Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱ ՄԻ ԺԱՅՌ ԷՐ, ՈՐ ՊԱՏԻՎ ԿԲԵՐԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԼԵՌԱՆ
ՆԱ ՄԻ ԺԱՅՌ ԷՐ, ՈՐ ՊԱՏԻՎ ԿԲԵՐԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ԼԵՌԱՆ

Գնդապետ Հովիկ Ազոյանին առաջին անգամ հանդիպել եմ 98-ի վերջերին։ Վազգեն Սարգսյանի ցուցումով մեր ստեղծագործական խումբը մեկնեց հրամանատար Հովիկ Ազոյանի մասին ֆիլմ նկարելու։ Նախատեսված էր, որ ֆիլմի տեւողությունը չպետք է անցներ 15 րոպեից։ Գունդը օրինակելի էր՝ աչքի ընկած բարձր կարգապահությամբ, մարտական պատրաստվածության հիանալի ցուցանիշներով, հրամանատարն էլ` անցած պատերազմի կրակներով։ 15 րոպեն կարծես թե քիչ էր։ Այնուամենայնիվ անցանք գործի՝ ֆիլմի տեւողության հարցը թողնելով առաջիկային։
… Ես տեսա քչախոս, մռալյատես մի մարդու, որը սարսափելի հոգնած տեսք ուներ եւ կարծես նիրհի մեջ լիներ։ Բայց իրականում նա արթուններից արթուն էր, գնդի ամեն շարժում նա ընկալում էր, արձագանքում վայրկենաբար։ Ես վախով նկատեցի, որ դժվարահաղորդ այդ մարդու ներսը թափանցելու ոչ մի դուռ չէր երեւում։ Խոսեցինք դեսից-դենից, շատ պատրաստված էր, քաջատեղյակ՝ միջազգային անցուդարձերին։ Գիտեր ժամանակի քաղաքական գործիչներին՝ չթաքցնելով համապատասխան գնահատականները։ Անթաքույց սեր ու պատկառանք ուներ Վազգեն Սարգսյանի նկատմամբ։ Աննկատ մեր զրույցը անցավ նրա անցյալին, տեղեկացա, որ եղել է շինարարական վարչության պետ, մեծ գործեր է կատարել Արփա-Սեւանի թունելի շինարարությունում, այնքան մեծ, որ պետությունը այն ժամանակների համար մի արտառոց քայլ է կատարել՝ նրան բնակարան է հատկացրել մայրաքաղաքում, շրջանցելով գրանցում չունենալու փաստը, ընդ որում տեղի ընտրությունն էլ թողնելով իրեն։

Առաջին պահի անբարենպաստ տպավորությունը զրույցի ընթացքում աստիճանաբար չքացավ, ես հասկացա, որ գործ ունեմ տոհմիկ մարդու հետ, մի եզակի էություն էր նա, որը չէր սիրում պանծացնել սեփական անձը, բայց սիրով ու ջերմությամբ էր խոսում ջանք թափող մարդու մասին, նրա համար պատերազմը չէր ավարտվել, եւ նա իր սուրբ պարտքն էր համարում ՝ գունդը անդուլորեն պատրաստել կռվի։ Նա ամբողջովին մեր ժողովրդի պատմության մեջ էր, ճաշակում էր դառնության հացն ու բերկրանքի մեղրը, ապրում էր հին ու նոր հերոսների վարքով, կսկծում անցյալի պարտություններով, մեծ ու փոքր գործիչների անհեռատես արարքներով, որ գործվել էին հազար տարի առաջ կամ այդօր։ Նրա մեջ երեւում էր Հայաստանը, Սյունիքը, հարազատ Սիսիանը։ Հետագայում ես իմացա, որ ուր էլ գնար, օրվա որ ժամն էլ լիներ, պիտի վերադառնար տուն, թեկուզ հինգ րոպե ննջեր իր անկողնում, որպեսզի այդպես, ըստ երեւույթին, աներեւակայելի ուժ առներ հարազատ բնօրրանից։ Եթե ուրիշները հայրենասիրության մասին ճառախոսում էին, նա պարզապես ապրում էր այդպես։ Ֆիլմի սցենարը գրելու ընթացքում ես զգացի, որ այդ մարդու հետ շփվելու շնորհիվ ես անբացատրելի հարգանքով էի լցվել հայ սպայի հանդեպ` նորօրյա սպայի, որի կերպարը կերտվում էր հասարակական բարդ խմորումների մեջ։

Ես հաճույքով ծանոթացա Հովիկ Ազոյանի ընտանիքին, նրա պատմությանը, բազմանդամ ընտանիքի զավակ էր, բոլորը կրթված, ճանաչված մարդիկ էին: Ավագ եղբայրը՝ վաղամեռիկ Վրույրը, եղել է դիվանագետ, աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարությունում, Վիլիկը հանրապետությունում ճանաչված տնտեսական աշխատող էր, իսկ կրտսեր եղբայրը՝ Բասենցին, ուղղակի նրա սերն ու հպարտությունն էր, եւ ինքը առանձնակի հպարտությամբ էր շեշտում, թե ինչպես Արցախյան պատերազմի հենց սկզբին Բասենցին, որն արդեն Մոսկվայում դիվանագիտական ասպարեզում նշանակալի կենսագրություն էր ստեղծել, թողնում է մոսկովյան փափուկ կյանքն իր վարդագույն հեռանկարով ու շտապում Հայաստան։ Մտնում է նոր կազմավորվող հայոց բանակի շարքերը, իր փորձով ու գիտելիքներով հսկայական ներդրում է ունենում բանակաշինության ասպարեզում, մասնավորապես բանակի հետախուզական արդիական մեքենան ստեղծելու մեջ։ Հովիկ Ազոյանը շատ-շատ էր հպարտանում եղբորով։ Սահման չկար նրա ուրախությանը, երբ Բասենցուն շնորհվեց գեներալ-մայորի կոչում։

… Մի քանի հանդիպումից հետո հասկացա, որ 15 րոպեանոց ֆիլմով հնարավոր չէ սպառել այն հարուստ-բազմաշերտ էությունը, որ կոչվում էր Հովիկ Ազոյան։ Եվ փորձեցինք կես ժամի մեջ տեղավորվել…
Խոստովանեմ՝ ես նրան խորապես ճանաչեցի ֆիլմից հետո, երբ շարունակվեց մեր կապը` արդեն որպես մտերիմներ, որովհետեւ իմ խնդրանքով նա դարձավ որդուս կնքահայրը։ Ես ցանկացա, որ նրա զորեղ եւ արդարադատ թեւերի վրա իր մկրտությունը ստանա տղաս։ Հովիկ Ազոյանը ինձ երեւում էր ոչ թե միս ու արյունից կազմված մարդ, որը կարող է նաեւ մեռնել… Նա ինձ թվում էր հայրենիք, ժայռ ու հող, բացվող հեռաստան… Նրա կողքին քեզ զգում էիր ապահով, հույսով առլեցուն նվաճված հաղթանակի հանդեպ, վաղվա կյանքի հանդեպ։ Նա Որոտանի ժեռոտ ափերին դեղձ, խաղող ու ծիրան էր տնկում՝ հարուցելով մարդկանց զարմանքն ու տարակույսը, որովհետեւ այդպիսի ծառեր չէր տեսել Սիսիանի հողը։ Նա ձգտում էր անակնկալին, անհնարինին, որոնց մեջ կյանքը շարժող, գեղեցկացնող մի բան կար։ Եվ նա ճիշտ էր դուրս գալիս թեկուզ հենց այս ծառերի օրինակով, չնայած բքով ու սառնամանիքներով լեցուն ձմեռներին այդ ծառերը աճում էին գարնանը, աշնանը` բերք տալիս։

Նա հաղթող մարդ էր ամեն ինչում։ Նա հաղթել էր պատերազմում՝ ղեկավարելով սիսիանցիների ջոկատը, հաղթել էր բանակաշինության ծանր տարիներին՝ իր մարտընկերների հետ ստեղծելով գունդը, որն իր ռազմավարական ցուցանիշներով դիտվում էր օրինակելի ստորաբաժանում։ Նրան հարգում, նրանից պատկառում էին ամբողջ Սյունիքում։ Նա գնդապետի ուսադիր էր կրում, սակայն նրա վաստակած վեհապանծությունը ավելին էր պաշտոնից ու կոչումից։
Հովիկ Ազոյանը ամբողջովին իր կյանքի մեջ էր առել Բասենցի հոր՝ ճակատագրի դառնությունը։ Սոցիալիստական աշխատանքի հերոս, ժամանակի շող ու փայլի մեջ հայտնված Բաղդասար Ազոյանի մեջ Հովիկ որդին տեսել էր կորսված հայրենիքի մորմոքը։ Հայրը նրա մեջ կերպավորվել էր որպես դառնացած ու տխուր մարդ, թեեւ այդպիսին չէին տեսնում ու այդպես չէին դատում ժամանակակիցները։ Վերջին տարիներին Հովիկ Ազոյանը, օգտվելով բարեպատեհ առիթից, գնաց Բասեն աշխարհ, այցելեց պապենական գյուղ եւ մաշված ու երկրի երեսից քշված գերեզմանոցում գտավ տատի գերեզմանը։ Վերադարձին հանդիպեցի եւ զգացի, որ նոր կյանք էր առել, թեւավորվել էր պատմական հայրենիքի թովչանքով, բայց՝ նաեւ կսկիծն էր մեծացել… Արեւմտյան Հայաստանը սեփական աչքերով տեսնելուց, նրա հողի վրա քայլելուց հետո Հովիկ Ազոյանն ասում էր՝ սարսափելի բան է թույլ ու տկար լինելը։ Մենք պիտի ուժեղանանք, եթե ուզում ենք ապրել ու Դավթի պես մեր հոր ավեր վանքը նորոգենք։ Ասում էր՝ պիտի ուժեղանանք՝ գիտելիքով, հոգով, կամքով, բարոյապես։ Մեր բանակին պետք է վերաբերվենք որպես սրբության, ոչ մի վատ արարք չպետք է կատարվի այնտեղ։ Ասում էր՝ ամեն օր ու ժամ ճանաչենք մեզ, զուր կյանք չվատնենք։ Անկարեւորը, փուչն ու սին ցուցադրությունը մեզ պետք չեն, ասում էր՝ զինվորին պետք է պահենք որդու պես, որ նա գիտակցի իր ով լինելը, իր պարտքն ու նպատակը… Ասում էր՝ բայց կան դժվար տղաներ, որոնք ուրիշ կողմ են քաշում սայլը… Ասում էր՝ իհարկե կան, դրա հետ՝ ճարն էլ կա, եթե քեզ վստահել են սայլը վարելու գործը, ուրեմն՝ գտիր այդ ճարը։ Նորից հիշենք նրա տնկած խաղողի վազերը, դեղձենիներն ու ծիրանենիները, որոնք տակավին կանաչին են տալիս Որոտանի ժեռոտ ափերին։ Այս օրինակը լավագույնս է բնութագրում Հովիկ Ազոյանի՝ անկոտրում ու երազող հոգու մասին։

Խի՞ստ մարդ էր Հովիկ Ազոյանը։ Ո՛չ, իհարկե ոչ։ Նա կարգ ու կանոնի մարդ էր` ժամանակն ու գործը գնահատող։ Այդպիսիք անբանների աչքում իհարկե կթվան խիստ, նույնիսկ՝ դաժան։ Ես տասնյակ զինվորների եմ հանդիպել, որոնք զորացրվելուց հետո՝ շատ ու շատ տարիներ անց երդվում էին գնդապետի անունով, իրենց համարում նրա հավիտենական զինվորները։ Իսկ ո՞վ էր նա. իր երկրի զինվորը, որը բախտ ունեցավ երանելի ճանապարհ անցնելու կյանքի ու մահվան միջով, երազեց, ձգտեց, շատ բանի հասավ, շատ բաներ էլ մնացին թերի…
Ես հաճախ եմ հիշում սիրելի գնդապետին, հատկապես այն պահերին, երբ հարկ է լինում որեւէ դժվարություն հաղթահարել։ Իր երկնային հեռուներից նա կարողանում է խրախույս լինել իսկական հրամանատարի պես։ Մենք ով էլ լինենք, մեր կյանքի բոլոր փուլերում կարիք ենք զգում իսկական հրամանատարի, իսկական մարդու…։ Հովիկ Ազոյանը նաեւ իմ հրամանատարն է։

Այսպիսի մարդկանց տեղը երեւում է կյանքում, ինչպես որ երեւում է ընկած ծառի տեղը փոքրիկ պուրակում։ Արդեն քանի տարի Հովիկ Ազոյանը չկա, բայց, ի մխիթարություն,ասենք, որ նա կա իր սիրելի ընտանիքում, Հայաստանի նորօրյա պատմության մեջ եւ վերջապես նա կա այսօրվա մեր բանակի բացվող ու ծավալվող ելեւէջների մեջ՝ որպես արյան այն կաթիլը, որով սերնդեսերունդ փոխանցվում են ազգային դիմագիծ, հոգի, բնավորություն…
Հովիկ Ազոյանի մասին իր մարտընկերներից մեկը ասել է. նա մի ժայռ էր, որ պատիվ կբերեր ցանկացած լեռան…

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ