Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՓՈՓԵՑ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման  մեկ տարին` այն որակելով գերծանրաբեռնված եւ միջոցառումներով գերհագեցած:

«Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության բարձրացումը: Այն ունի երեք հիմնական բաղադրիչ` սպառազինության խելամիտ ձեռքբերումներ ու ներդնում մարտական ծառայությունում, զորքի մարտունակության աստիճանի բարձրացում, պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության հետևողական բարելավում»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով  «Ազգ-բանակ» հայեցակարգից բխող ծրագրերին` նախարարը ընդգծեց, որ   նպատակը հետաքրքրությունը ռազմական մասնագիտության նկատմամբ մեծացնելն է, կրթական ծրագրերին նոր որակ հաղորդելը. «Այս առումով անցնող տարվա առաջին և ամենակարևոր ձեռքբերումը, կարծում եմ, «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսի անցկացումն էր, որին մասնակցեցին 35 հազար երիտասարդներ։  Այս համաժողովից կյանք առան մի շարք ծրագրեր: Մասնավորապես՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը Հայաստանի լավագույն ավագ դպրոց դարձնելու մեր նպատակը: Եվ թեև ժամկետները շատ կարճ էին, մեզ հաջողվեց 8 ամիսների ընթացքում նախապատրաստել կրթահամալիրն անհրաժեշտ պայմաններով և հյուրընկալել 200 մոնթեականների՝ առաջին անգամ ունենալով մրցակցային ընդունելություն: Երեկ առիթ եմ ունեցել լինել այնտեղ: Պետք է ասեմ, որ շատ տպավորիչ են  անձնակազմի իրականացրած աշխատանքները: Ես վստահ եմ, որ հաջորդ տարի ունենալու ենք շատ ավելի մեծ մրցակցություն, որովհետև պայմանները լավագույնն են»,-ասաց պաշպանության նախարարը:

Բազմաթիվ ծրագրեր էլ ընթացքի մեջ են եւ միտված են ռազմաուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը. «Եվս 1-2 տարի, և մեր ռուհերը կզբաղեցնեն իրենց արժանի տեղը բարձրագույն կրթական համակարգում»:

Ռազմարդյունաբերության զարգացումը եւս առաջնային ուղղություն է պաշտպանության նախարարության համար: «Այս տարի մարտական ծառայությունում ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման համար: Այդ միջոցները ոչ միայն գնային առումով ունեն առավելություններ, այլ նաեւ շուկայում չունեն իրենց անալոգները։ Սրանք առաջին քայլերն են ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու համար: Այդ տիպի մշակումներով մենք շատ արագ հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հետաքրքրիր դառնալու ոչ միայն որպես զենք-զինամթերք  ներկրող երկիր, այլ նաեւ` որպես արտահանող»,-ասաց նախարարը։

Բարելավվել  է նաեւ գնումների գործընթացը: Ինն ամիսների ընթացքում առանց գնումների անվանացանկը զգալիորեն փոփոխելու, առանց ապրանքատեսակների քանակի վերանայման արձանագրվել է մոտ 10 տոկոս խնայողություն նախորդ տարվա համեմատ. «Այդ խնայողությունն ամբողջությամբ օգտագործվելու է սպառազինության, զենքի ձեռքբերման համար»: Վիգեն Սարգսյանը  նշեց՝ թերացող մատակարարների հետ պայմանագրերը խզվում են. «Բանակին մատակարող գործարարը պետք է վստահ լինի, որ գործում է արդար ու հավասար դաշտում, մենք պետք է վստահ լինենք, որ իր մատակարարած ապրանքը համապատասխանում է չափորոշիչներին: Մատակարարվող ապրանքը պետք է լինի շուկայականից ցածր գնով, նաեւ պիտի վստահ լինենք, որ որակ-գին համեմատության մեջ մեր զինված ուժերը, մեր զինվորը չի տուժում»: Նախարարը կարեւորեց բանակին թերմատակարարումների արատավոր երեւույթի կտրուկ նվազեցումը:

Խոսելով  200 մլն ԱՄՆ դոլարի վարկի պայմանագրով Ռուսաստանից Հայաստանի զինված ուժերին սպառազինության մատակարարման մասին` նախարարը նշեց, որ ընթացակարգն ամենաակտիվ փուլում է եւ նախատեսվում է մատակարարումն ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Խոսելով պաշտպանական համակարգում օրենսդրական փոփոխություններից` նախարարը շեշտեց, որ  ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն «Պատիվ ունեմ» ծրագրի  մասնակիցները. «18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինծառայություն է անցնում մոտ 16-17 տոկոսը։ Ակադեմիական առաջին տարկետումը նաև հիմք է հետագա բոլոր տարկետումների և բանակում չծառայելու համար»:

Վիգեն Սարգսյանը անդրադառնալով զինված ուժերում վերանշանակումներին՝ նշեց, որ զինվորական ծառայությունում չափազանց կարեւոր է ռոտացիոն մոտեցումը. «Բարձրաստիճան սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատանքի ուղղությունը, ինչը  թույլ է տալիս ձեւավորել ունիվերսալ ուժեր  խնդիրների լուծման համար։ Առաջիկա օրերին եւս լինելու են փոփոխություններ, պետք չէ այլ ենթատեքստ փնտրել»,-եզրափակեց նախարարը:

Շուշան Ստեփանյան