: 18 տարեկանում…

Հրանտ Մաթեւոսյանին որտեղի՞ց հիշեցի: Պիտի չասեի վրեժի մասին:

-Իմ երակներով  վրեժ է հոսում,- ասում է Երեմը առանց պաթոսի:

Սուրճը պատրվակ է, որ դառը հեղուկի հետ կուլ տաս կոկորդդ խեղդող հուզմունքը: Ես գիտեմ, որ տղան պատմելու է, որ քիչ հետո իմ աչքի առաջ մի փոքրիկ ասք է ծնվելու` մեր ժողովրդի դարավոր դյուցազնավեպի մի փոքրիկ դրվագ: Ես սպասում եմ, որ Երեմը հավաքի ցաքուցիր մտքերը:

-Սիմոնը ազատ էր… քամու նման:

Տղան ասես ուզում է բռնել պատմության ծայրը ու չի կարողանում:

-Ինքնուրույն էր, ոչ մեկին չէր ենթարկվում: Ոչինչ ու ոչ ոք չէր կարող նրան կաշկանդել: Մի անգամ նրա ընկերներից մեկն ասաց. «Սիմոնի մեջ այնքան կյանք կար, որ կհերիքեր հազար տարի ապրելու համար: Այնքան սեր կար, որ բաժանելով չէր սպառվի: Ոչ ոք չէր հավատում, որ Պստիկ Կոբրան կզոհվի: Այնքան կյանքը, սերը, կրակը, հավատը, լույսը, լավատեսությունը ինչպես ոչնչացան մի կրակոցով»:

Երեմն ակնդետ նայում է եղբոր լուսանկարին ու ցուցամատով շոյում սվին-դանակը:

-Ոչնչացա՞ն…,- կրկնում եմ բնազդաբար:

-Չեն ոչնչացել,- ասում է Երեմը,- դրանք ներծծվել են սահմանի ամեն թիզ հողի մեջ, մեր զենքի, մեր մկանների, մեր հոգու…

Ես հիշում եմ ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի խոսքը: Կարծեմ՝ Շուլի Հակոբյանն ասաց` Արցախյան պատերազմում զոհված յուրաքանչյուր ռազմիկ կռվում էր մեր կողքին, կրակում էր մեզ հետ, նրանց կրակոցից թուրքերը թափվում էին հնձած խոտի նման:

-Երբ դպրոցական էի, մտածում էի` զինվորական կդառնամ ու կսպանեմ ադրբեջանցիներին մինչեւ վերջին մարդը, ոչ մեկին չեմ խնայի: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեցի, որ զենք ունենամ, հասնեմ սահման: Մտածում էի` հենց հասնեմ սահման, սկսելու եմ կրակել առանց վայրկյան կորցնելու:

-Իսկ հիմա ասում եք` խաղաղ զինվորի վրա ո՞նց կրակենք:

-Հիմա ես սպա եմ: Դասակի հրամանատար: Ու գիտեմ ադրբեջանցիներից վրեժ լուծելու ձեւը:

Ես ուզում եմ գուշակել, թե որն է ադրբեջանցիներից վրեժ լուծելու ձեւը երիտասարդ սպայի համար, որի ավագ եղբորը թշնամին սպանեց 18 տարեկանում, սեփական տանը, սեփական հողի համար կռվելիս, բայց ոչ մի տարբերակ չի ծնվում գլխիս մեջ, բացի ջրի գնացող ադրբեջանցի զինվորների վրա կրակելուց:

-Ե՛ս խնդրեցի, որ ինձ ծառայության նշանակեն սահմանային զորամասում: Ե՛ս խնդրեցի, որ կանգնեմ այն դիրքում, որտեղ եղբայրս է կռվել, պաշտպանեմ ա՛յն հողը, որի ազատության համար Պստիկ Կոբրան զոհեց կյանքը: Հիմա ի՛մ պարտքն է… Ե՛ս պիտի կարողանամ այս տարածքը թանկ ու սրբազան դարձնել իմ զինվորների համար: Այնքան հարազատ, որ…

Հարկավոր ու ճիշտ բառեր որոնելու լարումից է, թե հուզմունքից` Երեմի ճակատին կաթիլներ են հայտնվել:

-Ընդամենը մեկ տարի է, ինչ զորքերում եմ: Մի ամբողջ կյանք կա առջեւում, որպեսզի «սահմանով անցնող» իմ զինվորները` հարյուրավոր, հազարավոր հայ տղաներ, իրենց «դիրքն» ունենան այս հողի վրա, իրենց բաժին սահմանը:

Քրտինքը ճակատից պոկվել աչքի անկյունով հոսում է ցած:

-Պատկերացնում եք, թե տասը, քսան տարի հետո մեր դիրքը քանի զինվոր կունենա: Վտանգի դեպքում քանի զինվոր կպաշտպանի մեր սահմանը:

…Մայրամուտ է: Հորիզոնում հրդեհ է բռնկվել:

-Մեր գյուղում ասում են` կարմիր մայրամուտները կռվի նշան են,- ասում եմ երկնքին նայելով:

-Մեզ մոտ խաղաղ է, կրակոց չկա: Իրենք լուռ են, մենք էլ չենք կրակում:

-Իսկ եթե առաջինը իրե՞նք խախտեն լռությունը:

Երեմն այնպես է անակնկալի գալիս իմ հարցից, ասես՝  անհավանական բան ասացի:

-Կմաղենք,- նույնիսկ ձայնն է ուրիշ: Դեմքի մկանները ձգվել են: Բռունցքը ռիթմիկ խփում է բաց ափին:

-Դիրքն ավերակի կվերածենք, տեղը մի մեծ հողաթումբ կթողնենք, իրենց էլ կթաղենք էդ հողի տակ:

Ես շփոթված ժպտում եմ տղայի այլակերպությունից: Երեմին թվում է` չեմ հավատում:

-Հենց իմ զինվորներին տեսնեք, կհասկանաք: Նորակոչիկներ են եկել: Առաջին անգամ են դիրք բարձրանում: Դիտմամբ հեռանում եմ, իրենց մենակ եմ թողնում ու մի թաքուն անկյունից նայում եմ: Ոնց որ գազան լինեն, մեջները մի կաթիլ վախ չկա: Արցախյան պատերազմի հաղթանակից հետո ծնված սերունդ է, Դուք ո՞նց եք ասում` գենետիկ հիշողությո՞ւն:

-Հաղթանակի հիշողությունը արյան մեջ է,- բանաձեւում եմ ես:

Երեմը գլխով է անում:

-Ժամերով նայում եմ տղերքին, ու հոգիս փառավորվում է: Պստիկ Կոբրայի աչքերով եմ նայում: Իմ տղաները եղբորս տարիքին են: 18 տարեկան: Բայց նրանք դառնալու են տասնինը տարեկան, քսան, երեսուն: Շարունակելու են ապրել: Այդպես է լինելու միշտ…

Ես փակում եմ աչքերս: Ու, չգիտես ինչու, ուզում եմ պատկերացնել ջրի գնացող ադրբեջանցի 18-ամյա զինվորների դեմքերը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ